Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 303-ՐԴ, 304...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 303-ՐԴ, 304-ՐԴ, 305-ՐԴ Ե ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական       Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/1671/02/09   

    դատարանի որոշում                                             2011 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/1671/02/09

Նախագահող դատավոր` Ա. Թումանյան

    Դատավորներ`        Գ. Մատինյան     

                       Լ. Գրիգորյան     

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ե. Խունդկարյանի

    մասնակցությամբ դատավորներ                 Մ. Դրմեյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2011 թվականի հուլիսի 1-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Ռոզա Թովմասյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.07.2010 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Վլադիմիր Գրիգորյանի ընդդեմ Ռոզա Թովմասյանի, Երևանի Շենգավիթ նոտարական տարածքի նոտար Անահիտ Մինասյանի (այսուհետ` Նոտար) և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Էրեբունու տարածքային ստորաբաժանման (այսուհետ` Կադաստր)` 26.06.2009 թվականին կնքված նվիրատվության թիվ 3658 պայմանագիրը և դրա հիման վրա կատարված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Վլադիմիր Գրիգորյանը պահանջել է անվավեր ճանաչել 26.06.2009 թվականի նվիրատվության թիվ 3658 պայմանագիրը և դրա հիման վրա Կադաստրի կողմից կատարված իրավունքների պետական գրանցումը:

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 21.04.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 19.07.2010 թվականի որոշմամբ Ռոզա Թովմասյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 21.04.2010 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ռոզա Թովմասյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ, 304-րդ, 305-րդ և 312-րդ հոդվածները, որոնք չպետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 312-րդ հոդվածը, խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 595-րդ, 596-րդ հոդվածները, 599-րդ հոդվածի 5-րդ կետը, 601-րդ հոդվածը, ՀՀ դատական օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 7-րդ, 47-րդ, 48-րդ, 49-րդ, 53-րդ, 55-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի գնահատել գործում առկա ապացույցները, որի արդյունքում անտեսել է այն հանգամանքը, որ 26.06.2009 թվականի բնակարանի նվիրատվության պայմանագիրը կնքվել է նվիրատվության նորմերի պահանջներին համապատասխան, որը երբեք խաբեության ազդեցության տակ չի կնքվել: Ավելին, քննվող քաղաքացիական գործում առկա չէ որևէ թույլատրելի ապացույց, որով կարող է հաստատվել այն հանգամանքը, որ վիճելի բնակարանի նվիրատվության պայմանագիրը կնքվել է խաբեության ազդեցության ներքո:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 29.03.2004 թվականի` թիվ 04-901 օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված այն հանգամանքները, որ Վլադիմիր Գրիգորյանը և նրա մայր Արաքսյա Գրիգորյանը գտնվել են խիստ լարված փոխհարաբերությունների մեջ, նրանց միջև բազմիցս տեղի են ունեցել վիճաբանություններ, նույնիսկ բազմաթիվ կոնֆլիկտների պատճառով վերջիններս միասին չեն բնակվել, ինչպես նաև այն հանգամանքը, որ Վլադիմիր Գրիգորյանը 1988 թվականից տառապում է շիզոֆրենիա հիվանդությամբ, Արաքսյա Գրիգորյանը 04.02.2004 թվականին հայտարարությամբ դիմել է ոստիկանության Մաշտոցի բաժին այն մասին, որ 04.02.2004 թվականին Երևանի նյարդաբուժական դիսպանսերի 2-րդ բաժանմունքում հաշվառված հոգեկան հիվանդությամբ տառապող իր որդին` Վլադիմիր Գրիգորյանը, պատառաքաղով հարձակվել է իր վրա և սպանության սպառնալիքներ տվել: Վերը նշված ապացույցներով հերքվում են Վլադիմիր Գրիգորյանի այն վկայակոչումները, որ իր և մոր փոխհարաբերությունները մինչև մահը եղել են շատ ջերմ, ինչպես վայել է իրական հայկական ընտանիքին:

Բացի այդ, Դատարանը, կիրառելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ, 304-րդ, 305-րդ և 312-րդ հոդվածները, եզրակացրել է, որ գործարքը խաբեության ազդեցության ներքո կնքված գործարք է` սխալ մեկնաբանելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 312-րդ հոդվածը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 19.07.2010 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. ՀՀ ԱՆ քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնի կողմից 07.07.2009 թվականին տրված ԱԲ 002617 մահվան վկայականի համաձայն` Արաքսյա Գրիգորյանը մահացել է 05.07.2009 թվականին (1-ին հատոր, գ.թ.20):

2. ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ աշխատակազմի «Էրեբունի» տարածքային ստորաբաժանման ղեկավար Ս. Կարապետյանի կողմից 08.07.2009 թվականին տրված տեղեկանքի համաձայն` Երևանի Ն. Շենգավիթ 9-րդ փողոցի 3-րդ շենքի թիվ 99ա բնակարանը սեփականության իրավունքով 01.07.2009 թվականից գրանցված է Ռոզա Թովմասյանի անվամբ, նախկին սեփականատերն Արաքսյա Գրիգորյանն էր (1-ին հատոր, գ.թ.24)

3. ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ աշխատակազմի «Էրեբունի» տարածքային ստորաբաժանման ղեկավար Ս. Կարապետյանի կողմից 13.07.2009 թվականին տրված տեղեկանքի համաձայն` Երևանի Ն. Շենգավիթ 9-րդ փողոցի 3-րդ շենքի թիվ 99ա բնակարանի վերաբերյալ թիվ 3685 նվիրատվության պայմանագիրը վավերացվել է Երևանի Շենգավիթ նոտարական տարածքի նոտար Անահիտ Մինասյանի կողմից 26.06.2009 թվականին (1-ին հատոր, գ.թ.23):

4. 22.04.2009 թվականին Արաքսյա Գրիգորյանի կողմից տրված նոտարական կարգով վավերացված լիազորագրի համաձայն` վերջինս լիազորել է Նորա Աքուլյանին իր բնակարանը նվիրելու Ռոզա Թովմասյանին: Լիազորագրի տակ Արաքսյա Գրիգորյանը ձեռագրով ավելացրել է «Բնակարանս նվիրում եմ Ռոզա Թովմասյանին» (1-ին հատոր, գ.թ. 155):

5. ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 29.03.2004 թվականի թիվ 04-901 վճռի համաձայն` Արաքսյա Գրիգորյանի դիմումը` Վլադիմիր Գրիգորյանին անգործունակ ճանաչելու մասին, մերժվել է (1-ին հատոր, գ.թ. 96-98):

6. Նոր Նորքի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Ա. Ներսիսյանի 06.03.2004 թվականի որոշմամբ Արաքսյա Գրիգորյանի հայտարարության հիման վրա ստեղծված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է (2-րդ հատոր, գ.թ.67):

7. Դատարանը` հիմք ընդունելով գործով վկաներ Մարինե Առուշանյանի, Ռազմիկ Գևորգյանի, Վազգեն Սահակյանի, Աննա Սահակյանի, Պետրոս Գաբրիելյանի ցուցմունքները, արձանագրել է, որ նվիրատվության գործարքը հանդիսանում է խաբեության ազդեցության ներքո կնքված:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

i

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի համաձայն` նվիրատվության պայմանագրով մի կողմը (նվիրատուն) մյուս կողմի (նվիրառուի) սեփականությանն անհատույց հանձնում է կամ պարտավորվում է հանձնել գույք կամ իրեն, կամ երրորդ անձին ուղղված գույքային իրավունք (պահանջ), կամ ազատում է, կամ պարտավորվում է նրան ազատել իր կամ երրորդ անձի հանդեպ ունեցած գույքային պարտավորությունից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 305-րդ հոդվածի համաձայն` օրենքի կամ այլ իրավական ակտերի պահանջներին չհամապատասխանող գործարքն անվավեր է, եթե օրենքը չի սահմանում, որ նման գործարքն առոչինչ է կամ չի նախատեսում խախտման այլ հետևանքներ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` էական նշանակություն ունեցող մոլորության ազդեցության տակ կնքված գործարքը դատարանով կարող է անվավեր ճանաչվել մոլորության ազդեցության ներքո գործած կողմի հայցով: Էական նշանակություն ունի գործարքի բնույթի կամ դրա առարկայի այնպիսի հատկանիշների վերաբերյալ մոլորությունը, որոնք զգալիորեն պակասեցնում են այն ըստ նշանակության օգտագործելու հնարավորությունները: Գործարքի շարժառիթների վերաբերյալ մոլորությունն էական նշանակություն չունի:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` խաբեության, բռնության, սպառնալիքի ազդեցության ներքո, մեկ կողմի ներկայացուցչի մյուս կողմի հետ չարամիտ համաձայնությամբ կնքված գործարքը, ինչպես նաև այն գործարքը, որն անձն ստիպված է եղել կնքելու ծանր հանգամանքների բերումով իր համար ծայրահեղ ոչ ձեռնտու պայմաններով, որից օգտվել է մյուս կողմը (ստրկացուցիչ գործարք), տուժողի հայցով դատարանը կարող է ճանաչել անվավեր:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը: Գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերը որոշում է դատարանը` գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա:

Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին:

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ որոշման իրավական հիմնավորումը:

Որոշման իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:

Որոշման մեջ ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:

Որոշման իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա որոշման իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական որոշման օրինականությունը:

Դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է որոշում կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տես՛ Ալվարդ Խաչատրյանի օրինական ներկայացուցիչ Թեհմինե Խաչատրյանն ընդդեմ Արմեն, Անահիտ Խաչատրյանների, Քանաքեռավանի գյուղապետարանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Եղվարդի տարածքային ստորաբաժանման` Քանաքեռավանի շրջխորհրդի գործկոմի 31.01.1995 թվականի թիվ 1 որոշումը, սեփականության իրավունքի պետական գրանցումը, գրանցման վկայականը մասնակիորեն անվավեր ճանաչելու և համասեփականատեր ճանաչելու պահանջների մասին, և Արմեն Խաչատրյանի հակընդդեմ հայցն ընդդեմ Թեհմինե Խաչատրյանի` բնակության իրավունքը դադարեցնելու և բնակելի տարածությունից վտարելու պահանջների մասին ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2008 թվականի որոշում, քաղաքացիական գործ թիվ ԿԴ3/0026/02/08):

Սույն գործով Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքի մերժման հիմքում դրել է Մարինա Առուշանյանի, Աննա Սահակյանի, Նորա Աքուլյանի ցուցմունքները, Արաքսյա Գրիգորյանի հիվանդությունների փաստաթղթերը, սակայն չի անդրադարձել բողոք բերողի կողմից ներկայացված փաստերին` նշելով, որ Ռոզա Թովմասյանի կողմից ներկայացրած ապացույցները վերաբերում են Վլադիմիր Գրիգորյանի հիվանդությանը և վերջինիս ու Արաքսյա Գրիգորյանի փոխհարաբերություններին, այն էլ 2004 թվականին վերաբերող, որոնք սույն վեճի լուծման համար էական նշանակություն ունենալ չեն կարող: Այսինքն` Վերաքննիչ դատարանը, Դատարանի վճիռը թողնելով օրինական ուժի մեջ, ըստ որի` Արաքսյա Գրիգորյանի և Ռոզա Թովմասյանի միջև կնքված նվիրատվության պայմանագիրը կնքվել է խաբեության ազդեցության ներքո, գտել է, որ Դատարանը, «կիրառելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ, 304-րդ, 312-րդ հոդվածների դրույթները, հանգել է տրամաբանական եզրակացության` բավարարելով հայցը»:

Փաստորեն, Վերաքննիչ դատարանը, հիմք ընդունելով միայն վկաների ցուցմունքները, հաստատված է համարել այն փաստը, որ վեճի առարկա բնակարանի նվիրատվության պայմանագիրը կնքվել է խաբեության ազդեցության ներքո:

Խաբեությունն անձին գիտակցաբար մոլորության մեջ գցելն է` նրա հետ գործարք կնքելու նպատակով: Գործարքը, լինելով կամային ակտ, ենթադրում է, որ կողմերից ոչ մեկը չպետք է այնպիսի միջոցներ գործադրի, որպեսզի մյուս կողմը չիմանա կամ սխալ պատկերացնի այն հանգամանքները, որոնք նրա համար վճռական նշանակություն կարող են ունենալ գործարքը կնքելիս: Խաբեությամբ կնքված գործարքներում մեկ կողմի անբարեխղճությունն անպայման ենթադրվում է:

Սույն գործով Դատարանը, հիմք ընդունելով միայն հայցվոր կողմի ներկայացրած ապացույցները, վերլուծության և գնահատման արդյունքում եզրակացություն է արել վիճելի փաստի առկայության մասին, չանդրադառնալով պատասխանողների կողմից ներկայացված փաստարկներին:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ըստ էության չի գնահատվել ոչ միայն նոտարական կարգով 22.04.2009 թվականին Արաքսյա Գրիգորյանի կողմից տրված լիազորագիրը, որի մեջ լիազորողն իր ձեռագրով ավելացրել է «Բնակարանս նվիրում եմ Ռոզա Թովմասյանին», այլև «Շենգավիթ» նոտարական տարածքի նոտար Անահիտ Մինասյանի առարկությունները, ըստ որի` նվիրատվության գործարքն Արաքսյա Գրիգորյանի կամքի արտահայտությունն է և խաբեության ազդեցության տակ չի կնքվել:

Բացի այդ, չնայած այն հանգամանքին, որ ինչպես Դատարանը, այնպես էլ Վերաքննիչ դատարանը եզրակացրել են, որ նվիրատվության գործարքը կնքվել է խաբեության ազդեցության տակ, սակայն կիրառել են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 312-րդ հոդվածը: Նշված հոդվածը վերաբերում է էական նշանակություն ունեցող մոլորության ազդեցության տակ կնքված գործարքի անվավերությանը, իսկ խաբեության ազդեցության ներքո կնքված գործարքի անվավերությունը կարգավորվում է նույն օրենսգրքի 313-րդ հոդվածով:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.07.2010 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

2. Պետական տուրքի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ե. Խունդկարյան

Դատավորներ` Մ. Դրմեյան

Վ. Աբելյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
01.07.2011
N ԵՇԴ/1671/02/09
Որոշում