Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 300-ՐԴ ՀՈԴՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 300-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ԿԵՏԻ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում
Քաղաքացիական գործ թիվ
ԱՎԴ/0470/02/10            2011թ.
Քաղաքացիական գործ թիվ   ԱՎԴ/0470/02/10
      Նախագահող դատավոր`  Ն. Բարսեղյան
                         Դատավորներ`   Ն. Հովսեփյան
                                                         Ա. Մկրտչյան

   

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

Նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Վ. Ավանեսյանի
Վ. Աբելյանի
Ս. Անտոնյանի
Ա. Բարսեղյանի
Մ. Դրմեյանի
  Գ. Հակոբյանի
Է. Հայրիյանի
Տ. Պետրոսյանի
Ե. Սողոմոնյանի

 

2011 թվականի հոկտեմբերի 14-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «Հայփոստ» ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.06.2011 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Ընկերության ընդդեմ Ա/Ձ Ռուսլան Բադալյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է Ռուսլան Բադալյանից հօգուտ Ընկերության բռնագանձել 1.162.903 ՀՀ դրամ, պայմանագրով նախատեսված 156.000 ՀՀ դրամ կազմող տուգանքը, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով ՀՀ Կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի չափով 248.086 ՀՀ դրամ:

ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Լ. Արազյան) (այսուհետ` Դատարան) 25.02.2011 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 16.06.2011 թվականի որոշմամբ Ռուսլան Բադալյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է, և Դատարանի 25.02.2011 թվականի վճիռը բեկանվել է և փոփոխվել` հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 131-րդ, 132-րդ հոդվածները, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ կետը, որը պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Ռուսլան Բադալյանը հայցադիմումի կամ հակընդդեմ հայցադիմումի ձևով պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջ չի ներկայացրել և առանց համապատասխան հայցապահանջի առկայության, իր նախաձեռնությամբ որոշել է գործարքն անվավեր ճանաչել` հիմնվելով Ռուսլան Բադալյանի առարկությունների վրա:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 16.06.2011 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 25.02.2011 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. Ընկերության և Ռուսլան Բադալյանի միջև 01.10.2007 թվականին կազմվել է թիվ 032 թույլտվությունը, որի համաձայն Ընկերությունը թույլատրել է Ռուսլան Բադալյանին Երևանի թիվ 02 փոստային մասնաճյուղի տարածքում իրականացնել բջջային հեռախոսների վաճառք, իսկ թույլտվություն ստացողը պարտավորվել է իրականացնել բացառապես նշված գործունեությունը, վճարել թույլտվության տարեկան վճարը և գործել Ընկերության ներքին իրավական ակտերի և նույն թույլտվությանը կից տրամադրված 31.07.2007 թվականի Ընկերության ներքին իրավական ակտերին համապատասխան: Պայմանագրի 5-րդ գլխի 15-րդ և 16-րդ կետերի համաձայն` թույլտվության տարեկան վճարը կազմում է 1.560.000 ՀՀ դրամ, որը վճարվում է ամսական համամասնություններով, իսկ 6-րդ գլխի 19-րդ կետի համաձայն` թույլտվություն ստացողի կողմից թույլտվության տարեկան վճարի ամսական համամասնությունը սույն թույլտվությամբ սահմանված ժամկետում չվճարելու դեպքերում թույլտվություն ստացողն Ընկերությանը վճարում է տուգանք` թույլտվության տարեկան վճարի 1 տոկոսի չափով (հատոր 1-ին, գ.թ.7-14):

2. Ընկերության կողմից տրված դուրս գրված հաշիվների և ստացված վճարումների մասին տեղեկանքի համաձայն` Ռուսլան Բադալյանի պարտքը կազմում է 1.162.903 ՀՀ դրամ (հատոր 1-ին գ.թ.15-17):

3. Ընկերությունը պահանջել է Ռուսլան Բադալյանից հօգուտ Ընկերության բռնագանձել 1.162.903 ՀՀ դրամ պարտքի գումար, 156.000 ՀՀ դրամ պայմանագրային տուգանքի գումար, ինչպես նաև 248.086 ՀՀ դրամ` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված բանկային տոկոսի գումար (հատոր 1-ին գ.թ. 2-4):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն` դատարանը քաղաքացիական գործը հարուցում է միայն հայցի կամ դիմումի հիման վրա: Իսկ նույն օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետի համաձայն` դատարանը վճիռ կայացնելիս որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը:

Այսինքն` վերը նշված հոդվածների իմաստով դատարանը պարտավոր է`

- քաղաքացիական գործը հարուցել միմիայն համապատասխան հայցի կամ դիմումի հիման վրա,

- քաղաքացիական գործը քննել միմիայն այդ գործով ներկայացված հայցապահանջների շրջանակում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում:

Դատարանը հայցի բավարարման հիմքում դրել է այն հանգամանքը, որ Ընկերության և Ռուսլան Բադալյանի միջև կնքված պայմանագիրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքով չնախատեսված պայմանագիր է, որը չի հակասում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի և այլ իրավական ակտերի պահանջներին և հստակորեն արտահայտում է այն համաձայնությունը և իրավահարաբերությունը, որն Ընկերությունն առաջարկել էր Ռուսլան Բադալյանին, իսկ վերջինս էլ ընդունել է այն:

Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքի բավարարման և հայցի մերժման հիմքում դրել է այն հանգամանքը, որ «կնքված «Թույլտվություն» վերտառությամբ փաստաթուղթն իր մեջ պարունակում է տարածքի վարձակալության պայմանագրին վերաբերող դրույթներ, և կողմերի կամքը եղել է տարածքի վարձակալության պայմանագիր կնքելը, որպեսզի Ռուսլան Բադալյանն այդ տարածքում իրականացնի ձեռնարկատիրական գործունեություն, այն է` բջջային հեռախոսների վաճառք», և հաշվի առնելով այդ հանգամանքը` Վերաքննիչ դատարանը գտել է, որ կողմերի միջև կնքված պայմանագիրը չի համապատասխանում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի պահանջներին, ուստի այն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 305-րդ հոդվածի հիմքով անվավեր պայմանագիր է:

Մինչդեռ, հիմք ընդունելով վերոգրյալը և սույն գործի փաստերը վերլուծելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Ընկերության կողմից ներկայացվել է գումարի բռնագանձման պահանջ, իսկ Ռուսլան Բադալյանը չի վիճարկել Ընկերության և իր միջև կնքված պայմանագիրը: Այսինքն` Վերաքննիչ դատարանը դուրս է եկել գործով ներկայացված հայցապահանջի շրջանակներից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի համաձայն` պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այլ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն. այն է` վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը, իսկ վերը հիշատակված հոդվածի 2-րդ կետը սահմանում է, որ պարտավորությունները ծագում են պայմանագրից, վնաս պատճառելու հետևանքով և սույն օրենսգրքում նշված այլ հիմքերից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածի համաձայն` պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ` պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, իսկ նման պայմանների ու պահանջների բացակայության դեպքում` գործարար շրջանառության սովորույթներին կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան:

Վերոնշյալ հոդվածների վերլուծությունից հետևում է, որ պարտապանը պարտավոր է ամբողջությամբ կատարել պարտավորության բովանդակությունից և օրենսդրությունից բխող բոլոր պարտավորությունները:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 369-րդ հոդվածի համաձայն` տուժանք է համարվում օրենքով կամ պայմանագրով որոշված այն դրամական գումարը, որը պարտապանը պարտավոր է վճարել պարտատիրոջը պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում:

i

Նույն օրենսգրքի 408-րդ հոդվածի համաձայն` պարտավորության խախտում է համարվում այն չկատարելը կամ անպատշաճ (կետանցով, ապրանքների, աշխատանքների և ծառայությունների թերություններով կամ պարտավորության բովանդակությամբ որոշվող այլ պայմանների խախտմամբ) կատարելը:

Սույն գործով Ընկերության և Ռուսլան Բադալյանի միջև 01.10.2007 թվականին կազմվել է թիվ 032 թույլտվությունը, որի համաձայն Ընկերությունը թույլատրել է Ռուսլան Բադալյանին իր Երևանի թիվ 02 փոստային մասնաճյուղի տարածքում իրականացնել բջջային հեռախոսների վաճառք, իսկ թույլտվություն ստացողը պարտավորվել է իրականացնել բացառապես նշված գործունեությունը, վճարել թույլտվության տարեկան վճարը և գործել Ընկերության ներքին իրավական ակտերի և նույն թույլտվությանը կից տրամադրված 31.07.2007 թվականի Ընկերության ներքին իրավական ակտերին համապատասխան: Պայմանագրի 5-րդ գլխի 15-րդ և 16-րդ կետերի համաձայն` թույլտվության տարեկան վճարը կազմել է 1.560.000 ՀՀ դրամ, որը պետք է վճարվեր ամսական համամասնություններով, իսկ 6-րդ գլխի 19-րդ կետի համաձայն` թույլտվություն ստացողի կողմից թույլտվության տարեկան վճարի ամսական համամասնությունը նույն թույլտվությամբ սահմանված ժամկետում չվճարելու դեպքերում թույլտվություն ստացողը Ընկերությանը պարտավորվել է վճարել տուգանք` թույլտվության տարեկան վճարի 1 տոկոսի չափով:

Ռուսլան Բադալյանը խախտել է պայմանագրով ստանձնած պարտավորությունները, այն է` սահմանված ժամկետներում չի վճարել պարտավորության գումարը, որն Ընկերության կողմից տրված դուրս գրված հաշիվների և ստացված վճարումների մասին տեղեկանքի համաձայն կազմել է 1.162.903 ՀՀ դրամ:

Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ռուսլան Բադալյանը պատշաճ կարգով չի կատարել պայմանագրով ստանձնած պարտավորությունը, հետևաբար Ընկերության նկատմամբ ունեցած պարտավորության գումարը` ներառյալ տուգանքը, ենթակա է բռնագանձման:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի համաձայն` ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելու, դրանք վերադարձնելուց խուսափելու, վճարման այլ կետանցով դրանք օգտագործելու, կամ այլ անձի հաշվին անհիմն ստանալու կամ խնայելու դեպքերում այդ գումարին վճարվում են տոկոսներ: Տոկոսները հաշվարկվում են կետանցի օրվանից մինչև պարտավորության դադարման օրը` ըստ համապատասխան ժամանակահատվածների համար` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքների:

Վերոնշյալ հոդվածի վերլուծությունից հետևում է, որ պայմանագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու պարագայում վճարման ենթակա գումարին հաշվարկվում են տոկոսներ:

Այսպիսով` վերոհիշյալ հոդվածից և սույն գործում առկա ապացույցներից ելնելով` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պատասխանողը սահմանված ժամկետում չի կատարել պայմանագրով ստանձնած պարտավորությունները, հետևաբար Ընկերության վճարման ենթակա գումարին պետք է հաշվարկվեն նաև տոկոսներ:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի 16.06.2011 թվականի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված` առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Առաջին ատյանի դատարանի վճռին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.06.2011 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 25.02.2011 թվականի վճռին:

2. Ա/Ձ Ռուսլան Բադալյանից հօգուտ «Հայփոստ» ՓԲԸ-ի բռնագանձել 78.350 ՀՀ դրամ` որպես հայցադիմումի և վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Վ. Ավանեսյան
Վ. Աբելյան
Ս. Անտոնյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
  Գ. Հակոբյան
Է. Հայրիյան
Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան

 

pin
Վճռաբեկ դատարան
14.10.2011
N ԱՎԴ/0470/02/10
Որոշում