ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԱՆԴ/0461/02/10
դատարանի որոշում 2011 թ.
Քաղաքացիական գործ թիվ ԵԱՆԴ/0461/02/10
Նախագահող դատավոր` Կ. Չիլինգարյան
Դատավորներ` Ն. Տավարացյան
Ա. Պետրոսյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Ա. Բարսեղյանի
Վ. Աբելյանի
Վ. Ավանեսյանի
Մ. Դրմեյանի
Գ. Հակոբյանի
Տ. Պետրոսյանի
Ե. Սողոմոնյանի
2011 թվականի հուլիսի 1-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Ելենա Ավետյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.03.2011 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Արտակ Գալստյանի ընդդեմ Հարություն Դրիգոյի` սեփականության իրավունքը ճանաչելու և պետական գրանցում կատարելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Արտակ Գալստյանը պահանջել է Հարություն Դրիգոյին սեփականության իրավունքով պատկանող Երևանի Զաքյան փողոցի 8-րդ շենքի թիվ 18 բնակարանի և ձեղնահարկի նկատմամբ ճանաչել սեփականության իրավունքը և կատարել պետական գրանցում:
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 26.04.2010 թվականի վճռով հաստատվել է Արտակ Գալստյանի և Հարություն Դրիգոյի միջև 07.04.2010 թվականին կնքված հաշտության համաձայնությունը և գործի վարույթը կարճվել է: Վճիռը հրապարակման պահից հայտարարվել է օրինական ուժի մեջ մտած:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 21.03.2011 թվականի որոշմամբ Դատարանի 26.04.2010 թվականի վճռի դեմ Ելենա Ավետյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 26.04.2010 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ելենա Ավետյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Արտակ Գալստյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
1. Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանի 09.07.2010 թվականի որոշմամբ Ելենա Ավետյանի վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ, որը ստորագրվել է նախագահող դատավոր Կարեն Չիլինգարյանի, դատավորներ Ամրահի Պետրոսյանի և Աստղիկ Խառատյանի կողմից: Նշված կազմով Վերաքննիչ դատարանը 05.08.2010 թվականին, 21.10.2010 թվականին հրավիրել է դատական նիստեր, իսկ 04.11.2010 թվականին հրավիրված դատական նիստում պետք է հրապարակվեր դատական ակտը: Սակայն 04.11.2010 թվականի դատական նիստում հայտարարվել է, որ դատարանի կազմում տեղի է ունեցել փոփոխություն և դատավոր Աստղիկ Խառատյանի փոխարեն դատարանի կազմում ընդգրկվել է դատավոր Նախշուն Տավարացյանը, որի հիմքով գործի քննությունը վերսկսվել է: Նույն դատական նիստի ընթացքում հայտարարվել է, որ դատական ակտը կհրապարակվի 21.03.2011 թվականին:
21.03.2011 թվականին դատական ակտը հրապարակվել է նախագահող դատավոր Կարեն Չիլինգարյան, դատավորներ Ամրահի Պետրոսյան և Նախշուն Տավարացյան կազմով, սակայն որոշումը ստանալուց հետո պարզվել է, որ դատավոր Նախշուն Տավարացյանի փոխարեն այն ստորագրել է դատավոր Տարոն Նազարյանը:
2. Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 8-րդ, 18-րդ, 19-րդ, 31-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, 1-ին արձանագրության 1-ին հոդվածը, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ կետը, 279-րդ հոդվածի 1-ին կետը, որոնք չպետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ, 219-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Դատարանը, հաստատելով հաշտության համաձայնությունը, չի պարզել թե արդյոք դրանով կարող են խախտվել այլ անձանց իրավունքներն ու օրինական շահերը, թե ոչ: Դա այն դեպքում, երբ վիճելի բնակարանը 2005 թվականին ձեռք է բերվել ամուսիններ Կարեն և Ելենա Ավետյանների կողմից, որոնց ամուսնությունը գրանցվել է 24.11.1981 թվականին: Միայն 2009 թվականի մարտ ամսին Կարեն Ավետյանը փաստացի ամուսնալուծվել է Ելենա Ավետյանից և տեղափոխվել է այլ հասցե, իսկ Ելենա Ավետյանը զավակների հետ միասին մինչ օրս բնակվում է վիճելի հասցեում: Այսինքն` վիճելի գույքը ձեռք է բերվել համատեղ ամուսնության ընթացքում և դրա 1/2-րդ մասի սեփականատերն օրենքի ուժով Ելենա Ավետյանն է, անկախ իրավունքի պետական գրանցումից:
Վերաքննիչ դատարանը քննության առարկա չի դարձրել ու չի անդրադարձել վերաքննիչ բողոքում նշված փաստարկներին: Ավելին, Վերաքննիչ դատարանը, դուրս գալով վերաքննիչ բողոքի սահմաններից, քննարկման առարկա է դարձրել Հարություն Դրիգոյի և Կարեն Ավետյանի միջև կնքված նվիրատվության պայմանագրի իրավաչափության հարցը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 21.03.2011 թվականի որոշումը և գործն ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության:
2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Սույն գործի նախապատրաստական փուլում Հարություն Դրիգոն համաձայնվել է պարտքի դիմաց Արտակ Գալստյանին զիջել Երևանի Զաքյան փողոցի 8-րդ շենքի թիվ 18 բնակարանը և ձեղնահարկը, որը նոտարական կարգով վավերացված 04.05.2010 թվականի առուվաճառքի պայմանագրով վաճառվել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Հարություն Հովհաննիսյանին: Վերջինիս անունով կատարվել է իրավունքի պետական գրանցում և տրվել է թիվ 2694808 սեփականության իրավունքի գրանցման վկայականը: Տվյալ դեպքում, եթե Ելենա Ավետյանն իրականում չի իմացել իր բնակարանի օտարման մասին, որն ըստ բողոք բերող անձի 2005 թվականին ձեռք է բերվել իր և ամուսնու` Կարեն Ավետյանի կողմից, և սեփականության իրավունքի գրանցման վկայականը տրվել է միայն Կարեն Ավետյանի անվամբ, ապա Կարեն Ավետյանը պետք է կրի ամբողջ պատասխանատվությունը: Այսինքն` Արտակ Գալստյանը տեղյակ չի եղել ու որևէ կապ չունի նույն բնակարանի վերաբերյալ նախկինում կատարված գործարքների հետ:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը
1. 06.07.2010 թվականի մակագրության թերթիկի համաձայն` Ելենա Ավետյանի վերաքննիչ բողոքի քննությունը հանձնարարվել է Վերաքննիչ դատարանի հետևյալ կազմին` նախագահող դատավոր Կարեն Չիլինգարյան, դատավորներ` Աստղիկ Խառատյան, Ամրահի Պետրոսյան (գ.թ. 50):
2. Վերաքննիչ դատարանը` նախագահող դատավոր Կարեն Չիլինգարյան, դատավորներ` Աստղիկ Խառատյան, Ամրահի Պետրոսյան կազմով, 09.07.2010 թվականի որոշմամբ Ելենա Ավետյանի վերաքննիչ բողոքն ընդունել է վարույթ (գ.թ. 79):
3. Նախագահող դատավոր Կարեն Չիլինգարյանը 10.03.2011 թվականին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահին խնդրել է թիվ ԵԱՆԴ/0461/02/10 քաղաքացիական գործով դատարանի կազմում ընդգրկված դատավոր Աստղիկ Խառատյանի արձակուրդում գտնվելու կապակցությամբ դատարանի կազմում ընդգրկել մեկ այլ դատավորի (գ.թ. 136):
4. Վերաքննիչ դատարանի նախագահի 10.03.2011 թվականի մակագրության թերթիկի համաձայն` դատավոր Աստղիկ Խառատյանի փոխարեն դատարանի կազմում ընդգրկվել է դատավոր Նախշուն Տավարացյանը (գ.թ. 135):
5. 10.03.2011 թվականին քաղաքացիական գործը քննվել և 21.03.2011 թվականի որոշումը հրապարակվել է նախագահող դատավոր Կարեն Չիլինգարյան, դատավորներ Նախշուն Տավարացյան, Ամրահի Պետրոսյան կազմով (գ.թ. 137-139):
6. 21.03.2011 թվականի որոշումը ստորագրվել է նախագահող դատավոր Կարեն Չիլինգարյանի, դատավորներ Տարոն Նազարյանի, Ամրահի Պետրոսյանի կողմից (գ.թ. 142):
7. Գործում առկա չէ ապացույց դատավոր Տարոն Նազարյանին դատարանի կազմում ընդգրկելու մասին:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
i
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`
1) վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` վճիռը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե`
1) դատարանը գործը քննել է ոչ օրինական կազմով.
2) դատարանը գործը քննել է գործին մասնակցող անձանցից որևէ մեկի բացակայությամբ, որը պատշաճ ձևով չի տեղեկացվել նիստի ժամանակի և վայրի մասին.
3) վճիռը ստորագրել է ոչ այն դատավորը, որը կայացրել է այն.
4) վճիռը կայացրել է ոչ այն դատավորը, որը մտնում է գործը քննող դատարանի կազմի մեջ.
5) գործից բացակայում է դատական նիստի արձանագրությունը:
Սույն գործի փաստերի համաձայն` 06.07.2010 թվականի մակագրության թերթիկի համաձայն` Ելենա Ավետյանի բերած վերաքննիչ բողոքի քննությունը հանձնարարվել է Վերաքննիչ դատարանի հետևյալ կազմին` նախագահող դատավոր Կարեն Չիլինգարյան, դատավորներ` Աստղիկ Խառատյան, Ամրահի Պետրոսյան: Վերաքննիչ դատարանը նշված կազմով 09.07.2010 թվականի որոշմամբ Ելենա Ավետյանի վերաքննիչ բողոքն ընդունել է վարույթ: Այնուհետև 10.03.2011 թվականին նախագահող դատավոր Կարեն Չիլինգարյանը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահին խնդրել է թիվ ԵԱՆԴ/0461/02/10 քաղաքացիական գործով դատարանի կազմում ընդգրկված դատավոր Աստղիկ Խառատյանի արձակուրդում գտնվելու կապակցությամբ դատարանի կազմում ընդգրկել մեկ այլ դատավորի: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահի 10.03.2011 թվականի մակագրության թերթիկի համաձայն` դատավոր Աստղիկ Խառատյանի փոխարեն դատարանի կազմում ընդգրկվել է դատավոր Նախշուն Տավարացյանը: 10.03.2011 թվականին քաղաքացիական գործը քննվել և 21.03.2011 թվականի որոշումը հրապարակվել է նախագահող դատավոր Կարեն Չիլինգարյան, դատավորներ Նախշուն Տավարացյան, Ամրահի Պետրոսյան կազմով, սակայն դատական ակտը ստորագրվել է նախագահող դատավոր Կարեն Չիլինգարյանի, դատավորներ Տարոն Նազարյանի, Ամրահի Պետրոսյանի կողմից:
Ելնելով վերոգրյալից և սույն գործի փաստերի համադրման արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանի բողոքարկվող որոշումը ստորագրել է ոչ այն դատավորը, որն այն կայացրել է: Մասնավորապես` դատավոր Տարոն Նազարյանը չի կայացրել բողոքարկվող որոշումը, քանի որ ընդգրկված չէր դատարանի կազմում: Նման եզրահանգման համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում նաև այն հանգամանքը, որ գործում առկա չէ դատավոր Տարոն Նազարյանին դատարանի կազմում ընդգրկելու մասին որևէ ապացույց:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ Եվրոպական դատարանը Պոսոխովն ընդդեմ Ռուսաստանի գործով նշել է, որ «օրենքի հիման վրա ստեղծված դատարան» արտահայտությունը վերաբերում է ոչ միայն դատարանի օրենքի ուժով ստեղծված լինելու հանգամանքին, այլ նաև դատարանի կազմի օրինական լինելուն
(տես` Պոսոխովն ընդդեմ Ռուսաստանի Եվրոպական դատարանի 04.06.2003 թվականի վճիռը, գանգատ 63486/00, կետ 39, Բուսկարինին ընդդեմ Սան Մարինո Եվրոպական
դատարանի 04.05.2000 թվականի վճիռը, գանգատ 31657/96):
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, կայացնելով մի դատական ակտ, որն ստորագրվել է ոչ այն դատավորի կողմից, որն այն կայացրել է, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով չի գործել որպես «օրենքի հիման վրա ստեղծված դատարան»:
Վճռաբեկ դատարանն իր` նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված օրենքի հիման վրա ստեղծված դատարանի իրավական վերլուծությանը:
Մասնավորապես Վճռաբեկ դատարանը նշել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից դատաքննության իրավունքի երաշխավորման համար անհրաժեշտ են մի շարք պահանջներ, որոնց պետք է բավարարի վեճը քննող դատական մարմինը: Այդ պահանջներից մեկն էլ այն է, որ դատարանը պետք է ստեղծված լինի օրենքի հիման վրա: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված պահանջը սերտորեն կապված է դատարանի կազմավորման ընթացակարգի հետ, որը պետք է համապատասխանի օրենքին (տես` «Ինժգլոբալ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետեր Համլետ Հովակիմյանի հայցն ընդդեմ ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության` «Պարտապանին որոշակի գործողություններ կատարելն արգելելը մասնակի վերացնելու մասին» 2007 թվականի օգոստոսի 14-ի որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին Վճռաբեկ դատարանի 24.07.2009 թվականի թիվ 3-96 (ՎԴ) որոշումը):
Այսպիսով, վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքի երկրորդ հիմքում նշված դատավարական և նյութական իրավունքի նորմերի խախտված լինելու վերաբերյալ հիմնավորումներին, ապա Վճռաբեկ դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի խախտված լինելու պայմաններում դրանց չի անդրադառնում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.03.2011 թվականի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
2. Պետական տուրքի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող`
Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Ա. Բարսեղյան
Վ. Աբելյան
Վ. Ավանեսյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան