i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
ԵԱՔԴ/1688/02/08 |
Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/1688/02/08 |
|
Նախագահող դատավոր` Ա. Պետրոսյան Ա. Խառատյան Կ. Չիլինգարյան
|
|
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
Նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի |
մասնակցությամբ դատավորներ |
Վ. Աբելյանի |
|
Վ. Ավանեսյանի |
|
Ա. Բարսեղյանի |
|
Մ. Դրմեյանի |
|
Գ. Հակոբյանի |
|
Տ. Պետրոսյանի |
|
Ե. Սողոմոնյանի |
2011 թվականի հուլիսի 1-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Ռուզաննա Թորոսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.12.2010 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Ռուզաննա Թորոսյանի ընդդեմ Նվեր Մկրտչյանի` ամուսնությունը լուծելու և երեխայի խնամքն ու դաստիարակությունն իրեն հանձնելու պահանջների մասին և ըստ Նվեր Մկրտչյանի հակընդդեմ հայցի` երեխայի խնամքն ու բնակության վայրը նաև իր մոտ որոշելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Ռուզաննա Թորոսյանը պահանջել է լուծել Նվեր Մկրտչյանի հետ ամուսնությունը և երեխայի խնամքն ու դաստիարակությունը հանձնել իրեն:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 05.09.2008 թվականի վճռով Ռուզաննա Թորոսյանի հայցը բավարարվել է:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 22.09.2008 թվականի լրացուցիչ վճռով սահմանվել է, որ «Ռուզաննա Թորոսյանի և Նվեր Մկրտչյանի ամուսնությունը լուծելուց հետո անչափահաս երեխան` Անդրանիկ Նվերի Մկրտչյանը` ծնված 06.02.2004 թվականին, պետք է ապրի մոր` Ռուզաննա Թորոսյանի հետ»:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.10.2009 թվականի որոշմամբ Նվեր Մկրտչյանի ներկայացուցչի բերած վերաքննիչ բողոքը բավարարվել է` Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 05.09.2008 թվականի վճիռը բեկանվել և գործն ուղարկվել է նոր քննության:
Գործի նոր քննության ժամանակ հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Նվեր Մկրտչյանը պահանջել է երեխայի խնամքն ու բնակության վայրը որոշել նաև իր մոտ:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 27.05.2010 թվականի վճռով Ռուզաննա Թորոսյանի հայցն ընդդեմ Նվեր Մկրտչյանի` ամուսնությունը լուծելու մասով բավարարվել է, իսկ «երեխայի խնամքն ու դաստիարակությունն իրեն հանձնելու պահանջների մասին և ընդհանրապես իր հետ բնակվելու վերաբերյալ» բավարարվել է մասնակիորեն: Միաժամանակ Դատարանը վճռել է «Նվեր Մկրտչյանի հակընդդեմ հայցն ընդդեմ Ռուզաննա Թորոսյանի` երեխայի խնամքն ու բնակության վայրը նաև իրեն հանձնելու պահանջների մասին, ժամկետի մասով բավարարել մասնակի: Սահմանել երեխայի խնամքի և դաստիարակության կարգ, այն է` Ռուզաննա Թորոսյանի և Նվեր Մկրտչյանի ամուսնությունը լուծելուց հետո նրանց անչափահաս երեխան` Անդրանիկ Նվերի Մկրտչյանը` ծնված 06.02.2004 թ-ի փետրվարի 6-ին, յուրաքանչյուր տարվա օգոստոսի 15-ից մինչև հաջորդ տարվա հունիսի 15-ը պետք է ապրի մոր` Ռուզաննա Թորոսյանի հետ, իսկ յուրաքանչյուր տարվա հունիսի 15-ից մինչև օգոստոսի 15-ը պետք է ապրի հոր` Նվեր Մկրտչյանի հետ»:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 02.12.2010 թվականի որոշմամբ Ռուզաննա Թորոսյանի վերաքննիչ բողոքը մերժվել է` Դատարանի 27.05.2010 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ռուզաննա Թորոսյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ ընտանեկան օրենսգրքի 59-րդ, 61-րդ, 63-րդ, 64-րդ հոդվածները, որոնք չպետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել «Երեխայի իրավունքների մասին» միջազգային կոնվենցիայի 3-րդ հոդվածը, ՀՀ ընտանեկան օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետը, 42-րդ հոդվածի 1-ին մասը, 49-րդ հոդվածի 1-ին մասը, 53-րդ հոդվածը, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, 109-րդ հոդվածի 2-րդ կետը և 228-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման հիման վրա չի գնահատել գործում առկա բոլոր ապացույցները, մասնավորապես. 06.02.2004 թվականին Ռուսաստանի Դաշնությունում ծնվել է Նվեր Մկրտչյանի և Ռուզաննա Թորոսյանի որդին` Անդրանիկ Մկրտչյանը: 13.06.2006 թվականին Նվեր Մրկտչյանը նոտարական կարգով վավերացված համաձայնությամբ թույլատրել է Անդրանիկ Մկրտչյանին մոր` Ռուզաննա Թորոսյանի հետ մեկնել Հայաստանի Հանրապետություն, իսկ 16.10.2006 թվականին ծնողների կողմից տրված համաձայնության հիման վրա 23.02.2007 թվականին Անդրանիկ Մկրտչյանին տրվել է Հայաստանի Հանրապետության անձնագիր: 2008 թվականի հունիս ամսին Նվեր Մկրտչյանը, գալով Երևան, երեխայի հետ զբոսնելու պատրվակով, առանց համապատասխան իրավական հիմքերի առկայության, ինչպես նաև մոր` Ռուզաննա Թորոսյանի համաձայնության բացակայության պայմաններում, երեխային տեղափոխել է Ռուսաստանի Դաշնություն: Հետագայում երեխային գտել են Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի երկրամասի Պրեդգոռնի շրջանի Սուվորովկա ստանցիայի Կառլ Մարքսի փողոցի թիվ 61` Նվեր Մկրտչյանի բարեկամին պատկանող տանը:
Վերաքննիչ դատարանի կողմից չի գնահատվել նաև գործում առկա Երևանի Արաբկիր թաղապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 29.08.2008 թվականի ու Երևանի քաղաքապետարանի «Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն ՓԲԸ-ի 20.04.2010 թվականի հոգեբանի եզրակացությունները:
Բացի այդ, գործում առկա է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 22.09.2008 թվականի լրացուցիչ վճիռը, որով սահմանվել է, որ «Ռուզաննա Թորոսյանի և Նվեր Մկրտչյանի ամուսնությունը լուծելուց հետո անչափահաս երեխան` Անդրանիկ Նվերի Մկրտչյանը` ծնված 06.02.2004 թվականին, պետք է ապրի մոր` Ռուզաննա Թորոսյանի հետ», ուստի այս հիմքով գործի վարույթը պետք է կարճվեր:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել և փոփոխել Վերաքննիչ դատարանի 02.12.2010 թվականի որոշումը, հայցը բավարարել, իսկ հակընդդեմ հայցի մասով գործի վարույթը կարճել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) 06.02.2004 թվականին Ռուսաստանի Դաշնությունում ծնվել է Նվեր Մկրտչյանի և Ռուզաննա Թորոսյանի որդին` Անդրանիկ Մկրտչյանը (հատոր 1-ին, գ.թ.10):
2) Անդրանիկ Մկրտչյանի հայրը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է (բնակվում է Ռուսաստանի Դաշնության Տյումենի մարզի Խանտի-Մանսիյսկ ինքնավար տարածքի Սուրգութ քաղաքում), իսկ մայրը` Ռուզաննա Թորոսյանը, Հայաստանի Հանրապետության քաղաքացի է (բնակվում է Երևանի Քեռու փողոցի թիվ 50 տանը) (հատոր 1-ին, գ.թ.54):
3) 13.06.2006 թվականին Նվեր Մկրտչյանը նոտարական կարգով վավերացված համաձայնությամբ թույլատրել է որդուն` Անդրանիկ Մկրտչյանին, մոր` Ռուզաննա Թորոսյանի հետ մեկնել Հայաստանի Հանրապետություն (հատոր 4-րդ գ.թ.43):
4) Ծնողների համաձայնության հիման վրա 23.02.2007 թվականին Անդրանիկ Մկրտչյանին տրվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր (հատոր 1-ին, գ.թ.13):
5) ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության քննիչի 24.11.2008 թվականի «Անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին» որոշմամբ Նվեր Մկրտչյանը ներգրավվել է որպես մեղադրյալ այն բանի համար, որ չունենալով սահմանված փաստաթղթեր և պատշաճ թույլտվություն` անչափահաս երեխա Անդրանիկ Մկրտչյանին ՀՀ «Գոգավան» հսկիչ-անցագրային կետով տեղափոխել է Վրաստանի Հանրապետություն (հատոր 4-րդ, գ.թ.69):
6) ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության քննիչի 03.11.2009 թվականի «Քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին» որոշմամբ «Համաներում հայտարարելու մասին» որոշման հիմքով Նվեր Մկրտչյանի վերաբերյալ քրեական գործի վարույթը կարճվել է (հատոր 4-րդ, գ.թ.81):
7) Երևանի Արաբկիր թաղապետարանի խնամակալության և հոգաբարձության հարցերի հանձնաժողովի 29.08.2008 թվականի եզրակացության համաձայն` «Ռուզաննա Թորոսյանն ունի բոլոր բավարար կենսապայմանները և մարդկային արժանիքները` իր անչափահաս որդու` Անդրանիկ Նվերի Մկրտչյանի (ծնվ. 06.02.2004 թ.) խնամքն ու դաստիարակությունը լիարժեք իրականացնելու համար» (հատոր 1-ին, գ.թ.47):
8) Երևանի Արաբկիր վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հարցերի հանձնաժողովի 10.05.2010 թվականի որոշման համաձայն` հանձնաժողովը նպատակահարմար է գտել, որ «Անդրանիկ Նվերի Մկրտչյանը (ծնվ. 06.02.2004թ.) բնակվի մոր` Ռուզաննա Թորոսյանի հետ (Երևանի Քեռու փողոցի թիվ 50 տուն հասցեում), իսկ նրա խնամքը ծնողները պարտավոր են իրականացնել հավասար» (հատոր 4-րդ, գ.թ.78):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
i
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը` հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը:
Սույն գործով Դատարանը հայցը և հակընդդեմ հայցը մասնակիորեն բավարարելիս պատճառաբանել է, որ «երեխան հիմնականում պետք է բնակվի մոր մոտ, իսկ ամառային արձակուրդների որոշ ժամանակահատվածում` հոր հետ», ուստի «ստեղծված պայմաններում հնարավոր չէ որոշակի ժամկետով կամ ընդհանրապես երեխայի խնամքն ու դաստիարակությունը հանձնել ծնողներից մեկին», և վճռի եզրափակիչ մասում սահմանել է երեխայի խնամքի և դաստիարակության կարգ:
Վերաքննիչ դատարանը Ռուզաննա Թորոսյանի վերաքննիչ բողոքի մերժման հիմքում դրել է այն հանգամանքը, որ «հակընդդեմ հայցը մերժելու դեպքում Նվեր Մկրտչյանը ստիպված կլիներ երեխային տեսակցելու համար յուրաքանչյուր անգամ պետությունից պետություն մեկնել», ինչը «կարող է անհարկի սահմանափակել Նվեր Մկրտչյանի երեխայի խնամքով ու դաստիարակությամբ զբաղվելու իրավունքը»:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է պատասխանել հետևյալ իրավական հարցադրմանը` արդյոք ամուսինների միջև համաձայնության բացակայության դեպքում, ամուսնալուծությունից հետո ծնողների` միմյանցից առանձին ապրելու դեպքում (տվյալ դեպքում տարբեր պետություններում) Դատարանն իրավունք ուներ երեխայի ապրելու վայրը որոշել երկու տարբեր երկրներում գտնվող ծնողների մոտ` առաջնորդվելով միայն ծնողներից մեկի` երեխայի խնամքին և դաստիարակությանը մասնակցելու իրավունքի ապահովման անհրաժեշտությամբ:
i
«Երեխայի իրավունքների մասին» 1989 թվականի ՄԱԿ-ի կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 3-րդ հոդվածի վերլուծությունից հետևում է, որ Դատարանները երեխայի իրավունքները շոշափող ցանկացած գործ քննելիս առաջնայնությունը պետք է տան երեխայի շահերի առավել ապահովմանը: Կոնվենցիայով պետությունը պարտավորվում է օրենսդրական, վարչական միջոցներ ձեռնարկել երեխայի շահերի ապահովման համար, սահմանել երեխայի խնամարկյալների, ծնողների իրավունքների և պարտականությունների ծավալը, հետևել պետական և պատկան մարմինների գործունեությանը տվյալ իրավահարաբերություններում միտված երեխայի բարեկեցությանն անհրաժեշտ պաշտպանությանը և հոգատարությանը:
ՀՀ ընտանեկան օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերության համաձայն` ծնողական իրավունքները չեն կարող իրականացվել երեխաների շահերին հակառակ: Երեխաների շահերի ապահովումը պետք է լինի ծնողների հիմնական հոգածության առարկան:
i
ՀՀ ընտանեկան օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի համաձայն` ամուսինների միջև համաձայնության բացակայության դեպքում դատարանը պարտավոր է`
ա) որոշել, թե ամուսնալուծությունից հետո ծնողներից ում հետ պետք է ապրեն երեխաները:
Վերը նշված հոդվածներից հետևում է, որ երեխաների ծնողներից մեկի հետ ապրելու հարցը դատարանը որոշում է` առաջնորդվելով երեխայի լավագույն շահերով: Մասնավորապես, տարբեր երկրներում բնակվող ծնողների երեխայի ապրելու վայրը որոշելիս դատարանը պետք է հաշվի առնի այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են` ծնողների կողմից նախապես որոշված երեխայի բնակության վայրը, երեխայի տարիքը, կրթության վայրը, համապատասխան երկրի և այդտեղ բնակվող ծնողի հետ երեխայի կապվածությունը հիմնավորող այլ հանգամանքներ, ինչպես նաև երեխայի ապրելու վայրի պարբերաբար փոփոխության հնարավոր բացասական հետևանքները երեխայի հոգեկան, հոգևոր և բարոյական զարգացման և դաստիարակության վրա:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը չէր կարող երեխայի ապրելու վայրը որոշել երկու տարբեր երկրներում գտնվող ծնողների մոտ` առաջնորդվելով միայն ծնողներից մեկի` երեխայի խնամքին և դաստիարակությանը մասնակցելու իրավունքի ապահովման անհրաժեշտությամբ, առանց հաշվի առնելու երեխայի լավագույն շահը:
Մասնավորապես, դատարանները, ղեկավարվելով միայն Նվեր Մկրտչյանի շահերի պաշտպանության անհրաժեշտությամբ, անտեսել են սույն գործի հետևյալ փաստական հանգամանքները, այն է` դեռևս 13.06.2006 թվականին Նվեր Մրկտչյանը նոտարական կարգով վավերացված համաձայնությամբ թույլատրել է որդուն` Անդրանիկ Մկրտչյանին, մոր` Ռուզաննա Թորոսյանի հետ մեկնել Հայաստանի Հանրապետություն: Հետագայում ծնողների համաձայնությամբ 23.02.2007 թվականին Անդրանիկ Մկրտչյանին տրվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր: Այսպիսով մինչ սույն գործի քննությունը ծնողներն արդեն իսկ իրենց գործողություններով համաձայնվել են երեխայի բնակության վայրը որոշել մոր մոտ` Երևան քաղաքում (Երևանի Քեռու փողոցի թիվ 50 տուն): 2008 թվականի հունիս ամսին Նվեր Մկրտչյանը, գալով Երևան երեխայի հետ զբոսնելու պատրվակով, առանց երեխայի մոր` Ռուզաննա Թորոսյանի համաձայնության երեխային տեղափոխել է Հայաստանի Հանրապետությունից դուրս և չի վերադարձրել, ինչի հիման վրա ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության քննիչի 24.11.2008 թվականի որոշմամբ Նվեր Մկրտչյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել, ինչն էլ հետագայում «Համաներում հայտարարելու մասին» որոշմամբ կարճվել է: Երևանի Արաբկիր վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հարցերի հանձնաժողովի 29.08.2008 թվականի եզրակացության համաձայն` «Ռուզաննա Թորոսյանն ունի բոլոր բավարար կենսապայմանները և մարդկային արժանիքները` իր անչափահաս որդու` Անդրանիկ Նվերի Մկրտչյանի (ծնվ. 06.02.2004 թ.) խնամքն ու դաստիարակությունը լիարժեք իրականացնելու համար», իսկ 10.05.2010 թվականի եզրակացության համաձայն` հանձնաժողովը նպատակահարմար է գտել, որ «Անդրանիկ Նվերի Մկրտչյանը
(ծնվ. 06.02.2004 թ.) բնակվի մոր` Ռուզաննա Թորոսյանի հետ (Երևանի Քեռու փողոցի թիվ 50 տուն հասցեում), իսկ նրա խնամքը ծնողները պարտավոր են իրականացնել հավասար»:
Այսպիսով, սույն գործի փաստերի համադրության արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ելնելով Անդրանիկ Մկրտչյանի լավագույն շահերից` նա պետք է ապրի մոր` Ռուզաննա Թորոսյանի հետ:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ ընտանեկան օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ծնողներն իրավունք ունեն և պարտավոր են դաստիարակելու իրենց երեխաներին: Ծնողները պատասխանատվություն են կրում իրենց երեխաների դաստիարակության և զարգացման համար: Նրանք պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների առողջության, ֆիզիկական, հոգեկան, հոգևոր և բարոյական զարգացման մասին: Ծնողները բոլոր այլ անձանց հանդեպ ունեն իրենց երեխաներին դաստիարակելու նախապատվության իրավունք:
Նույն օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` երեխայից առանձին ապրող ծնողն իրավունք ունի երեխայի հետ շփվելու, նրա դաստիարակությանը մասնակցելու, երեխայի կրթություն ստանալու հարցերը լուծելու: Ծնողը, որի հետ ապրում է երեխան, չպետք է խոչընդոտի մյուս ծնողի հետ երեխայի շփմանը, եթե նման շփումը վնաս չի պատճառում երեխայի ֆիզիկական ու հոգեկան առողջությանը, նրա բարոյական զարգացմանը:
Նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ անկախ այն հանգամանքից, թե երեխան ծնողներից ում հետ է ապրելու և հետագայում նրա բնակության վայրը որտեղ կորոշվի, երկու ծնողներն էլ ունեն հավասար հնարավորություն մասնակցելու երեխայի դաստիարակությանն ու զարգացմանը: Տվյալ դեպքում որևէ հանգամանք չի կարող արգելել և ոչ ոք չպետք է խոչընդոտի Նվեր Մկրտչյանին շփվել Անդրանիկ Մկրտչյանի հետ, մասնակցել նրա խնամքին ու դաստիարակությանը, քանի որ սույն վեճի կարգավորման առարկան երեխայի ապրելու հարցի որոշումն է:
Ինչ վերաբերում է գործի վարույթը կարճելու պահանջի վերաբերյալ բողոքի հիմքին, ապա այն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` Դատարանը կարճում է գործի վարույթը, եթե նույն անձանց միջև, նույն առարկայի մասին միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ առկա է դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռ:
Սույն գործով որպես նախադատելի դատական ակտ Ռուզաննա Թորոսյանը նշել է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 22.09.2008 թվականի լրացուցիչ վճիռը:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ լրացուցիչ վճիռը չի կարող համարվել օրինական ուժի մեջ մտած վճիռ, քանի որ Վերաքննիչ դատարանի 25.10.2009 թվականի որոշմամբ գործն ըստ էության լուծող դատական ակտը` Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 05.09.2008 թվականի վճիռը, բեկանվել է, և քաղաքացիական գործն ուղարկվել է նոր քննության: Այսինքն` հիմնական դատական ակտը բեկանված լինելու պայմաններում դրա լրացմանն ուղղված լրացուցիչ վճիռը չի կարող համարվել օրինական ուժի մեջ մտած ինքնուրույն դատական ակտ:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի համաձայն Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի առաջին կետի 5-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի վերը նշված հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.12.2010 թվականի որոշման` Ռուզաննա Թորոսյանի հայցը մասնակիորեն մերժելու և Նվեր Մկրտչյանի հակընդդեմ հայցը մասնակիորեն բավարարելու մասերն անփոփոխ թողնելու մասերը և դրանք փոփոխել` որոշել, որ 06.02.2004 թվականին ծնված Անդրանիկ Նվերի Մկրտչյանը պետք է ապրի մոր` Ռուզաննա Թորոսյանի հետ, իսկ Նվեր Մկրտչյանի հակընդդեմ հայցը մերժել: Որոշման մնացած մասը թողնել օրինական ուժի մեջ:
2. Նվեր Մկրտչյանից հօգուտ Ռուզաննա Թորոսյանի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի և 10.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար վճարված պետական տուրքի գումարներ:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ե. Խունդկարյան |
Դատավորներ` |
Վ. Աբելյան |
|
Վ. Ավանեսյան |
|
Ա. Բարսեղյան |
|
Մ. Դրմեյան |
|
Գ. Հակոբյան |
|
Տ. Պետրոսյան |
|
Ե. Սողոմոնյան |