Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 53-ՐԴ ՀՈԴՎ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական       Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/0018/04/10  

    դատարանի որոշում                                              2011 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/0018/04/10

Նախագահող դատավոր` Ա. Մկրտչյան

    Դատավորներ`        Ն. Հովսեփյան        

                       Ն. Բարսեղյան        

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ե. Խունդկարյանի

    մասնակցությամբ դատավորներ                 Մ. Դրմեյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2011 թվականի ապրիլի 1-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Սպարտակ Երիցյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.07.2010 թվականի որոշման դեմ` ըստ դիմումի «Արդշինբանկ» ԲԲԸ լուծարվող բանկի (այսուհետ` Բանկ) ընդդեմ Սպարտակ Երիցյանի` սնանկ ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Բանկը պահանջել է Սպարտակ Երիցյանին ճանաչել սնանկ:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ` Դատարան) 24.05.2010 թվականի վճռով դիմումը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 30.07.2010 թվականի որոշմամբ Դատարանի 24.05.2010 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Վճռաբեկ բողոք է ներկայացրել Սպարտակ Երիցյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Բանկի լուծարային կառավարիչ Յուրա Եղիազարյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 18-րդ, 19-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը,սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 332-րդ հոդվածը, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 10-րդ, 17-րդ հոդվածների պահանջները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 16.08.2000 թվականի վճռի հիման վրա օտարվել է Սպարտակ Երիցյանի կողմից գրավադրված բնակարանը, և Բանկը, բաց թողնելով հայցային վաղեմության ժամկետը, սնանկ ճանաչելու վերաբերյալ դիմումը ներկայացրել է 13.05.2010 թվականին, այսինքն` ավելի քան տասը տարի հետո: Փաստորեն, Բանկը բաց է թողել հայցային վաղեմության թե ընդհանուր, թե հատուկ ժամկետները:

Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի իմաստով Սպարտակ Երիցյանը պարտապան չի կարող լինել, ուստի չի կարող և սնանկ ճանաչվել:

Վերաքննիչ դատարանը հիմնավոր չի համարել Սպարտակ Երիցյանի կողմից իր սնանկությունը գրավոր վիճարկելու համար նախատեսված 7-օրյա ժամկետի բացթողումը` պատճառաբանելով, որ Սպարտակ Երիցյանը չի ներկայացրել որևէ ապացույց այն մասին, որ նա ի վիճակի չէր կամ չէր կարող ինքնուրույն վիճարկել իր սնանկությունը կամ ավելի վաղ դիմել փաստաբանական ծառայություններից օգտվելու համար:

Հետևաբար, Վերաքննիչ դատարանը զրկել է Սպարտակ Երիցյանին դատական պաշտպանության իրավունքից, ինչպես նաև հնարավորություն չի տրվել նրան ներկայացնելու իր առարկությունները, որի արդյունքում խախտվել է ՀՀ Սահմանադրության 18-րդ, 19-րդ հոդվածներով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված իր արդար դատաքննության իրավունքը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 30.07.2010 թվականի որոշումը և մերժել Բանկի դիմումը:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Դատարանի կողմից դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը կայացվել է 13.05.2010 թվականին, և 14.05.2010 թվականին պարտապան Սպարտակ Երիցյանը ստացել է այն: Որոշումը ստանալուն հաջորդող 7 օրվա ընթացքում Սպարտակ Երիցյանը գրավոր այն չի վիճարկել:

Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանի կողմից պահպանվել են «Սնանկության մասին» ՀՀ օրենքի համապատասխան դրույթները և կայացվել է դատական ակտ, որն ամբողջովին իրավական է, և դրանով իրավացիորեն հաստատվել է, որ Սպարտակ Երիցյանը լուծարվող Բանկի պարտապանն է:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի` 16.08.2000 թվականի թիվ 2-1438/2000 օրինական ուժի մեջ մտած վճռի համաձայն` պարտապան Սպարտակ Երիցյանից հօգուտ «Արդշինբանկ» ԲԲԸ-ի բռնագանձվել է 4.577 ԱՄՆ դոլարին և 38 ԱՄՆ ցենտին համարժեք ՀՀ դրամ, այդ թվում հիմնական պարտք` 3.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, տուժանք` 1.577 ԱՄՆ դոլարին և 38 ԱՄՆ ցենտին համարժեք ՀՀ դրամ, ինչպես նաև 91 ԱՄՆ դոլարին և 55 ԱՄՆ ցենտին համարժեք ՀՀ դրամ` բռնագանձումը տարածելով գրավադրված` Երևանի Օրբելու փողոցի 16-րդ շենքի` Սպարտակ Երիցյանի սեփականությունը հանդիսացող 53,54 քմ մակերեսով տարածքի վրա: Տվյալ վճռի հիմքում դրվել է կողմերի միջև 24.06.1999 թվականին կնքված թիվ 33-ՎֆՏ վարկային պայմանագիրը (գ.թ. 5):

2. ԴԱՀԿ ծառայության Երևանի ստորաբաժանման (այսուհետ` Ծառայություն) «Կատարողական վարույթ հարուցելու մասին» 25.10.2000 թվականի որոշմամբ հարուցվել է կատարողական վարույթ (գ.թ. 6):

3. Ծառայության «Կատարողական վարույթն ավարտելու մասին» 02.10.2001 թվականի որոշմամբ հարուցված կատարողական վարույթն ավարտվել է: Տվյալ որոշմամբ Ծառայությունը, պարզելով, որ կատարողական գործողությունների ընթացքում պահանջատերը դիմում է ներկայացրել կատարողական թերթը հետ վերադարձնելու մասին, որոշել է ավարտել Սպարտակ Երիցյանից հօգուտ Բանկի 4.577,38 ԱՄՆ դոլար բռնագանձելու վերաբերյալ 25.10.2000 թվականին հարուցված թիվ 04/1679 կատարողական վարույթը (գ.թ. 7): Կատարողական թերթը նոր կատարման չի ներկայացվել:

4. Բանկի լուծարային կառավարչի և գլխավոր հաշվապահի կողմից ստորագրված և 22.04.2010 թվականին տրված` Սպարտակ Երիցյանի պարտքի վերաբերյալ տեղեկանքի համաձայն` Ծառայության կողմից աճուրդային կարգով գրավադրված գույքը 1.208.210 ՀՀ դրամ գումարի չափով վաճառվել է, և վաճառքից գոյացած գումարը նպատակաուղղվել է պարտքի մարմանը, որի ընթացքում պարտապանի պարտքը նվազել է և վարկի մայր գումարի պարտքը 22.04.2010 թվականի դրությամբ Բանկին կազմել է 2.423,71 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ (գ.թ. 8):

Բանկը դիմում է ներկայացրել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Սպարտակ Երիցյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին: Դատարանի 13.05.2010 թվականի որոշմամբ դիմումն ընդունվել է վարույթ: Սպարտակ Երիցյանը Դատարանի որոշումը ստացել է 14.05.2010 թվականին և 24.05.2010 թվականին Դատարան է ներկայացրել դիմումի պատասխան, որով վիճարկել է իր սնանկությունը (գ.թ. 2, 42, 44, 46, 54):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

i

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

Սույն գործի քննության պահին գործող` «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի ա) կետի համաձայն` պարտապանը կարող է հարկադրված սնանկության դիմումի հիման վրա սնանկ ճանաչվել, եթե նա թույլ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 30-օրյա կամ ավելի ժամկետով կետանց, և վճռի կայացման պահին նշված կետանցը շարունակվում է: Վճարային պարտավորությունն անվիճելի է, եթե պարտապանը չի առարկում դրա դեմ, կամ եթե նա առարկում է հիշյալ պարտավորության դեմ, սակայն վճարային պարտավորությունը ճանաչված է օրինական ուժի մեջ մտած վճռով կամ դատավճռով, և բացակայում է հաշվանցի հնարավորությունը:

Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ պարտապանը կարող է հարկադրված սնանկության դիմումի հիման վրա սնանկ ճանաչվել երկու պայմանների միաժամանակյա առկայության պայմաններում.

1. պարտապանը թույլ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 30-օրյա կամ ավելի ժամկետով կետանց,

2. վճռի կայացման պահին նշված կետանցը շարունակվում է:

Այսպիսով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պարտապանին սնանկ ճանաչելու մասին հարցը քննարկելու ժամանակ անհրաժեշտ է պարզել, թե արդյոք պարտապանն ունի անվիճելի վճարային պարտավորություն:

i

Սույն գործով Դատարանը դիմումի բավարարման հիմքում դրել է այն հանգամանքը, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի համաձայն` եթե հարկադրված սնանկության դիմումը վարույթ ընդունելու մասին դատարանի որոշումը ստանալուն հաջորդող 7 օրվա ընթացքում պարտապանը գրավոր չի վիճարկում իր սնանկությունը, ապա 8-րդ օրը դատավորն առանց դատական նիստ հրավիրելու վճիռ է կայացնում պարտապանին սնանկ ճանաչելու մասին, եթե պարտապանն անվճարունակ է կամ առկա են նույն օրենքի 3-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված հիմքերը:

Վերաքննիչ դատարանը, դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ և արձանագրելով, որ Դատարանի համար պարտադիր էին հետևյալ հանգամանքների առկայության գնահատումը, այն է` պարտավորության առկայությունը, որը կգերազանցի նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը, ժամկետանց պարտավորության 30-օրյա կամ ավելի ժամկետով կետանցը, որը Դատարանի վճռի կայացման պահին շարունակվել է, սնանկ ճանաչելու մասին Դատարանի դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը 7-օրյա ժամկետում առարկություններ չներկայացնելը, հաստատված է համարել, որ տվյալ պարագայում պատասխանողի անվիճելի վճարային պարտավորությունները գերազանցում են նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը, և առկա է պարտավորությունների 30-օրյա կամ ավելի ժամկետով կետանց, ինչպես նաև չի ներկայացվել որևէ առարկություն օրենքով սահմանված ժամկետում: Բացի այդ, Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ Սպարտակ Երիցյանն ունեցել է իր սնանկությունը վիճարկելու բավարար և ողջամիտ հնարավորություն դիմումը վարույթ ընդունելու որոշումը ստանալուց հետո 7-օրյա ժամկետում, ինչը չի կատարել: Մասնավորապես, գործում առկա չէ որևէ ապացույց այն մասին, որ կողմը ի վիճակի չէր կամ չէր կարող ինքնուրույն վիճարկել իր սնանկությունը կամ ավելի վաղ դիմել փաստաբանական ծառայությունից օգտվելու համար:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքի հիմքում բարձրացված հարցին պատասխանելու համար անհրաժեշտ է պարզել, թե արդյոք վճարային պարտավորություն սահմանող օրինական ուժի մեջ մտած դատական ակտն օրենքով սահմանված ժամկետում կատարման չներկայացնելու դեպքում տվյալ վճռից բխող իրավունքներն ու պարտականությունները ենթակա են կատարման, թե` ոչ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ պարբերության 3-րդ ենթակետի համաձայն` քաղաքացիական իրավունքները և պարտականությունները ծագում են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանող դատական ակտից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն` օրինական ուժի մեջ մտած դատական ակտը պարտադիր է բոլոր պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, իրավաբանական անձանց և քաղաքացիների համար ու ենթակա է կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` նախկինում քննված` քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով հաստատված հանգամանքները նույն անձանց միջև դատարանում այլ գործ քննելիս կրկին չեն ապացուցվում:

i

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կատարողական թերթը կարող է կատարման ներկայացվել մեկ տարվա ընթացքում` սկսած այն օրվանից, երբ օրինական ուժի մեջ է մտել դատական ակտը:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` կատարողական թերթի կրկնօրինակ տալու մասին դիմումը պահանջատերը ներկայացնում է կատարողական թերթ տված դատարան: Դիմումը կարող է տրվել մինչև կատարողական թերթը կատարման ներկայացնելու ժամկետի ավարտը:

Սույն գործի փաստերի համաձայն` 16.08.2000 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով վճռվել է Սպարտակ Երիցյանից հօգուտ Բանկի բռնագանձել 4.577 ԱՄՆ դոլարին և 38 ԱՄՆ ցենտին համարժեք ՀՀ դրամ` բռնագանձումը տարածելով Սպարտակ Երիցյանին սեփականության իրավունքով պատկանող գրավադրված` Երևանի Օրբելու փողոցի 16-րդ շենքի 53,54 քմ մակերեսով տարածքի վրա: Նշված վճռի հիման վրա 16.08.2000 թվականին տրված կատարողական թերթի համաձայն` 25.10.2000 թվականին հարուցվել է կատարողական վարույթ: Կատարողական գործողությունների ընթացքում Բանկը դիմում է ներկայացրել կատարողական թերթը հետ վերադարձնելու մասին, և նշված դիմումի հիմքով 02.10.2001 թվականին կատարողական վարույթն ավարտվել է: 16.08.2000 թվականին տրված թիվ 2-1438 կատարողական թերթը նոր կատարման չի ներկայացվել:

Հիմք ընդունելով վերոգրյալը և գործի փաստերը համադրելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ 16.08.2000 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով Բանկի մոտ ծագել է վարկային պարտավորությամբ սահմանված գումարը պահանջելու իրավունք, իսկ Սպարտակ Երիցյանի մոտ` այն վճարելու պարտականություն: Սպարտակ Երիցյանի կողմից նշված պարտավորության չկատարման դեպքում Բանկն իրավունք ուներ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի ուժով դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում այն ներկայացնել հարկադիր կատարման: Մինչդեռ, հետագայում կատարողական թերթը 02.10.2000 թվականին հետ վերցնելու և այն օրենքով սահմանված կարգով կրկին կատարման չներկայացնելու պայմաններում Բանկը զրկվել է այդ իրավունքի իրականացման իրավական հնարավորությունից, իսկ Սպարտակ Երիցյանը` որպես պարտապան, ազատվել է նույն վճռով սահմանված պարտավորությունից (տե՛ս, «Արդշինբանկ» ԲԲԸ-ի դիմումն ընդդեմ «Արոր-Բագրատ» արտադրական կոոպերատիվի` սնանկ ճանաչելու պահանջի մասին Վճռաբեկ դատարանի 18.09.2009 թվականի թիվ ՀՔԴ4/0024/04/08 քաղաքացիական գործով որոշումը):

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով բացակայում է Սպարտակ Երիցյանին սնանկ ճանաչելու իրավական հիմքը:

Ինչ վերաբերում է բողոք բերած անձի այն փաստարկին, որ Վերաքննիչ դատարանը հիմնավոր չի համարել Սպարտակ Երիցյանի կողմից սնանկությունը գրավոր վիճարկելու համար նախատեսված 7-օրյա ժամկետի բացթողումը, որի արդյունքում հարգելի չի ճանաչել այդ ժամկետի բացթողումը, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ հանգամանքի առկայությունը սույն գործի լուծման համար էական նշանակություն չունի հետևյալ պատճառաբանությամբ`

ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք:

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 1995 թվականի փետրվարի 7-ի թիվ R (95) 5 Հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարանի) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ դատական պաշտպանության իրավունքը կարող է սահմանափակվել, սակայն կիրառվող սահմանափակումները չպետք է լինեն այն աստիճան, որ խաթարեն այդ իրավունքի բուն էությունը: Սահմանափակումն անհամատեղելի կլինի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հավասարակշռված կապ գործադրվող միջոցների և հետապնդվող նպատակի միջև (տես` Վճռաբեկ դատարանի 14.04.2008 թվականի թիվ 3-365(ՎԴ) քաղաքացիական գործով որոշումը, «Պայքար և Հաղթանակ» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 20.12.2007 թվականի թիվ 21638/03 որոշումը, կետ 44):

Բացի այդ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ այն դեպքերում, երբ բողոքարկման ընթացակարգեր են նախատեսված, Բարձր պայմանավորվող կողմերը պարտավոր են ապահովել իրենց իրավասության տակ գտնվող ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից Կոնվենցիայի 6-րդ հոդվածով սահմանված այն նույն երաշխիքներից օգտվելը վերաքննիչ դատարաններում, ինչպիսիք նրանք ունեն առաջին ատյանի դատարանում (տե՛ս Բրուալլա Գոմեզ դե լա Տորրեն ընդդեմ Իսպանիայի, թիվ 26737/95, 1997 թվականի դեկտեմբերի 19, կետ 33, Թինելի էնդ Սանզ ՍՊԸ-ն ու այլոք և ՄաքԷլդաֆն ու այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության, թիվ 20390/92, 21322/92, 1998 թ. հուլիսի 10, կետ 72 և Խալֆաուին ընդդեմ Ֆրանսիայի, թիվ 34791/97, 37):

Սույն գործի քննության պահին գործող` «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի համաձայն` եթե հարկադրված սնանկության դիմումը վարույթ ընդունելու մասին դատարանի որոշումը ստանալուն հաջորդող 7 օրվա ընթացքում պարտապանը գրավոր չի վիճարկում իր սնանկությունը, ապա ութերորդ օրը դատավորն առանց դատական նիստ հրավիրելու վճիռ է կայացնում պարտապանին սնանկ ճանաչելու մասին, եթե պարտապանն անվճարունակ է կամ առկա են նույն օրենքի 3-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված հիմքերը:

i

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն` դատարանի` սնանկության գործն ըստ էության լուծող դատական ակտերը կարող են բողոքարկվել վերաքննության կարգով: Պարտապանին սնանկ ճանաչելու կամ սնանկ ճանաչելու դիմումը մերժելու մասին դատարանի վճիռը կարող են բողոքարկել պարտապանը, պարտատերը (պարտատերերը):

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված հոդվածի ուժով ապահովվում է սնանկ ճանաչելու վճիռը պարտապանի կողմից բողոքարկելու իրավունքը և այդ դատական ակտի վերանայման հնարավորությունը ու այն կախվածության մեջ չի դրվում սնանկության դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալու պահից 7 օրվա ընթացքում պարտապանի կողմից իր սնանկությունը գրավոր վիճարկելու հանգամանքից:

Հիմք ընդունելով վերը նշվածը և սույն գործի փաստերը համադրելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Սպարտակ Երիցյանի կողմից սնանկությունը չվիճարկելու և օրենքով սահմանված 7-օրյա ժամկետում առարկություններ չներկայացնելու դեպքում Սպարտակ Երիցյանը չի զրկվում սնանկության վճիռը բողոքարկելու և սնանկությունը վիճարկելու հնարավորությունից:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.07.2010 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

2. Պետական տուրքի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ժամանակ:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ե. Խունդկարյան

Դատավորներ` Մ. Դրմեյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
01.04.2011
N ԵԱՔԴ/0018/04/10
Որոշում