Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 31-ՐԴ, 34- ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական       Քաղաքացիական գործ թիվ ԱՐԱԴ/0242/02/10  

    դատարանի որոշում                                             2011 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԱՐԱԴ/0242/02/10

Նախագահող դատավոր` Գ. Մատինյան

    Դատավորներ`        Լ. Գրիգորյան    

                       Ա. Թումանյան     

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ե. Խունդկարյանի

    մասնակցությամբ դատավորներ                 Ա. Բարսեղյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2011 թվականի հուլիսի 29-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «Ապարանի ճանապարհաշինարարական ձեռնարկություն» ԲԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.03.2011 թվականի որոշման դեմ` ըստ հայցի ՀՀ Արագածոտնի մարզի Քուչակի գյուղապետարանի (այսուհետ` Գյուղապետարան) ընդդեմ Լարիսա Եղիազարյանի, Գագիկ Մալխասյանի` համայնքի սեփականություն հանդիսացող հողամասի վրա գտնվող ինքնակամ կառուցված բնակելի տան և շինությունների նկատմամբ համայնքի սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Գյուղապետարանը պահանջել է ճանաչել համայնքի սեփականության իրավունքը 044-020 կադաստրային ծածկագրով հաշվառված հողամասի վրա գտնվող 185,6 քմ մակերեսով շինության և 43,86 քմ մակերեսով օժանդակ կառույցի նկատմամբ:

ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 27.05.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 17.03.2011 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1. Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 149.8-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 27.08.2009 թվականի թիվ ԱՐԱԴ/0225/02/09 քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած վճռին, հաշվի չի առել, որ դրանով հաստատված փաստերը վկայում են վիճելի գույքի նկատմամբ իրավունքներ ունենալու հանգամանքը: Այսինքն` Վերաքննիչ դատարանը պարտավոր էր պարզել, թե նշված գործի փաստերից ելնելով առերևույթ առկա է փոխադարձ կապ սույն գործով քննարկվող հարցի և Ընկերության իրավունքների միջև:

 

2. Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 2-րդ կետը, 135-րդ հոդվածի 1-ին կետը, 176-րդ հոդվածի 2-րդ կետը, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածը, որոնք չպետք է կիրառեր, չի կիրառել ՀՀ հողային օրենսգրքի 118-րդ հոդվածը, 64-րդ հոդվածի 8-րդ, 16-րդ կետերը, որոնք պետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին կետը, 52-րդ հոդվածի 2-րդ կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը մերժելիս պատճառաբանել է, որ Ընկերության սեփականության իրավունքը վիճելի գույքի նկատմամբ չի ծագել, քանի որ բացակայում է սեփականության իրավունքի պետական գրանցումը: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ անկախ Ընկերության սեփականության իրավունքը գրանցված լինել-չլինելու հանգամանքից, վեճի առարկա գույքի հետ կապված ցանկացած իրավահարաբերություն կշոշափի Ընկերության շահերը, ինչի ապացույցն է ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 27.08.2009 թվականի թիվ ԱՐԱԴ/0225/02/09 քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած վճիռը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 17.03.2011 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. ՀՀ Արագածոտնի մարզի Քուչակ համայնքի ղեկավարի 25.06.2008 թվականի թիվ 3 որոշմամբ Ընկերությանը հատկացվել է 1.021 քմ մակերեսով հողատարածք:

2. ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 27.08.2009 թվականի թիվ ԱՐԱԴ/0225/02/09 օրինական ուժի մեջ մտած վճռով մերժվել է Լարիսա Եղիազարյանի և Գագիկ Մալխասյանի հայցն ընդդեմ Ընկերության` ՀՀ Արագածոտնի մարզի Քուչակ գյուղում գտնվող, Ընկերության անվամբ կադաստրային թիվ 044-020 ծածկագրով հաշվառված 185 քմ մակերեսով շինության, 43,8 քմ մակերեսով օժանդակ շինության, ինչպես նաև այդ շինությունների սպասարկման համար հատկացված 1.021 քմ մակերեսով հողի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջը: Միաժամանակ մերժվել է Ընկերության հակընդդեմ հայցը` Լարիսա Եղիազարյանին և Գագիկ Մալխասյանին ընտանիքի անդամների հետ միասին նույն տարածքից վտարելու պահանջը: Դատարանը հայցը մերժելիս արձանագրել է, որ ՀՀ Արագածոտնի մարզի Քուչակ համայնքի ղեկավարը 25.06.2008 թվականի թիվ 3 որոշմամբ վիճելի 1.021 քմ մակերեսով հողամասը որպես համայնքապատկան հողամաս անհատույց հատկացրել է Ընկերությանը, ապա ձեռքբերման վաղեմությամբ սեփականության իրավունքի ճանաչման համար պահանջվող 10 տարվա ժամանակը կարող է սկսվել միայն 25.06.2008 թվականից, իսկ վիճահարույց հողամասի վրա գտնվող բնակելի տունը և օժանդակ շինությունները չունեն կառուցման թույլտվություն, ընդունման ակտ և նման այլ փաստաթղթեր, հետևապես ներկա դրությամբ այդ շինություններն ինքնակամ կառույցներ են, որոնց նկատմամբ չի կիրառվում ձեռքբերման վաղեմությունը: Հակընդդեմ հայցը մերժելիս արձանագրել է, որ վիճահարույց հողամասի և շինությունների նկատմամբ Ընկերության իրավունքի պետական գրանցում չի կատարվել: Հետևապես Ընկերությունը, վիճահարույց անշարժ գույքի նկատմամբ չունենալով սեփականության իրավունքի պետական գրանցում, դեռևս չի հանդիսանում սեփականատեր և որպես այդպիսին ձեռք չի բերել վտարման պահանջ ներկայացնելու իրավունք այն ընտանիքի նկատմամբ, որը պետական ձեռնարկության տնօրինության համաձայնությամբ ավելի քան 20 տարի բնակվում է վիճահարույց տանը: Միաժամանակ, նույն վճռի «Գործի համար նշանակություն ունեցող ապացույցները» բաժնում արձանագրվել է.

«ա) ՀՀ Արագածոտնի մարզպետարանի 08.11.2007 թվականի թիվ 1915 գրության համաձայն` Ձեր զբաղեցրած ժամանակավոր կացարանը հաշվառված է որպես Ընկերության սեփականություն, այն մինչ օրս չունի սեփականության վկայական: Կացարանը սեփականացնելու համար դիմեք Ընկերությանը.

բ) Ընկերության 19.09.2008 թվականի թիվ 025 տեղեկանքի համաձայն` Քուչակ գյուղում գտնվող ճանապարհային տնակը 1922-24 թվականներից, իր հարակից պարսպապատ տարածքով մինչև այժմ պատկանում է Ընկերությանը և գտնվում է նրա հաշվեկշռում.

գ) Գյուղապետարանի 24.10.2008 թվականի թիվ 013 գրության համաձայն` Լարիսա Եղիազարյանի և իր ընտանիքի կողմից զբաղեցված շինությունը և սպասարկման տարածքը պատկանում է Ընկերությանը, որը տրվել է Լարիսա Եղիազարյանի ընտանիքին ընդամենը բնակվելու իրավունքով: 1.751 քմ տարածքը, կադաստրային ծածկագիր` 044-020, որի վրա առկա է շինություն, հաշվառված է անշարժ գույքի կադաստրում որպես Ընկերության սեփականություն, իսկ սպասարկման հողատարածքը որպես համայնքային սեփականություն: Համայնքի ղեկավարի 25.06.2008 թվականի թիվ 3 որոշմամբ 1.021 քմ տարածքը հատկացվել է Ընկերությանը որպես շինության սպասարկման տարածք» (գ.թ. 6-9):

3. ՀՀ Արագածոտնի մարզի Քուչակ համայնքի ղեկավարի 25.12.2009 թվականի թիվ 17Ա որոշմամբ չեղյալ է համարվել 25.06.2008 թվականի թիվ 3 որոշումը` Ընկերությանը 1.021 քմ մակերեսով հողատարածք հատկացնելու մասին (գ.թ. 12):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

i

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

1. վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածով անձին երաշխավորվում է հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետի համաձայն` առաջին ատյանի դատարանների դատական ակտերի դեմ, բացառությամբ այն ակտերի, որոնց համար վերաքննություն օրենքով նախատեսված չէ, վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն գործին մասնակից չդարձված անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` գործին մասնակից չդարձված այն անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ, վերաքննիչ դատարանում օգտվում են գործին մասնակցող անձանց իրավունքներից և կրում են նրանց համար սահմանված պարտականությունները:

Նշված հոդվածից հետևում է, որ օրենսդիրը գործին մասնակից չդարձված անձանց վերապահում է գործին մասնակցող անձանց իրավունքներ և նրանց համար սահմանում պարտականություններ, միայն այն դեպքում, երբ գործն ըստ էության լուծող դատական ակտը կայացվել է նրանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ:

Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում արդեն իսկ անդրադարձել և գնահատման առարկա է դարձրել այն դեպքերը, երբ դատարանը վճիռ է կայացրել գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ:

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը և Կոնվենցիայի 6-րդ հոդվածը, արձանագրել է կողմերի հավասարության և մրցակցային դատավարության սկզբունքների խախտում և բեկանել է դատական ակտը (տե՛ս ըստ հայցի Գյումրու քաղաքապետարանի ընդդեմ Ֆելիքս Թորոսյանի` զբաղեցրած բնակարանից ընտանիքի անդամների հետ միասին վտարելու պահանջի մասին, թիվ 3-2343(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.11.2006 թվականի որոշումը):

Վերը նշվածի հիման վրա Վճռաբեկ դատարանը նպատակահարմար չի համարում կրկին անդրադառնալ նշված իրավական խնդրին:

Սույն գործով Գյուղապետարանը հայց է ներկայացրել Լարիսա Եղիազարյանի և Գագիկ Մալխասյանի դեմ` պահանջելով ճանաչել համայնքի սեփականության իրավունքը 044-020 կադաստրային ծածկագրով հաշվառված հողամասի վրա գտնվող 185,6 քմ մակերեսով շինության և 43,86 քմ մակերեսով օժանդակ կառույցի նկատմամբ:

Սույն գործի փաստերի համաձայն` ՀՀ Արագածոտնի մարզի Քուչակ համայնքի ղեկավարի 25.06.2008 թվականի թիվ 3 որոշմամբ Ընկերությանը հատկացվել է 1.021 քմ մակերեսով հողատարածք: ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 27.08.2009 թվականի թիվ ԱՐԱԴ/0225/02/09 օրինական ուժի մեջ մտած վճռով մերժվել է Լարիսա Եղիազարյանի և Գագիկ Մալխասյանի հայցն ընդդեմ Ընկերության` ՀՀ Արագածոտնի մարզի Քուչակ գյուղում գտնվող, Ընկերության անվամբ կադաստրային թիվ 044-020 ծածկագրով հաշվառված 185 քմ մակերեսով շինության, 43,8 քմ մակերեսով օժանդակ շինության, ինչպես նաև այդ շինությունների սպասարկման համար հատկացված 1.021 քմ մակերեսով հողի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջը: Միաժամանակ մերժվել է Ընկերության հակընդդեմ հայցը` Լարիսա Եղիազարյանին և Գագիկ Մալխասյանին ընտանիքի անդամների հետ միասին նույն տարածքից վտարելու պահանջի մասին: ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը հայցը մերժելիս արձանագրել է, որ «ՀՀ Արագածոտնի մարզի Քուչակ համայնքի ղեկավարը 25.06.2008 թվականի թիվ 3 որոշմամբ վիճելի 1.021 քմ մակերեսով հողամասը որպես համայնքապատկան հողամաս անհատույց հատկացրել է Ընկերությանը, ապա ձեռքբերման վաղեմությամբ սեփականության իրավունքի ճանաչման համար պահանջվող 10 տարվա ժամանակը կարող է սկսվել միայն 25.06.2008 թվականից», իսկ հակընդդեմ հայցը մերժելիս արձանագրել է, որ «վիճահարույց հողամասի և շինությունների նկատմամբ Ընկերության իրավունքի պետական գրանցում չի կատարվել: Հետևապես Ընկերությունը, վիճահարույց անշարժ գույքի նկատմամբ չունենալով սեփականության իրավունքի պետական գրանցում, դեռևս չի հանդիսանում սեփականատեր և որպես այդպիսին ձեռք չի բերել վտարման պահանջ ներկայացնելու իրավունք»:

Նույն վճռի «Գործի համար նշանակություն ունեցող ապացույցները» բաժնում արձանագրվել է, որ «ՀՀ Արագածոտնի մարզպետարանի 08.11.2007 թվականի թիվ 1915 գրության համաձայն` Ձեր զբաղեցրած ժամանակավոր կացարանը հաշվառված է որպես Ընկերության սեփականություն, այն մինչ օրս չունի սեփականության վկայական: Կացարանը սեփականացնելու համար դիմեք Ընկերությանը: Ընկերության 19.09.2008 թվականի թիվ 025 տեղեկանքի համաձայն` Քուչակ գյուղում գտնվող ճանապարհային տնակը 1922-24 թվականներից, իր հարակից պարսպապատ տարածքով մինչև այժմ պատկանում է Ընկերությանը և գտնվում է հաշվեկշռում: Գյուղապետարանի 24.10.2008 թվականի թիվ 013 գրության համաձայն` Լարիսա Եղիազարյանի և իր ընտանիքի կողմից զբաղեցված շինությունը և սպասարկման տարածքը պատկանում է Ընկերությանը, որը տրվել է Լարիսա Եղիազարյանի ընտանիքին ընդամենը բնակվելու իրավունքով: 1.751 քմ տարածքը, կադաստրային ծածկագիր` 044-020, որի վրա առկա է շինություն, հաշվառված է անշարժ գույքի կադաստրում որպես Ընկերության սեփականություն, իսկ սպասարկման հողատարածքը որպես համայնքային սեփականություն: Համայնքի ղեկավարի 25.06.2008 թվականի թիվ 3 որոշմամբ 1.021 քմ տարածքը հատկացվել է Ընկերությանը որպես շինության սպասարկման տարածք»:

Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ընկերությունը սույն գործի քննությանը մասնակից չի դարձվել, իսկ կայացված դատական ակտն ուղղակիորեն առնչվում է Ընկերության իրավունքներին և պարտականություններին:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ընկերությունը սույն գործի քննությանը մասնակից չդարձվելու հետևանքով, զրկվել է գործին մասնակցող անձանց վերապահված իրավունքներից օգտվելու և նրանց համար սահմանված պարտականությունները կատարելու հնարավորությունից, ինչի արդյունքում խախտվել է նրա` ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված` հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունքը:

2. Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքի երկրորդ հիմքին, ապա Վճռաբեկ դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի խախտման պայմաններում դրան չի անդրադառնում, քանի որ այն քննարկման առարկա չի դարձվել ստորադաս դատարանում:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.03.2011 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Պետական տուրքի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ե. Խունդկարյան

Դատավորներ` Ա. Բարսեղյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
29.07.2011
N ԱՐԱԴ/0242/02/10
Որոշում