Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 37-ՐԴ, 38-ՐԴ, 3...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 37-ՐԴ, 38-ՐԴ, 39-ՐԴ, 198-ՐԴ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վարչական դատարանի վճիռ            Վարչական գործ թիվ ՎԴ/3633/05/09

    Վարչական գործ թիվ ՎԴ/3633/05/09                             2011 թ.

Նախագահող դատավոր` Ա. Ղազարյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ե. Խունդկարյանի       

    մասնակցությամբ դատավորներ                 Մ. Դրմեյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի          

                                              Ե. Սողոմոնյանի

                                              

2011 թվականի մարտի 4-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 23.07.2010 թվականի վճռի դեմ` ըստ հայցի Ալեքսանդր Դերձակյանի ընդդեմ Կոմիտեի` միջամտող ոչ իրավաչափ վարչական ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին, ինչպես նաև ըստ Կոմիտեի հայցի ընդդեմ Ալեքսանդր Դերձակյանի` տուգանքի, պետական տուրքի գումարների բռնագանձման և մաքսային պարտավորության կատարմանը պարտավորեցնելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Ալեքսանդր Դերձակյանը պահանջել է անվավեր ճանաչել Կոմիտեի հետաքննության վարչության 05.06.2009 թվականի որոշումը:

Դիմելով դատարան` Կոմիտեն պահանջել է Ալեքսանդր Դերձակյանից բռնագանձել Կոմիտեի հետաքննության վարչության պետի 05.06.2009 թվականի որոշմամբ նշանակված վարչական տույժի և պետական տուրքի գումարները, նաև պարտավորեցնել կատարելու մաքսային պարտավորությունը:

ՀՀ վարչական դատարանի 13.08.2009 թվականի որոշմամբ նշված գործերը միացվել են մեկ վարույթում:

ՀՀ վարչական դատարանի 23.07.2010 (այսուհետ` Դատարան) թվականի վճռով Ալեքսանդր Դերձակյանի հայցը բավարարվել է, իսկ Կոմիտեի հայցը բավարարվել է մասնակիորեն: Վճռվել է անվավեր ճանաչել Կոմիտեի հետաքննության վարչության պետի 05.06.2009 թվականի` վարչական տույժ նշանակելու մասին որոշումը: Միաժամանակ, Ալեքսանդր Դերձակյանը պարտավորեցվել է ՀՀ մաքսային օրենսգրքի 40-րդ հոդվածի դրույթներին համապատասխան «Յագուար» մակնիշի ZZZ 500 պետհամարանիշի ավտոմեքենան վերահայտարարագրել «ներմուծում` ազատ շրջանառության համար» կամ «վերաներմուծում» մաքսային ռեժիմով: Կոմիտեի հայցը մնացած մասով մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վարչական դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ մաքսային օրենսգրքի 37-րդ, 38-րդ, 39-րդ, 198-րդ հոդվածների պահանջները, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վարչական դատարանի կողմից հաստատվել է այն փաստը, որ «Յագուար» մակնիշի ավտոմեքենան Ալեքսանդր Դերձակյանի կողմից հանձնվել է վարելու այլ անձի` Գեորգի Դերձակյանին: Սակայն մի շարք իրավական նորմերի վերլուծության արդյունքում Դատարանը եկել է այն եզրահանգման, որ «տրանսպորտային միջոցը միայն վարելու համար այլ անձի հանձնելը չի կարող դիտվել ՀՀ մաքսային օրենսգրքի 198-րդ հոդվածով սահմանված կանոնների խախտում»:

Դատարանը «հանձնել» հասկացությունը դիտարկել է երկու տեսանկյունից` ա) որպես ֆիզիկական գործողություն և բ) որպես իրավական կատեգորիա` իր հետևանքներով:

Դատարանը եկել է այն եզրահանգման, որ մաքսային հսկողության տակ գտնվող ապրանքների և տրանսպորտային միջոցների ֆիզիկական հանձնումը այլ անձանց, եթե չի խոչընդոտել մաքսային հսկողության և վերահսկողության իրականացմանը, չի հանգեցնում ՀՀ մաքսային օրենսգրքի 198-րդ հոդվածով նախատեսված մաքսային կանոնների խախտմանը: Ըստ Դատարանի` մաքսային կանոնների խախտում կարող է առաջացնել միայն այնպիսի հանձնումը, որը հանգեցնում է իրավական հետևանքի, մասնավորապես դժվարացնում կամ կարող է դժվարացնել «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքների նույնականացման գործընթացը` «վերաարտահանում» մաքսային ռեժիմով հայտարարագրելիս:

Վճռի պատճառաբանական մասում «հանձնման» հասկացությունը մեկնաբանելիս Դատարանն այն մեկնաբանել է յուրովի` մասնավորապես այդ գործողությունը կապելով որոշակի հետևանքների առաջացման հետ:

Դատարանն իր եզրահանգումներում սխալ մեկնաբանություն է տվել «հանձնման» գործողությանը նաև այն առումով, որ մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքներն ու տրանսպորտային միջոցները հենց այլ անձի հանձնելու փաստն ինքնին դժվարացնում է մաքսային հսկողության իրականացումը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 23.07.2010 թվականի վճիռը և այն փոփոխել` Կոմիտեի միջամտող ոչ իրավաչափ վարչական ակտն անվավեր ճանաչելու վերաբերյալ Ալեքսանդր Դերձակյանի հայցապահանջը մերժել, իսկ Կոմիտեի հայցը բավարարել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. Ալեքսանդր Դերձակյանը 18.04.2009 թվականին Բագրատաշենի մաքսային կետով F-20531 ԲՄՀ-ով «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով, 30 օր ժամկետով Հայաստանի Հանրապետության տարածք է ներմուծվել «Յագուար» մակնիշի ZZZ 500 պետհամարանիշի ավտոմեքենան (գ.թ.74, 75, 76):

2. «Յագուար» մակնիշի ZZZ 500 պետհամարանիշի ավտոմեքենան գտնվում է մաքսային հսկողության ներքո (գ.թ. 136-138):

3. Ալեքսանդր Դերձակյանի ավտոմեքենան վարել է նրա որդին` Գեորգի Դերձակյանը: Ալեքսանդր Դերձակյանի նկատմամբ 06.05.2009 թվականին Կոմիտեի հետաքննության վարչությունում կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն` ՀՀ մաքսային օրենսգրքի 198-րդ հոդվածի հատկանիշներով (գ.թ.31):

4. «Վարչական տույժ նշանակելու մասին» 05.06.2009 թվականի որոշմամբ Ալեքսանդր Դերձակյանը ճանաչվել է զանցառու` ՀՀ մաքսային օրենսգրքի 198-րդ հոդվածով և տուգանվել մաքսային հսկողության ներքո գտնվող և առանց մաքսային մարմնի թույլտվության այլ անձի հանձնած «Յագուար» մակնիշի ZZZ 500 պետհամարանիշի ավտոմեքենայի մաքսային արժեքի հիսուն տոկոսի չափով` 5.638.800 ՀՀ դրամ (գ.թ. 27-29):

5. Ալեքսանդր Դերձակյանը տրանսպորտային միջոցը սահմանված ժամկետում չի արտահանել, միևնույն ժամանակ այդ ապրանքն արտահանման համար սահմանված ժամկետի լրանալուն հաջորդող տասն օրվա ընթացքում չի վերահայտարարագրել «ներմուծում` ազատ շրջանառության համար» կամ «վերաներմուծում» մաքսային ռեժիմով:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ մաքսային օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմը կարգավորում է ապրանքների հետագա արտահանման պայմանով ներմուծումը Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք: Նույն օրենսգրքի 39-րդ հոդվածը սահմանում է, որ «ժամանակավոր ներմուծում» ռեժիմով ներմուծման ժամկետները հսկվում են մաքսային մարմինների կողմից:

ՀՀ մաքսային օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի համաձայն` Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքները և տրանսպորտային միջոցները, ըստ մաքսային ռեժիմների, գտնվում են մաքսային հսկողության տակ, ընդ որում «ժամանակավոր ներմուծում» և «ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» ռեժիմների դեպքում մաքսային հսկողության տակ են գտնվում ներմուծման պահից մինչև այլ մաքսային ռեժիմով բացթողնման պահը:

ՀՀ մաքսային օրենսգրքի 189-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` մաքսային կանոնների խախտում է համարվում անձի կողմից կատարված անօրինական գործողությունը կամ անգործությունը, որն ուղղված է Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ և մաքսային ոլորտին առնչվող Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային հսկողության և մաքսային ձևակերպման սահմանված կարգի դեմ, և որի համար նույն օրենսգրքով նախատեսված է պատասխանատվություն: Նույն հոդվածի 2-րդ կետը սահմանում է, որ ֆիզիկական և պաշտոնատար անձինք մաքսային կանոնները դիտավորյալ կամ անզգուշորեն խախտելու համար ենթակա են պատասխանատվության:

ՀՀ մաքսային օրենսգրքի 198-րդ հոդվածի համաձայն` մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքներն առանց մաքսային մարմնի թույլտվության հանձնելը, օտարելը, ոչնչացնելը կամ կորցնելը` առաջացնում է տուգանքի նշանակում` այդ ապրանքների մաքսային արժեքի հիսուն տոկոսի չափով:

Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է վերը նշված հոդվածների իրավական վերլուծությանը:

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ներքո ներմուծված ապրանքները և տրանսպորտային միջոցները ներմուծման պահից մինչև այլ մաքսային ռեժիմով բացթողնման պահը գտնվում են մաքսային հսկողության տակ, և այդ ժամանակահատվածում առանց մաքսային մարմնի թույլտվության նշված ապրանքները կամ տրանսպորտային միջոցներն այլ անձի հանձնելը որակվում է մաքսային կանոնների խախտում, և նման իրավախախտում կատարած անձը ենթակա է պատասխանատվության ապրանքների կամ տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի հիսուն տոկոսի չափով տուգանքի տեսքով (տես` Արթուր Մարտիրոսյանի հայցն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի` կոմիտեի հետաքննության և իրավաբանական վարչության պետի «Վարչական տույժ նշանակելու մասին» 10.07.2008 թվականի որոշումն անվավեր ճանաչելու, ավտոմենքենան «Ապավեն» ՍՊԸ-ի մաքսային պահեստ հանձնելու հետևանքով մեքենայի պահպանության արժեքը վճարելուց ազատելու պահանջների մասին, ինչպես նաև Կոմիտեի հայցն ընդդեմ Արթուր Մարտիրոսյանի` տուգանքի և պետական տուրքի գումարները բռնագանձելու պահանջի մասին վարչական գործով Վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի թիվ ՎԴ/4709/05/08 որոշումը):

Սույն գործի փաստերից հետևում է, որ Ալեքսանդր Դերձակյանը Հայաստանի Հանրապետության տարածք է ներմուծել «Յագուար» մակնիշի ZZZ 500 պետհամարանիշի ավտոմեքենան, որը 22.04.2009 թվականին` ժամը 19.00-ի սահմաններում, գտնվել է քաղաքացի Գեորգի Դերձակյանի տիրապետման ներքո, ինչն էլ պարզվել է ՀՀ ոստիկանության պետավտոտեսչության և Կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների համատեղ միջոցառումների իրականացման ժամանակ: Գործում առկա Գեորգի Դերձակյանի կողմից տրված 25.04.2009 թվականի բացատրության համաձայն` Գեորգի Դերձակյանն ունեցել է հոր` Ալեքսանդր Դերձակյանի կողմից տրված հավատարմագիր:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Ալեքսանդր Դերձակյանի կողմից ՀՀ մաքսային օրենսգրքի 198-րդ հոդվածով նախատեսված զանցանք կատարած լինելու փաստը հաստատված համարելու համար անհրաժեշտ է պարզել, թե արդյոք Ալեքսանդր Դերձակյանի կողմից «Յագուար» մակնիշի ZZZ 500 պետհամարանիշի ավտոմեքենան հանձնվել է Գեորգի Դերձակյանին, թե` ոչ:

Սույն գործով Դատարանը, պատճառաբանելով, որ Ալեքսանդր Դերձակյանի կողմից ավտոմեքենան Գեորգի Դերձակյանին միայն վարելու համար հանձնելը չի կարող դիտարկվել որպես մաքսային կանոնների խախտում, քանի որ հանձնման այդ եղանակով մաքսային մարմինների համար մաքսային հսկողության տակ գտնվող ապրանքի նկատմամբ մաքսային հսկողություն իրականացնելու հարցում որևէ խոչընդոտ չի հարուցվել, այն դուրս չի եկել մաքսային մարմնի վերահսկողությունից, քանի որ, թե այն ժամանակ, և թե ներկայումս տրանսպորտային միջոցը գտնվել և գտնվում է ՀՀ մաքսային տարածքում և ՀՀ մաքսային մարմինների վերահսկողության ներքո, գտել է, որ այդ հանձնումը համարվում է ֆիզիկական գործողություն և չի կարող առաջացնել ՀՀ մաքսային օրենսգրքի 198-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվություն:

Միաժամանակ, Դատարանն արձանագրել է, որ եթե ավտոտրանսպորատային միջոցների հանձնումը չի խոչընդոտում ՀՀ մաքսային օրենսգրքի 138-րդ և 139-րդ հոդվածների կանոնակարգումների համադրմամբ մաքսային մարմինների կողմից իրականացվող մաքսային հսկողության իրականացմանը, ապա այդ հանձնումը համարվում է ֆիզիկական գործողություն և չի կարող առաջացնել 198-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվություն:

Բացի այդ, Դատարանը նշել է, որ տրանսպորտային միջոցներն առանց մաքսային մարմնի թույլտվության մասնակի կամ ամբողջությամբ հանձնելն այլ անձի կդիտարկվի խախտում միայն այդ հանձնմամբ մաքսային հսկողության տակ գտնվող ապրանքի մաքսային մարմնի վերահսկողությունից դուրս մնալու պարագայում: Հակառակ դեպքում փոխադրամիջոցների խափանման դեպքում տեխսպասարկման կետի արհեստավորին հանձնելը կամ կայանման նպատակով գիշերային ավտոկայանատեղիի պահակին հանձնելը, կամ ավտոլվացման կետի աշխատակցին հանձնելը (ֆիզիկական հանձնում) ևս կհամարվի խախտում, իսկ այդպիսի մոտեցումը կհակասի ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ քաղաքացիական օրենսգրքով երաշխավորված գույքը պահպանելու, օգտագործելու և տնօրինելու կանոններին:

ՀՀ մաքսային օրենսգրքի 2-րդ հոդվածի «ժգ» կետի համաձայն` մաքսային հսկողություն է համարվում Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով, ինչպես նաև միջազգային պայմանագրերով ամրագրված դրույթների պահպանման նպատակով մաքսային մարմինների կողմից իրականացվող միջոցառումների համակարգը:

ՀՀ մաքսային օրենսգրքի 138-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխման կարգի պահպանումն ապահովելու նպատակով իրականացվում է մաքսային հսկողություն: Մաքսային հսկողության ենթակա են Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող բոլոր ապրանքներն ու տրանսպորտային միջոցները, եթե սույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` մաքսային հսկողությունն իրականացվում է մաքսային մարմինների պաշտոնատար անձանց կողմից`

ա) մաքսային նպատակներով անհրաժեշտ տեղեկությունների և փաստաթղթերի ստուգմամբ.

բ) մաքսային զննմամբ (ապրանքների և տրանսպորտային միջոցների զննում, անձի քննում` որպես մաքսային հսկողության առանձնահատուկ ձև).

գ) ապրանքների և տրանսպորտային միջոցների հաշվառմամբ.

դ) ֆիզիկական անձանց բանավոր հարցմամբ.

ե) հաշվառման և հաշվետվության համակարգերի կիրառման ստուգմամբ.

զ) մաքսային պահեստների, ազատ մաքսային պահեստների և ազատ տնտեսական գոտիների, անմաքս առևտրի խանութների, մաքսային հսկողության գոտիների և այլ շինությունների ու տարածքների զննմամբ, որտեղ կարող են գտնվել մաքսային հսկողության ենթակա ապրանքներ և տրանսպորտային միջոցներ կամ իրականացվել այնպիսի գործողություններ, որոնք ենթակա են մաքսային հսկողության.

է) մաքսային ապահովումների կիրառմամբ.

ը) օրենքով նախատեսված հսկողության այլ ձևերով.

թ) ապրանքների և տրանսպորտային միջոցների հետբացթողումային հսկողությամբ:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մաքսային հսկողության իրականացումը նպատակ ունի ապահովել Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով, ինչպես նաև միջազգային պայմանագրերով ամրագրված դրույթների պահպանումը, ինչպես նաև պահպանել ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխման կարգը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օրենսդիրը, ՀՀ մաքսային օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի ուժով ամրագրելով, որ «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով գրանցված տրանսպորտային միջոցները ներմուծման պահից մինչև այլ մաքսային ռեժիմով բացթողնման պահը գտնվում են մաքսային հսկողության տակ, միաժամանակ ՀՀ մաքսային օրենսգրքի 198-րդ հոդվածով սահմանել է արգելք, այն է` մաքսային հսկողության տակ գտնվող տրանսպորտային միջոցն առանց մաքսային մարմնի թույլտվության այլ անձի չհանձնելու տեսքով:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մաքսային հսկողության ապահովմանն ուղղված իրավական ակտով նախատեսված պահանջ է նաև ՀՀ մաքսային օրենսգրքի 198-րդ հոդվածով նախատեսված` մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքներն առանց մաքսային մարմնի թույլտվության հանձնելու արգելքը:

Այսինքն` օրենսդրորեն տվյալ նորմով սահմանվել է կանոն, ըստ որի` «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքները և տրանսպորտային միջոցներն իրավունք ունի փաստացի տիրապետել և օգտագործել միայն այն անձը, որը ստացել է թույլտվություն ապրանքները և տրանսպորտային միջոցները տվյալ ռեժիմով ներմուծելու համար: Ընդ որում, տվյալ նորմի պահպանման նպատակով էլ իրականացվում է մաքսային հսկողություն:

Ինչ վերաբերում է Դատարանի վճռի հիմքում դրված այն հանգամանքին, որ եթե ավտոտրանսպորատային միջոցների հանձնումը չի խոչընդոտում ՀՀ մաքսային օրենսգրքի 138-րդ հոդվածով նախատեսված մաքսային մարմինների կողմից իրականացվող մաքսային հսկողության իրականացմանը, այդ հանձնումը համարվում է ֆիզիկական գործողություն և չի կարող առաջացնել նույն օրենսգրքի 198-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվություն, ապա Վճռաբեկ դատարանն այն անհիմն է համարում, քանի որ օրենսդիրը ՀՀ մաքսային օրենսգրքի 138-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանել է մաքսային հսկողության իրականացման ձևերը, այլ ոչ թե մաքսային հսկողության նպատակը և խնդիրները: Հետևաբար, անհիմն է Դատարանի պատճառաբանությունը, որով մաքսային հսկողության իրականացումը և դրա խախտման համար նախատեսված պատասխանատվության առաջացումը կախվածության մեջ է դնում ՀՀ մաքսային օրենսգրքի 138-րդ հոդվածով նախատեսված մաքսային հսկողության ձևերի իրականացման հետ:

Հիմք ընդունելով վերոգրյալը և սույն գործի փաստերը համադրելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Ալեքսանդր Դերձակյանը, «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ներմուծած «Յագուար» մակնիշի ZZZ 500 պետհամարանիշի ավտոմեքենան հավատարմագրով 22.04.2009 թվականին առանց մաքսային մարմնի թույլտվության հանձնելով որդու` Գեորգի Դերձակյանի փաստացի տիրապետմանը և օգտագործմանը, թույլ է տվել ՀՀ մաքսային օրենսգրքի 198-րդ հոդվածով սահմանված խախտում:

Ինչ վերաբերում է Դատարանի այն փաստարկին, որ հակառակ դեպքում փոխադրամիջոցների խափանման դեպքում տեխսպասարկման կետի արհեստավորին հանձնելը կամ կայանման նպատակով գիշերային ավտոկայանատեղիի պահակին հանձնելը կամ ավտոլվացման կետի աշխատակցին հանձնելը (ֆիզիկական հանձնում) ՀՀ մաքսային օրենսգրքի 198-րդ հոդվածի ուժով նույնպես կհամարվի խախտում, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված նպատակներով ապրանքների և տրանսպորտային միջոցների հանձնումը ՀՀ մաքսային օրենսգրքի 198-րդ հոդվածի ուժով «հանձնում» չէ և չի առաջացնում օրենքով նախատեսված պատասխանատվություն, քանի որ նման գործողություններով ավտոմեքենան ներմուծողը ավտոմեքենան չի հանձնում այլ անձի տիրապետմանը և օգտագործմանը:

Բացի այդ, ՀՀ մաքսային օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմը կարգավորում է ապրանքների հետագա արտահանման պայմանով ներմուծումը Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք:

ՀՀ մաքսային օրենսգրքի 38-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժամանակավոր ներմուծումը թույլատրվում է պայմանով, որ ապրանքները կարող են նույնականացվել մաքսային մարմնի կողմից «վերաարտահանում» մաքսային ռեժիմով դրանց հետագա արտահանման ժամանակ:

Վերը նշված հոդվածներից հետևում է, որ «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմը կոչված է ապահովելու ներմուծված ապրանքների հետագա արտահանումը, որի համար էլ ներմուծման ժամկետները հսկվում են մաքսային մարմինների կողմից: Ընդ որում, տվյալ ռեժիմով ներմուծված ապրանքները պետք է գտնվեն անփոփոխ վիճակում (բացառությամբ` օգտագործման կամ պահպանման կամ տեղափոխման հետևանքով բնական մաշվածության կամ բնական կորստի), որը հնարավորություն կտա ապահովել այդ ապրանքների նույնականացումը մաքսային մարմինների կողմից:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հայտարարատուի կողմից ներմուծված ապրանքների պահպանվածությունն ապահովելու համար թույլատրվում է այդ ապրանքները ժամանակավոր այլ անձանց հանձնել առանց մաքսային մարմինների թույլտվության: Մասնավորապես, ապրանքները բարվոք վիճակում պահպանելու համար ներմուծված ապրանքներն առանց մաքսային մարմնի թույլտվության կարող են հանձվել տվյալ ապրանքների սարքին լինելու հանգամանքը պարզելու համար տեխնիկական սպասարկման, վերանորոգման կետեր, ավտոլվացման կետեր կամ կարող են կայանման նպատակով գիշերային ավտոկայանատեղիի պահակին հանձնել, որը նույնպես չի կարող գնահատվել ներմուծողի կողմից ավտոմեքենան այլ անձի տիրապետմանը և օգտագործմանը հանձնում:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 28.10.2010 թվականի թիվ ՀՕ-135-Ն ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-228-րդ հոդվածների ուժով Դատարանի վճիռը մասնակիորեն բեկանելու համար:

Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն գործով Ալեքսանդր Դերձակյանը վարչական ակտը վիճարկել է նաև նշանակված վարչական վարույթին պատշաճ ձևով ծանուցված չլինելու հիմքով, ինչպես նաև ավտոմեքենայի մաքսային արժեքի չափի հետ համաձայն չլինելու հիմքով և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Դատարանը չի անդրադարձել Ալեքսանդր Դերձակյանի հայցի վերը նշված հիմքերին, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործը պետք է ուղարկել նոր քննության` վերոնշյալ հանգամանքները պարզելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2 -րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 23.07.2010 թվականի վճռի` Ալեքսանդր Դերձակյանի հայցը բավարարելու մասը և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հայցը մերժելու մասը և գործն այդ մասերով ուղարկել նույն դատարան` նոր քննության: Վճռի մնացած մասը թողնել օրինական ուժի մեջ:

2. Պետական տուրքի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ե. Խունդկարյան

Դատավորներ` Մ. Դրմեյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
04.03.2011
N ՎԴ/3633/05/09
Որոշում