Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ 18-ՐԴ, 19-ՐԴ, «ՄԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ 18-ՐԴ, 19-ՐԴ, «ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական       Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/0996/02/10

    դատարանի որոշում                                              2011 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/0996/02/10

 

Նախագահող դատավոր` Կ. Չիլինգարյան

    Դատավորներ`        Ա. Խառատյան

                       Ա. Պետրոսյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                    Ե. Խունդկարյանի

    մասնակցությամբ դատավորներ         Է. Հայրիյանի

                                      Վ. Աբելյանի

                                      Ս. Անտոնյանի

                                      Վ. Ավանեսյանի

                                      Ա. Բարսեղյանի

                                      Մ. Դրմեյանի

                                      Գ. Հակոբյանի

                                      Տ. Պետրոսյանի

                                      Ե. Սողոմոնյանի

 

2011 թվականի մայիսի 27 -ին

դռնբաց դատական նիստում, քննելով Արման Ավետիսյանի և Սաթենիկ Դալլաքյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.01.2011 թվականի որոշման դեմ` ըստ Հովիկ Դալլաքյանի հայցի ընդդեմ Սաթենիկ Դալլաքյանի, Արման և Նորիկ Ավետիսյանների` վտարելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Հովիկ Դալլաքյանը պահանջել է սեփականության իրավունքով իրեն պատկանող Երևանի Քանաքեռի 16-րդ փողոցի թիվ 5/1 հասցեում գտնվող տնից վտարել Սաթենիկ Դալլաքյանին, Նորիկ Ավետիսյանին, Արման Ավետիսյանին և ընտանիքի անդամներին:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ` Դատարան) 13.10.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 27.01.2011 թվականի որոշմամբ Արման Ավետիսյանի և Սաթենիկ Դալլաքյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 13.10.2010 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Արման Ավետիսյանը և Սաթենիկ Դալլաքյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Հովիկ Դալլաքյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ Սահմանադրության 18-րդ, 19-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, որոնք պետք է կիրառեր, ինչի արդյունքում խախտել է ՀՀ դատական օրենսգրքի 7-րդ, 8-րդ հոդվածները, 90-րդ հոդվածի 4-րդ մասը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ, 47-րդ, 53-րդ, 78-րդ, 116-րդ հոդվածները:

Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանը գործը քննել է Սաթենիկ Դալլաքյանի, Արման և Նորիկ Ավետիսյանների բացակայությամբ, որոնք չնայած տեղեկացվել են 05.10.2010 թվականի ժամը 1000-ին նշանակված դատական նիստի ժամանակի և վայրի մասին, սակայն նշված ժամին դատական նիստ տեղի չի ունեցել: Դատական նիստը սկսվել է ժամը 1019-ին, ինչի արդյունքում Սաթենիկ Դալլաքյանը, Արման և Նորիկ Ավետիսյանները զրկվել են ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված արդար դատաքննության իրավունքից:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 27.01.2011 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

 

Վերաքննիչ դատարանի կողմից որոշումը կայացվել է գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության հիման վրա, հետևաբար բերված վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. Դատարանի 05.10.2010 թվականի ժամը 10:00-ին նշանակված դատական նիստի ժամանակի և վայրի մասին Սաթենիկ Դալլաքյանը, Արման և Նորիկ Ավետիսյանները ծանուցագրերով ծանուցվել են (հատոր 1-ին, գ.թ. 49-54):

2. Դատական նիստի արձանագրության համաձայն` սույն գործով դատական նիստը սկսվել է 05.10.2010 թվականի ժամը 10:39-ին: Դատարանը, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ պատասխանողները պատշաճ ձևով տեղեկացվել են դատական նիստի ժամանակի և վայրի մասին, սակայն չեն ներկայացել, որոշել է գործը քննել նրանց բացակայությամբ: Նույն օրը դատարանը գործի քննությունը հայտարարել է ավարտված (հատոր 1-ին, գ.թ. 56):

3. Սաթենիկ Դալլաքյանը, Արման և Նորիկ Ավետիսյանները պատշաճ ձևով չեն տեղեկացվել 05.10.2010 թվականի ժամը 10:39-ին տեղի ունենալիք դատական նիստի ժամանակի և վայրի մասին:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

i

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող անձինք դատական ծանուցագրերով տեղեկացվում են դատական նիստի կամ առանձին դատավարական գործողություններ կատարելու ժամանակի և վայրի մասին, իսկ նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` ծանուցագիրն ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ հանձնվում է ստացականով (այսուհետ` պատշաճ ձևով):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի համաձայն` ծանուցագիրը պետք է պարունակի դատարանի անվանումը և ստույգ հասցեն, նշում` ներկայանալու ժամանակի և վայրի մասին, գործը, որի վերաբերյալ անձը ծանուցվում է, նշում` դատարան կանչվող կամ ծանուցվող անձի մասին, նշում, թե անձը որպես ինչ է ծանուցվում կամ կանչվում, նշում` չներկայանալու հետևանքների մասին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի համաձայն` գործի քննության համար նշանակված ժամին նախագահողը բացում է դատական նիստը, հայտարարում է դատարանի կազմը և այն գործը, որը քննության է առնվելու:

Սա ենթադրում է գործին մասնակցող անձանց դատական նիստի ժամանակի և վայրի մասին իրազեկելու կապակցությամբ դատարանի ակտիվ գործողություններ, որոնք պետք է իրականացվեն միայն վկայակոչված հոդվածներով նախատեսված միջոցների և եղանակների օգտագործմամբ: Ընդ որում, նախագահողը դատական նիստը բացում է գործի քննության համար նշանակված ժամին: Այսինքն` դատական նիստը սահմանված ժամին սկսելը գործին մասնակցող անձանց դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ տեղեկացված լինելու տարրերից է:

Վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում անդրադարձել և գնահատման առարկա է դարձրել այն դեպքերը, երբ դատարանը գործը քննել է գործին մասնակցող անձանցից որևէ մեկի բացակայությամբ: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, արձանագրել է կողմերի իրավահավասարության և մրցակցության դատավարական սկզբունքների խախտում և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետով, բեկանել է դատական ակտը (իրավական հիմնավորումները տես` ըստ Շենգավիթի թաղապետարանի ընդդեմ Ալվինա, Լիանա Կազկոնների, Արամ, Ֆրունզ և Նարեկ Մարկոսյանների` բնակելի տարածության օգտագործման իրավունքը փոխհատուցմամբ դադարեցնելու պահանջի մասին 21.12.2006 թվականի քաղաքացիական գործ թիվ 3-2236/Ա Վճռաբեկ դատարանի որոշումների ընտրանի, հատոր 1-ին, էջ 473-476):

Վերը նշվածի հիման վրա` Վճռաբեկ դատարանը նպատակահարմար չի համարում կրկին անդրադառնալ նշված իրավական հարցի գնահատականին:

Սույն գործով Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ սույն գործով դատական նիստը սկսվել է 05.10.2010 թվականի ժամը 10:39-ին, այնինչ սույն գործում առկա չէ որևէ ապացույց այն մասին, որ Դատարանը պատասխանողներին պատշաճ տեղեկացրել է 05.10.2010 թվականի ժամը 10:39-ին տեղի ունենալիք դատական նիստի ժամանակի և վայրի մասին:

Այսինքն` Դատարանը, խախտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ, 79-րդ և 116-րդ հոդվածների պահանջները, գործը քննել է Սաթենիկ Դալլաքյանի, Արման և Նորիկ Ավետիսյանների բացակայությամբ, որպիսի հանգամանքն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.01.2011 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Պետական տուրքի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության արդյունքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ե. Խունդկարյան

Դատավորներ` Է. Հայրիյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
27.05.2011
N ԵԱՔԴ/0996/02/10
Որոշում