Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ Ռ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԲԺՇԿԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը և Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարությունը, այսուհետ` Կողմեր,

հաշվի առնելով բժշկության և առողջապահության բնագավառում ավանդական կապերի պահպանման ու զարգացման ցանկությունը,

հաշվի առնելով երկարատև և կայուն հիմքի վրա փոխշահավետ ու իրավահավասար համագործակցություն զարգացնելու Կողմերի փոխադարձ շահագրգռվածությունը,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Կողմերը լայն համագործակցություն կծավալեն բնակչության առողջության պահպանմանն ու ամրապնդմանն ուղղված առաջնահերթ ազգային ծրագրերի ու խնդիրների լուծման ուղղությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Կողմերը, հաշվի առնելով շուկայական հարաբերությունների անցման առանձնահատկությունները, կնպաստեն առողջապահական հաստատությունների և մարմինների (այսուհետ` Համագործակցող կազմակերպություններ) միջև ուղղակի կապերի ընդլայնմանը:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Կողմերը փոխշահավետ համագործակցություն կզարգացնեն առողջապահության և բժշկագիտության հետևյալ ոլորտներում.

- բնակչության առողջության առաջնային և մասնագիտական բժշկական օգնության ցուցաբերում մեծահասակ ու մանկահասակ բնակչությանը,

- կանխարգելիչ բժշկություն և շրջակա միջավայրի պաշտպանություն,

- դեղաբանություն և բժշկական սարքավորումներ, այդ թվում` արտադրություն,

- սանատորաառողջարանային բուժում և վերականգնում,

- գիտական և բժշկական կադրերի պատրաստում,

- գիտական մշակումների համատեղ իրագործում,

- առողջապահության մեջ համակարգչային տեղեկատվական համակարգերի մշակում և ներդրում,

- բնակչության բժշկական ապահովագրում,

- առողջապահության համակարգի վերակառուցման մեջ առաջնայնության ճշտում,

- բժշկական վիճակագրություն,

- արտակարգ իրավիճակների բժշկասանիտարական հետևանքների կանխում և վերացում,

- հրատապ տեղեկության փոխանակում:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Համագործակցող կազմակերպությունների կապերն իրականացվում են ուղղակի պայմանագրերի հիման վրա, որոնք պետք է համապատասխանեն երկու պետությունների օրենսդրություններին: Համագործակցող կազմակերպությունները կրում են պայմանագրային պարտականությունների կատարման իրավական և տնտեսական պատասխանատվությունը:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Կողմերն իրենց բուժական-կանխարգելիչ, գիտահետազոտական, սանատորաառողջարանային և առողջապահական այլ հաստատություններին փոխադարձաբար կօգնեն բուժական, խորհրդատվական, գիտական և այլ տիպի համագործակցության կազմակերպման հարցերում:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Կողմերը պայմանավորվեցին, որ, սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածին համապատասխան, միջգերատեսչական երկկողմ համագործակցությունը կիրականացվի կոմերցիոն սկզբունքով (պայմանագրային գներով կամ գործող գնացուցակներով)` խորհրդատվության, բուժման և վերականգնման նպատակով փոխադարձաբար հիվանդներ ուղարկելու, համատեղ գիտական հետազոտություններ անցկացնելու, կադրերի պատրաստման, մասնագետների և բժշկատեխնիկական տեղեկության փոխանակման, ախտորոշման ու բուժման նոր մեթոդների կիրառման համար մեթոդական նյութերի մշակման, սիմպոզիումների կազմակերպման, մենագրությունների և հոդվածների հրատարակման, համատեղ արտոնագրերի ձևակերպման ճանապարհով:

Կողմերը պայմանավորվեցին ձեռնպահ մնալ միմյանց տնտեսական վնաս հասցնող գործողություններից:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Կողմերը փոխադարձ հաշվարկների և համագործակցության կոնկրետ ուղղությունների ու ձևերի մշակման նպատակով պայմանավորվեցին ստեղծել փորձագետների աշխատանքային մշտական խումբ:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Կողմերը միմյանց կտեղեկացնեն համագումարների, կոնֆերանսների և նմանատիպ միջոցառումների անցկացման ծրագրերի մասին: Իրենց երկրների գիտաբժշկական ու առողջապահական այլ կազմակերպությունների խնդրանքով և առաջարկով նրանք կարող են աջակցություն ցուցաբերել այդ միջոցառումներին գործուղող կողմի հաշվին մասնակցող մասնագետների ընդունելության հարցում:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Արտակարգ իրավիճակներում Կողմերն անվճար սկզբունքով կապահովեն անհետաձգելի բուժախորհրդատվական և մարդասիրական օգնություն:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Կողմերը կտանեն բժշկական բարձրագույն և միջնակարգ ուսումնական հաստատությունների ուսումնական պլանների և ծրագրերի բարելավման համատեղ աշխատանք, ուղղակի ստեղծագործական կապեր կհաստատեն նշված հիմնարկությունների միջև, կոմերցիոն սկզբունքով կիրագործեն ասպիրանտների, ուսանողների և սովորողների փոխանակություններ:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

Համապատասխան կառույցների փոխազդեցության ճանապարհով Կողմերը կոմերցիոն սկզբունքով վերաորակավորման հնարավորություն կտան իրենց բժշկական, դասախոսական և գիտական կադրերին` նրանց հատկացնելով համապատասխան փուլերի ու աշխատանքային տեղում վերապատրաստման ուղեգրեր:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

Կողմերը, ելնելով բժշկական տեխնիկայի, դեղորայքի արտադրության և փոխանակման եղանակների զարգացման ու կատարելագործման հնարավորությունից, կնպաստեն այդ ոլորտներում երկու պետությունների համագործակցության արդյունավետության բարձրացմանը, այդ թվում` տնտեսավարող սուբյեկտների միջոցով բժշկական նշանակության ապրանքների արտադրման համատեղ ձեռնարկությունների ստեղծման ճանապարհով:

 

ՀՈԴՎԱԾ 13

 

Կողմերը կնպաստեն Անկախ պետությունների համագործակցության առողջապահության բնագավառի համագործակցության շրջանակներում բազմակողմ կապերի և կոոպերացիայի խորացմանը:

 

ՀՈԴՎԱԾ 14

 

Կողմերը փոխհամաձայնությամբ կարող են փոփոխություններ և լրացումներ կատարել սույն Համաձայնագրի մեջ, որոնք կձևակերպվեն որպես առանձին արձանագրություն և կկազմեն սույն Համաձայնագրի անքակտելի մասը:

 

ՀՈԴՎԱԾ 15

 

Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման ու կիրառման շուրջ առաջացած տարակարծությունները կլուծվեն Կողմերի ներկայացուցիչների մակարդակով` բանակցությունների և խորհրդակցությունների ճանապարհով:

 

ՀՈԴՎԱԾ 16

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում դրա համար անհրաժեշտ` Կողմերի ներպետական ընթացակարգերի կատարման ավարտի մասին դիվանագիտական ճանապարհով վերջին գրավոր ծանուցման օրվանից:

Նրա գործողության ժամկետը ինքնաբերաբար կերկարաձգվի յուրաքանչյուր հաջորդ տարվա համար, եթե Կողմերից որևէ մեկը հերթական ժամկետի ավարտից 6 ամիս առաջ մյուս Կողմին գրավոր չտեղեկացնի Համաձայնագրի լուծարման մասին:

 

Կատարված է Մինսկ քաղաքում 2000 թվականի սեպտեմբերի 25-ին, երկու օրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և ռուսերեն, ընդ որում երկու տեքստերն էլ հավասարազոր են:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2001 թվականի փետրվարի 15-ից:

 

 

pin
25.09.2000
Միջազգային պայմանագիր