ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵՔԴ/0443/02/08
դատարանի որոշում 2010 թ.
Քաղաքացիական գործ թիվ ԵՔԴ/0443/02/08
Նախագահող դատավոր` Ա. Խառատյան
Դատավորներ` Կ. Չիլինգարյան
Ա. Պետրոսյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Մ. Դրմեյանի
Վ. Աբելյանի
Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
Ա. Բարսեղյանի
Գ. Հակոբյանի
Է. Հայրիյանի
Ե. Սողոմոնյանի
2010 թվականի դեկտեմբերի 27-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Վարդան Մարգարյանի և Արմեն Ալեքսանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.05.2010 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Վարդան Մարգարյանի, Արմեն Ալեքսանյանի ընդդեմ Հակոբ Հակոբյանի, Դավիթ Սարիբեկյանի, երրորդ անձ ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի Նորք-Մարաշ տարածքային բաժնի` «Բետարտշին» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) անօրինական մասնակիցներ դարձած անձանց Ընկերությունից հեռացնելու պահանջի մասին և ըստ հայցի Ընկերության մասնակից Վարդան Մարգարյանի ընդդեմ Ընկերության մասնակից Հակոբ Հակոբյանի, Ընկերության նախկին մասնակից Դավիթ Սարիբեկյանի, Հովիկ Առաքելյանի, Ռաֆայել Առաքելյանի, Ներսես Սարգսյանի, Նորահայկ Օհանյանի և Ընկերության տնօրեն Արարատ Սարիբեկյանի` Ընկերության մասնակիցների փոփոխության վերաբերյալ իրականացված ընդհանուր ժողովի մասին կազմված արձանագրությունները, նվիրատվության և առուվաճառքի պայմանագրերը, Ընկերության կանոնադրությունն անվավեր ճանաչելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Ընկերության մասնակիցներ Վարդան Մարգարյանն ու Արմեն Ալեքսանյանը պահանջել են Ընկերությունից հեռացնել անօրինական մասնակիցներ դարձած անձանց` Հակոբ Հակոբյանին և Դավիթ Սարիբեկյանին: Վարդան Մարգարյանը պահանջել է անվավեր ճանաչել Ընկերության «Մասնակիցների փոփոխության վերաբերյալ իրականացված ընդհանուր ժողովի մասին կազմված արձանագրությունները», նվիրատվության ու առուվաճառքի պայմանագրերը և Ընկերության կանոնադրությունը:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 11.01.2010 թվականի վճռով հայցապահանջները բավարարվել են:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 27.05.2010 թվականի որոշմամբ Դատարանի 11.01.2010 թվականի վճիռը բեկանվել է և փոփոխվել` հայցապահանջները մերժվել են:
Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Վարդան Մարգարյանը և Արմեն Ալեքսանյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ հոդվածի 2-րդ կետը, որը չպետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ, 53-րդ, 78-րդ հոդվածները:
Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանում են հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունն այն մասին, որ Հակոբ Հակոբյանը պատշաճ կարգով չի ծանուցվել դատական նիստի օրվա և ժամի մասին, անհիմն է, քանի որ 01.09.2006 թվականից Հակոբ Հակոբյանի ներկայացուցիչն էր Ռուբեն Սարգսյանը, որի լիազորությունը դադարել է 01.09.2009 թվականին, սակայն նրա լիազորությունը դադարելուց հետո էլ Դատարանը Հակոբ Հակոբյանին պատշաճ կարգով ծանուցել է դատական նիստի օրվա և ժամի մասին:
Վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս պատճառաբանել է, որ «Վարդան Մարգարյանը վիճարկում է նվիրատվության գործարքները, և դրանք անվավեր ճանաչելու պահանջը վերջինս Դատարան է ներկայացրել 27.06.2007 թվականին: Մինչդեռ, Վարդան Մարգարյանը գործարքների մասին իմացել է 04.03.2006 թվականին` գործարքների կնքման օրը, սակայն դրանք անվավեր ճանաչելու պահանջների մասին դատարան է դիմել 27.06.2007 թվականին, այսինքն` մեկ տարի անց»:
Փաստորեն, Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Վարդան Մարգարյանի կողմից վիճարկվել է ոչ միայն նվիրատվության պայմանագրերը, այլ նաև վիճարկվել է բաժնեմասի առուվաճառքի պայմանագրերը, որոնց հիման վրա պետռեգիստրում և Ընկերության կանոնադրության մեջ 60% բաժնեմասը գրանցվել է Դավիթ Սարիբեկյանի անվամբ:
Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317 հոդվածի 2-րդ կետով սահմանված հայցային վաղեմության մեկ տարվա ժամկետը` հաշվի չառնելով, որ սույն գործով ներկայացված է առոչինչ գործարքի նկատմամբ գործարքի անվավերության հետևանքների կիրառման պահանջ, որը կարող է ներկայացվել տասը տարվա ընթացքում: Եթե նույնիսկ գործարքը վիճարկվել է որպես վիճահարույց գործարք, ապա Վարդան Մարգարյանը և Արմեն Ալեքսանյանը Հակոբ Հակոբյանի` Ընկերության 70% բաժնեմասի սեփականատեր դառնալու մասին իմացել են 01.09.2006 թվականին Դատարան ներկայացված հայցադիմումից և 10.10.2006 թվականին հակընդդեմ հայցով և 22.12.2006 թվականին հայցով դիմել են Դատարան:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 27.05.2010 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 11.01.2010 թվականի վճռին:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
1. Ընկերությունը գրանցվել է 28.01.2001 թվականին ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում (վկայական թիվ 03Ա-051457):
2. Ընկերության 24.08.2001 թվականի կանոնադրության 4.1. կետի համաձայն` Ընկերության մասնակիցներն են Ներսես Սարգսյանը` 51%, Վարդան Մարգարյանը` 20%, Արմեն Ալեքսանյանը` 10%, Ռաֆայել Առաքելյանը` 10%, Նորահայկ Օհանյանը` 3%, Հովիկ Առաքելյանը`6% բաժնեմասերով:
3. 04.03.2006 թվականի բաժնեմասի նվիրատվության պայմանագրերով Ներսես Սարգսյանը իր բաժնեմասի 51%-ը, Նորահայկ Օհանյանը` իր բաժնեմասի 3%-ը, Հովիկ Առաքելյանը` իր բաժնեմասի 6%-ը նվիրել են Դավիթ Սարիբեկյանին: Նույն օրվա թվագրմամբ` 04.03.2006 թվականի առուվաճառքի պայմանագրերով Ներսես Սարգսյանը իր բաժնեմասի 51%-ը, Նորահայկ Օհանյանը` իր բաժնեմասի 3%-ը, Հովիկ Առաքելյանը` իր բաժնեմասի 6%-ը վաճառել են Դավիթ Սարիբեկյանին (հատոր 1-ին, գ.թ. 105, 106, 107):
4. Ընկերության 17.03.2006 թվականի նոր խմբագրությամբ կանոնադրության համաձայն` Ընկերության մասնակիցներն են Դավիթ Սարիբեկյանը` 60%, Վարդան Մարգարյանը` 20%, Արմեն Ալեքսանյանը` 10%, Ռաֆայել Առաքելյանը` 10% բաժնեմասերով:
5. 31.08.2006 թվականի նվիրատվության պայմանագրով Դավիթ Սարիբեկյանն իր բաժնեմասի 60%-ը նվիրել է Հակոբ Հակոբյանին (հատոր 1-ին, գ.թ. 103):
6. 31.08.2006 թվականի նվիրատվության պայմանագրով Ռաֆայել Առաքելյանն իր բաժնեմասի 10%-ը նվիրել է Հակոբ Հակոբյանին (հատոր 1-ին, գ.թ. 104):
7. 01.09.2006 թվականի նոր խմբագրությամբ կանոնադրության համաձայն` Ընկերության մասնակիցներն են Հակոբ Հակոբյանը` 70%, Վարդան Մարգարյանը` 20%, Արմեն Ալեքսանյանը` 10% բաժնեմասերով:
8. Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` 04.12.2008 թվականի օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատվել է այն հանգամանքը, որ Անահիտ Խանգելդյանը 04.03.2006 թվականին իրավունք վերապահող փաստաթուղթ կեղծելու դիտավորությամբ, առանց Ընկերության բաժնետերեր Նորահայկ Օհանյանի, Ներսես Սարգսյանի և Հովիկ Առաքելյանի գիտության և համաձայնության կազմել է վերջիններիս բաժնեմասերը Դավիթ Սարիբեկյանին վաճառելու վերաբերյալ պայմանագրեր ու նրանց, ինչպես նաև Դավիթ Սարիբեկյանի փոխարեն իր կողմից կեղծ ստորագրություններով հաստատել է պայմանագրերը, ապա ներկայացրել ՀՀ իրավաբանական անձանց Նորք-Մարաշ պետական ռեգիստր: Դրա հիման վրա արդեն իսկ կանոնադրության մեջ 15.03.2006 թվականին Անահիտ Խանգելդյանը բաժնետերերի փոխարեն նույնպես կեղծել է ստորագրությունները և հանձնել Ա. Սարիբեկյանին հաստատելու` նրան չասելով դրա կեղծ լինելու մասին (հատոր 5-րդ, գ.թ.118-119):
9. 01.09.2006 թվականին Հակոբ Հակոբյանը Ռուբեն Սարգսյանին 3 տարի ժամկետով, այն է մինչև 01.09.2009 թվականը տվել է լիազորագիր` իր շահերը դատարաններում ներկայացնելու համար: Ռուբեն Սարգսյանը Հակոբ Հակոբյանի անունից դատարանում հանդես է եկել մինչև դատաքննության ավարտը` 23.12.2009 թվականը (հատոր 1-ին, գ.թ. 32):
10. Հակոբ Հակոբյանը 02.09.2009 թվականին, 15.10.2009 թվականին, 29.10.2009 թվականին, 13.11.2009 թվականին, 23.12.2009 թվականին և 11.01.2010 թվականին դատական նիստերի տեղի և ժամանակի մասին պատշաճ չի ծանուցվել:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի համաձայն` գործին մասնակցող անձինք դատական ծանուցագրերով տեղեկացվում են դատական նիստի կամ առանձին դատավարական գործողություններ կատարելու ժամանակի և վայրի մասին: Ծանուցագիրն ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ հանձնվում է ստացականով:
Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում արդեն իսկ անդրադարձել և գնահատման առարկա է դարձրել այն դեպքերը, երբ դատարանը վճիռ է կայացրել գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ:
Մասնավորապես` Վճռաբեկ դատարանը նշել է, որ գործին մասնակցող անձանց դատական նիստի ժամանակի և վայրի մասին իրազեկելը ենթադրում է դատարանի ակտիվ գործողություններ, որոնք պետք է իրականացվեն միայն վկայակոչված հոդվածով նախատեսված միջոցների և եղանակների օգտագործմամբ: Ընդ որում, անկախ ծանուցման եղանակից, ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել գործին մասնակցող անձին (անձանց) դատական նիստի մասին տեղեկացնելու փաստը:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, արձանագրել է կողմերի հավասարության և մրցակցային դատավարության սկզբունքների խախտում և բեկանել է դատական ակտը (տե՛ս, ըստ հայցի ՀՀ գլխավոր դատախազության ընդդեմ «Վանաձորի ոչ ալկոհոլային խմիչքների և գարեջրի գործարան» ՓԲ ընկերության` գումար բռնագանձելու պահանջի մասին թիվ 3-20(ՏԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.02.2008 թվականի որոշումը):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն` վճիռը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե դատարանը գործը քննել է գործին մասնակցող անձանցից որևէ մեկի բացակայությամբ, որը պատշաճ ձևով չի տեղեկացվել նիստի ժամանակի և վայրի մասին:
Նույն օրենսգրքի 221-րդ հոդվածի առաջին կետի 4-րդ ենթակետի համաձայն` գործն ըստ էության լուծող դատական ակտի վերաքննության արդյունքում վերաքննիչ դատարանը մասնակիորեն բեկանում և փոփոխում է ստորադաս դատարանի ակտը, եթե ստորադաս դատարանի հաստատած փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս կայացնելու նման ակտ, և եթե դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից:
Սույն գործով Վերաքննիչ դատարանը դատական ակտը բեկանելիս հաստատված է համարել այն հանգամանքը, որ Դատարանը 01.09.2009 թվականից գործը քննել է և վճիռ կայացրել առանց Հակոբ Հակոբյանի ներկայությունն ապահովելու:
Միաժամանակ, Վերաքննիչ դատարանը, արձանագրելով, որ Վարդան Մարգարյանը վիճահարույց գործարքների մասին իմացել է 04.03.2006 թվականին, այն է` գործարքների կնքման օրը, իսկ դրանք վիճարկելու պահանջով Դատարան է դիմել 27.06.2007 թվականին, հանգել է այն հետևության, որ Վարդան Մարգարյանը բաց է թողել հայցային վաղեմության ժամկետը:
Սույն գործի փաստերի համաձայն` 01.09.2006 թվականին Հակոբ Հակոբյանը Ռուբեն Սարգսյանին 3 տարի ժամկետով, այն է` մինչև 01.09.2009 թվականը տվել է լիազորագիր իր շահերը դատարաններում ներկայացնելու համար: Ռուբեն Սարգսյանը Հակոբ Հակոբյանի անունից դատարանում հանդես է եկել մինչև դատաքննության ավարտը` 23.12.2009 թվականը: Սույն գործում առկա չէ որևէ ապացույց այն մասին, որ Հակոբ Հակոբյանը պատշաճ ծանուցվել է 02.09.2009 թվականին, 15.10.2009 թվականին, 29.10.2009 թվականին, 13.11.2009 թվականին, 23.12.2009 թվականին և 11.01.2010 թվականին դատական նիստերի տեղի և ժամանակի մասին: Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը վճիռը կայացրել է պատասխանող Հակոբ Հակոբյանի բացակայությամբ:
Այսինքն` Հակոբ Հակոբյանը զրկվել է իր դատավարական իրավունքներից օգտվելու և դատավարական պարտականությունները կատարելու հնարավորությունից, ինչի արդյունքում խախտվել է վերջինիս` ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածով և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված` հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իրենց գործի հրապարակային քննության իրավունքը:
Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, արձանագրելով, որ Դատարանը դատական նիստ է նշանակել և քաղաքացիական գործի քննությունն իրականացրել է պատասխանողի բացակայությամբ, իրավացիորեն բեկանել է Դատարանի վճիռը:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ բոլոր այն դեպքերում, երբ դատարանը գործը քննել է գործին մասնակցող անձանցից որևէ մեկի բացակայությամբ, որը պատշաճ ձևով չի տեղեկացվել նիստի ժամանակի և վայրի մասին, Վերաքննիչ դատարանը պետք է անդրադառնա և քննության առարկա դարձնի միայն այդ հարցը և արձանագրելով գործին մասնակցող անձանց դատավարական իրավունքի խախտման փաստը` բեկանի դատական ակտը և գործն ուղարկի համապատասխան դատարան` նոր քննության, քանի որ գործին մասնակցող անձանցից որևէ մեկի բացակայությամբ քննված գործի արդյունքում կայացված դատական ակտը բեկանելը և այն փոփոխելը չի բխում արդարադատության արդյունավետության շահերից:
Վճռաբեկ դատարանի նման եզրահանգման հիմքում դրված է այն հանգամանքը, որ գործին մասնակցող անձանցից որևէ մեկի բացակայությամբ գործի քննության պայմաններում անձը զրկված է իր դիրքորոշումները և ապացույցները առաջին ատյանի դատարան ներկայացնելու հնարավորությունից, իսկ մյուս կողմը` դրանց վերաբերյալ իր հակափաստարկները ներկայացնելու հնարավորությունից, որի հետևանքով տվյալ գործով առաջին ատյանի դատարանում գործի լիարժեք քննություն տեղի չի ունեցել:
Բացի այդ, Վճռաբեկ դատարանի նման դիրքորոշումը բխում է նաև այն հանգամանքից, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 2-րդ կետի ուժով վերաքննիչ դատարանն իրավունք չունի նոր ապացույց ընդունելու և բողոքը քննելիս հիմնվում է միայն այն ապացույցների վրա, որոնք ներկայացվել են առաջին ատյանի դատարանին: Եթե առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ ապացույցը չի ներկայացվել կողմերի կամքից անկախ հանգամանքներով, ապա վերաքննիչ դատարանը բեկանում է գործը և այն ուղարկում համապատասխան առաջին ատյանի դատարան` նոր քննության, եթե գտնում է, որ ապացույցն էական նշանակություն ունի գործի լուծման համար:
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, դատական ակտը բեկանելով և այն փոփոխելով` թույլ է տվել դատավարական իրավունքի նորմի խախտում` դրանով իսկ խախտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 221-րդ հոդվածի առաջին կետի 4-րդ ենթակետի և 228-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջները:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ Վերաքննիչ դատարանի կողմից կիրառված հայցային վաղեմության հարցին:
Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին:
Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ որոշման իրավական հիմնավորումը:
Որոշման իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:
Որոշման մեջ ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլև պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:
Որոշման իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա ակտի իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական ակտի օրինականությունը:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում որոշում կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տե՛ս ըստ հայցի Ռազմիկ Մարությանի ընդդեմ Ստեփան և Անահիտ Մարությանների, ՀՀ Կենտրոն նոտարական գրասենյակի` ժառանգական գույքի ընդունման փաստի ճանաչման և ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը մասնակի անվավեր ճանաչելու պահանջների մասին և Ստեփան և Անահիտ Մարությանների հակընդդեմ հայցի` սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան և հողամասի բաժանման պահանջի մասին ՀՀ վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի թիվ 3-54 (ՎԴ) որոշումը):
Մինչդեռ, սույն գործով Վերաքննիչ դատարանը, նշելով, որ Վարդան Մարգարյանը վիճահարույց գործարքների մասին իմացել է 04.03.2006 թվականին` գործարքների կնքման օրը, իսկ դրանք վիճարկելու պահանջով Դատարան է դիմել 27.06.2007 թվականին, չի նշել, թե հատկապես որ ապացույցների հիման վրա է հանգել նման հետևության:
Ավելին, Վերաքննիչ դատարանը գնահատման առարկա չի դարձրել գործում առկա` Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` 04.12.2008 թվականի օրինական ուժի մեջ մտած դատավճիռը, որով հաստատվել է այն հանգամանքը, որ Անահիտ Խանգելդյանը 04.03.2006 թվականին իրավունք վերապահող փաստաթուղթ կեղծելու դիտավորությամբ, առանց Ընկերության բաժնետերեր Նորահայկ Օհանյանի, Ներսես Սարգսյանի և Հովիկ Առաքելյանի գիտության և համաձայնության, կազմել է վերջիններիս բաժնեմասերը Դավիթ Սարիբեկյանին վաճառելու վերաբերյալ պայմանագրեր ու նրանց, ինչպես նաև Դավիթ Սարիբեկյանի փոխարեն իր կողմից կեղծ ստորագրություններով հաստատել պայմանագրերը, ապա ներկայացրել ՀՀ իրավաբանական անձանց Նորք-Մարաշ պետական ռեգիստր: Դրա հիման վրա կանոնադրության մեջ 15.03.2006 թվականին Անահիտ Խանգելդյանը բաժնետերերի փոխարեն նույնպես կեղծել է ստորագրությունները և հանձնել Ա. Սարիբեկյանին հաստատելու` նրան չասելով դրա կեղծ լինելու մասին: Միաժամանակ, Վերաքննիչ դատարանը չի պատճառաբանել նաև, թե ինչու է այդ ապացույցը մերժում:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.05.2010 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:
2. Պետական տուրքի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ժամանակ:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Մ. Դրմեյան
Վ. Աբելյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Գ. Հակոբյան
Է. Հայրիյան
Ե. Սողոմոնյան