Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 1226-ՐԴ, 12...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 1226-ՐԴ, 1227-ՐԴ, 1225-Ր ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական       Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/1018/02/09  

    դատարանի որոշում                                             2011 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/1018/02/09

Նախագահող դատավոր` Ա. Խառատյան

    Դատավորներ`        Ա. Պետրոսյան   

                       Կ. Չիլինգարյան   

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ե. Խունդկարյանի

    մասնակցությամբ դատավորներ                 Վ. Ավանեսյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2011 թվականի հուլիսի 1-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Գևորգ Բերբերյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.06.2010 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Գևորգ Բերբերյանի ընդդեմ Մարինե Բերբերյանի` իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի` հողամասը սեփականության իրավունքով տիրապետելու փաստը հաստատելու և ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջների մասին և հակընդդեմ հայցի` ժառանգությունն ընդունելու համար բաց թողնված ժամկետը հարգելի համարելու և ըստ կտակի ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Գևորգ Բերբերյանը պահանջել է հաստատել Անի Մութաֆյանի` Երևանի Երզնկյան փողոցի թիվ 46 հասցեի 324 քմ մակերեսով հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի տիրապետման փաստը և ճանաչել մորաքրոջ` Անի Մութաֆյանի ժառանգությունն ընդունած ժառանգ և իր սեփականության իրավունքը Երևանի Երզնկյան փողոցի թիվ 46 տան 1/2-րդ բաժնի նկատմամբ:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Մարինե Բերբերյանը պահանջել է հարգելի համարել իր կողմից ժառանգությունն ընդունելու համար բաց թողնված ժամկետը և իրեն ճանաչել Երևանի Երզնկյան փողոցի թիվ 46 հասցեի ամբողջ անշարժ գույքի նկատմամբ ըստ կտակի ժառանգությունն ընդունած ժառանգ:

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 24.03.2010 թվականի (այսուհետ` Դատարան) վճռով Գևորգ Բերբերյանի հայցը բավարարվել է, իսկ Մարինե Բերբերյանի հակընդդեմ հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 03.06.2010 թվականի որոշմամբ Մարինե Բերբերյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն. բեկանվել և փոփոխվել է Դատարանի վճիռը` Գևորգ Բերբերյանի հայցը մերժվել է, իսկ Մարինե Բերբերյանի հայցը բավարարվել է մասնակիորեն` Մարինե Բերբերյանը ճանաչվել է Անի Մութաֆյանի ժառանգությունն ըստ կտակի ընդունած ժառանգ, իսկ մնացած մասով հակընդդեմ հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գևորգ Բերբերյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Մարինե Բերբերյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ, 130-րդ հոդվածները, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ, 1227-րդ հոդվածները, 1225-րդ հոդվածի 6-րդ կետը, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով`

Վերաքննիչ դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի խախտման հետևանքով յուրաքանչյուր ապացույց չի գնահատել գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության հիման վրա:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ սույն քաղաքացիական գործով չի ապացուցվել այն հանգամանքը, որ Մարինե Բերբերյանն օրենքով սահմանված ժամկետում Անի Մութաֆյանի մահից հետո դիմել է նոտարական գրասենյակ ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիր ստանալու համար, այսինքն` Մարինե Բերբերյանը բաց է թողել օրենքով սահմանված վեցամսյա ժամկետում 11.08.1999 թվականին կազմված կտակի հիման վրա ժառանգության ընդունման ժամկետը, չի ընդունել ժառանգությունն ըստ կտակի, որի պայմաններում ժառանգելու իրավունք են ձեռք բերում ըստ օրենքի ժառանգները:

Վերաքննիչ դատարանը պատշաճ չի գնահատել այն հանգամանքը, որ Գևորգ Բերբերյանը վեցամսյա ժամկետում 20.10.2005 թվականին դիմում է ներկայացրել նոտարին մորաքրոջ` Անի Մութաֆյանի ժառանգությունն ընդունելու վերաբերյալ:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 03.06.2010 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 24.03.2010 թվականի վճռին:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Կտակը Մարինե Բերբերյանի կողմից ընդունվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 3-րդ կետի հիմքով կտակված գույքը փաստացի տիրապետելու միջոցով: Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքի այն պնդմանը, որ Դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ և 1227-րդ հոդվածները, ապա նշված պնդումն անհիմն է, քանի որ նշված հոդվածները դրված են Դատարանի որոշման հիմքում, և Դատարանը որոշմամբ անդրադառնում է դրանց կիրառման շարժառիթներին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Անի Մութաֆյանը մահացել է 05.06.2005 թվականին, Տիրուհի Բերբերյանը մահացել է 25.10.2004 թվականին (հատոր առաջին գ.թ 7-8):

2) 11.08.1999 թվականին Անի Մութաֆյանը Երևանի Երզնկյան փողոցի 46 տունն իր գույքով կտակել է Մարինե Բերբերյանին (հատոր առաջին գ.թ 33):

3) Գևորգ Բերբերյանը 20.10.2005 թվականին հայտարարություն է ներկայացրել նոտարական գրասենյակ, որ ընդունում է հանգուցյալ Անի Մութաֆյանի մահից հետո մնացած ժառանգական գույքը (հատոր առաջին գ.թ 12):

4) Գևորգ Բերբերյանի հարևանների հայտարարության համաձայն` Գևորգ Բերբերյանը 1958 թվականից առ այսօր մշտապես բնակվում է Երևանի Երզնկյան փողոցի թիվ 46 տանը (հատոր առաջին գ.թ 66):

5) 12.07.2005 թվականի տեղեկանքի համաձայն` հանգուցյալ Անի Գևորգի Մութաֆյանը մինչ մահը` 06.06.2005 թվականը մշտական հաշվառված է եղել և բնակվել Երզնկյան 46 տանը: Խնամքի տակ անչափահաս և անաշխատունակ երեխաներ չի ունեցել (հատոր առաջին գ.թ 170):

6) Գևորգ Բերբերյանը և Մարինե Բերբերյանը հարազատ քույր և եղբայր են, իսկ Անի Գևորգի Մութաֆյանը նրանց մորաքույրն է:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

i

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգությունն ընդունվում է ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին ժառանգի դիմումը ժառանգության բացման վայրի նոտարին հանձնելով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` եթե այլ բան ապացուցված չէ, ապա ժառանգությունը ժառանգի կողմից ընդունված է համարվում, երբ նա սկսում է փաստացի տիրապետել կամ կառավարել ժառանգված գույքը` ներառյալ, երբ ժառանգը`

1) միջոցներ է ձեռնարկել գույքը պահպանելու և այն երրորդ անձանց ոտնձգություններից կամ հավակնություններից պաշտպանելու համար.

2) իր հաշվին կատարել է գույքը պահպանելու ծախսեր.

3) իր հաշվից վճարել է ժառանգատուի պարտքերը կամ երրորդ անձանցից ստացել է ժառանգատուին հասանելիք գումարները:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1227-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգությունը կարող է ընդունվել ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1228-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` ժառանգությունն ընդունելու ժամկետը բաց թողած ժառանգի դիմումի հիման վրա դատարանը կարող է նրան ճանաչել ժառանգությունն ընդունած` հարգելի համարելով ժամկետը բաց թողնելու պատճառները, եթե պարզվի, որ ժամկետը բաց թողնելու պատճառ է դարձել այն հանգամանքը, որ ժառանգը չգիտեր և պարտավոր չէր իմանալ ժառանգության բացման մասին ու պայմանով, որ ժառանգությունն ընդունելու ժամկետը բաց թողած ժառանգն այդ ժամկետը բաց թողնելու պատճառները վերացվելուց հետո` վեց ամսվա ընթացքում, դիմել է դատարան:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1185-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` ժառանգությունը կատարվում է ըստ օրենքի, եթե չկա կտակ, կամ դրանում սահմանված չէ ամբողջ ժառանգության ճակատագիրը, ինչպես նաև սույն օրենսգրքով սահմանված այլ դեպքերում:

Հիմք ընդունելով վերոգրյալը և ելնելով ժառանգական իրավահարաբերությունների բնույթից` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ժառանգության ընդունումը ժառանգի կողմից իրականացվող կանխամտածված, ակտիվ գործողությունների համակցություն է, որն ուղղված է ժառանգական գույքն իր սեփականությունը դարձնելուն: Այսինքն, թե ըստ օրենքի և թե ըստ կտակի ժառանգության ընդունման դեպքում ժառանգը պետք է գիտակցի և նրա գործողությունները պետք է նպատակաուղղված լինեն համապատասխան ժառանգության ընդունմանը:

Հետևաբար, ըստ կտակի ժառանգության ընդունման դեպքում ժառանգի կողմից պետք է ձեռնարկվեն ակտիվ քայլեր, որը պետք է ուղղված լինի հենց ըստ կտակի ժառանգությունն ընդունելուն: Ժառանգի գործողություններից պետք է բխի, որ դրանք միտված են ոչ թե ըստ օրենքի ժառանգությունն ընդունելուն (եթե ըստ կտակի ժառանգը նաև ըստ օրենքի ժառանգ է), այլ հենց ըստ կտակի ժառանգությունն ընդունելուն, որն էլ կարող է իրականացվել միայն ժառանգության բացման վայրի նոտարին դիմում հանձնելու եղանակով:

Եթե օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ժառանգը միջոցներ չի ձեռնարկում ըստ կտակի ժառանգությունն ընդունելու համար, ապա ժառանգությունը կատարվում է ըստ օրենքի:

Սույն գործի փաստերի համաձայն` Անի Մութաֆյանը Երևանի Երզնկյան փողոցի թիվ 46 տունն իր գույքով կտակել է Մարինե Բերբերյանին: Անի Մութաֆյանը մահացել է 05.06.2005 թվականին: Մարինե Բերբերյանը, ժառանգության բացման օրվանից վեցամսյա ժամկետում փաստացի տիրապետելով ժառանգական գույքը, այնուամենայնիվ չի դիմել նոտարական գրասենյակ ըստ կտակի ժառանգությունն ընդունելու նպատակով:

Դատարանը, հայցի բավարարման, իսկ հակընդդեմ հայցի մերժման հիմքում դնելով այն հանգամանքը, որ Մարինե Բերբերյանը ժառանգության բացման օրվանից վեցամսյա ժամկետում չի դիմել նոտարական գրասենյակ ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիր ստանալու համար, գտել է, որ կտակով թողնված ժառանգությունը չի ընդունվել: Բացի այդ, Դատարանն արձանագրել է նաև, որ Մարինե Բերբերյանը ևս փաստացի տիրապետել և շարունակում է կառավարել ժառանգական գույքը, ինչը չի ժխտել նաև Գևորգ Բերբերյանը:

Վերաքննիչ դատարանը Դատարանի վճիռը բեկանելիս գտել է, որ Մարինե Բերբերյանը մորաքրոջ մահից հետո փաստացի տիրապետել և կառավարել է նրա ժառանգական գույքը, հետևաբար նա ըստ կտակի ժառանգությունն ընդունած ժառանգ է: Վերաքննիչ դատարանը Մարինե Բերբերյանի հակընդդեմ հայցի` ըստ կտակի ժառանգությունն ընդունելու պահանջի մասը բավարարելը պատճառաբանել է կտակի առկայությամբ: Միաժամանակ, անհիմն և առարկայազուրկ է համարել հակընդդեմ հայցի այն մասը, որը վերաբերում է ըստ կտակի ժառանգությունն ընդունելու ժամկետի բացթողումը հարգելի համարելուն` մերժելով հակընդդեմ հայցի այդ մասը, քանի որ Մարինե Բերբերյանն Անի Մութաֆյանի ժառանգությունը փաստացի ընդունած ժառանգ է:

Հիմք ընդունելով վերոգրյալը և սույն գործի փաստերը համադրելով` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ժառանգության բացման վայրի նոտարին դիմում չհանձնելու պայմաններում Մարինե Բերբերյանի կողմից չի կատարվել գործողություն, որն ուղղված էր ըստ կտակի, այլ ոչ թե ըստ օրենքի ժառանգության ընդունմանը:

Ավելին, սույն գործով Մարինե Բերբերյանի կողմից ներկայացված հայցապահանջը «ժառանգությունն ընդունելու համար բաց թողնված ժամկետը հարգելի համարելու և ըստ կտակի ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջների մասին» վկայում է, որ վերջինս գիտակցել է ըստ կտակի ժառանգությունն ընդունած չլինելու, դրա համար նախատեսված ժամկետը բաց թողած լինելու հանգամանքը:

Հիմք ընդունելով վերոգրյալը և հաշվի առնելով, որ Մարինե Բերբերյանն Անի Մութաֆյանի մահից հետո` 05.06.2005 թվականից, վեցամսյա ժամկետում չի դիմել նոտարական գրասենյակ ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիր ստանալու համար և չի ներկայացրել որևէ ապացույց, որով կհիմնավորվեր, որ վերջինս իր կամքից անկախ հանգամանքներով չի ներկայացրել ըստ կտակի ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին դիմումը ժառանգության բացման վայրի նոտարին, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով ապացուցված չէ Մարինե Բերբերյանի կողմից ըստ կտակի ժառանգությունն ընդունելու փաստը, ինչի արդյունքում ծագել են ըստ օրենքի ժառանգման իրավահարաբերություններ:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր են վճռաբեկ բողոքի պատճառաբանությունները Վերաքննիչ դատարանի կողմից նյութական իրավունքի նորմի խախտման մասին:

Վճռաբեկ բողոքի պատասխանում առկա փաստարկները հերքվում են վերոնշյալ պատճառաբանություններով:

Այսպիսով, վերը նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի 03.06.2010 թվականի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված` առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի նշված հոդվածներով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Առաջին ատյանի դատարանի վճռին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.06.2010 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 24.03.2010 թվականի վճռին:

2. Մարինե Բերբերյանից հօգուտ Գևորգ Բերբերյանի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ե. Խունդկարյան

Դատավորներ` Վ. Ավանեսյան

Վ. Աբելյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
01.07.2011
N ԵԱՔԴ/1018/02/09
Որոշում