Սեղմել Esc փակելու համար:
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՄԱԿԵՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ՎԵՐ ...

01.04.2022 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   02.09.2011  -ից մինչեւ   01.04.2022  -ը:
 

(ուժը կորցրել է 29.03.2022 թիվ 121-Ն որոշում)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

19 օգոստոսի 2011 թվականի թիվ 341-Ն

 

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով) 2011 թվականի օգոստոսի 19-ի դռնբաց նիստում Հայաստանի Հանրապետության քաղաքացի Արմեն Հովհաննիսյանի 2011 թվականի օգոստոսի 9-ի դիմումի (այսուհետ` Դիմում) հիման վրա քննարկեց ֆիզիկական անձի մասնակցությամբ համակենտրոնացման վերաբերյալ պաշտոնական պարզաբանման մասին հարցը:

Դիմումով Արմեն Հովհաննիսյանը հայցել է Հանձնաժողովի պաշտոնական պարզաբանումը հետևյալ հարցի կապակցությամբ:

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ նաև` Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Օրենքով նախատեսված համակենտրոնացման դեպքում տնտեսվարող սուբյեկտ է համարվում նաև ֆիզիկական անձը, իսկ Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` համակենտրոնացման մասնակիցների ակտիվների կամ հասույթի ընդհանուր արժեքը (չափը) կամ մասնակիցներից առնվազն մեկի ակտիվների կամ հասույթի արժեքը (չափը) դրա ստեղծմանը նախորդող վերջին ֆինանսական տարում գերազանցել է Հանձնաժողովի որոշմամբ սահմանված ակտիվների կամ հասույթ(ներ)ի արժեքը (չափը): Համադրելով Օրենքի նշված դրույթները` անհրաժեշտություն է ծագում պարզաբանելու, թե համակենտրոնացմանը ֆիզիկական անձի մասնակցելու դեպքում ինչպես է հաշվարկվելու ֆիզիկական անձի ակտիվների և հասույթի մեծությունը: Այս խնդրի պարզաբանումը անհրաժեշտ է Օրենքի պահանջներին համապատասխան համակենտրոնացումը հայտարարագրման ենթակա լինելու հարցի որոշման համար: Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ակտիվի արժեքը` ակտիվի հաշվեկշռային արժեքն է: Ելնելով վերոգրյալից` Արմեն Հովհաննիսյանը եզրակացրել է, որ ֆիզիկական անձանց համակենտրոնացմանը մասնակցելու դեպքում Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի իմաստով որպես ֆիզիկական անձի ակտիվների և հասույթի արժեք (չափ) հիմք է ընդունվում զրո մեծությունը` հաշվի առնելով, որ ֆիզիկական անձը չունի հաշվեկշռային ակտիվներ և հասույթ:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Արմեն Հովհաննիսյանը առաջարկում է խնդրի պարզաբանման իր տարբերակը, ըստ որի Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի իմաստով համակենտրոնացման մասնակիցների ակտիվների կամ հասույթի ընդհանուր արժեքը (չափը) կամ մասնակիցներից առնվազն մեկի ակտիվների կամ հասույթի արժեքը (չափը) հաշվարկելիս հաշվի չեն առնվում համակենտրոնացման մասնակից հանդիսացող ֆիզիկական անձի ակտիվների և հասույթի արժեքը (չափը):

Քննարկելով դիմումը` Հանձնաժողովն ամրագրում է հետևյալը:

Օրենքի 8-րդ հոդվածի համաձայն` տնտեսվարող սուբյեկտների համակենտրոնացում է համարվում`

1) տնտեսվարող սուբյեկտների միացումը.

2) տնտեսվարող սուբյեկտների միաձուլումը.

3) տնտեսվարող սուբյեկտի կողմից այլ տնտեսվարող սուբյեկտի ակտիվների ձեռքբերումը, եթե դրանց արժեքն ինքնին կամ ձեռք բերողին արդեն պատկանող ակտիվների արժեքի հետ միասին կազմում է այդ տնտեսվարող սուբյեկտի ակտիվների արժեքի 20 տոկոսը կամ ավելին.

4) տնտեսվարող սուբյեկտի կողմից այլ տնտեսվարող սուբյեկտի փայաբաժնի ձեռքբերումը, եթե դա ինքնին կամ ձեռք բերողին արդեն պատկանող փայաբաժնի հետ միասին կազմում է այդ տնտեսվարող սուբյեկտի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի 20 տոկոսը կամ ավելին.

5) տնտեսվարող սուբյեկտների ցանկացած միավորում, որի շնորհիվ մեկ տնտեսվարող սուբյեկտը կարող է ուղղակիորեն կամ անուղղակիորեն ազդել մեկ ուրիշի որոշումների կայացման կամ մրցունակության վրա:

Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Օրենքով նախատեսված համակենտրոնացման դեպքում տնտեսվարող սուբյեկտ է համարվում նաև ֆիզիկական անձը:

Այսպիսով, ֆիզիկական անձը ևս հանդիսանում է համակենտրոնացման մասնակից:

Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` տնտեսվարող սուբյեկտների համակենտրոնացումը, մինչև գործողության մեջ դնելը կամ դրան մասնակցելը, ենթակա է հայտարարագրման, եթե`

1) համակենտրոնացման մասնակիցների ակտիվների կամ հասույթի ընդհանուր արժեքը (չափը) կամ մասնակիցներից առնվազն մեկի ակտիվների կամ հասույթի արժեքը (չափը) դրա ստեղծմանը նախորդող վերջին ֆինանսական տարում գերազանցել է Հանձնաժողովի որոշմամբ սահմանված ակտիվների կամ հասույթ(ներ)ի արժեքը (չափը).

2) համակենտրոնացման մասնակիցներից առնվազն մեկը որևէ ապրանքային շուկայում ունի գերիշխող դիրք:

«Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հաշվապահական հաշվառումը կազմակերպության ակտիվների, սեփական կապիտալի, պարտավորությունների վիճակի ու շարժի վերաբերյալ դրամական արտահայտությամբ տեղեկատվության հավաքման, գրանցման և ընդհանրացման համակարգ է` տնտեսական գործառնությունների համընդհանուր և անընդհատ փաստաթղթային հաշվառման միջոցով:

Քանի որ ֆիզիկական անձը չունի հաշվեկշիռ, ուստի համակենտրոնացման դեպքում մասնակիցների ակտիվների կամ հասույթի ընդհանուր արժեքը (չափը) կամ մասնակիցներից առնվազն մեկի ակտիվների կամ հասույթի արժեքը (չափը) հաշվարկելիս հաշվի են առնվում միայն համակենտրոնացման ֆիզիկական անձ չհանդիսացող մասնակցի կամ մասնակիցների ակտիվների կամ հասույթի արժեքը (չափը):

Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետը և «Տնտեսական մրցակցության պաշտպանության» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «ը» և «թ» կետերը, Հանձնաժողովը`

 

ՈՐՈՇՈՒՄ Է.

 

1. Պաշտոնապես պարզաբանել, որ այն դեպքերում, երբ համակենտրոնացման մասնակիցներից մեկը ֆիզիկական անձ է (ընդգրկված չլինելով անձանց խմբում), ապա համակենտրոնացումը, մինչև գործողության մեջ դնելը կամ դրան մասնակցելը, ենթակա է հայտարարագրման, եթե`

1) համակենտրոնացման ֆիզիկական անձ չհանդիսացող մասնակիցների ակտիվների կամ հասույթի ընդհանուր արժեքը (չափը) կամ ֆիզիկական անձ չհանդիսացող մասնակիցներից առնվազն մեկի ակտիվների կամ հասույթի արժեքը (չափը) դրա ստեղծմանը նախորդող վերջին ֆինանսական տարում գերազանցել է Հանձնաժողովի որոշմամբ սահմանված ակտիվների կամ հասույթ(ներ)ի արժեքը (չափը).

2) համակենտրոնացման ֆիզիկական անձ չհանդիսացող մասնակիցներից առնվազն մեկը որևէ ապրանքային շուկայում ունի գերիշխող դիրք:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

 

 

pin
Մրցակցության պաշտպանության հ
19.08.2011
N 341-Ն
Պաշտոնական պարզաբանում