ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ՇԴ/0526/02/10
դատարանի որոշում 2011 թ.
Քաղաքացիական գործ թիվ ՇԴ/0526/02/10
Նախագահող դատավոր` Տ. Սահակյան
Դատավորներ` Կ. Հակոբյան
Տ. Նազարյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Է. Հայրիյանի
Վ. Աբելյանի
Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
Ա. Բարսեղյանի
Մ. Դրմեյանի
Գ. Հակոբյանի
Տ. Պետրոսյանի
Ե. Սողոմոնյանի
2011 թվականի մարտի 4-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ՌԴ ՊՆ Գյումրու շրջանի բնակարանային շահագործման մասի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.11.2010 թվականի որոշման դեմ` ըստ ՌԴ ՊՆ Գյումրու շրջանի բնակարանային շահագործման մասի հայցի ընդդեմ Ֆերդինանտ, Անահիտ, Մարինե և Արմենուհի Մելիքյանների` բնակարանից վտարելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` ՌԴ ՊՆ Գյումրու շրջանի բնակարանային շահագործման մասը պահանջել է Ֆերդինանտ, Անահիտ, Մարինե և Արմենուհի Մելիքյաններին վտարել Գյումրու Շիրակացի փողոցի 8-րդ զինվորական թաղամասի 18-րդ շենքի թիվ 41 հասցեում գտնվող ծառայողական բնակարանից:
ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 10.08.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն: Վճռվել է Ֆերդինանտ, Անահիտ և Մարինե Մելիքյաններին վտարել Գյումրու Շիրակացի փողոցի 8-րդ զինվորական թաղամասի 18-րդ շենքի թիվ 41 բնակարանից, իսկ Արմենուհի Մելիքյանի մասով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 19.11.2010 թվականի որոշմամբ ՌԴ ՊՆ Գյումրու շրջանի բնակարանային շահագործման մասի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 10.08.2010 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՌԴ ՊՆ Գյումրու շրջանի բնակարանային շահագործման մասը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև կնքված «Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսական զինվորական բազայի տեղակայման հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերով» համաձայնագրի 1-ին, 15-րդ հոդվածները, Ռուսաստանի Դաշնության կառավարության 29.08.2005 թվականի «Բնակարանային տարածքների և կոմունալ ծառայությունների վճարման Դաշնային չափանիշների մասին» թիվ 541-րդ որոշման, ՌԴ բնակարանային օրենսգրքի 50-րդ, 53-րդ հոդվածները, «Զինծառայողների կարգավիճակի մասին» ՌԴ օրենքի 15-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը պատշաճ գնահատական չի տվել այն հանգամանքին, որ վիճելի բնակարանը ծառայողական բնակարան է, և զինվորականը զինծառայությունից զորացրվելու դեպքում ազատում է ծառայողական բնակարանը:
Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ զինծառայող Ֆերդինանտ Մելիքյանին զինծառայությունից զորացրվելու կապակցությամբ հատկացվել է բնակարան և կնոջը` Արմենուհի Մելիքյանին, բնակարան չհատկացնելու պարագայում վերջինս օրենքով սահմանված կարգով երբևէ չի բողոքարկել և չի իրականացրել իր շահերի դատական պաշտպանություն: Ավելին, Արմենուհի Մելիքյանը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի չէ:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 19.11.2010 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1. Գյումրու Շիրակացի փողոցի թիվ 8 զինվորական թաղամասում գտնվող անշարժ գույքն օգտագործման իրավունքով տրամադրվել է ՀՀ տարածքում տեղակայված Ռուսաստանի զինվորական բազային (գ.թ.8):
2. ԽՍՍՀ պաշտպանության նախարարության Լենինականի շրջանի ՌԶԱԽ զինվորական տարածաշրջանի 05.03.1992 թվականի թիվ 43 օրդերի համաձայն` Գյումրու Շիրակացի փողոցի 8-րդ զինվորական թաղամասի 18-րդ շենքի թիվ 41` 30 քմ ընդհանուր մակերեսով երկուսենյականոց բնակարանը տրամադրվել է կապիտան Ֆերդինանտ Մելիքյանին` ընտանիքի 4 անձի հետ: Օրդերում ընտանիքի կազմում նշված են կինը` Ա. Վ. Մելիքյանը, դուստրերը` Անաիդա և Մարինե Մելիքյանները (գ.թ.5):
3. ՌԴ դաշտային փոստ 04436 զորամասի բնակարանային հանձնաժողովի նիստի թիվ 9 արձանագրության քաղվածքի համաձայն` հանձնաժողովը որոշել է սահմանային տարիքի հասնելու պատճառով զորացրվելու կապակցությամբ փոխգնդապետ Ֆերդինանտ Մելիքյանին ճանաչել բնակարանի կարիքավոր ՌԴ տարածքում` Լենինգրադի մարզի Պուշկին քաղաքում և վերցնել հաշվառման` ընտանիքի անդամների 4 անձով (գ.թ.6):
4. ՌԴ դաշտային փոստ 04436 զորամասի բնակարանային հանձնաժողովի 12.05.2009 թվականի նիստի թիվ 9 արձանագրության համաձայն` հանձնաժողովը որոշել է փոխգնդապետ Ֆ.Մելիքյանին ճանաչել բնակարանի կարիքավոր ՌԴ տարածքում` պետական բնակարանային հավաստագրերի իրացման ճանապարհով և չորս անձից բաղկացած ընտանիքի համար հատկացնել Իվանովո քաղաքի HP-128 երկուսենյականոց բնակարանը (գ.թ.82-83):
5. ՌԴ տարածքում դաշտային փոստ 04436 զինվորական մասին հատկացված բնակելի տարածքի վերաբերյալ ցուցակի բնակարանային բաշխման հանձնաժողովի 24.04.2009 թվականի թիվ 8 արձանագրության համաձայն` փոխգնդապետ Ֆերդինանտ Մելիքյանին ընտանիքի 3 անձի հետ հատկացվել է ՌԴ Իվանովո քաղաքի Մոսկովյան միկրոշրջանի 4-րդ շենքի թիվ 128` 60,2 քմ ընդհանուր մակերեսով երկուսենյականոց բնակարանը (գ.թ.7):
6. 17.06.2009 թվականի համաձայնագրով Ֆերդինանտ Մելիքյանը համաձայնվել է առանց կնոջ ստանալ երկուսենյականոց բնակարան` Իվանովո քաղաքում, Մոսկովյան միկրոշրջան, HP-128, տուն 4, իր 3 անձից բաղկացած ընտանիքի համար (գ.թ.15):
7. Ֆերդինանտ Մելիքյանի և ՌԴ ՊՆ Գյումրու շրջանի բնակարանային շահագործման զորամասի միջև 07.09.2009 թվականին կնքվել է բնակելի տարածքը հանձնելու մասին պարտավորագիր, որով Ֆերդինանտ Մելիքյանը պարտավորվել է հանձնել ՌԴ տարածքում` Իվանովո քաղաքում, բնակարան հատկացնելու կապակցությամբ Գյումրու Շիրակացի փողոցի 8-րդ զինվորական թաղամասի 18-րդ շենքի թիվ 41 հասցեում գտնվող երկուսենյականոց ծառայողական բնակարանը, որը զբաղեցրել է 05.03.1998 թ. թիվ 43 օրդերի հիման վրա: Միաժամանակ, Ֆերդինանտ Մելիքյանը պարտավորվել է Իվանովոյի բնակշահագործման զորամասի հետ սոցիալական վարձակալության պայմանագիր կնքելու պահից երկշաբաթյա ժամկետում ազատել նրա հետ բնակվող ընտանիքի բոլոր անդամների հետ միասին և օրենքով սահմանված կարգով հանձնել բնակարանը: Ֆերդինանտ Մելիքյանը պարտավորվել է նաև նշված պայմանագիրը կնքելու պահից սկսած չսեփականաշնորհել նշված բնակարանը, բնակարանն այլ անձանց բնակության համար չտրամադրել, կատարել բոլոր կոմունալ վճարները և մուծել բնակվարձը: ՌԴ ՊՆ Գյումրու շրջանի բնակարանային շահագործման մասը պարտավորվել է նշված պարտավորագրում սահմանված ժամկետում Ֆերդինանտ Մելիքյանից ընդունել զբաղեցրած բնակելի տարածքը և տրամադրել տեղեկանք` բնակելի տարածքը հանձնելու վերաբերյալ: Վերոգրյալի վերաբերյալ ստորագրություններով իրենց համաձայնությունն են տվել նաև Ֆերդինանտ Մելիքյանի հետ համատեղ բնակվող ընտանիքի չափահաս անդամները` կինը` Արմենուհի Վոլոդյայի Մելիքյանը, դստրերը` Անահիտ և Մարինե Ֆերդինանտի Մելիքյանները (գ.թ.9):
8. Արմենուհի Մելիքյանը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է (գ.թ.13):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև 26.01.1996 թվականին կնքված «Ռուսական զինվորական բազայի կազմի մեջ մտնող անձանց և նրանց ընտանիքի անդամների բնակելի տարածքի ապահովման և օգտագործման մասին» համաձայնագրի 1-ին հոդվածի համաձայն` հայկական կողմն անհատույց պահպանում է ռուսական զինվորական բազայի իրավունքը օգտագործելու Համաձայնագրի ստորագրման պահին ռուսական զինվորական բազային կցված բնակարանային ֆոնդը: Տվյալ բնակելի տարածքը ծառայողական է և ենթակա չէ սեփականաշնորհման, վաճառքի և փոխանակման: Բնակելի տարածքի հաշվառումը, ինչպես նաև դրա օգտագործման կարգը հանձնարարված են ռուսական զինվորական բազայի հրամանատարությանը:
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև 29.08.1997 թվականին կնքված «Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսական զինվորական բազայի տեղակայման հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերով» համաձայնագրի 15-րդ հոդվածի համաձայն` ռուսական զինվորական բազայի ներքին գործունեությունը կարգավորվում է ՌԴ օրենսդրությամբ: Նույն Համաձայնագրի 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ՀՀ դատարանների կողմից ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կայացվում են վճիռներ` կապված պայմանագրային հարաբերություններից և պարտավորություններից բխող պահանջներով ռուսական զինվորական բազայի, նրա կազմի մեջ մտնող անձանց և այդ անձանց ընտանիքի անդամների ու ՀՀ հիմնարկների և քաղաքացիների միջև վնասի հատուցման պահանջով:
ՌԴ բնակարանային օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ծառայողական բնակելի տարածությունները քաղաքացիներին տրամադրվում են առանձին բնակարանների տեսքով: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` ծառայողական բնակելի տարածության վարձակալության պայմանագիրը կնքվում է աշխատանքային հարաբերությունների, ծառայության կամ Ռուսաստանի Դաշնության կամ Ռուսաստանի Դաշնության սուբյեկտի պետական պաշտոն կամ ընտրովի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածում: Աշխատանքային հարաբերությունների կամ Ռուսաստանի Դաշնության կամ Ռուսաստանի Դաշնության սուբյեկտի պետական պաշտոն կամ ընտրովի պաշտոն զբաղեցնելու դադարումը կամ ծառայությունից զորացրվելը ծառայողական բնակելի տարածության վարձակալության պայմանագրի դադարման հիմք է:
«Զինծառայողների կարգավիճակի մասին» ՌԴ օրենքի 15-րդ հոդվածի 14-րդ կետի համաձայն` 10 տարի և ավելի զինվորական ծառայություն անցած զինծառայող քաղաքացիներին և նրանց ընտանիքի անդամներին` զինվորական ծառայության սահմանային տարիքին հասնելու, առողջական վիճակի կամ կազմակերպական-հաստիքային միջոցառումների կապակցությամբ զինվորական ծառայությունից զորացրվելուց հետո բնակելի տարածքներով ապահովելը բնակության վայրը փոխելու դեպքում կատարվում է գործադիր իշխանության դաշնային մարմինների կողմից, որոնցում նախատեսված է զինվորական ծառայությունը, դաշնային բյուջեի` բնակելի տարածքի շինարարության և ձեռքբերման համար նախատեսված միջոցների հաշվին, այդ թվում պետական բնակարանային հավաստագրերի տրամադրման միջոցով: Այս պայմանով բնակելի տարածքների ապահովման իրավունքը նշված քաղաքացիներին տրվում է մեկ անգամ: Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությանը (կամ գործադիր իշխանության այլ դաշնային մարմնին, որում դաշնային օրենքով զինվորական ծառայություն է նախատեսված) նախկին բնակության վայրում բնակելի տարածքների հանձնման և հաշվառումից դուրս գալու մասին փաստաթղթերը տվյալ քաղաքացիների և նրանց հետ համատեղ ապրող ընտանիքի անդամների կողմից իրականացվում են նոր ընտրված բնակության վայրում բնակարան ստանալուց հետո:
ՌԴ բնակարանային օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` սույն օրենսգրքով, դաշնային այլ օրենքներով, պայմանագրով կամ դատարանի վճռի հիման վրա քաղաքացու բնակելի տարածության օգտագործման իրավունքի դադարման դեպքում տվյալ քաղաքացին պարտավոր է ազատել համապատասխան բնակելի տարածությունը (դադարել օգտագործել այն): Եթե տվյալ քաղաքացին բնակելի տարածության սեփականատիրոջ կողմից նշված ժամկետում չի ազատում բնակելի տարածությունը, նա սեփականատիրոջ պահանջով ենթակա է վտարման դատարանի վճռի հիման վրա:
ՌԴ բնակարանային օրենսգրքի 49-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` սոցիալական վարձակալության պայմանագրով հատկացվում է պետական կամ համայնքային բնակարանային ֆոնդի բնակելի տարածք, իսկ 5-րդ մասի համաձայն` սոցիալական վարձակալության պայմանագրով բնակելի տարածքները չեն հատկացվում օտարերկրյա քաղաքացիներին, քաղաքացիություն չունեցող անձանց, եթե այլ բան չի նախատեսված Ռուսաստանի Դաշնության միջազգային պայմանագրով:
Սույն գործի փաստերի համաձայն` Գյումրու Շիրակացի փողոցի 8-րդ զինվորական թաղամասի 18-րդ շենքի թիվ 41` 30 քմ ընդհանուր մակերեսով երկուսենյականոց բնակարանը տրամադրվել է զինծառայող կապիտան Ֆերդինանտ Մելիքյանին` ընտանիքի 4 անձի հետ, այդ թվում նաև կնոջ` Արմենուհի Մելիքյանի հետ, որպես ծառայողական բնակարան: Ավելին վերը նշված նորմերի հիման վրա` սահմանային տարիքի հասնելու պատճառով զինվորական ծառայությունից զորացրվելու կապակցությամբ փոխգնդապետ Ֆերդինանտ Մելիքյանին և նրա ընտանիքի անդամներ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ համարվող անձանց տրամադրվել է բնակարան ՌԴ տարածքում:
Վերաքննիչ դատարանն Արմենուհի Մելիքյանի մասով վերաքննիչ բողոքը մերժելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ ««Զինծառայողների կարգավիճակի մասին» ՌԴ օրենքի 15-րդ հոդվածի 14-րդ կետի համաձայն` Ֆերդինանտ Մելիքյանի զինվորական ծառայությունից զորացրվելուց հետո բնակելի տարածքներով պետք է ապահովվեր ինչպես Ֆ. Մելիքյանը, այնպես էլ նրա ընտանիքի անդամները, այդ թվում և նրա հետ համատեղ բնակվող կինը` պատասխանող Արմենուհի Մելիքյանը, անկախ վերջինիս ՌԴ քաղաքացի չհանդիսանալու հանգամանքից»:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ ՌԴ բնակարանային օրենսգրքի 49-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` սոցիալական վարձակալության պայմանագրով բնակելի տարածքները չեն հատկացվում օտարերկրյա քաղաքացիներին, քաղաքացիություն չունեցող անձանց, եթե այլ բան չի նախատեսված Ռուսաստանի Դաշնության միջազգային պայմանագրով: Այսինքն` ելնելով ՌԴ բնակարանային օրենսգրքի 49-րդ հոդվածի 5-րդ մասի տրամաբանությունից «Զինծառայողների կարգավիճակի մասին» ՌԴ օրենքի 15-րդ հոդվածի 14-րդ կետը տարածվում է զինվորական ծառայությունից զորացրվող զինծառայողի ընտանիքի այն անդամների նկատմամբ, ովքեր Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են: Մինչդեռ, զինվորական ծառայությունից զորացրված զինծառայող կապիտան Ֆերդինանտ Մելիքյանի ընտանիքի անդամ կինը` Արմենուհի Մելիքյանը, ՌԴ քաղաքացի չէ: Հետևաբար, Ֆերդինանտ Մելիքյանի ծառայությունից զորացրվելու պարագայում ծառայողական բնակարանը Արմենուհի Մելիքյանի կողմից ազատելու հիմք է:
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից սխալ է մեկնաբանվել ՌԴ բնակարանային օրենսգրքի 49-րդ հոդվածի 5-րդ մասը և «Զինծառայողների կարգավիճակի մասին» ՌԴ օրենքի 15-րդ հոդվածի 14-րդ կետը:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.11.2010 թվականի որոշման` ՌԴ ՊՆ Գյումրու շրջանի բնակարանային շահագործման մասի հայցը մերժելու մասը և այդ մասով գործն ուղարկել ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.11.2010 թվականի որոշման մնացած մասը թողնել օրինական ուժի մեջ:
2. Պետական տուրքի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության արդյունքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Է. Հայրիյան
Վ. Աբելյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան