Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՐԵՆԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱԳՐՈԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը և Բելառուսի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարությունը, այսուհետ` Կողմեր,

ղեկավարվելով ագրոպարենային համալիրի տնտեսական և գիտատեխնիկական զարգացման ձգտումով, հավասարության և փոխադարձ շահավետության սկզբունքներով,

հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության միջև պատմականորեն ձևավորված տնտեսական և գիտատեխնիկական կապերը,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Տնտեսական և գիտատեխնիկական համագործակցությունը Կողմերի միջև կիրականացվի Կողմերի պետությունների տարածքում գործող օրենսդրությունների հիման վրա:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Համագործակցությունը կիրականացվի հետևյալ ուղղություններով.

1) բուսաբուծություն, այդ թվում` գյուղատնտեսական մշակաբույսերի սերմնաբուծություն,

2) անասնապահություն, այդ թվում` տոհմային գործ,

3) ավտոմատացում և գյուղատնտեսական արտադրության մեքենայացում, այդ թվում` երկու երկրների ագրոարդյունաբերական համալիրի համար գյուղատնտեսական մեքենաների և սարքավորումների նոր տեսակների մշակում, յուրացում և ներդրում, տեխնիկական սպասարկումների կատարելագործում և գյուղատնտեսական տեխնիկայի վերանորոգման բազաների զարգացում,

4) սննդի և վերամշակման ճյուղում, այդ թվում` սննդամթերքի արտադրության և վերամշակման ձեռնարկությունների արդիականացում,

5) ագրոպարենային համալիրում տնտեսավարման նոր ձևերի զարգացում և կատարելագործում,

6) տնտեսություն և ագրարային քաղաքականություն. գյուղատնտեսության և վերամշակող արդյունաբերության բնագավառներում առևտրային գործողությունների իրականացմանն առնչվող հաշվարկների ընթացքում տնտեսապես փոխշահավետ հարաբերություններ,

7) համագործակցություն ագրարային կրթության, ագրոարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների և կազմակերպությունների մասնագետների և ղեկավարների պատրաստման և վերապատրաստման բնագավառներում:

Համաձայնագրում կարող են ընդգրկվել համագործակցության այլ ուղղություններ` սույն Համաձայնագրի 9-րդ հոդվածով նախատեսված կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Կողմերը, իրենց իրավասության սահմաններում, Կողմերի պետությունների տարածքներում գործող օրենսդրություններին համապատասխան, աջակցություն և օգնություն կցուցաբերեն տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության յուրաքանչյուր Կողմի անմիջական մասնակիցներին, կապահովեն փոխշահավետ համագործակցություն ագրոպարենային համալիրի բնագավառում` Կողմերի պետություններում իրականացվող տնտեսական բարեփոխումների և շուկայական հարաբերությունների պայմաններում:

Կողմերը կաջակցեն գյուղատնտեսական արտադրանքի, նյութերի, սարքավորումների, էներգակիրների և գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման և փաթեթավորման համար տեխնոլոգիական գծերի փոխշահավետ առևտրի իրականացմանն ու ընդլայնմանը:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Համագործակցությունը սույն Համաձայնագրի շրջանակներում կարող է իրականացվել հետևյալ ձևերով.

1) գիտատեխնիկական և տնտեսական տեղեկության, գիտական հետազոտությունների արդյունքների փոխանակում, գիտաժողովների, սեմինարների և ցուցահանդեսների անցկացում,

2) սերմերի նմուշների, գյուղատնտեսական կենդանիների, տնկանյութի, մեքենաների և սարքավորումների փոխանակում` փորձարկումներ իրականացնելու համար,

3) գիտատեխնիկական և արտադրական կոոպերացում, համատեղ կազմակերպությունների, ձեռնարկությունների, բաժնետիրական ընկերությունների ստեղծում,

4) մասնագետների, ստաժավորվողների փոխանակում:

Համաձայնագրում կարող են ընդգրկվել համագործակցության այլ ուղղություններ` սույն Համաձայնագրի 9-րդ հոդվածով նախատեսված կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Կողմերը հաստատում են կենդանիների և կենդանական ծագում ունեցող արտադրանքի արտահանման և ներկրման նկատմամբ անասնաբուժական պահանջների մասին միջազգային կոնվենցիաներից և համաձայնագրերից բխող իրենց պարտավորությունները:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Կողմերը, հետևելով բույսերի կարանտինի և պաշտպանության հարցերով գործող միջազգային կոնվենցիաներից և համաձայնագրերից,որոնց մասնակիցներ են նրանք հանդիսանում, բխող իրենց պարտավորություններին, կհամագործակցեն մշակովի բույսերի հիվանդությունների և մոլախոտերի դեմ պայքարի մեթոդների մշակման և կիրառման բնագավառում:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Սույն Համաձայնագրի իրականացման աշխատանքները համակարգելու նպատակով Կողմերը կստեղծեն համատեղ աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի կոնկրետ համագործակցության նախագծեր և ծրագրեր, կնախապատրաստի առաջարկություններ` շահագրգիռ կառավարական մարմիններին` դրանց իրականացման կարգի վերաբերյալ, ինչպես նաև կհամաձայնեցնի սույն Համաձայնագրին համապատասխան իրականացվող համագործակցության համատեղ միջոցառումների մշակումն ու իրականացումը:

Համատեղ աշխատանքային խմբի նիստերը, փոխադարձ համաձայնության հիման վրա, տարին մեկ անգամ հաջորդաբար կգումարվեն Հայաստանի Հանրապետությունում և Բելառուսի Հանրապետությունում: Համատեղ աշխատանքային խմբի նիստերը ձևակերպվում են արձանագրություններով:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Սույն Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին Կողմերի կողմից վերջին ծանուցումն ստանալու օրվանից և կգործի հինգ տարի ժամկետով: Նրա գործողությունը ինքնաբերաբար կերկարաձգվի հաջորդ հինգ տարիների համար, եթե Կողմերից որևէ մեկը սույն Համաձայնագրի հերթական 5 տարվա ժամկետը լրանալուց առնվազն վեց ամիս առաջ մյուս Կողմին գրավոր չհայտնի սույն Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Կողմերի փոխադարձ համաձայնությամբ Համաձայնագիրը կարող է փոփոխվել և լրացվել: Փոփոխությունների և լրացումների կատարումը ձևակերպվում են երկու Կողմերի կողմից ստորագրվող և սույն Համաձայնագրի անբաժանելի մասը հանդիսացող Արձանագրությամբ:

 

Կատարված է Մինսկ քաղաքում 2000 թվականի հուլիսի 19-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2001 թվականի հունվարի 22-ից:

 

 

pin
19.07.2000
Միջազգային պայմանագիր