Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 163-ՐԴ, 172...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 163-ՐԴ, 172-ՐԴ, 594-ՐԴ, ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական       Քաղաքացիական գործ թիվ ԵՔԴ/0085/02/08   

    դատարանի որոշում                                      ԵՔԴ/1222/02/08

    Քաղաքացիական գործ թիվ ԵՔԴ/0085/02/08                         2011 թ.

                          ԵՔԴ/1222/02/08

Նախագահող դատավոր` Տ. Սահակյան

    Դատավորներ`        Կ. Հակոբյան    

                       Տ. Նազարյան      

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ե. Խունդկարյանի

    մասնակցությամբ դատավորներ                 Մ. Դրմեյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2011 թվականի հուլիսի 29-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Արփենիկ Ներսիսյանի և «Արշավիր և Պայծառ Աբրահամյաններ» բարեգործական հիմնադրամի (այսուհետ` Հիմնադրամ) վճռաբեկ բողոքները ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.02.2011 թվականի որոշման դեմ` ըստ Արմեն Ազատյանի հայցի ընդդեմ Արփենիկ Ներսիսյանի, Հիմնադրամի, երրորդ անձինք ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Ավան տարածքային ստորաբաժանման (այսուհետ` Կադաստր),»ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն), Երևանի Կենտրոն նոտարական տարածքի նոտար Ալվարդ Մելքոնյանի` անշարժ գույքի նվիրատվության պայմանագրերը և դրանց հիման վրա կատարված իրավունքի պետական գրանցումներն անվավեր ճանաչելու, նվիրատվության պայմանագիր կնքելուն պարտավորեցնելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Արմեն Ազատյանը պահանջել է անվավեր ճանաչել Արփենիկ Ներսիսյանի և Հիմնադրամի միջև 13.03.2006 թվականին կնքված, Երևանի Կենտրոն նոտարական տարածքի նոտար Ալվարդ Մելքոնյանի` 13.03.2006 թվականին հաստատած թիվ 7113 և թիվ 7114 անշարժ գույքի նվիրատվության պայմանագրերը և դրանց հիման վրա 13.04.2006 թվականին կատարված թիվ 2233255 և թիվ 2181810 անշարժ գույքի սեփականության իրավունքի պետական գրանցումները, ինչպես նաև պարտավորեցնել Հիմնադրամին Արմեն Ազատյանի հետ կնքել նվիրատվության պայմանագիր` Երևանի Բաբաջանյան փողոցի 38 և 39 շենքի 2-րդ մասնաշենքի թիվ 100 բնակարանը (28,9 քմ մակերես) և նույն հասցեի նկուղային մասի թիվ 7 տարածքը (33,88 քմ մակերես) նրան օտարելու վերաբերյալ:

 

Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 26.06.2009 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.10.2009 թվականի որոշմամբ Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 26.06.2009 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նույն դատարան` նոր քննության:

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ` Դատարան) 22.10.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 04.02.2011 թվականի որոշմամբ Արփենիկ Ներսիսյանի և Հիմնադրամի վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ Դատարանի 22.10.2010 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոքներ են ներկայացրել Արփենիկ Ներսիսյանը և Հիմնադրամը:

Վճռաբեկ բողոքների պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքները քննվում են հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին կետը, 172-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերը, 594-րդ հոդվածի 1-ի կետը, 595-րդ, 596-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 278-րդ, 305-րդ հոդվածները, 334-րդ հոդվածի 4-րդ կետը, 344-րդ հոդվածի 4-րդ կետը, 347-րդ հոդվածը, 352-րդ հոդվածի 2-րդ կետը, 461-րդ հոդվածի 1-ին կետը, որոնք չպետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին կետը, ինչպես նաև խախտել է ՀՀ Սահմանադրության 8-րդ, 31-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 1-ին կետի և 53-րդ հոդվածի 1-ին կետի, 130-րդ հոդվածի 3-րդ կետի, 132-րդ հոդվածի 1-ին կետի և 220-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետի պահանջները:

Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով վերաքննիչ բողոքում նշած հայցային վաղեմության հատուկ կամ կրճատ ժամկետների կիրառելիության իրավական դիրքորոշմանը, այն համարել է ոչ հիմնավոր` հիմք ընդունելով այն հանգամանքը, որ «Դատարանը միջնորդության հիմքում դրել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասը, ըստ որի իրավունքի պաշտպանության մասին պահանջը դատարանը քննության է ընդունում հայցային վաղեմության ժամկետի լրանալուց անկախ», որն ամենևին կապ չունի վիճող կողմի դիմումի հիման վրա հայցային վաղեմության կիրառման կամ չկիրառման իրավական հարցի հետ, քանի որ անկախ նրանից` հայցը հարուցվում է վաղեմության ընթացքում, թե վաղեմության ժամկետը լրանալուց հետո, Դատարանը պարտավոր է գործը քննել ըստ էության:

Բացի այդ, Դատարանը չի կիրառել հայցային վաղեմություն այն դեպքում, երբ Արմեն Ազատյանը նվիրատվության գործարքների անվավեր ճանաչման և դրա անվավերության հետևանքների կիրառման մասին դատարան հայց է ներկայացրել մոտ երկու տարի անց` 04.06.2008 թվականին և 15.12.2008 թվականին, ինչով էլ հաստատվում է հայցային վաղեմության ժամկետի բացթողումը: Այսինքն` հայցային վաղեմության ժամկետի ընթացքում Արմեն Ազատյանի կողմից սահմանված կարգով հայց չի ներկայացվել, այն ներկայացվել է հայցային վաղեմության ժամկետի ավարտից հետո:

Դատարանը և Վերաքննիչ դատարանը հայցը բավարարելու հիմքում դրել են Արմեն Ազատյանի կողմից առանց պահանջվող վավերապայմանների դատարան ներկայացրած փաստաթղթերը, մասնավորապես` Հայսպառկոոպի վարչության պետ Ռ. Բագոյանի ստորագրությամբ անդորրագրերը և կից թիվ 107 հատակագիծը, Հայկոոպ վարչության և Հիմնադրամի միջև գոյություն չունեցող 25.05.2004 թվականին կնքված պայմանագրի հավելվածը:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Հայկոոպ վարչությունը վիճահարույց գույքի նկատմամբ սեփականատեր չէր, հետևապես չէր կարող իրեն չպատկանող գույքը հատկացնել հայցվորին:

Ավելին, դատարանների կողմից պատշաճ գնահատման չի արժանացել պատասխանողների ներկայացրած ապացույցները, մասնավորապես` Հիմնադրամի կողմից վավերացված և ՀՀ կառավարությանը ներկայացված Հայկոոպի իրավատնտեսագիտական և կառավարման քոլեջի հանրակացարանների մասնաշենքում բնակվող փախստական և տեղացի ընտանիքների ցուցակի 35-րդ և հանրակացարանի թիվ 38 և թիվ 39 մասնաշենքերի բնակիչների ցուցակի 113-րդ համարի տակ կարիքավորների ցուցակը, որում առկա է հանրակացարանի նախկին կառավարիչ Արմեն Ազատյանի գրառումն Արփենիկ Ներսիսյանի անվան դիմաց այն մասին, որ վերջինս «ապօրինաբար զբաղեցնում է 1-ին հարկում տարածք և գարաժ», ինչպես նաև «Աճառյան» համատիրության կողմից հաստատված թվով 10 հարևանների գրավոր հայտարարությունն այն մասին, որ Արփենիկ Ներսիսյանն աստիճանավանդակի տակի բացվածքը փակել է մետաղյա դարպասով և 1989 թվականից օգտագործել է որպես նկուղային տարածք, ինչպես նաև այն փաստը, որ Հիմնադրամը 13.03.2006 թվականի անշարժ գույքի նվիրատվության թիվ 7113 և թիվ 7114 պայմանագրով Երևանի Բաբաջանյան փողոցի 38 և 39 շենքի 2-րդ մասնաշենքի կոմունալ և օժանդակ հարմարություններից զուրկ թիվ 100 սենյակը (28,9 քմ) և նույն հասցեի նկուղային մասի թիվ 7 տարածքը (38,88 քմ) նոտարական կարգով 13.04.2006 թվականին նվիրել է Արփենիկ Ներսիսյանին:

Միաժամանակ, Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Արմեն Ազատյանը Երևանի Սայաթ-Նովա փողոցի 18-րդ շենքի թիվ 1 բնակարանի միակ սեփականատերն է և հաշվառված է այդ հասցեում, իսկ Երևանի Բաբաջանյան փողոցի 38 և 39 շենքի 2-րդ մասնաշենքի թիվ 100 սենյակը և դրա տակ գտնվող թիվ 7 նկուղային տարածքը չի զբաղեցրել և կարիքավորների ցուցակում ընդգրկված չի եղել: Ընդ որում, տվյալ փաստերն Արմեն Ազատյանն ընդունել է դատաքննության ընթացքում:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 04.02.2011 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը մերժել, իսկ սեփականության իրավունքի գրանցման վկայականներն անվավեր ճանաչելու պահանջների մասով քաղաքացիական գործի վարույթը կարճել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Հիմք ընդունելով ՀՀ կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի 29.11.2002 թվականի թիվ Մ-204 որոշումը` «Բնակարան» բարեգործական ծրագրի շրջանակներում 24.06.2004 թվականին «Հայկոոպ» վարչության և Հիմնադրամի միջև կնքվել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր, որը վավերացվել է նոտարական կարգով: Առուվաճառքի պայմանագրի առարկա հանդիսացել են «Հայկոոպ» վարչության իրավատնտեսագիտական և կառավարման քոլեջի օգտագործմանը տրամադրված Երևանի Բաբաջանյան փողոցի 38 և 39 հասցեի` 0,42665 հա հողամասի վրա տեղակայված 9.797,6 քմ ընդհանուր մակերեսով հանրակացարանի երկրորդ մասնաշենքը: Սահմանված կարգով կատարվել է գործարքից ծագող իրավունքի պետական գրանցում և 01.02.2006 թվականին Հիմնադրամին տրվել է թիվ 2140507 անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական (հատոր 5-րդ, գ.թ., 87-92):

2) 24.06.2004 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով ստանձնած պարտավորությունների համաձայն և հիմք ընդունելով վերոհիշյալ հասցեի կարիքավոր բնակիչների ցուցակը, որի 113 համարի տակ ընդգրկված էր Արփենիկ Ներսիսյանը` ընտանիքի երեք անձով, Հիմնադրամը 13.03.2006 թվականին անշարժ գույքի նվիրատվության` նոտարական կարգով վավերացված թիվ 7113 պայմանագրով Երևանի Բաբաջանյան փողոցի 38 և 39 շենքի 2-րդ մասնաշենքի թիվ 100 բնակարանը (28,9 քմ) և թիվ 7114 նվիրատվության պայմանագրով նույն հասցեի նկուղային մասի թիվ 7 տարածքը (33,88 քմ) նվիրել է Արփենիկ Ներսիսյանին: Կատարվել է նվիրատվության պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցում և Արփենիկ Ներսիսյանի անվամբ 13.04.2006 թվականին տրվել են թիվ 2233255 և 2181810 անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականներ (հատոր 1-ին, գ.թ.73-76, հատոր 2-րդ, գ.թ.70-75, հատոր 5-րդ, գ.թ.63-77):

3) 29.11.2002 թվականի դիմումով Արմեն Ազատյանը դիմել է «Իրավատնտեսագիտական և կառավարման քոլեջի» տնօրենին և խնդրել հանրակացարանում հատկացնել բնակելի տարածք (հատոր 3-րդ, գ.թ.35):

4) «Հայկոոպ» վարչության նախագահի կողմից տրված «Հայկոոպ» Երևանի Բաբաջանյան փողոցի 38 և 39 հասցեում գտնվող հանրակացարանների բնակության իրավունքի» անդորրագրի համաձայն` «Իրավատնտեսագիտական և կառավարման քոլեջի» հանրակացարանի 2-րդ մասնաշենքի թիվ 107 սենյակը` 33,3+24,3 քմ ընդհանուր տարածքով, բնակության իրավունքով անհատույց հատկացված է քաղաքացի Արմեն Ազատյանին (հատոր 2-րդ, գ.թ. 11):

5) 02.06.2008 թվականին և 12.12.2008 թվականին Արմեն Ազատյանը դիմել է Երևանի քաղաքացիական դատարան (հատոր 1-ին, գ.թ.5, հատոր 2-րդ, գ.թ.4):

6) 11.12.2008 թվականին դատարանին հասցեագրված դիմումով Արփենիկ Ներսիսյանի ներկայացուցիչը միջնորդել է կիրառել հայցային վաղեմություն և կայացնել վճիռ հայցը մերժելու մասին (հատոր 3-րդ, գ.թ. 138):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

i

Քննելով վճռաբեկ բողոքները նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ հոդվածի համաձայն` հայցային վաղեմություն է համարվում իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը: Նույն օրենսգրքի 332-րդ հոդվածի համաձայն` հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը երեք տարի է: Նույն օրենսգրքի 333-րդ հոդվածը նախատեսում է հայցային վաղեմության հատուկ ժամկետներ` ընդհանուր ժամկետի համեմատությամբ կրճատ կամ ավելի երկար հատուկ ժամկետներ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` վիճահարույց գործարքի անվավեր ճանաչման և դրա անվավերության հետևանքների կիրառման մասին հայցը կարող է ներկայացվել, եթե գործարքը կնքվել է բռնության կամ սպառնալիքի ազդեցության տակ, դրա դադարման օրվանից կամ այն օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, երբ հայցվորն իմացել էր կամ պարտավոր էր իմանալ գործարքն անվավեր ճանաչելու համար հիմք ծառայող հանգամանքների մասին:

Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը, ամրագրելով հայցային վաղեմության ժամկետը, միաժամանակ սահմանել է նաև այդ ժամկետի հաշվարկման կարգը: Այն է` հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին (տե՛ս Ռազմիկ Դարբինյանն ընդդեմ Դանիել Ղասաբողլյանի` 95.000 ԱՄՆ դոլարի բռնագանձման պահանջի մասին, թիվ ԵԷԴ/0723/02/09 գործով 02.04.2010 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-րդ կետի համաձայն` իրավունքի պաշտպանության մասին պահանջը դատարանը քննության է ընդունում հայցային վաղեմության ժամկետը լրանալուց անկախ, իսկ նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատարանը հայցային վաղեմությունը կիրառում է միայն վիճող կողմի դիմումով, որը պետք է տրվի մինչև դատարանի կողմից վճիռ կայացնելը: Հայցային վաղեմության ժամկետի լրանալը, որի կիրառման մասին դիմել է վիճող կողմը` հիմք է դատարանի կողմից հայցը մերժելու մասին վճիռ կայացնելու համար:

Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ հայցային վաղեմության ժամկետն այն ժամանակահատվածն է, որն անձին հնարավորություն է տալիս դիմելու դատարան իր իրավունքների պաշտպանության հայցով: Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն դեպքում, երբ վիճող կողմը դիմում է ներկայացրել հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ, դատարանը, կիրառելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ կետը, պետք է քննարկման առարկա դարձնի հայցային վաղեմության ժամկետի լրանալու հարցը: Հայցային վաղեմության ժամկետի լրացած լինելը հայցը մերժելու հիմք է, անկախ այն հանգամանքից, թե հայցը հիմնավոր է, թե` ոչ:

Սույն գործով Վերաքննիչ դատարանը, դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ, պատճառաբանել է, որ հիմնավոր է Դատարանի կողմից միջնորդության մերժումը, որի հիմքում դրվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին կետը, ըստ որի` իրավունքի պաշտպանության մասին պահանջը դատարանը քննության է ընդունում հայցային վաղեմության ժամկետը լրանալուց անկախ, իսկ սույն գործի փաստական տվյալների համաձայն` վիճելի գույքի նկատմամբ հայցվորի անվամբ կատարված հատկացումը բավարար հիմք է արձանագրելու, որ վերջինս հանդիսացել է ինչպես գույքի օգտագործման և տիրապետման իրավունք ունեցող, այնպես էլ վիճելի գույքը նվիրատվության պայմանագրով ձեռք բերելու իրավունք ունեցող սուբյեկտ:

Սույն գործի փաստերի համաձայն` Արմեն Ազատյանը 02.06.2008 թվականին հայցադիմում է ներկայացրել Երևանի քաղաքացիական դատարան, պահանջելով անվավեր ճանաչել Արփենիկ Ներսիսյանի և Հիմնադրամի միջև 13.03.2006 թվականին կնքված, Երևանի Կենտրոն նոտարական տարածքի նոտար Ալվարդ Մելքոնյանի` 13.03.2006 թվականին հաստատած թիվ 7113 և թիվ 7114 անշարժ գույքի նվիրատվության պայմանագրերը և դրանց հիման վրա 13.04.2006 թվականին կատարված թիվ 2233255 և թիվ 2181810 անշարժ գույքի սեփականության իրավունքի պետական գրանցումները, ինչպես նաև պարտավորեցնել Հիմնադրամին Արմեն Ազատյանի հետ կնքել նվիրատվության պայմանագիր` Երևանի Բաբաջանյան փողոցի 38 և 39 շենքի 2-րդ մասնաշենքի թիվ 100 բնակարանը (28,9 քմ մակերես) և նույն հասցեի նկուղային մասի թիվ 7 տարածքը (33,88 քմ մակերես) նրան օտարելու վերաբերյալ: 11.12.2008 թվականին դատարան հասցեագրված դիմումով Արփենիկ Ներսիսյանի ներկայացուցիչը միջնորդել է կիրառել հայցային վաղեմություն և կայացնել հայցը մերժելու մասին վճիռ:

Հիմք ընդունելով վերոգրյալը և սույն գործի փաստերը համադրելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Արփենիկ Ներսիսյանի ներկայացուցչի կողմից հայցային վաղեմություն կիրառելու միջնորդության առկայության դեպքում Դատարանը և Վերաքննիչ դատարանը պետք է անդրադառնային հայցային վաղեմության հարցին, իսկ վիճելի գույքը նվիրատվության պայմանագրով ձեռք բերելու իրավունք ունեցող սուբյեկտ լինելու հանգամանքը որևէ իրավական նշանակություն չունի հայցային վաղեմության հարցի լուծման համար:

Մասնավորապես, ստորադաս դատարանների կողմից պետք է քննարկման առարկա դարձվեր այն հարցադրումը, թե երբ է Արմեն Ազատյանն իմացել կամ պարտավոր էր իմանալ գործարքն անվավեր ճանաչելու համար հիմք ծառայող հանգամանքների մասին, և ըստ այդմ պետք է որոշվեր հայցային վաղեմության ժամկետի լրացած լինելու հարցը:

Մինչդեռ, սույն գործով դատարանների կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին կետի սխալ մեկնաբանման հետևանքով տվյալ հանգամանքը չի պարզվել:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի մյուս փաստարկներին չի անդրադառնում:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքները բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.02.2011 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

2. Պետական տուրքի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ե. Խունդկարյան

Դատավորներ` Մ. Դրմեյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
29.07.2011
N ԵՔԴ/0085/02/08
Որոշում