i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի վճիռ |
Վարչական գործ թիվ ՎԴ/0121/05/10 2010թ. |
Վարչական գործ թիվ ՎԴ/0121/05/10 |
|
Նախագահող դատավոր` Ա. Սարգսյան |
|
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե.Խունդկարյանի |
մասնակցությամբ դատավորներ |
Մ.Դրմեյանի |
|
Վ.Աբելյանի |
|
Ս.Անտոնյանի |
|
Վ.Ավանեսյանի |
|
Ա.Բարսեղյանի |
|
Գ.Հակոբյանի |
|
Է.Հայրիյանի |
|
Տ.Պետրոսյանի |
|
Տ.Պետրոսյանի |
|
Ե.Սողոմոնյանի |
2010 թվականի դեկտեմբերի 3-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ ֆինանսների նախարարության (այսուհետ` Նախարարություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 12.04.2010 թվականի վճռի դեմ` ըստ հայցի Վազգեն Գալստյանի ընդդեմ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության (այսուհետ` Ծառայություն)` աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման հետևանքով պատճառված վնասի փոխհատուցումը` սկսած 09.12.2004 թվականից վճարելուն պարտավորեցնելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Վազգեն Գալստյանը պահանջել է պարտավորեցնել Ծառայությանը` վճարելու աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման հետևանքով պատճառված վնասի փոխհատուցումը:
ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 12.04.2010 թվականի վճռով Վազգեն Գալստյանի հայցը բավարարվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Նախարարությունը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Վազգեն Գալստյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը չի կիրառել «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին պարբերությունը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 67-րդ, 68-րդ, 69-րդ հոդվածները, 344-րդ հոդվածի 3-րդ կետը, որոնք պետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1086-րդ հոդվածը, ՀՀ կառավարության 15.11.1992 թվականի թիվ 579 որոշմամբ հաստատված «Ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) աշխատողներին աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության և առողջական այլ վնասման հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման կարգի մասին» կանոնների 1-ին, 14-րդ, 19-րդ կետերը, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի, 22-րդ հոդվածի 1-ին մասի, 24-րդ հոդվածի 1-ին մասի, 113-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Դատարանը հայցադիմումը վարույթ ընդունելիս չի պարզել և չի գնահատել այն հանգամանքը, որ ՀՀ Կառավարության 15.05.2008 թվականի թիվ 503-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 13-րդ կետի բ) և գ) ենթակետերով հենց Նախարարությանն է իրավունք վերապահված պետության գույքային շահերի պաշտպանության ոլորտում հանդես գալ որպես պատասխանող կամ երրորդ անձ:
Տվյալ դեպքում Դատարանը վճիռ կայացնելիս միջոցներ չի ձեռնարկել Նախարարությանը սույն գործով որպես երրորդ անձ ներգրավելու համար, որի հետևանքով կայացրել է Հայաստանի Հանրապետության` ի դեմս Նախարարության, իրավունքների և պարտականությունների վրա ազդող դատական ակտ` Հայաստանի Հանրապետության վրա ըստ էության դնելով անհիմն պարտավորություն:
Ավելին, Նախարարությունը, հնարավորություն չունենալով հետևելու սույն գործով անցկացվող դատական նիստերին, չի արտահայտել իր դիրքորոշումը հայցվորի պահանջի վերաբերյալ:
Բացի այդ, Դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել գործում առկա բոլոր ապացույցները և չի գնահատել գործի հանգամանքները:
Մասնավորապես, Դատարանը հաշվի չի առել, որ աշխատողներին աշխատանքային պարտականությունները կատարելու ընթացքում պատճառված վնասների համար պատասխանատվությունը դրվում է միայն այն կազմակերպության կամ հիմնարկի վրա, որի աշխատողն է հանդիսացել այդ անձը, այսինքն` տվյալ դեպքում պատասխանատվությունը կրում է միայն «Մետշին» ԲԲԸ-ն: Ընդ որում, «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի ուժով գործատուի լուծարման դեպքում համապատասխան վճարները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կապիտալացվում են` դրանք կենսաթոշակառուին վճարելու համար: Այսինքն` տվյալ դեպքում «Մետշին» ԲԲԸ-ն գտնվել է լուծարման գործընթացում և հետագայում լուծարվել է, ապա պարտատերը պարտավոր էր ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 69-րդ հոդվածով սահմանված կարգով գրանցվել որպես պարտատեր և ներկայացներ իր պահանջները` պարտատերերի ցուցակում գրանցվելու համար: Ավելին, պարտատերերին հայտնաբերելու պարտավորությունը կրում էր նաև լուծարային հանձնաժողովը:
Փաստորեն, Վազգեն Գալստյանն իր պահանջները պետք է ներկայացներ ոչ թե պետական մարմին հանդիսացող պատասխանողին, այլ ժամանակին` դեռևս 2004 թվականին, պետք է դիմեր «Մետշին» ԲԲԸ-ի լուծարային հանձնաժողովին, գրանցվեր որպես պարտատեր, որպեսզի հետագայում ունենար պահանջի իրավունք:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 12.04.2010 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան`նոր քննության:
2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտել է գործում առկա բոլոր ապացույցները, թույլ չի տվել որևէ նյութական և դատավարական իրավունքի նորմի խախտումներ:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1. Երևանի «Մետիզ» գործարանում 12.04.1979 թվականին կազմվել է արտադրամասում դժբախտ պատահարի մասին ակտ այն մասին, որ հայցվորը աշխատանքային պարտականությունները կատարելու ընթացքում կորցրել է ձախ ոտքը (գ.թ.8):
2. ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի Շենգավիթի տարածքային կենտրոնին ուղղված գրությամբ «Մետշին» ԲԲԸ-ի նախկին լուծարային հանձնաժողովի նախագահը հայտնել է, որ լուծարվել է «Մետշին» ԲԲԸ-ն` առանց իրավահաջորդի պահպանման (լուծարումը ստացել է պետական գրանցում 09.12.2004 թվականին), և ընկերության նախկին աշխատակից Վազգեն Գալստյանը` որպես խեղման ցմահ նպաստառու, մինչև 01.12.2004 թվականը «Մետշին» ԲԲԸ-ից ստացել է աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման փոխհատուցում (գ.թ.10):
3. Ծառայության Ավանի և Նոր Նորքի սոցիալական ապահովության տարածքային բաժնի պետի 15.01.2010 թվականի թիվ 1744 գրությամբ մերժվել է հայցվորի դիմումը` աշխատանքային պարտականությունների հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության և առողջության այլ վնասման հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման մասին (գ.թ.7):
4. Սույն գործով հայցը բավարարելիս Դատարանը պատճառաբանել է, որ անձի կյանքին և առողջությանը պատճառված վնասի համար սահմանված կարգով պատասխանատու ճանաչված իրավաբանական անձի լուծարման դեպքում աշխատանքային պարտականությունների հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության և առողջության այլ վնասման հետևանքով պատճառված վնասը փոխհատուցման է ենթակա Հայաստանի Հանրապետության` ի դեմս ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության կողմից (գ.թ. 48):
5. Նախարարությունը սույն գործի քննությանը մասնակից չի դարձվել:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` գործին մասնակից չդարձված այն անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ, վճռաբեկ դատարանում օգտվում են գործին մասնակցող անձանց իրավունքներից և կրում են նրանց համար սահմանված պարտականությունները:
Նշված հոդվածից հետևում է, որ օրենսդիրը գործին մասնակից չդարձված անձանց վերապահում է գործին մասնակցող անձանց իրավունքներ և նրանց համար սահմանում պարտականություններ միայն այն դեպքում, երբ գործն ըստ էության լուծող դատական ակտը կայացվել է նրանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` երրորդ անձինք այն ֆիզիկական կամ իրավաբանական անձինք են, որոնց իրավունքները շոշափվում են կամ կարող են շոշափվել գործի քննության արդյունքում ընդունվելիք դատական ակտով: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` եթե դատական ակտը անխուսափելիորեն և ուղղակիորեն տարածվելու է նաև որոշակի անձանց վրա, ապա դատարանը պարտավոր է այդ անձանց ներգրավել դատավարության մեջ որպես երրորդ անձ:
Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում արդեն իսկ անդրադարձել և գնահատման առարկա է դարձրել այն դեպքերը, երբ դատարանը վճիռ է կայացրել գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ:
i
Մասնավորապես` Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, արձանագրել է կողմերի հավասարության և մրցակցային դատավարության սկզբունքների խախտում և բեկանել է դատական ակտը (տե՛ս` ըստ հայցի Լաուրա Մկրտչյանի ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության` պետական մարմնի անգործությունը վիճարկելու պահանջի մասին թիվ ՎԴ/4107/05/08 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 11.08.2009 թվականի որոշումը):
Վերը նշվածի հիման վրա Վճռաբեկ դատարանը նպատակահարմար չի համարում կրկին անդրադառնալ նշված իրավական խնդրին:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1065-րդ հոդվածի համաձայն` այն դեպքերում, երբ սույն օրենսգրքին կամ այլ օրենքներին համապատասխան վնասը հատուցվում է Հայաստանի Հանրապետության կամ համայնքի կողմից, նրանց անունից հանդես են գալիս համապատասխան ֆինանսական մարմինները, եթե այդ պարտականությունը, սույն օրենսգրքի 129-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան, դրված չէ այլ մարմնի, իրավաբանական անձի կամ քաղաքացու վրա:
Սույն գործով Վազգեն Գալստյանը պահանջել է պարտավորեցնել Ծառայությանը վճարել աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման հետևանքով պատճառված վնասի փոխհատուցումը` սկսած 09.12.2004 թվականից: Դատարանը հայցը բավարարելիս նշել է, որ անձի կյանքի և առողջությանը պատճառված վնասի համար սահմանված կարգով պատասխանատու ճանաչված իրավաբանական անձի լուծարման դեպքում աշխատանքային պարտականությունների հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության և առողջության այլ վնասման հետևանքով պատճառված վնասը փոխհատուցման է ենթակա Հայաստանի Հանրապետության` ի դեմս ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության կողմից:
Հիմք ընդունելով վերոգրյալը և սույն գործի փաստերը համադրելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով կայացված դատական ակտն ուղղակիորեն առնչվում է Նախարարության իրավունքներին և պարտականություններին, մինչդեռ Նախարարությունը գործի քննությանը մասնակից չի դարձվել:
Այսինքն` Նախարարությունը սույն գործի քննությանը մասնակից չդարձվելու հետևանքով զրկվել է գործին մասնակցող անձանց վերապահված իրավունքներից օգտվելու և նրանց համար սահմանված պարտականությունները կատարելու հնարավորությունից, ինչի արդյունքում խախտվել է նրա` ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունքը:
Ինչ վերաբերում է նյութական իրավունքի նորմերի խախտման վերաբերյալ վճռաբեկ բողոք բերած անձի փաստարկներին, ապա սույն գործի քննությանը մասնակից չլինելու պայմաններում Վճռաբեկ դատարանը դրանց չի անդրադառնում:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ, 118.3-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 12.04.2010 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ե.Խունդկարյան |
Դատավորներ` |
Մ.Դրմեյան |
|
Վ.Աբելյան |
|
Ս.Անտոնյան |
|
Վ.Ավանեսյան |
|
Ա.Բարսեղյան |
|
Գ.Հակոբյան |
|
Է.Հայրիյան |
|
Տ.Պետրոսյան |
|
Տ.Պետրոսյան |
|
Ե.Սողոմոնյան |