Սեղմել Esc փակելու համար:
«ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ Մ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վարչական դատարանի վճիռ             Վարչական գործ թիվ ՎԴ/5086/05/09

    Վարչական գործ թիվ ՎԴ/5086/05/09                               2010 թ.

Նախագահող դատավոր` Ռ. Սարգսյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ե. Խունդկարյանի      

    մասնակցությամբ դատավորներ                 Մ. Դրմեյանի          

                                              Վ. Աբելյանի          

                                              Ս. Անտոնյանի         

                                              Վ. Ավանեսյանի        

                                              Ա. Բարսեղյանի        

                                              Գ. Հակոբյանի         

                                              Է. Հայրիյանի         

                                              Տ. Պետրոսյանի        

                                              Ե. Սողոմոնյանի

 

2010 թվականի դեկտեմբերի 03-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Թերեզա Գևորգյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 09.04.2010 թվականի վճռի դեմ` ըստ հայցի Թերեզա Գևորգյանի ընդդեմ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության (այսուհետ` Գործակալություն)` Գործակալության փորձաքննական հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) 31.10.2007 թվականի թիվ 25/190 որոշումն անվավեր ճանաչելու և կենսաթոշակի վճարումը վերականգնելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Թերեզա Գևորգյանը պահանջել է անվավեր ճանաչել Հանձնաժողովի 31.10.2007 թվականի թիվ 25/190 որոշումը և վերականգնել կենսաթոշակի վճարումը:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 09.04.2010 թվականի վճռով հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Թերեզա Գևորգյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Գործակալությունը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 37-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 1-ին հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 6-րդ և 38-րդ հոդվածները, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ և 6-րդ հոդվածները, չի կիրառել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի 2-րդ մասը, 63-րդ և 65-րդ հոդվածները, «Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 3-րդ, 7-րդ, 15-րդ և 26-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր, ինչպես նաև կիրառել է ՀՀ կառավարության 23.09.2004 թվականի թիվ 1456-Ն որոշումը, որը չպետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանի պատճառաբանությունն այն մասին, որ 31.10.2007 թվականին կայացված թիվ 25/190 որոշումը Թերեզա Գևորգյանը ստացել է 01.04.2008 թվականին, անհիմն է, քանի որ Դատարանի կողմից մատնանշված որոշումը Թերեզա Գևորգյանը չի ստացել, այլ ստացել է վարչական ակտի վերաբերյալ տեղեկանք, որն իր մեջ չի ներառել պատճառաբանություններ, հիմնավորումներ, իսկ որոշումը Թերեզա Գևորգյանը փոստային առաքման եղանակով ստացել է 02.10.2009 թվականին:

Բացի այդ, Դատարանը հաշվի չի առել, որ Հայաստանի Հանրապետության որևէ օրենքում գոյություն չունի պետական մարմնի կամ պաշտոնատար անձի համար սահմանված իրավասություն` դադարեցնելու կենսաթոշակի վճարումը:

20.02.2002 թվականի Շիրակի թիվ 1 բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի որոշումը Թերեզա Գևորգյանի համար հանդիսացել է բարենպաստ վարչական ակտ, որը Հանձնաժողովի թիվ 25/190 որոշմամբ անվավեր է ճանաչվել 31.10.2007 թվականին` 20.02.2002 թվականի Շիրակի թիվ 1 բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի որոշումից ավելի քան 5 ու կես տարի հետո, առանց իրեն լսելու:

Ընդ որում, Գործակալության պատճառաբանությամբ 31.10.2007 թվականի թիվ 25/190 ակտը կայացնելիս հիմք է ընդունվել ՀՀ կառավարության թիվ 1456-Ն որոշումը, որն ընդունվել է 23.09.2004 թվականին` Շիրակի թիվ 1 բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի 20.02.2002 թվականի որոշումից ավելի քան երկուս ու կես տարի հետո:

Դատարանի վճիռն առերևույթ հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերով պալատի 30.06.2006 թվականի թիվ 3-1260(ՎԴ) որոշմանը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 09.04.2010 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության կամ այն փոփոխել` հայցը բավարարել:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վճռաբեկ բողոքում նշվել է, որ խախտվել են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթները, սակայն վճռաբեկ բողոքում մեջբերված է միայն օրենքի պահանջը, իսկ թե ինչպես է այն խախտվել, և ինչ փաստարկներ է վճռաբեկ բողոք բերած անձը վկայակոչել, բացակայում են:

Միաժամանակ, Վճռաբեկ բողոք բերած անձը սխալ է մեկնաբանել Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի, ՀՀ սահմանադրական դատարանի 04.10.2006 թվականի թիվ ՍԴՈ-649, ՀՀ վճռաբեկ դատարանի 30.06.2006 թվականի թիվ 3-1260(ՎԴ) որոշումների դրույթները, քանի որ Գործակալությունը ՀՀ գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն օրենքով, իսկ առանձին դեպքերում նաև ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում մատուցում է ծառայություններ բժշկասոցիալական փորձաքննության բնագավառում` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից: Գործակալությունը կենսաթոշակ նշանակող մարմին չէ, այլ միայն բժշկասոցիալական փորձաքննության բնագավառում ծառայություններ մատուցող մարմին է:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. 30.04.1971 թվականի թիվ 327067 ամուսնության վկայականի համաձայն` Հայկ Գալոյանը և Թերեզա Գևորգյանն ամուսիններ են (գ.թ. 10):

2. ՀՀ պաշտպանության նախարարության 19.10.2005 թվականի թիվ ՊՆ 36/5535 տեղեկանքի համաձայն` Հայկ Գալոյանը ՀՀ սահմանները պաշտպանելիս 1994 թվականին կոնտուզիա է ստացել (գ.թ. 14):

3. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման 04.12.2001 թվականի թիվ ԱԱ 168943 մահվան վկայականի համաձայն` Հայկ Գալոյանը մահացել է 26.11.2001 թվականին` օրգանիզմի քաղցկեղային ինտոքսիկացիայից (գ.թ. 9):

4. ՀՀ սոցիալական ապահովության նախարարության ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության Շիրակի թիվ 1 բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովը, ուսումնասիրելով Թերեզա Գևորգյանի ամուսնու հիվանդության, վիրավորման և մահվան հետ կապված փաստաթղթերը, 20.02.2002 թվականին կայացրել է որոշում այն մասին, որ Հայկ Գալոյանի մահվան պատճառական կապը եղել է ՀՀ սահմանների պաշտպանության ժամանակ ստացած վիրավորումը (գ.թ. 15):

5. ՀՀ պաշտպանության նախարարությունը 10.10.2007 թվականի թիվ 36/4449 գրությամբ խնդրել է Գործակալությանը «կազմակերպել հսկողական վերափորձաքննություն` հաշմանդամության կենսաթոշակ ստացող զինծառայողների, ինչպես նաև զինծառայությունից սահմանված կարգով արձակված և հետագայում մահացած զինծառայողների վերաբերյալ կայացրած որոշումները, որոնց մահվան պատճառը զինվորական ծառայության ընթացքում և ՀՀ սահմանները պաշտպանելիս ստացած հիվանդությունն է, վնասվածքը կամ խեղումը»: Գրությանը կից ներկայացվել է պատճառական կապ ունեցող մահացած զինհաշմանդամների (զինծառայողների)` թվով 205 անձանց ցուցակը (գ.թ. 110-115):

6. Գործակալության պետի 15.10.2007 թվականի թիվ 13 հանձնարարականով հանձնարարվել է Գործակալության փորձաքննական բաժնին ուսումնասիրել ՀՀ պաշտպանության նախարարության 10.10.2007 թվականի թիվ 36/4449 գրության մեջ նշված անձանց բժշկասոցիալական փորձաքննության գործերը` մահվան պատճառական կապի վերաբերյալ կայացված որոշումների օրինականության հիմնավորվածության ստուգման նպատակով (գ.թ. 84):

Գործակալության փորձաքննության բաժինը, հիմք ընդունելով վերը նշված հանձնարարականը, վերադասության կարգով վերանայել է Շիրակի մարզի բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի կողմից 20.02.2002 թվականին կայացված որոշումը` Հայկ Գալոյանի մահվան պատճառական կապի սահմանման վերաբերյալ:

7. Վերափորձաքննության արդյունքում Հանձնաժողովի կողմից 23.10.2007 թվականին սկսվել է թիվ 25/190 վարչական վարույթը, որի արդյունքում Հանձնաժողովի կողմից 31.10.2007 թվականին ընդունվել է թիվ 25/190 որոշումը, որում նշվել է, որ Հայկ Գալոյանը մահացել է շագանակագեղձի քաղցկեղից և ՀՀ պաշտպանության ժամանակ ստացած կոնտուզիան չի հանդիսացել մահվան պատճառ (գ.թ. 57-58):

8. Գործում առկա չէ որևէ ապացույց` սույն գործով հարուցված վարչական վարույթի մասին Թերեզա Գևորգյանին պատշաճ ծանուցելու վերաբերյալ:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` առանձին տեսակի վարչական վարույթների առանձնահատկությունները սահմանվում են օրենքներով և ՀՀ միջազգային պայմանագրերով:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ի մասի համաձայն` վարչական վարույթ հարուցելու հիմքերն են` ա) անձի դիմումը, բողոքը, բ) վարչական մարմնի նախաձեռնությունը:

Նույն օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վարչական մարմինն իր նախաձեռնությամբ վարչական վարույթ հարուցելիս վարույթի մասնակիցներին կամ նրանց ներկայացուցիչներին պատշաճ ձևով ծանուցում է վարչական վարույթ հարուցելու մասին, եթե վարչական վարույթի հարուցումից մինչև վարչական ակտն ընդունելու միջև ընկած ժամանակահատվածը երեք օրից ավելի է:

Նույն օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական մարմինը վարչական վարույթի ընթացքում պարտավոր է վարույթի մասնակիցներին և նրանց ներկայացուցիչներին հնարավորություն տալ արտահայտվելու վարչական վարույթում քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ:

Նույն օրենքի 59-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն` վարչական մարմինը վարույթի մասնակիցներին վարչական ակտի ընդունման մասին իրազեկում է նույն հոդվածով նախատեսված հանձնման կամ հրապարակման եղանակով:

Գրավոր վարչական ակտը ընդունումից հետո` եռօրյա ժամկետում, պետք է հանձնվի վարույթի մասնակիցներին: Դա կարող է իրականացվել պատվիրված փոստով, այդ թվում` ստանալու մասին ծանուցմամբ, հասցեատիրոջը ստորագրությամբ առձեռն հանձնելու, ինչպես նաև օրենքով սահմանված այլ եղանակներով:

Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է վարչական վարույթին մասնակցող անձանց ներկա գտնվելու իրավունքի ապահովմանը:

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ վարչական մարմինն իր նախաձեռնությամբ վարչական վարույթ հարուցելիս վարույթի մասնակիցներին կամ նրանց ներկայացուցիչներին պետք է պատշաճ ձևով ծանուցի վարչական վարույթ հարուցելու մասին, եթե վարչական վարույթի հարուցումից հետո մինչև վարչական ակտն ընդունելու միջև ընկած ժամանակահատվածը երեք օրից ավելի է:

Տվյալ դեպքում վարչական մարմինն ունի պատշաճ ծանուցման ձևի ընտրության հայեցողություն:

Բացի այդ, Վճռաբեկ դատարանը նշել է, որ վարչական մարմնի հայեցողությունը` ընտրելու ծանուցման ձևը, պետք է համապատասխանի «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին, որի համաձայն հայեցողական լիազորություններ իրականացնելիս վարչական մարմինը պարտավոր է առաջնորդվել մարդու և քաղաքացու` ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների և ազատությունների պաշտպանության անհրաժեշտությամբ, նրանց իրավահավասարության, վարչարարության իրականացման համաչափության և կամայականության արգելքի սկզբունքով, ինչպես նաև հետապնդել օրենքով կանխորոշված այլ նպատակներ:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարչական պատասխանատվության ենթարկելու մասին գործերի քննության մասին վարույթի մասնակիցներին ծանուցելը պետք է նպատակ հետապնդի ապահովել անձի լսելու հնարավորությունը, ինչը հնարավորություն կտա վերջինիս լիարժեք իրականացնել իր իրավունքների պաշտպանությունը: Հետևաբար, ընտրվող պատշաճ ծանուցման ձևը պետք է լինի այնպիսին, որ անձին հնարավորություն ընձեռի ապահովել վերոհիշյալ պահանջները:

Ավելին, Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 13-րդ հոդվածի իրավական վերլուծությանը, նշել է, որ Կոնվեցիայի 13-րդ հոդվածով սահմանված պաշտպանության միջոցները պետք է արդյունավետ լինեն թե՛ գործնական և թե՛ իրավական առումներով, մասնավորապես այն առումով, որ պաշտպանության միջոցներից օգտվելը չպետք է անհիմն խոչընդոտվի պետական մարմինների գործողություններով կամ անգործությամբ (տես` Իվանովն և այլոք ընդդեմ Բուլղարիայի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 24.11.2006 թվականի որոշումը, կետ 70): Հետևաբար, վարչական մարմնի կողմից հարուցված վարչական վարույթի իրականացման մասին ծանուցումը վարույթին մասնակից անձին պետք է տրամադրվի այնպես, որ ողջամտորեն ապահովվի վերջինիս մասնակցությունը վարչական վարույթին (տես` ՀՀ աշխատանքի պետական տեսչության հայցն ընդդեմ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ, գլխավոր տնօրեն Վալերի Օվսյաննիկովի պատասխանողին գործողությունների կատարելուն պարտավորեցնելու և պարտավոր անձի նկատմամբ տուգանք նշանակելու, և ըստ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի և նույն ընկերության տնօրենների խորհրդի նախագահ, գլխավոր տնօրեն Վալերի Օվսյաննիկովի հակընդդեմ հայցի ընդդեմ տեսչության` տեսչության 15.10.2007 թվականի թիվ 15-Ա որոշումն անվավեր ճանաչելու և այն վերացնելու պահանջների մասին ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2008 թվականի թիվ ՎԴ/0016/05/08 որոշումը):

Սույն գործի փաստերից հետևում է, որ Գործակալության պետի 15.10.2007 թվականի թիվ 13 հանձնարարականով հանձնարարվել է Գործակալության փորձաքննական բաժնին ուսումնասիրել ՀՀ պաշտպանության նախարարության 10.10.2007 թվականի թիվ 36/4449 գրության մեջ նշված անձանց բժշկասոցիալական փորձաքննության գործերը` մահվան պատճառական կապի վերաբերյալ կայացված որոշումների օրինականության հիմնավորվածության ստուգման նպատակով: Այսինքն` վարչական մարմնի նախաձեռնությամբ վարչական վարույթ է հարուցվել 15.10.2007 թվականին:

15.10.2007 թվականին հարուցված և 23.10.2007 թվականին սկսված վարչական վարույթին մասնակցելու համար Թերեզա Գևորգյանը չի հրավիրվել: Դեռ ավելին, Հանձնաժողովի կողմից 31.10.2007 թվականին ընդունված թիվ 25/190 որոշումը Թերեզա Գևորգյանը ստացել է 01.04.2008 թվականին:

Վերը նշված փաստերի համադրման արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վարչական մարմինը 15.10.2007 թվականին հարուցված և 23.10.2007 թվականին սկսված վարչական վարույթին Թերեզա Գևորգյանին պատշաճ չծանուցելու օրենքով սահմանված իր պարտականությունը չի իրականացրել, ինչի արդյունքում չի ապահովել Թերեզա Գևորգյանի` լսված լինելու իրավունքը` զրկելով վարչական վարույթի մասնակցին լիարժեք իրականացնելու իր իրավունքների ու ազատությունների արդյունավետ պաշտպանությունը` դրանով իսկ խախտելով ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասով և Կոնվենցիայի 13-րդ հոդվածով երաշխավորված` պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքը:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն` անվավեր է առ ոչինչ չհանդիսացող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է օրենքի խախտմամբ, այդ թվում` օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետևանքով:

Սույն գործի փաստերի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հանձնաժողովի 31.10.2007 թվականի թիվ 25/190 որոշումն ընդունվել է օրենքի խախտմամբ, քանի որ այն կայացնելիս չի ապահովվել Թերեզա Գևորգյանի մասնակցությունը վարչական վարույթին: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Հանձնաժողովի 31.10.2007 թվականի թիվ 25/190 որոշումը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի ուժով իրավաչափ չէ:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր չէ Դատարանի այն պատճառաբանությունը, որ «տվյալ պարագայում վարչական մարմինը վիճարկվող որոշումը կայացնելիս հիմք է ընդունել Թերեզա Գևորգյանի կողմից ներկայացված փաստաթղթերը, ուստի վերջինիս վերոնշյալ փաստարկները` վարչական վարույթում քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ արտահայտվելու հնարավորություն չտալու մասին, անհիմն են»:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ Թերեզա Գևորգյանի` կենսաթոշակի վճարումը միայն դատական կարգով դադարեցվելու մասին վճռաբեկ բողոքի փաստարկին.

ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և պաշտպանվում է սեփականության իրավունքը:

Կոնվենցիային կից 1-ին արձանագրության 1-ին հոդվածի համաձայն` ոչ ոքի չի կարելի զրկել սեփական գույքից` բացառությամբ հանրային շահերի պաշտպանության համար և օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով նախատեսված պայմաններով:

ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու և կտակելու իր սեփականությունը, իսկ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` ոչ ոքի չի կարելի զրկել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով`օրենքով նախատեսված դեպքերի:

ՀՀ Սահմանադրության 37-րդ հոդվածը սահմանում է, որ յուրաքանչյուր ոք ունի ծերության, հաշմանդամության, հիվանդության, կերակրողին կորցնելու, գործազրկության և օրենքով նախատեսված այլ դեպքերում սոցիալական ապահովության իրավունք: Սոցիալական ապահովության ծավալն ու ձևերը սահմանվում են օրենքով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացիական իրավունքների օբյեկտներն են գույքը` ներառյալ դրամական միջոցները, արժեթղթերը և գույքային իրավունքները:

Նույն օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին պարբերության համաձայն` սեփականության իրավունքը սուբյեկտի` օրենքով և այլ իրավական ակտերով ճանաչված ու պահպանվող իրավունքն է` իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրեն պատկանող գույքը:

ՀՀ վճռաբեկ դատարանն իր` նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների (Բուրդովն ընդդեմ Ռուսաստանի, 07.05.2002 թվական, Բեյլերն ընդդեմ Իտալիայի, 05.01.2000 թվական) համաձայն «սեփականություն» հասկացությունը բովանդակում է ոչ միայն ֆիզիկական բարիքների սեփականությունը, այլև սեփականություն կարող են համարվել որոշ գույքային այլ իրավունքներ և շահեր, ինչպես նաև անվիճելի և կատարման ենթակա պահանջի իրավունքը: Տվյալ դեպքում պալատը գտել է, որ կենսաթոշակի պահանջի իրավունքը Կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածով երաշխավորված անվիճելի իրավունքն է, քանի որ Եվրոպական դատարանի վճիռների համաձայն` «պահանջի իրավունքը ևս կարող է համարվել «սեփականություն» Կոնվենցիայի նշված դրույթի իմաստով, եթե հիմնավորապես հաստատվել է, որ այդ պահանջը ենթակա է կատարման»: Ըստ Կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածի, որը երաշխավորում է սեփականության իրավունքը, հիմնարար և կարևորագույն պայման է հանդիսանում սեփական գույքն ազատորեն տնօրինելու իրավունքը (տես` Սերգեյ Գրիգորյանի հայցն ընդդեմ ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի` պաշտոնատար անձի գործողություններն անօրինական ճանաչելու, մերժումը վերացնելու, կենսաթոշակի գումարը վճարելուն պարտավորեցնելու պահանջների մասին 30.06.2006 թվականի թիվ 3-1260(ՎԴ) որոշումը):

Վճռաբեկ դատարանն իր` նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է նաև սեփականության իրավունքի պաշտպանության իրավական խնդրին:

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ Սահմանադրությունը, հռչակելով սեփականության իրավունքի ճանաչումն ու պաշտպանությունը, երաշխավորում է յուրաքանչյուրի` սեփականություն ունենալու բացարձակ իրավունքը` միաժամանակ ամրագրելով օրենքով նախատեսված դեպքերում այդ իրավունքից զրկելու հնարավորությունը միայն դատական կարգով (տես` Գևորգ Գևորգյանի հայցն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, Երևանի քաղաքապետարանի` Կադաստրի նախագահի 16.08.2006 թվականի թիվ 06-204-Ա հրամանը և Երևանի քաղաքապետի 25.08.2006 թվականի թիվ 1369-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին Վճռաբեկ դատարանի 30.04.2009 թվականի թիվ ՎԴ/2434/05/08 որոշումը):

Միաժամանակ, «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասով, 26-րդ հոդվածի 6-րդ մասով, «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասով և 60-րդ հոդվածով սահմանված է, որ պետական մարմնին տրված է միայն կենսաթոշակ նշանակելու իրավասություն, սակայն ինչպես նշված օրենքներում, այնպես էլ որևէ այլ օրենքում չկա պետական մարմնի կամ պաշտոնատար անձի համար սահմանված իրավասություն դադարեցնելու կենսաթոշակի վճարումը:

ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի համաձայն` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

Սույն գործով Շիրակի թիվ 1 բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի 20.02.2002 թվականի որոշումը Թերեզա Գևորգյանի համար հանդիսացել է բարենպաստ վարչական ակտ, որի հիման վրա նրան օրենքով սահմանված կարգով նշանակվել է կենսաթոշակ: Հետագայում, Հանձնաժողովի 31.10.2007 թվականի թիվ 25/190 որոշման հիման վրա դադարեցվել է Թերեզա Գևորգյանի կենսաթոշակի վճարումը:

Հիմք ընդունելով վերը նշվածը և սույն գործի փաստերը համադրելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օրենքով նախատեսված դեպքերում և դրա հիմքերի առկայության պայմաններում յուրաքանչյուր անձի (սույն գործով Թերեզա Գևորգյանի) կենսաթոշակի վճարումը կարող է դադարեցվել միայն դատական կարգով:

Ինչ վերաբերում է կենսաթոշակի վճարումը վերականգնելու Թերեզա Գևորգյանի պահանջին, ապա Վճռաբեկ դատարանն այն անհիմն է համարում հետևյալ պատճառաբանությամբ`

ՀՀ կառավարության 14.11.2002 թվականի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Հայաստանի Հանրապետության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 03.11.1998 թվականի թիվ 684 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ 1822-Ն որոշման 1-ին հավելվածի 1-ին կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Հայաստանի Հանրապետության բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունը (այսուհետ` Գործակալություն) Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն օրենքով, իսկ առանձին դեպքերում նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում մատուցում է ծառայություններ բժշկասոցիալական փորձաքննության բնագավառում` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից:

Նույն որոշման նույն հավելվածի 8-րդ կետով սահմանված են Գործակալության նպատակների և խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Գործակալության կողմից իրականացվող գործառույթները, որոնք ուղղակիորեն կապված են բժշկասոցիալական փորձաքննության բնագավառում մատուցող ծառայությունների հետ:

Հաշվի առնելով վերը նշվածը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Գործակալությունը ՀՀ գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն օրենքով, իսկ առանձին դեպքերում նաև ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում մատուցում է ծառայություններ բժշկասոցիալական փորձաքննության բնագավառում` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից: Այսինքն` Գործակալությունը ոչ կենսաթոշակ նշանակող մարմին է, ոչ էլ կենսաթոշակի վճարումը դադարեցնող մարմին, այլ միայն բժշկասոցիալական փորձաքննության բնագավառում ծառայություններ մատուցող մարմին է:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանի կողմից Գործակալության դեմ ներկայացված Թերեզա Գևորգյանի` կենսաթոշակի վճարումը վերականգնելու մասին հայցապահանջի մերժումը հիմնավոր է, սակայն սույն որոշման մեջ ընդգրկված պատճառաբանություններով:

Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները մասնակիորեն հերքվում են վերոնշյալ պատճառաբանությամբ:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի մասնակիորեն հիմնավոր լինելը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ, 118.3-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Վարչական դատարանի վճիռը մասնակիորեն բեկանելու համար:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի առաջին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը մասնակիորեն փոփոխելու` վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիայի) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը նշված հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը մասնակիորեն փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Դատական ակտը մասնակիորեն փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված հետևյալ պատճառաբանությամբ.

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդված համաձայն` պետական տուրքի գծով կարող են սահմանվել հետևյալ արտոնությունները` պետական տուրքի վճարումից ազատում, պետական տուրքի նվազեցում, պետական տուրքի դրույքաչափի նվազեցում, պետական տուրքի վճարման ժամկետի հետաձգում, պետական տուրքը սահմանված ժամկետում բյուջե չգանձելու համար հաշվարկված տույժերի վճարումից ազատում, նվազեցում, դրանք վճարելու ժամկետի հետաձգում:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ գ կետի համաձայն` առանձին վճարողների կամ վճարողների խմբերի համար պետական տուրքի գծով արտոնություններ կարող են սահմանել դատարանները կամ դատավորները սույն օրենքի 9-րդ հոդվածում նշված առանձին գործերով` ելնելով կողմերի գույքային դրությունից:

Սույն գործով բողոք բերած անձը խնդրել է ազատել իրեն պետական տուրքի վճարումից` պատճառաբանելով, որ զոհվածի այրի է և ստանում է ծերության կենսաթոշակ: Թերեզա Գևորգյանի կողմից բողոքին կցվել է կենսաթոշակառուի վկայականը:

Հիմք ընդունելով վերը նշվածը և սույն գործի հանգամանքները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Թերեզա Գևորգյանին «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ գ կետի ուժով պետք է ազատել պետական տուրքի վճարումից և պետական տուրքի հարցը համարել լուծված:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 09.04.2010 թվականի վճռի` ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության փորձաքննական հանձնաժողովի 31.10.2007 թվականի թիվ 25/190 որոշումն անվավեր ճանաչելու մերժման մասը և այդ մասով այն փոփոխել. Թերեզա Գևորգյանի հայցը բավարարել` անվավեր ճանաչել ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության փորձաքննական հանձնաժողովի 31.10.2007 թվականի թիվ 25/190 որոշումը: Վճռի մնացած մասը թողնել օրինական ուժի մեջ:

2. Թերեզա Գևորգյանին ազատել վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրքի վճարումից:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ե. Խունդկարյան

Դատավորներ` Մ. Դրմեյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
03.12.2010
N ՎԴ/5086/05/09
Որոշում