(ուժը կորցրել է 22.12.16 թիվ 1384-Ն որոշում)
i
040.0431.260411
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
14 ապրիլի 2011 թվականի N 431-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերի, 11-րդ հոդվածի 1-ին կետի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2011 թվականի ապրիլի 14-ի
N 431-Ն որոշման
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (այսուհետ` նախարարություն) աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչությունը (այսուհետ` տեսչություն) նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում է, որն օրենքով նախատեսված դեպքերում իրականացնում է վերահսկողական գործառույթներ` նախարարությանը վերապահված իրավասությունների սահմաններում և արդյունքների հիման վրա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին (այսուհետ` նախարար) ներկայացնում է առաջարկություններ պատասխանատվություն կիրառելու վերաբերյալ` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից:
2. Տեսչությունն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Տեսչությունը գործում է իր կանոնադրության համաձայն, որը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` նախարարի ներկայացմամբ:
3. Տեսչության լիազորությունները սահմանվում են օրենքով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
4. Տեսչությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:
5. Տեսչությունն օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:
6. Տեսչությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:
II. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
7. Տեսչության նպատակները և խնդիրներն են Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով նախարարությանը վերապահված իրավասությունների սահմաններում`
1) նախարարության առանձնացված ստորաբաժանումների կողմից օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների կատարման ապահովումը.
2) նոտարների և քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների կողմից օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների կատարման ապահովումը.
3) առանձին ոչ առևտրային կազմակերպությունների կողմից օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների կատարման ապահովումը, ֆինանսական գործունեության թափանցիկության բարձրացումը.
4) դատավորի նկատմամբ օրենքով սահմանված կարգով կարգապահական վարույթ հարուցելու և նախարարի լիազորության իրականացման ապահովումը.
5) քաղաքացիների ընդունելության կազմակերպումը, դիմումներին և բողոքներին օրենքով սահմանված կարգով ընթացք տալու ապահովումը.
6) Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով նախարարությանը և նախարարին վերապահված այլ վերահսկողական լիազորությունների իրականացման ապահովումը:
III. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
i
8. Տեսչությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար իրականացնում է հետևյալ գործառույթները`
1) օրենքով սահմանված կարգով և դեպքերում ուսումնասիրում, ստուգում և ամփոփում է նոտարների գործունեությունը, վերահսկողության արդյունքներով նախարարին ներկայացնում է առաջարկություններ նոտարի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ.
2) օրենքով սահմանված դեպքերում և կարգով միջնորդում է նախարարին նոտարի գործունեությունը կասեցնելու վերաբերյալ.
3) օրենքով սահմանված կարգով և դեպքերում իրականացում է վերահսկողություն Նոտարական պալատի կողմից օրենքների և այլ իրավական ակտերի ու Նոտարական պալատի կանոնադրական պահանջների պահպանման նկատմամբ.
4) օրենքով սահմանված կարգով և դեպքերում իրականացնում է կազմակերպությունների իրազեկում, ընդունում է օրենքով սահմանված ծանուցումներ, տեղեկանքներ, հաշվետվություններ և այլ փաստաթղթեր.
5) օրենքով սահմանված կարգով և դեպքերում իրավաբանական անձին նախազգուշացնում է օրենքների պահանջների հայտնաբերված խախտումների վերացման վերաբերյալ` հայտնաբերված խախտումների վերացման կարգի և ժամկետների վերաբերյալ առաջարկությամբ.
6) օրենքով սահմանված կարգով և դեպքերում` Հայաստանի Հանրապետությունում գործող իրավական ակտերի պահանջների կատարումն ապահովելու նպատակով կազմակերպություններում իրականացնում է հսկողություն, վերահսկողություն, այդ թվում` ստուգումներ.
7) օրենքով սահմանված կարգով և դեպքերում ներկայացնում է կազմակերպությունների գործունեության կասեցման, ինչպես նաև լուծարման պահանջ և կիրառում է պատասխանատվության միջոցներ.
8) օրենքով սահմանված կարգով և դեպքերում իրականացնում է վերահսկողություն քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների կողմից օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների պահպանման նկատմամբ.
8.1) օրենքով սահմանված կարգով և դեպքերում իրականացնում է վերահսկողություն իրավաբանական անձանց պետական գրանցում, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառում իրականացնող մարմնի կողմից օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների պահպանման նկատմամբ.
9) իրականացնում է վերահսկողություն դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության գործունեության ընթացքում օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների պահպանման նկատմամբ, ներկայացնում է առաջարկություն հարկադիր կատարողին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ.
10) իրականացնում է վերահսկողություն քրեակատարողական ծառայության գործունեության ընթացքում օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների պահպանման նկատմամբ, ներկայացնում է առաջարկություն քրեակատարողական ծառայողին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ.
11) նախարարի հանձնարարությամբ` օրենքով սահմանված դեպքերում և կարգով անցկացնում է ծառայողական քննություններ.
12) նախապատրաստում է դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի նյութերը.
13) իրականացնում է քաղաքացիների ընդունելություն, քննարկում և վերլուծում է նոտարների, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների, հարկադիր կատարման ծառայության, քրեակատարողական ծառայության, իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործունեությանը, դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքերի մասին հաղորդող դիմումները և բողոքները.
14) հարուցում և իրականացնում է վարչական վարույթ.
15) նախարարի հանձնարարությամբ` իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով նախարարությանն ու նախարարին վերապահված այլ վերահսկողական գործառույթներ.
16) իրականացնում է օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված այլ գործառույթներ:
(8-րդ կետը փոփ. 16.10.14 թիվ 1134-Ն որոշում)
IV. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
9. Տեսչությունը կառավարում է նախարարը: Տեսչության անմիջական ղեկավարումն իրականացնում է տեսչության պետը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է նախարարը` «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
10. Տեսչության պետն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, նախարարության կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ, ինչպես նաև այլ իրավական ակտերով ու Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
11. Տեսչության պետը պատասխանատու է Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով նախարարությանն ու նախարարին վերապահված վերահսկողական և օրինականության ապահովման գործառույթների իրականացման ապահովման համար:
12. Տեսչության պետը հաշվետու է Հայաստանի Հանրապետության վարչապետին, նախարարին, իսկ քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` նաև նախարարության աշխատակազմի ղեկավարին:
13. Տեսչության պետը`
1) կազմակերպում, ծրագրում, համակարգում, ղեկավարում և վերահսկում է տեսչության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է տեսչության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.
2) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառի, նպատակների ու խնդիրների վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում նախարարին.
3) նախարարի հաստատմանն է ներկայացնում տեսչության տարեկան աշխատանքային ծրագիրը.
4) իր իրավասության սահմաններում արձակում է կարգադրություններ և տալիս ցուցումներ ու հանձնարարագրեր, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության և տեսչության անունից, ինչպես նաև տալիս է տեսչության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
5) իր իրավասության սահմաններում նախարարության աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ տեսչության աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ.
6) ապահովում է նախարարի հրամանների և ցուցումների, հանձնարարականների ու առաջադրանքների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին.
7) լսում է տեսչության կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության մասին հաշվետվությունները, քննարկում դրանց գործունեության ստուգման արդյունքները.
8) իրականացնում է վերահսկողություն տեսչության կառուցվածքային ստորաբաժանումների օգտագործմանը հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.
9) նախարարին ներկայացնում է առաջարկություններ տեսչության կառուցվածքի և աշխատողների թվի, ինչպես նաև տեսչության խորհրդակցական մարմիններ ստեղծելու վերաբերյալ.
10) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.
11) նախարարին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն տեսչության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին.
12) յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ ամփոփում և նախարարին է ներկայացնում տեղեկանքներ ստացված առաջարկությունների, դիմումների, բողոքների քննարկման արդյունքների մասին.
13) նախարարի հանձնարարությամբ` կազմակերպում է արտածրագրային ստուգումներ և ուսումնասիրություններ.
14) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
14. Տեսչության պետի բացակայության դեպքում նրան փոխարինում է տեսչության պետի տեղակալը` քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
V. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
15. Օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարության և սույն կանոնադրությամբ տեսչությանը վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է նախարարության աշխատակազմը:
16. Տեսչությունն ունի կառուցվածքային ստորաբաժանումներ: Իր խնդիրների ու գործառույթների իրականացման ապահովման նպատակով կարող են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տեսչության ենթակայությանը հանձնվել պետական ոչ առևտրային կազմակերպություններ:
17. Տեսչության կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողները քաղաքացիական ծառայողներ են:
18. Տեսչության վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով:
Հավելված N 2
i
ՀՀ կառավարության
2011 թվականի ապրիլի 14-ի
N 431-Ն որոշման
ԿԱՌՈՒՑՎԱԾՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ
Կառուցվածքային ստորաբաժանումներ
1. Առաջին բաժին
2. Երկրորդ բաժին
3. Երրորդ բաժին
4. Չորրորդ բաժին
5. Հինգերորդ բաժին
(2-րդ հավելվածը փոփ. 16.10.14 թիվ 1134-Ն որոշում)