(ուժը կորցրել է 12.03.15 թիվ 07-Ն որոշում)
i
120.0150.181198
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԵՎ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՄԱՆ
18 նոյեմբերի 1998 թվականի թիվ 150
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԾՐԱԳՐԵՐԻ (ՎԱՐԿԱՅԻՆ, ՇՆՈՐՀԱՅԻՆ) ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ֆինանսական վերահսկողության գլխավոր վարչության կողմից ս.թ. մայիս-հունիսին ՀՀ Վիճնախարարությունում իրականացված ստուգումների արդյունքները, ՀՀ դատախազության կողմից դրան հաջորդած ուսումնասիրությունը և 30.07.98 թ. միջնորդագիրը, ինչպես նաև ՀՀ Վիճնախարարության կողմից 1998-1999 թթ. միջազգային համագործակցության (վարկային, շնորհային) նախագծերի վարման, դրա հետ կապված գույքի հաշվառման, գործավարության և հաշվետվությունների ներկայացման, կազմակերպական, իրավական և առաջացող այլ հարցերի կանոնակարգման նպատակով
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Հաստատել «Միջազգային համագործակցության շրջանակում նախարարության կողմից ծրագրերի (վարկային, շնորհային) վարման կարգը» (կցվում է):
Հաստատվել է
ՀՀ վիճնախարարի թիվ 150 հրամանով
ԿԱՐԳ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԾՐԱԳՐԵՐԻ (ՎԱՐԿԱՅԻՆ, ՇՆՈՐՀԱՅԻՆ) ՎԱՐՄԱՆ
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն կարգի գործողությունը տարածվում է նախարարության կողմից Միջազգային համագործակցության շրջանակներում ՀՀ անունից կնքված միջազգային պայմանագրերի դրույթներին համապատասխան ծրագրերի (վարկային, շնորհային) վարման հարցերին: Սույն կարգը մշակվել է համաձայն ՀՀ Վիճնախարարության կանոնադրության (հաստատված ՀՀ վարչապետի 1998 թ. սեպտեմբերի 9-ի թիվ 542 որոշմամբ) 7 կետի «ե» ենթակետի, ՀՀ Վիճնախարարության կողմից 1998-1999 թթ. միջազգային համագործակցության (վարկային, շնորհային) նախագծերի վարման, դրա հետ կապված գույքի հաշվառման, գործավարության և հաշվետվությունների ներկայացման, կազմակերպական, իրավական և առաջացող այլ հարցերի կանոնակարգման նպատակով:
2. Միջազգային կազմակերպությունների (կամ օտարերկրյա պետությունների) հետ համագործակցության շրջանակում աշխատանքներ (նախագծեր, պայմանագրեր և այլն) այսուհետ` ծրագրեր) իրականացվում են միջազգային համաձայնագրերի, ՀՀ օրենսդրությանը և սույն հրամանին համապատասխան: Իրականացվող ծրագրերը ղեկավարվում են ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարի (հետագայում` նախարար) հրամանով նշանակված անձինք (սահմանված դեպքում համաձայնեցնելով միջազգային կազմակերպության հետ): Միջազգային պայմանագրերով նախարարության կողմից ծրագրի վարումը որոշակիորեն առանձնացված չլինելու և նախագծերի առումով ընդհանուր համագործակցություն նախատեսված լինելու դեպքում նախարարը նշանակում է նախագծի պատասխանատուներ: Այդ մասին նախարարության միջազգային վիճակագրական համագործակցության բաժինը տեղեկացնում է համապատասխան միջազգային կազմակերպությանը (պատասխանատու ստորաբաժանմանը):
II. Ծրագրերի կազմակերպական և ֆինանսական վարումը
3. ՀՀ միջազգային պայմանագրերով և ՀՀ օրենսդրությամբ այլ բան նախատեսված չլինելու դեպքում ծրագրի ղեկավարներն իրականացնում են միայն կազմակերպչական և ֆինանսատնտեսական գործունեության ընդհանուր կարգավորում, իսկ կոնկրետ ֆինանսատնտեսական գործառնություններն իրականացվում են նախարարության համապատասխան ստորաբաժանումների կողմից` ըստ համապատասխան ֆունկցիոնալ պարտականությունների և լիազորությունների:
Ծրագրի պատասխանատուներն իրականացնում են միայն համակարգման և կազմակերպչական հարցերի ընդհանուր կարգավորում:
4. Բոլոր ֆինանսական գործառնություններն իրականացվում են նախարարության հաշվապահության միջոցով:
Նախարարության գլխավոր հաշվապահը պարտավոր է ապահովել հաշվապահական հաշվառման վարումը ՀՀ միջազգային պայմանագրերի, ՀՀ օրենսդրության և սույն հրամանի պահանջներին համապատասխան` իրականացնելով նաև յուրաքանչյուր ծրագրի գծով առանձնացված հաշվապահական հաշվառում: Ծրագրերի ընդհանուր հաշվառումն իրականացվում է առանձին հաշվեկշռով` պետական բյուջետային հաշվառումից անկախ: Հաշվառման մեջ պետք է լինի դասակարգում նաև ըստ նախարարության և միջազգային կազմակերպության (ծրագրի, այլ կազմակերպության) կողմից կատարված ծախսերի:
Յուրաքանչյուր եռամսյակի արդյունքներով պետք է կազմվի ծրագրերի հաշվեկշիռ (ընդամենը և ըստ միջազգային կազմակերպությունների, միայն նախարարության կողմից ստացված և նրա կողմից կատարված ծախսերի մասով, առանց ներառելու միջազգային կազմակերպությունների (ծրագրերի) կողմից ուղղակիորեն կատարվածը) հաշվապահական հաշվառման բյուջետային հաշիվների պլանով և ձևերով, ինչպես նաև առանձին հաշվետվություններ ըստ ծրագրի բյուջեի (մուտք և ծախս) տնտեսագիտական հոդվածների դասակարգման (ընդամենը, ըստ միջազգային կազմակերպությունների և ըստ յուրաքանչյուր ծրագրի, առանձնացնելով նաև վարկային ծրագրերը շնորհային ծրագրերից): 1998 թ. համար հաշվապահական հաշիվների ելակետային (տարեսկզբի) մնացորդը ընդունվում է սույն հրամանի ստորագրման օրվան հաջորդող օրվա դրությամբ ծրագրի ակտիվների և պարտավորությունների գույքագրման արդյունքներով հաստատված մնացորդները:
Նախարարության գլխավոր հաշվապահը նախարարության գործերի կառավարիչի և ծրագրի ղեկավարի (պատասխանատուի) հետ միասին ապահովում են ծրագրային միջոցների նպատակային և արդյունավետ, ըստ նախահաշվի օգտագործումը, սահմանված դեպքերում իրականացնելով նախագնումային գնային համադրումներ (անհրաժեշտության դեպքում ստանալով անհրաժեշտ փորձագիտական եզրակացություն նախարարության այլ ստորաբաժանումներից և այլ աղբյուրներից) և մրցույթների կազմակերպում, առաջարկում բոլոր ծրագրերի համար անհրաժեշտ գնումների, դրսում աշխատանքների պատվիրման և այլ ծախսերի համալիր դիտարկումից բխող տնտեսման և արդյունավետության բարձրացման միջոցառումներ:
5. Ծրագրերի վարման ընդհանրական գործերը կոորդինացվում են միջազգային վիճակագրական համագործակցության բաժնում (այսուհետ` ՄՀԲ): ՄՀԲ-ն վարում է բոլոր ծրագրերի հաշվառումը, իրականացնում վերահսկողություն ծրագրերով (և միջազգային պայմանագրերով) ստանձնած պարտավորությունների կատարման, ծրագրերի ղեկավարների (պատասխանատուների) կողմից աշխատանքային հաշվետվությունների ժամանակին պատրաստման և ներկայացման նկատմամբ, կոորդինացնում և անհրաժեշտության դեպքում բաժնի պետի միջոցով առաջարկություններ ներկայացնում նախարարին ծրագրերի ղեկավարների (պատասխանատուների) և նախարարության ստորաբաժանումների միջև առաջացող հարցերի կապակցությամբ:
ՄՀԲ-ի կողմից են վարվում գործող ծրագրերի վերաբերյալ բոլոր թղթակցությունների առաքումը (և ստացումը) միջազգային կազմակերպությունների (օտարերկրյա պարտնյորի) հետ: Յուրաքանչյուր ծրագրի համար պահվում է առանձին գործավարական մատյան:
6. Ծրագրերի գործավարական և ֆինանսական հաշվառման ունիֆիկացման նպատակով բոլոր փաստաթղթերում կիրառվում են դրանց` ՀՀ վիճնախարարի 22.10.98թ. թիվ 133 հրամանում բերված համարակալումը, հապավումը և անվանումները:
7. Ծրագրի ղեկավարները (պատասխանատուները) ՄՀԲ-ին ներկայացնում են աշխատանքային հաշվետվությունների պատճենները (հայերեն թարգմանության ապահովմամբ) և այլ անհրաժեշտ փաստաթղթեր` ծրագրով (միջազգային պայմանագրով) նախատեսված ծավալներով, ձևերով և պարբերականությամբ (տարվա արդյունքներով` պարտադիր):
8. ՄՀԲ-ի կողմից նախարարության ստորաբաժանումներից կարող են պահանջվել նաև ծրագրերի կատարմանն առնչվող այլ տեղեկություններ` նախարարի հետ համաձայնեցմամբ, որոնց առումով նախարարության ստորաբաժանումները և պաշտոնատար անձինք պարտավոր են ցուցաբերել անհրաժեշտ օժանդակություն:
9. ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերի պահանջներին համապատասխան պատրաստված ֆինանսական հաշվետվությունների ներկայացումը նախարարին իրականացվում է նախարարության գլխավոր հաշվապահի կողմից:
Նախարարության գլխավոր հաշվապահը ՄՀԲ-ին ներկայացնում է ծրագրերին (առանձին-առանձին և ընդամենը) վերաբերող բոլոր ֆինանսական հաշվետվությունների պատճենները` նախատեսված ծրագրով, միջազգային պայմանագրով, ՀՀ օրենսդրությամբ և նախարարի հրամաններով:
Ծրագրերի ֆինանսական գործառնությունների վարումը` միջազգային պայմանագրի համաձայն, նախարարության կողմից չիրականացվելու դեպքում գլխավոր հաշվապահը ՄՀԲ-ի միջոցով ապահովում է համապատասխան միջազգային կազմակերպությանը (ծիգ-ին)` անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու համար դիմելը:
Նոր ծրագրերի բյուջեների կազմումն իրականացվում է ծրագրի ղեկավարի (պատասխանատուի), նախարարության գլխավոր հաշվապահի, գործերի կառավարիչի և (անհրաժեշտության դեպքում) տեղեկատվական ռեսուրսների կառավարման և տեխնոլոգիաների վարչության կողմից միասին` ծրագրի ղեկավարի ներկայացմամբ, քննարկվում են նաև ՄՀԲ-ի հետ:
10. Դրամական միջոցների հաշվառումը, դրամարկղային և բանկային գործառնություններն իրականացվում են ՀՀ օրենսդրությանը համապատասխան:
Ծրագրերի համար կանխիկ դրամական միջոցներ և այլ արժեքներ օգտագործելու դեպքում դրանց պահումն իրականացվում է նախարարության դրամարկղում, առանձին չհրկիզվող պահարանում:
11. Հաշվի առնելով ծրագրերի կատարման տարածքային ընդգրկվածությունը նախարարության գլխավոր հաշվապահի ներկայացմամբ (ծրագրի ղեկավարի հետ համաձայնեցնելուց հետո) նախարարը օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է լիազորել որոշակի անձանց (մասնավորապես տարածքային ստորաբաժանումների ղեկավարներին)` համապատասխան գործառնությունների համար (նյութական պատասխանատվության պայմանագրերի, քաղաքացիա-իրավական պայմանագրերի հիման վրա և այլն)` նպատակ ունենալով ապահովել ծրագրերի կատարման արդյունավետությունը և սույն կարգի կիրառումը:
12. Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ գույքի և այլ նյութական արժեքների ձեռք բերման, աշխատավարձերի, փոխհատուցման և այլ վճարների իրականացման նպատակով ծրագրերի ղեկավարները (պատասխանատուները) նախարարության գործերի կառավարիչին և, համապատասխանաբար, գլխավոր հաշվապահին նախապես ներկայացնում են հայտեր, ըստ նախարարի կողմից հաստատված ձևի:
Համակարգչային, կազմ և տպագրական սարքավորումների, ինչպես նաև ծրագրային միջոցների պատվիրման (այդ թվում` ծրագրերի բյուջեների, նախահաշիվների մեջ նախատեսման էտապում), ներդրման, տեղայնացման և տեխնիկական ապահովման բոլոր հարցերով պատասխանատու է համարվում տեղեկատվական ռեսուրսների կառավարման և տեխնոլոգիաների վարչությունը: Այլ անձանց հետ նյութական պատասխանատվության պայմանագրերի առկա չլինելու և գույքը փոխանցված չլինելու դեպքում ծրագրերի ղեկավարները (պատասխանատուները) պատասխանատու են ծրագրի միջոցների հաշվին ձեռք բերված գույքի (դրա բաշխման ցուցակների կազմման, օգտագործման մասին հաշվետվությունների ներկայացման) համար:
13. Ներկայացված հարցերի հիման վրա նախարարության գլխավոր հաշվապահն ապահովում է համապատասխան ֆինանսական հոսքերի կառավարումը` ծրագրերի ընթացիկ դրամարկղային սպասարկման առումով, սահմանված կարգով, ՄՀԲ-ի միջոցով ապահովելով հայտերի ժամանակին ներկայացումը միջազգային կազմակերպություններին (ծրագրերին) և միջոցների ստացումը:
Նախարարության գործերի կառավարչությունն ապահովում է ծրագրերի անընդհատությունը` իր իրավասությունների մեջ մտնող աշխատանքների (հանդերձավորում, ընթացիկ նորոգումներ, գույքի մատակարարում և այլն) մասով:
III. Գույքի, աշխատուժի, վիճակագրական (տվյալների) բազայի
ընդգրկումը և օգտագործումը
14. Նախարարության գույքը, տարածքները, պետական վիճակագրական աշխատանքների և միջազգային համագործակցության ծրագրերի և նախագծերի իրականացման արդյունքում հավաքագրված տվյալները (դրանց բազան` ամբողջովին կամ մաս-մաս, ներառյալ ՀՀ ձեռնարկությունների պետական ռեգիստրինը), մշակված, ամփոփված վիճակում կամ առանց դրա չեն կարող նախարարության աշխատակիցների կամ պայմանագրային աշխատողների կողմից օգտագործվել այլ ծրագրերի համար կամ այլ կազմակերպությունների, ձեռնարկությունների, հիմնարկների, ֆիզիկական անձանց հետ կնքված անհատական պայմանագրերի շրջանակներում:
15. Ծրագրերում աշխատողների ընդգրկումն իրականացվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով: Բոլոր աշխատանքային պայմանագրերը (անհրաժեշտության դեպքում նաև քաղաքացիա-իրավական պայմանագրերը) կնքվում են նախարարության կողմից` ծրագրի ղեկավարի (պատասխանատուի) (և նախարարության համապատասխան ստորաբաժանման ղեկավարի` եթե առաջարկվող անձը նախարարության աշխատակից է) ներկայացմամբ:
Օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և թույլատրվող բնույթի աշխատանքներում նախարարության աշխատակիցների ընդգրկման ժամանակ նրանց համար ձևակերպվում է կամ աշխատանք համատեղության կարգով, կամ աշխատանք քաղաքացիա-իրավական պայմանագրով` նշելով, որ վարձատրությունը (վճարումն) իրականացվելու է հատուկ ծրագրի միջոցների հաշվին, ինչպես նաև նշելով միջազգային պայմանագրում առկա` վճարման (աշխատավարձի, փոխհատուցման և այլն) չափը կարգավորող դրույթը:
Ծրագրի միջոցները, միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չլինելու դեպքում, համարվում են հարկման նպատակով հայաստանյան աղբյուրներից վճարվող եկամուտներ և նախարարության կողմից վճարումներ կատարելու դեպքում` նախարարությունը (հաշվապահությունը) իրականացնում է հարկային գործակալի ֆունկցիա, կատարելով եկամտահարկի և այլ պարտադիր վճարումների պահում (հաշվարկում), օրենքով սահմանված կարգով տեղեկությունների տրամադրում ՀՀ հարկային մարմիններին` ՀՀ քաղաքացիներին, օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց վճարված եկամուտների մասին:
16. Ծրագրային աշխատանքների շրջանակներում նախարարության վարձու աշխատողների կողմից գործուղում մեկնելիս, սահմանված դեպքերում, լրացվում է գործուղման թերթիկ, հրապարակվում է հրաման, նշելով ծախսերի փոխհատուցման աղբյուրը (համապատասխան ծրագրի անվանումը): ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ծրագրերում նախարարության աշխատակիցների ընդգրկման և, մասնավորապես գործուղումներ մեկնելու դեպքում, աշխատակցի դիմումի և ծրագրի ղեկավարի (պատասխանատուի) զեկուցագրի հիման վրա սահմանված կարգով ձևակերպվում է արձակուրդ առանց աշխատավարձի (պետական բյուջեից հասանելիք) պահպանման, բացառությամբ այն դեպքի, երբ գործուղման նպատակները համապատասխանում և բխում են նախարարության աշխատակցի ֆունկցիոնալ պարտականություններից:
Բոլոր գործուղումների արդյունքում ներկայացվում են աշխատանքային հաշվետվություններ (ծրագրի ղեկավարին (պատասխանատուին)` պատճենը տրամադրելով ՄՀԲ) և ֆինանսական հաշվետվություններ (նախարարության հաշվապահության` միջազգային պայմանագրերով նախատեսված լինելու կամ ֆինանսավորող կողմի հետ աշխատանքների ընդունված պրակտիկայի դեպքում նաև դրանց պատճենները, ինչպես նաև օտարերկրյա գործուղումների դեպքում ինքնաթիռների տոմսերը և այլ փաստաթղթեր ներկայացնելով նաև ՄՀԲ): Ֆինանսական հաշվետվությունը ներկայացվում է 3 աշխատանքային օրվա, իսկ աշխատանքայինը` 7 աշխատանքային օրվա ընթացքում:
17. Ծրագրերի ղեկավարների (պատասխանատուների) և ՄՀԲ-ի ներկայացմամբ նախարարը բյուջետային համապատասխան միջոցների առկայության (տնտեսման) դեպքում իրականացնում է նախարարության աշխատակիցների լրացուցիչ պարգևատրում` հատուկ ծրագրերի վարման աջակցման աշխատանքների համար:
18. Ծրագրային աշխատանքների իրականացման ժամանակ ղեկավարները (պատասխանատուները) պարտավոր են ժամանակին ներկայացնել հայտեր ավտոմեքենաներով սպասարկման ծառայությունների համար:
Վերջինիս դեպքում ուղեգրերի դուրս գրումը, վազքի և վառելիքի ծախսի հաշվառումը, ինչպես նաև մեքենաների շահագործման, նորոգման և այլ աշխատանքների կատարումն ու կառավարումն իրականացվում է նախարարության գործերի կառավարչության կողմից: Ընդ որում սկզբնական և ամփոփ բոլոր փաստաթղթերի կտրվածքով վարվում է առանձնացված հաշվառում ըստ ծրագրերի (սույն հրամանի 6 կետում նշված նշագրումներով): Ծրագրի միջոցների հաշվին մեքենա ձեռք բերված չլինելու դեպքում նախարարության մեքենաների տրամադրումը ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման համար կատարվում է միջազգային պայմանագրերով և համագործակցության վերաբերյալ այլ փաստաթղթերով սահմանված կարգով, ըստ հնարավորության:
19. Ծրագրերի իրագործման համար ծրագրերի միջոցների հաշվին ձեռք բերված (անկախ նրանից, ձեռք են բերվել նախարարության, թե միջազգային կազմակերպության (ծիգ-ի) կողմից) հիմնական միջոցները հաշվառվում են նախարարությունում պետական բյուջետային հաշվառման կանոններով կազմվող հաշվեկշռի նկատմամբ արտահաշվեկշռային ձևով:
Միաժամանակ ծրագրերի միջոցների հաշվին ձեռք բերված գույքը (այդ թվում հիմնական միջոցները) հաշվառվում են նախարարության հաշվապահության կողմից վարվող առանձին հաշվեկշռում: Ծրագրերի ավարտից հետո, միջազգային պայմանագրով այլ բան նախատեսված չլինելու դեպքում դրանք տեղափոխվում են նախարարության կենտրոնական ապարատի (նախարարի որոշմամբ` տարածքային ստորաբաժանման) հիմնական հաշվեկշիռ:
Նախարարության կողմից միջազգային համագործակցության պայմանագրերին համապատասխան սահմանված դեպքում իրականացվում է տարածքների, գույքի տրամադրում ծրագրերի իրագործման կազմակերպման համար: Այդպիսի դեպքերում նախարարության համապատասխան ստորաբաժանումները վարում են առանձնացված հաշվառում, մասնավորապես ձևակերպելով գույքի տեղաշարժի թերթիկներ և այլն:
20. Ծրագրերի իրագործման համար նախարարության պետական վիճակագրական կամ այլ ծրագրի տվյալների (ցանկացած խմբավորմամբ) օգտագործումն իրականացվում է միայն նախարարի թույլտվությամբ և ՄՀԲ-ի միջոցով:
Ցանկացած ծրագրի ավարտին ստեղծված նյութերի, արդյունքների հեղինակային իրավունքը պատկանում է նախարարությանը և դառնում է պետական վիճակագրական տեղեկատվություն, որի ցանկացած ձևով տնօրինումը, տիրապետումը և օգտագործումը պետք է իրականացվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և նախարարության թույլտվությամբ: Ծրագրի ղեկավարները (պատասխանատուները) պարտավոր են սույնի մասին տեղեկացնել բոլոր մշտական և ժամանակավոր աշխատողներին:
Ծրագրերի արդյունքում ձևավորված տվյալների բազաները ծրագրերի ղեկավարները փուլ առ փուլ կամ ամբողջությամբ հանձնում են տեղեկատվական ռեսուրսների կառավարման և տեխնոլոգիաների վարչությանը: Դրանք դասակարգվում և պահվում են վերջինիս կողմից` ապահովելով օգտագործման բանալիների գաղտնիություն` նախարարի կողմից սահմանված կարգով, ՄՀԲ-ի հետ միասին (համատեղ) կիրառման վերահսկողություն ապահովելու համար:
ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՂՄԻՑ
21.01.1999թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 22990014