(ուժը կորցրել է 18.01.06 ՆԿ-6-Ն կարգադրություն)
i
031.0224.281298
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԳԼԽԱՎՈՐ ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1998 թվականի օգոստոսի 5-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության և կազմակերպական կառուցվածքի մասին» ՆՀ-97 հրամանագիրը` որոշում եմ.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Նախագահի գլխավոր ռազմական տեսչության կանոնադրությունը` համաձայն հավելվածի:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
28 դեկտեմբերի 1998թ.
ՆԿ-224
Հավելված
Հայաստանի Հանրապետության
Նախագահի 1998 թվականի
դեկտեմբերի 28-ի ՆԿ-224
կարգադրության
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԳԼԽԱՎՈՐ ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
I. Ընդհանուր դրույթներ
1. Հայաստանի Հանրապետության Նախագահի գլխավոր ռազմական տեսչությունը (այսուհետ` Ռազմական տեսչություն) ապահովում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով Հայաստանի Հանրապետության Նախագահին վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը:
2. Ռազմական տեսչությունը մտնում է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի (այսուհետ` Աշխատակազմ) կազմակերպական կառուցվածքի մեջ:
3. Ռազմական տեսչությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Աշխատակազմի կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ:
4. Ռազմական տեսչության կանոնադրությունը, ներքին կառուցվածքը, տարեկան աշխատանքային ծրագիրը հաստատում և փոփոխում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` գլխավոր ռազմական տեսչի ներկայացմամբ:
5. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հրամանատարությունն ու ղեկավարությունը, զորամասերի և զորամիավորների հրամանատարները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության նախարարությունները, գերատեսչությունները պարտավոր են աջակցել Ռազմական տեսչությանը` ուսումնասիրություններ և ստուգումներ իրականացնելիս:
6. Ռազմական տեսչության աշխատողներն իրենց ծառայողական պարտականությունները կատարելիս իրավունք ունեն մուտք գործել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության մարմինների և զորքերի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության զորամասերի, պետական կառավարման սուրհանդակային ծառայության, Հայաստանի Հանրապետության պետական իշխանության զորահավաքային պատրաստությունն ապահովող այլ մարմինների (այսուհետ` Մարմիններ և Զորքեր) զբաղեցրած բոլոր շենքերն ու նրանց տարածքները, ինչպես նաև ռեժիմային զինվորական զորամասեր, հաստատություններ, դրանց հիմնարկություններն ու կազմակերպությունները:
7. Ռազմական տեսչությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով ձևաթուղթ և իր անվանմամբ կնիք ու դրոշմակնիք:
II. Ռազմական տեսչության գործառույթները
1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետության Նախագահին պաշտպանության և անվտանգության բնագավառներում վերապահված լիազորությունների իրականացումն ապահովելու նպատակով Ռազմական տեսչության գործառույթներն են`
- Մարմինների և Զորքերի գործունեության ստուգումներ անցկացնելը.
- սահմանված կարգով Մարմիններից և Զորքերից, պաշտոնատար անձանցից անհրաժեշտ փաստաթղթեր, նյութեր, իսկ խախտումների բացահայտման դեպքում` գրավոր կամ բանավոր բացատրություններ պահանջելը.
- պաշտպանության և անվտանգության բնագավառներում, իր իրավասության շրջանակներում, կատարողական կարգապահության և ֆինանսատնտեսական ոլորտում խախտումների փաստեր բացահայտելը, դրանց վերացման նպատակով համապատասխան պաշտոնատար անձանց միջնորդագրեր ներկայացնելը և դրանց ընթացքը վերահսկելը.
- Հայաստանի Հանրապետության նախագահին Մարմինների և Զորքերի պաշտոնատար անձանց կողմից Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի և կարգադրությունների, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների կատարման խախտումների, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր հրամանատարի հրամանները և հրահանգները ժամանակին և լրիվ չկատարելու մասին զեկուցումներ, ինչպես նաև այդ թերությունները վերացնելու կոնկրետ առաջարկություններ ներկայացնելը.
- Հայաստանի Հանրապետության Նախագահին Մարմինների և Զորքերի, նրանց պաշտոնատար անձանց գործունեության վերաբերյալ տեղեկատվություն հաղորդելը.
- Հայաստանի Հանրապետության Նախագահին Մարմինների և Զորքերի պաշտոնատար անձանց կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.
- Հայաստանի Հանրապետության Նախագահին Մարմինների և Զորքերի կառուցվածքի, գործունեության կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.
- Մարմիններին և Զորքերին իրենց բնագավառի օրենսդրության կատարելագործման, Հայաստանի Հանրապետության Նախագահի այն հրամանագրերի և կարգադրությունների նախագծերի վերաբերյալ, որոնք ուղղված են Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից պաշտպանության և անվտանգության բնագավառներում իր լիազորությունների իրագործման արդյունավետության բարձրացմանը, սահմանված կարգով առաջարկություններ ներկայացնելը.
- Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության համակարգերի ծառայողներին Հայաստանի Հանրապետության շքանշաններով և մեդալներով պարգևատրելու, բարձրագույն զինվորական կոչումներ շնորհելու առաջարկությունների քննարկմանը մասնակցելը.
- Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով և կարգադրություններով իրեն վերապահված այլ գործառույթներ:
2. Ռազմական տեսչությունն իր գործառույթներն իրականացնելիս`
ա) Հայաստանի Հանրապետության Նախագահի հանձնարարությամբ վերահսկում է`
- Մարմինների և Զորքերի գործունեությունը.
- Մարմինների և Զորքերի կողմից Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի և կարգադրությունների և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների կատարումը.
- Մարմինների և Զորքերի շինարարության և զարգացման ծրագրերի ժամանակին, լրիվ կատարման, ռազմական քաղաքականության և Հայաստանի Հանրապետությունում ռազմական ուսուցման գործնական իրականացումը.
- սպառազինության ստեղծման և ռազմական արտադրության ծրագրերի մշակման և իրականացման, երկրի պաշտպանության և անվտանգության համար տեխնիկայի և տեխնոլոգիայի երկակի կիրառումը.
- Մարմիններում և Զորքերում դաստիարակչական աշխատանքների, կարգապահության և իրավակարգի ամրապնդումը.
- Մարմիններին և Զորքերին ժամանակին ֆինանսական, նյութական միջոցներով, էներգետիկ և այլ պաշարներով ապահովումը.
- Մարմինների և Զորքերի կողմից պետական բյուջեով հատկացված միջոցների օգտագործումը.
- Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության ուսումնական հաստատություններում, այդ թվում` օտարերկրյա պետությունների, համապատասխան կադրերի պատրաստման վիճակը.
- զինծառայողների և ծառայողների, ինչպես նաև զորացրված քաղաքացիների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական պաշտպանության ապահովումը Մարմինների և Զորքերի կողմից.
- պաշտպանության և անվտանգության բնագավառներում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված պարտավորությունների կատարումը.
- պետական կառավարման հանրապետական և տարածքային, տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց կողմից Հայաստանի Հանրապետության ռազմական շինարարությունը կանոնակարգող նորմատիվ իրավական ակտերի պատշաճ կատարումը.
- Մարմինների և Զորքերի զինծառայողների, նրանց ընտանիքների անդամների, քաղաքացիների, կազմակերպությունների, պետական կառավարման հանրապետական և տարածքային, տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց կողմից Հայաստանի Հանրապետության Նախագահին և Ռազմական տեսչությանն ուղղված` Մարմինների և Զորքերի գործունեության հարցերով դիմումների, գանգատների և առաջարկությունների տեղերում ստուգումը, ուսումնասիրումը և վերլուծումը, անհրաժեշտության դեպքում` դրանք համապատասխան մարմիններին, պաշտոնատար անձանց վերահասցեագրումը, ամփոփումը և Հայաստանի Հանրապետության Նախագահին համապատասխան հաշվետվություններ և առաջարկություններ ներկայացնելը.
բ) համագործակցում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների համապատասխան ծառայությունների հետ.
գ) իր իրավասության շրջանակներում, անհրաժեշտության դեպքում, ուսումնասիրություններին և ստուգումներին հասարակական և պայմանագրային հիմունքներով ներգրավում է պաշտոնատար անձանց, մասնագետների, փորձագետների և գիտական հիմնարկների.
դ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով և կարգադրություններով սահմանված այլ լիազորություններ:
III. Ռազմական տեսչության ֆինանսավորումը
և նյութատեխնիկական ապահովումը
1. Ռազմական տեսչության ֆինանսավորումը, նյութատեխնիկական, տրանսպորտային միջոցներով ապահովումը և սպասարկումը կատարում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը` պետական բյուջեով հատկացված միջոցների հաշվին` համաձայն հաստիքացուցակի, Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից հաստատված պաշտոնային դրույքաչափերով:
2. Ռազմական տեսչությանն աշխատասենյակներով և անհրաժեշտ պիտույքներով ապահովում է Աշխատակազմը:
3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը Ռազմական տեսչության անձնակազմին ապահովում է իրային, պարենային, ֆինանսական և այլ բավարարման տեսակներով:
4. Ռազմական տեսչության անձնակազմի վրա տարածվում են զինծառայողների, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի աշխատողների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված բոլոր արտոնությունները:
5. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությունը սահմանված կարգով իրականացնում են իրենց կողմից Ռազմական տեսչություն գործուղված անձանց կենսաթոշակային ապահովումը:
6. Ռազմական տեսչության աշխատողների սոցիալական ապահովումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության զինծառայողների համար գործող օրենսդրությանը համապատասխան:
IY. Ռազմական տեսչության աշխատանքների
կազմակերպումը և ղեկավարումը
1. Գլխավոր ռազմական տեսուչն անմիջականորեն ենթարկվում է Հայաստանի Հանրապետության Նախագահին:
2. Գլխավոր ռազմական տեսուչը պաշտոնի է նշանակվում և պաշտոնից ազատվում Հայաստանի Հանրապետության Նախագահի կարգադրությամբ:
3. Գլխավոր ռազմական տեսուչը`
- իրականացնում է Ռազմական տեսչության անմիջական ղեկավարումը.
- ապահովում է Ռազմական տեսչության բնականոն գործունեությունը.
- Հայաստանի Հանրապետության Նախագահին առաջարկություններ է ներկայացնում Ռազմական տեսչության կանոնադրության, դրանում փոփոխություններ կատարելու վերաբերյալ.
- Աշխատակազմի ղեկավարին տեղեկացնում է Ռազմական տեսչության աշխատողներին պաշտոնի նշանակելու և պաշտոնից ազատելու մասին.
- իր տեղակալների միջև բաշխում է պարտականությունները.
- սահմանում է Ռազմական տեսչության աշխատողների պարտականությունները.
- սահմանված կարգով որոշում է Հայաստանի Հանրապետության սահմաններում Ռազմական տեսչության աշխատողների գործուղումների հարցերը.
- Հայաստանի Հանրապետության Նախագահին առաջարկություններ է ներկայացնում Ռազմական տեսչության սպաներին հերթական զինվորական կոչումներ շնորհելու վերաբերյալ.
- իր իրավասության շրջանակներում որոշում է Մարմինների և Զորքերի գործունեության ստուգումների անցկացման հետ կապված հարցերը.
- անհրաժեշտության դեպքում հրավիրում է Մարմինների և Զորքերի պաշտոնատար անձանց` համապատասխան պարզաբանումներ ստանալու համար.
- Հայաստանի Հանրապետության Նախագահի թույլտվությամբ իրականացնում է արտածրագրային ստուգումներ.
- Հայաստանի Հանրապետության Նախագահի հանձնարարությամբ մասնակցում է Հայաստանի Հանրապետության կառավարության և պետական այլ մարմինների նիստերին և խորհրդակցություններին.
- իրականացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից իրեն վերապահված այլ լիազորություններ:
4. Գլխավոր ռազմական տեսուչն ի պաշտոնե Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կոլեգիայի անդամ է:
5. Գլխավոր ռազմական տեսուչն ունի առաջին տեղակալ և տեղակալ: Գլխավոր ռազմական տեսչի առաջին տեղակալը փոխարինում է գլխավոր ռազմական տեսչին` նրա բացակայության ժամանակ:
6. Ռազմական տեսչության կազմը կարող է համալրվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությունից գործուղված սպաներով:
7. Ռազմական տեսչության աշխատողներն անձնական պատասխանատվություն են կրում ներկայացվող տեղեկատվության արժանահավատության և օպերատիվության, ինչպես նաև վերահսկողության ընթացքում պետական գաղտնիք պարունակող տեղեկատվությունների անհրաժեշտ պաշտպանությունն ապահովելու համար: