Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 48-ՐԴ ԵՎ 4 ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում
Քաղաքացիական գործ թիվ
 ԵԷԴ/1637/02/09
Քաղաքացիական գործ թիվ ԵԷԴ/1637/02/09  2011 թ.
Նախագահող դատավոր` Դ. Խաչատրյան
                  Դատավորներ` Ն. Տավարացյան
                                               Ս. Միքայելյան

 

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

Նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Գ. Հակոբյանի
Վ. Աբելյանի
Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
Ա. Բարսեղյանի
  Մ. Դրմեյանի
Է. Հայրիյանի
Տ. Պետրոսյանի
Ե. Սողոմոնյանի

 

2011 թվականի մայիսի 27 -ին

դռնբաց դատական նիստում, քննելով Երևանի քաղաքապետարանի «Երևանի Էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.11.2010 թվականի որոշման դեմ` ըստ Երևանի քաղաքապետարանի «Երևանի Էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) հայցի ընդդեմ Դավիթ Մարտիրոսյանի ու ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Էրեբունի անձնագրային բաժնի (այսուհետ` Բաժին)` հաշվառումից հանելու և առանց փոխհատուցման ապօրինի զբաղեցրած տարածքից վտարելու պահանջների մասին ու Դավիթ Մարտիրոսյանի հակընդդեմ հայցի` բնակելի տարածության օգտագործման իրավունքը ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է առանց փոխհատուցման Դավիթ Մարտիրոսյանին իր ընտանիքի հետ միասին վտարել Երևանի Լիսինյան փողոցի 1/2 հասցեում գտնվող տարածքից, ինչպես նաև հանել այդ հասցեի հաշվառումից:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Դավիթ Մարտիրոսյանը պահանջել է Երևանի Լիսինյան փողոցի 1/2 հասցեում գտնվող տարածքի նկատմամբ ճանաչել իր և իր ընտանիքի օգտագործման իրավունքը:

Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ` Դատարան) 14.09.2010 թվականի վճռով Ընկերության հայցը` առանց փոխհատուցման տարածքից վտարելու պահանջի մասով, մերժվել է, հաշվառումից հանելու և Դավիթ Մարտիրոսյանի հակընդդեմ հայցի մասերով քաղաքացիական գործի վարույթը կարճվել է հայցվորի և հակընդդեմ հայցվորի կողմից իրենց հայցերից հրաժարվելու հիմքով:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.11.2010 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, Դատարանի 14.09.2010 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Դավիթ Մարտիրոսյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 11-րդ արձանագրության 1-ին հոդվածի 1-ին մասը, ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածը, 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերությունը և 2-րդ մասը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին կետը, 166-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ կետերը, 172-րդ հոդվածի 5-րդ կետը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 66-րդ հոդվածի 3-րդ մասի «գ» կետը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 6-րդ կետերը, 51-րդ հոդվածի 1-ին կետը և 54-րդ հոդվածի 2-րդ կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Երևանի քաղաքապետի 29.10.2004 թվականի թիվ 2073-Ա որոշման հիման վրա վիճելի հասցեում գտնվող թիվ 30 քարշակայանի վերաբերյալ Ընկերությանը 22.02.2005 թվականին տրվել է թիվ 1173387 անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայականը, որը մինչև օրս ուժի մեջ է և անվավեր չի ճանաչվել: Դավիթ Մարտիրոսյանը, մուտք գործելով այդ տարածք, խախտել է Ընկերության սեփականության իրավունքը, որի հետևանքով Ընկերությունը զրկվել է այն տնօրինելու և օգտագործելու իրավունքներից:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դավիթ Մարտիրոսյանը ոչ թե կասկած է հայտնել Դատարան ներկայացված անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայականի պատճենի, վիճելի գույքն Ընկերությանը սեփականության իրավունքով պատկանելու, այլ դրա նպատակային նշանակության վերաբերյալ` հայտնելով, որ փոխվել է տարածքի նպատակային նշանակությունը, ինչը չի հիմնավորել:

Դավիթ Մարտիրոսյանը որևէ ապացույց չի ներկայացրել Դատարան, որը կհաստատեր վիճելի գույքը թաղային համայնքին սեփականության իրավունքով պատկանելու, ինչպես նաև այդ գույքի նկատմամբ Ընկերության սեփականության իրավունքի կորստի վերաբերյալ փաստերը: Մինչդեռ, տվյալ դեպքում Դավիթ Մարտիրոսյանն է կրում այդ փաստերի ապացուցման պարտականությունը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 25.11.2010 թվականի որոշումը և այն փոփոխել` առանց փոխհատուցման Դավիթ Մարտիրոսյանին ընտանիքի հետ վտարել Երևանի Լիսինյան 1/2 հասցեում գտնվող ենթակայանից:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Ընկերությունը բավարար ապացույցներ չի ներկայացրել վիճելի գույքը սեփականության իրավունքով իրեն պատկանելու վերաբերյալ: Դրան հակառակ` ներկայացվել են ապացույցներ, որոնք հաստատում են վիճելի գույքը սեփականության իրավունքով Երևան համայնքին պատկանելու փաստը:

Ինչպես Դատարանի, այնպես էլ Վերաքննիչ դատարանի կողմից Ընկերության ներկայացրած անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականի պատճենը որպես սեփականության իրավունքը հաստատող գրավոր ապացույց չընդունելն օրինական է:

Դատարանի 14.09.2010 թվականի վճիռը, ինչպես նաև Վերաքննիչ դատարանի 25.11.2010 թվականի որոշումն օրինական են և հիմնավորված, կայացվել են գործում առկա ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության հիման վրա:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Երևանի Լիսինյան փողոցին հարող տարածքի թիվ 24 քարշի ենթակայանի նկատմամբ 22.02.2005 թվականին Ընկերությանը տրված անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայականն Ընկերությունը Դատարան է ներկայացրել պատճենի ձևով` առանց պատշաճ վավերացման (հատոր 1-ին, գ.թ. 6-8).

2) սույն գործի քննությունն իրականացվել է դատաքննության նախապատրաստական փուլով.

3) Դատարանը գործի քննության ժամանակ, այդ թվում նաև դատաքննության ընթացքում նշված վկայականը հետազոտելիս Ընկերությունից չի պահանջել այդ վկայականի ինչպես բնօրինակը, այնպես էլ դրա վավերացված պատճենը.

4) Դատարանը դատաքննության նախապատրաստական փուլում որպես ապացուցում պահանջող փաստ չի նշել Երևանի Լիսինյան փողոցին հարող տարածքի թիվ 24 քարշի ենթակայանն Ընկերությանը սեփականության իրավունքով պատկանելը, ինչպես նաև Ընկերության վրա չի դրել այդ փաստի ապացուցման պարտականությունը:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերը որոշում է դատարանը` գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 149.8-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ և 6-րդ ենթակետերի համաձայն` դատարանը նախնական դատական նիստում կողմերի հետ քննարկում է ապացուցում պահանջող փաստերի շրջանակը և ապացուցման պարտականության բաշխման կանոններին համապատասխան` կողմերի միջև բաշխում է ապացուցման պարտականությունը, ինչպես նաև սահմանում է ապացույցներ ներկայացնելու ժամկետները, կողմերի միջնորդությամբ, իսկ նույն օրենսգրքով նախատեսված դեպքում` իր նախաձեռնությամբ, պահանջում է անհրաժեշտ ապացույցներ, լուծում է փորձաքննություն նշանակելու, դատական նիստին փորձագետներ, վկաներ կանչելու, թարգմանիչ ներգրավելու, տեղում իրեղեն և գրավոր ապացույցներն ուսումնասիրելու հարցերը:

Վերոնշյալ հոդվածներից հետևում է, որ գործի քննությունը դատաքննության նախապատրաստական փուլով իրականացնելիս դատարանը պարտավոր է կողմերի հետ քննարկել ապացուցում պահանջող փաստերի շրջանակը և ապացուցման պարտականությունը կողմերի միջև բաշխել ապացուցման պարտականության բաշխման կանոններին համապատասխան: Ընդ որում, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերի շրջանակը որոշելն անմիջական կախվածության մեջ է գտնվում գործին մասնակցող անձանց վկայակոչած փաստերի վերաբերյալ մյուս կողմի ներկայացրած առարկություններից:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ գործը դատաքննության նախապատրաստելու ինստիտուտը նպատակաուղղված է ապահովելու գործի արդյունավետ քննությունը: Այդ նպատակով օրենսդիրը գործը դատաքննության նախապատրաստելու ժամանակ սահմանում է ոչ միայն կողմերի, այլև դատարանի գործողությունները:

ՀՀ քաղաքացիական դատավարությունն իրականացվում է կողմերի մրցակցության սկզբունքի հիման վրա: Սակայն գործը դատաքննության նախապատրաստելու վերաբերյալ նորմերը սահմանում են մրցակցային դատավարությունում դատարանի պարտականությունները: Միաժամանակ դատարանը, ղեկավարելով գործը դատաքննության նախապատրաստելու գործընթացը, պահպանում է անկախություն, օբյեկտիվություն և անաչառություն, իսկ գործը դատաքննության նախապատրաստելու ժամանակ դատարանի գործողություններն ուղղված են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածով նախատեսված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության համար համապատասխան պայմանների ապահովմանը, գործի համար նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերի որոշմանը և գործը լուծելու համար ճիշտ իրավանորմերի կիրառմանը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ, 49-րդ և 149.8-րդ հոդվածների համադրված վերլուծությունը ցույց է տալիս, որ ապացույցներ ներկայացնում են գործին մասնակցող անձինք, սակայն դատարանը գործի նախապատրաստական փուլում ապացուցման առարկան և բեռը բաշխելուց հետո կողմերին հնարավորություն է ընձեռում ներկայացնելու այն ապացույցները, որոնցով վերջիններս կարող են հիմնավորել իրենց պահանջները և առարկությունները:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը դատաքննության նախապատրաստելու դատավարական ինստիտուտի ամրագրումն օրենսդրի կողմից ինքնանպատակ չէ, և դատարանն այդ փուլով դատավարությունը պետք է անցկացնի իր առջև դրված խնդիրներն իրականացնելու համար:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` գրավոր փաստաթղթերը ներկայացվում են բնօրինակով կամ պատշաճ վավերացված պատճենի ձևով: Փաստաթղթերի բնօրինակները ներկայացվում են այն դեպքում, եթե գործի հանգամանքները, օրենքներին կամ այլ իրավական ակտերին համապատասխան, կարող են հաստատվել միայն նման փաստաթղթով, իսկ անհրաժեշտության դեպքում` դատարանի պահանջով:

Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ գրավոր ապացույցները դատարան ներկայացվում են երկու ձևով` բնօրինակով կամ պատշաճ վավերացված պատճենի ձևով: Ընդ որում, դատարանը, պարզելով գործով ապացուցման ենթակա փաստերը, կողմից կարող է պահանջել համապատասխան գրավոր ապացույցներ, իսկ անհրաժեշտության դեպքում` փաստաթղթերի բնօրինակները:

Սույն գործի փաստերի համաձայն` Դատարանը Երևանի Լիսինյան փողոցին հարող տարածքի թիվ 24 քարշի ենթակայանն Ընկերությանը սեփականության իրավունքով պատկանելը չի սահմանել որպես ապացուցում պահանջող փաստ, Ընկերության վրա չի դրել այդ փաստի ապացուցման պարտականությունը, գործի դատաքննության ընթացքում Երևանի Լիսինյան փողոցին հարող տարածքի թիվ 24 քարշի ենթակայանի նկատմամբ 22.02.2005 թվականին Ընկերությանը տրված անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայականը հետազոտելիս Ընկերությունից չի պահանջել այդ վկայականի ինչպես բնօրինակը, այնպես էլ դրա վավերացված պատճենը:

Վերաքննիչ դատարանը, մերժելով Ընկերության վերաքննիչ բողոքը, որոշման մեջ արձանագրելով, որ «հայցվորի կողմից ներկայացված վիճելի տարածքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման լուսապատճենի տեսքով վկայականի վերաբերյալ պատասխանողը կասկած է ներկայացրել` հայցի դեմ առարկելով հենց վիճելի գույքը հայցվորի սեփականության ներքո չգտնվելու պատճառաբանությամբ, հայցվոր կողմը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ կետի հիմքով պետք է ներկայացներ վիճելի տարածքն իր սեփականության ներքո գտնվելու վերաբերյալ պատշաճ գրավոր ապացույց (ապացույցներ) կամ առնվազն` հայցի հիմքում դրված սեփականության իրավունքի գրանցման վկայականի բնօրինակը կամ պատշաճ վավերացված պատճենը», գտել է, որ «վիճելի շինության պատկանելիության փաստի վիճելի լինելու պայմաններում այդ շինությունը հայցվորի սեփականության ներքո գտնվելու հանգամանքը հիմնավորող` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջները բավարարող գրավոր պատշաճ ապացույց հայցվորի կողմից Դատարանին չի ներկայացվել»:

Վերաքննիչ դատարանը նշել է նաև, որ «Դատարանը գործով քննության ընթացքում կողմերին ընձեռել է բոլոր հնարավորությունները` անհրաժեշտ պատշաճ ապացույցներ ձեռք բերելու և Դատարան ներկայացնելու համար, սակայն Ընկերությունը սեփականության իրավունքի վկայականի բնօրինակը և դրա պատշաճ վավերացված պատճենը չի ներկայացրել», ու արձանագրել է, որ «գործում առկա բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի` Երևանի Լիսինյան 1/2 հասցեի գույքը հայցվորի սեփականության ներքո գտնվելու վերաբերյալ փաստը մնացել է վիճելի, ուստի նշված փաստի բացակայության բացասական հետևանքները պետք է կրի հայցվորը, որպիսի իրավացի եզրահանգման էլ եկել է Դատարանը»:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը 25.11.2010 թվականի որոշումը կայացրել է` անտեսելով, որ Դատարանը Երևանի Լիսինյան փողոցին հարող տարածքի թիվ 24 քարշի ենթակայանն Ընկերությանը սեփականության իրավունքով պատկանելու փաստի ապացուցման պարտականությունը չի դրել Ընկերության վրա, ինչպես նաև գործի դատաքննության ընթացքում Երևանի Լիսինյան փողոցին հարող տարածքի թիվ 24 քարշի ենթակայանի նկատմամբ 22.02.2005 թվականին Ընկերությանը տրված անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայականը հետազոտելիս Ընկերությունից չի պահանջել այդ վկայականի ինչպես բնօրինակը, այնպես էլ դրա վավերացված պատճենը: Այսինքն` Դատարանը, գործը դատաքննության նախապատրաստելիս պարզելով գործով ապացուցման ենթակա փաստերը, ընդունել է Ընկերության կողմից ներկայացված Երևանի Լիսինյան փողոցին հարող տարածքի թիվ 24 քարշի ենթակայանի նկատմամբ 22.02.2005 թվականին Ընկերությանը տրված անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայականի պատճենը, գործի դատաքննության ընթացքում հետազոտել է այդ ապացույցը, սակայն վճռի հիմքում դրել է դրա բնօրինակը կամ պատշաճ վավերացված պատճենը չներկայացնելու հանգամանքը` խախտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածը:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի 25.11.2010 թվականի որոշումը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.11.2010 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

2. Վճռաբեկ բողոքի համար վճարման ենթակա պետական տուրքի հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Գ. Հակոբյան
Վ. Աբելյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Է. Հայրիյան
Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
27.05.2011
N ԵԷԴ/1637/02/09
Որոշում