(ուժը կորցրել է 04.04.00 թիվ ՆՀ-543 հրամանագիր)
i
030.0195.241298
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ ՀԻՄՆԵԼՈՒ ԵՎ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայրենական գրականության զարգացմանը նպաստելու և գրողներին խրախուսելու նպատակով որոշում եմ.
1. Հիմնել հետևյալ ամենամյա պետական գրական մրցանակները`
ա) «Ոսկե եղեգն» գրական մեծ մրցանակ` շնորհվում է լավագույն գրական ստեղծագործության համար` անկախ ժանրից.
բ) ժանրային մրցանակներ` հետևյալ ժանրերի գրական ստեղծագործությունների համար`
- արձակ` 1-ին, 2-րդ, 3-րդ մրցանակներ,
- պոեզիա` 1-ին, 2-րդ, 3-րդ մրցանակներ,
- դրամատուրգիա` 1-ին, 2-րդ, 3-րդ մրցանակներ,
- մանկական գրականություն (անկախ ժանրից)` 1-ին, 2-րդ, 3-րդ մրցանակներ:
2. Հաստատել պետական գրական մրցանակների շնորհման կարգը` համաձայն հավելվածի:
3. Սահմանել, որ`
ա) պետական գրական մրցանակների շնորհման նպատակով մրցանակի հավակնորդների ընտրությունը կազմակերպվում է 1999 թվականից.
բ) մրցանակաբաշխության կազմակերպման, պետական գրական մրցանակների մաս կազմող հուշանվերների և վկայագրերի պատրաստման հետ կապված ծախսերի ֆինանսավորումը, ինչպես նաև մրցանակների մաս կազմող դրամական պարգևների վճարումը կատարվում է Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի` պետական բյուջեով սահմանված ծախսերի կազմում նախատեսված պահուստային ֆոնդի միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմին`
ա) եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացնել «Ոսկե եղեգն» գրական մեծ մրցանակի մաս կազմող «Ոսկե եղեգն» հուշանվերի և ժանրային 1-ին մրցանակի մաս կազմող հուշանվերի նկարագրերը, վկայագրերի ձևերը.
բ) ապահովել պետական գրական մրցանակների մաս կազմող հուշանվերների և վկայագրերի պատրաստումը:
5. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
24 դեկտեմբերի 1998 թ.
ՆՀ-195
ՀԱՎԵԼՎԱԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի
ՆՀ-195 ՀՐԱՄԱՆԱԳՐԻ
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՐԳ
1. Պետական գրական մրցանակները (այսուհետ` մրցանակ) շնորհվում են առավել արժեքավոր ստեղծագործությունների հեղինակներին:
2. Մրցանակի հայցման կարող են ներկայացվել միայն այն գրական ստեղծագործությունները, որոնք առաջին անգամ հրատարակվել են տվյալ տարվա մրցանակի հավակնորդների ընտրության ավարտման օրվան նախորդած երկու տարվա ընթացքում:
3. Որպես մրցանակ շնորհվում են` «Ոսկե եղեգն» հուշանվեր («Ոսկե եղեգն» գրական մեծ մրցանակի համար), ժանրային 1-ին մրցանակի հուշանվեր, մրցանակի դափնեկրի վկայագիր և դրամական պարգևներ հետևյալ չափերով`
ա) «Ոսկե եղեգն» գրական մեծ մրցանակի համար` մեկ միլիոն դրամ.
բ) ժանրային 1-ին մրցանակի համար` վեց հարյուր հազար դրամ.
գ) ժանրային 2-րդ մրցանակի համար` չորս հարյուր հազար դրամ.
դ) ժանրային 3-րդ մրցանակի համար` երկու հարյուր հազար դրամ:
4. Մրցանակը շնորհվում և հանձնվում է ամեն տարի, որպես կանոն, մրցանակի հավակնորդների ընտրության տարվան հաջորդող տարվա հունվարի 6-ին:
5. Մրցանակի հայցման ներկայացված ստեղծագործությունների քննարկման, մրցանակի հավակնորդների ընտրության և նրանց մրցանակ շնորհելու մասին առաջարկությունները Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացնելու նպատակով ամեն տարի մինչև մայիսի 31-ը Հայաստանի Հանրապետության Նախագահը կազմավորում է պետական գրական մրցանակների հարցերով հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով), որը գործում է մինչև մրցանակաբաշխության ավարտը:
6. Հանձնաժողովի անդամները, բացառությամբ հանձնաժողովի նախագահի, չեն կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել հանձնաժողովի կազմում:
7. Հանձնաժողովի անդամներն իրենց պարտականությունները կատարում են հասարակական հիմունքներով:
Տվյալ տարվա հանձնաժողովի անդամները այդ տարին չեն կարող ներկայացվել մրցանակի:
8. Հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման կարգը, ինչպես նաև մրցանակի հավակնորդների ընտրության չափանիշները և կարգը, մրցանակաբաշխություն անցկացնելու կարգը սահմանում է հանձնաժողովը:
9. Հանձնաժողովն իր կազմավորումից հետո 30-օրյա ժամկետում մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով տեղեկացնում է մրցանակաբաշխություն անցկացնելու, ինչպես նաև մրցանակի հայցման նպատակով առաջարկություններ ներկայացնելու մասին:
10. Մրցանակի շնորհման մասին առաջարկությունները հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության Նախագահին է ներկայացնում ոչ շուտ, քան տվյալ տարվա դեկտեմբերի 1-ը և ոչ ուշ, քան տվյալ տարվա դեկտեմբերի 15-ը:
11. Մրցանակի շնորհման մասին հանձնաժողովի առաջարկությունների հիման վրա մրցանակները շնորհում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` համապատասխան հրամանագրով:
12. Մրցանակը ստեղծագործության համահեղինակներին շնորհելու դեպքում մրցանակի մաս կազմող դրամական պարգևը հավասար բաշխվում է համահեղինակների միջև:
13. Մրցանակի արժանացած` մահացած դափնեկրի հուշանվերը և վկայագիրը հետմահու հանձնվում են նրա ընտանիքին, իսկ դրամական պարգևը փոխանցվում է նրա ժառանգներին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
14. Մրցանակի արժանացած անձանց մրցանակները հանձնում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` հանդիսավոր պայմաններում, որպես կանոն, Հայաստանի Հանրապետության Նախագահի նստավայրում: