Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ-ՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ-ՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վարչական դատարանի վճիռ            Վարչական գործ թիվ ՎԴ2/0091/05/10

    Վարչական գործ թիվ ՎԴ2/0091/05/10                              2010 թ.

Նախագահող դատավոր` Հ. Թորոսյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ե. Խունդկարյանի      

    մասնակցությամբ դատավորներ                 Ե. Սողոմոնյանի       

                                              Վ. Աբելյանի     

                                              Ս. Անտոնյանի    

                                              Վ. Ավանեսյանի        

                                              Ա. Բարսեղյանի        

                                              Մ. Դրմեյանի     

                                              Գ. Հակոբյանի    

                                              Է. Հայրիյանի    

                                              Տ. Պետրոսյանի   

 

2010 թվականի դեկտեմբերի 03-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «Անուշ և Գոռ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 17.05.2010 թվականի վճռի դեմ` ըստ Ընկերության հայցի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Իջևանի տարածքային հարկային տեսչության (այսուհետ` Տեսչություն)` 23.12.2009 թվականի թիվ 1009423 ակտն առ ոչինչ ճանաչելու պահանջի մասին, և ըստ Տեսչության հակընդդեմ հայցի ընդդեմ Ընկերության` 8.879.600 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է առ ոչինչ ճանաչել Տեսչության 23.12.2009 թվականի թիվ 1009423 ակտը:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Տեսչությունը պահանջել է բռնագանձել Ընկերությունից 8.879.600 ՀՀ դրամ:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 17.05.2010 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը` բավարարվել:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Տեսչությունը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Դատարանը չի կիրառել ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածը, «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասը, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանն անտեսել է, որ նույն տնտեսվարող սուբյեկտի մոտ կրկնակի ստուգում` վերստուգում, կարող է կատարվել մեկ տարվա ընթացքում: Այսինքն` առաջին ստուգմանը հաջորդող ստուգումը (կրկնակին) կարող է կատարվել միայն այն տարվա մեջ, որի ընթացքում կատարվել է առաջին ստուգումը: Տվյալ դեպքում Տեսչության կողմից Ընկերությունում նույն ժամանակահատվածի` 2006 թվականի համար կատարվել է կրկնակի ստուգում` վերստուգում, որը կատարելու առաջադրանքը տրվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 18.11.2009 թվականի հանձնարարագրով: Այսինքն` վերստուգումը կատարվել է առաջին ստուգումից հետո ոչ թե մեկ տարվա ընթացքում, այլ ավելի քան երկու տարի անց, ինչի արդյունքում վերստուգումը կատարվել է սահմանված ժամկետի խախտմամբ, քանի որ 2009 թվականի դրությամբ Ընկերությունում վերստուգում չէր կարող կատարվել: Հետևաբար, վերստուգման ակտն ակնհայտ ապօրինի է: Նշվածից հետևում է, որ Տեսչությունը ցանկացած ժամանակ վերստուգում կատարելու լիազորություն չուներ, և Դատարանը պարտավոր էր արձանագրել նաև այդ փաստը, ինչը չի արձանագրել:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի մեկնաբանությունից կարելի է եզրակացնել, որ նշված նորմը սպառիչ չի թվարկում վարչական ակտի առ ոչինչ լինելու հիմքերը, և այդ դեպքում էական նշանակություն ունի պարզելը` արդյոք սխալն ակնառու և կոպիտ է, թե` ոչ: Միաժամանակ, եթե Դատարանը գտել է, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասը թվարկել է սպառիչ հիմքերը, ապա նման դեպքում Դատարանը պետք է կիրառեր նշված մասի «դ» ենթակետը, քանի որ վերստուգման ակտով Ընկերության վրա դրվել է ակնհայտ ոչ իրավաչափ պարտականություն:

2) Դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 83.5-րդ հոդվածը, չի կիրառել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասը, «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ կառավարության 18.09.1998 թվականի թիվ 580 որոշումը, որոնք պետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.1-րդ հոդվածի 1-ին մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանն անտեսել է, որ վերստուգման ակտով արձանագրված խախտումը` 2006 թվականի 2-րդ եռամսյակի համար նախատեսված պարզեցված հարկ վճարելու պարտականությունը մինչև 01.10.2006 թվականը չկատարելը, Տեսչությունը չի հայտնաբերել դրան հաջորդող երեք տարիների ընթացքում: Հետևաբար, Ընկերության մոտ հարկային պարտավորություններ չէին կարող առաջանալ: Նշվածից հետևում է, որ վիճարկվող ակտով Ընկերության նկատմամբ կիրառված լրացուցիչ հարկային պարտավորությունները Տեսչությունը չէր կարող հաշվարկել:

Դատարանն անտեսել է նաև, որ Տեսչությունն Ընկերության նկատմամբ 2006 թվականի ժամանակահատվածի ստուգման արդյունքներով կազմել է երկու իրավական ակտեր (վարչական ակտեր), որոնցից առաջինով` 25.06.2007 թվականի ակտով, Ընկերությանն առաջադրվել են 446.000 ՀՀ դրամի, իսկ երկրորդով` վերստուգման ակտով` 8.879.600 ՀՀ դրամի լրացուցիչ հարկային պարտավորություններ: Այսինքն` նույն ժամանակահատվածի` 2006 թվականի համար կազմված վերստուգման ակտն ակնհայտորեն հակասում է նախկինում` 25.06.2007 թվականին կազմված և ուժի մեջ մտած հավասար իրավաբանական ուժ ունեցող ակտին: Հետևաբար, վերստուգման ակտով Ընկերության վրա 8.879.600 ՀՀ դրամի չափով լրացուցիչ հարկային պարտավորություններ չեն կարող դրվել:

Դատարանը հաշվի չի առել, որ Տեսչությունը վերստուգման ակտով ըստ էության արձանագրել է, որ Ընկերությունը 2006 թվականի 3-րդ և 4-րդ եռամսյակների ընթացքում դադարել է պարզեցված հարկ վճարող համարվելուց և պետք է անցներ ընդհանուր կարգով հարկման, հաշվառման և հաշվետվությունների համակարգին, ինչպես նաև շահութահարկի, ավելացված արժեքի հարկի և եկամտահարկի վերաբերյալ ներկայացներ փաստաթղթեր, ինչը չի արել: Նշված փաստի հաշվառմամբ Տեսչությունը կատարել է հաշվարկներ: Մինչդեռ, հաշվարկ կատարելիս Տեսչությունը բացառապես պետք է հետևեր «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի պահանջներին, քանի որ նշված հոդվածով են սահմանված այն կանոնները, որոնք թույլ են տալիս կատարել որևէ հարկատեսակի գծով հաշվարկ այն դեպքում, երբ հարկ վճարողն այդ հաշվարկը չի կատարում, ինչը չի կատարվել: Հետևաբար, տվյալ դեպքում լրացուցիչ հարկային պարտավորությունների գումարի հաշվարկը կատարվել է առանց օրենքով սահմանված կարգի, կամայական և անհիմն:

 

3) Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին մասը, 26-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանը պարտավոր էր Տեսչությունից պահանջել ապացուցելու վիճարկվող ակտի հիմքում ընկած, տարբեր հարկատեսակների գծով Ընկերությանն առաջադրված հաշվարկների օրինականությունը: Մինչդեռ, Դատարանն Ընկերության նկատմամբ հաշվարկված 8.879.600 ՀՀ դրամ լրացուցիչ հարկային պարտավորության հաշվարկի ճշտությունը պարզելու համար չի կատարել որևէ դատավարական գործողություն:

Դատարանն անտեսել է, որ տվյալ դեպքում փաստերի հաստատման հիմքում պետք է ընկած լիներ ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտությամբ տրված գնահատականը: Մինչդեռ, վճռից պարզ է դառնում, որ Դատարանը 25.06.2007 թվականի ակտը և վիճարկվող ակտը չի հետազոտել համակցության մեջ:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 17.05.2010 թվականի վճիռը և այն փոփոխել` հայցը բավարարել:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները

Ընկերության վճռաբեկ բողոքն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

25.06.2007 թվականի ակտի և վիճարկվող վերստուգման ակտի առարկաները տարբեր են, քանի որ վերստուգման ակտով արձանագրվել է ակնհայտորեն գոյություն ունեցող խախտում, որն ակտով արձանագրված չի եղել: Հետևաբար, նշված ակտերը չեն կարող նույնացվել և միանգամայն տարբեր իրավական ակտեր են:

Ընկերության կատարած խախտումը հայտնաբերվել է վերստուգմամբ և այն կատարելու տարվան անմիջապես հաջորդող երեք տարին չլրացած:

Տվյալ դեպքում «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի կիրառման անհրաժեշտություն ամենևին առկա չի եղել:

Ընկերությունում կատարված վերստուգման ժամանակաշրջանն ընդգրկել է Տեսչության կողմից արդեն իսկ ստուգված ժամանակաշրջանը, և ֆինանսատնտեսական գործունեության վերստուգումների դեպքում մեկամյա ժամկետի սահմանափակումը կիրառելի չէ:

Ինչ վերաբերում է առաջադրված լրացուցիչ հարկային պարտավորությանը, ապա այն միանգամայն համապատասխանում է ստուգված ժամանակաշրջանում գործող «Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի պահանջներին:

Այսպիսով, Դատարանի վճիռը համապատասխանում է գործող օրենսդրության պահանջներին, նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտում տեղի չի ունեցել, ինչպես նաև Դատարանը ճիշտ է կիրառել և մեկնաբանել այն օրենքները, որոնք տվյալ դեպքում պետք է կիրառվեին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի 25.05.2007 թվականի թիվ 1013370 հանձնարարագրի հիման վրա Ընկերությունում կատարվել է բյուջեի հետ փոխհարաբերությունների և հարկային մարմնի կողմից վերահսկվող օրենսդրության առանձին պահանջների կատարման ճշտության ստուգում, որն ընդգրկել է 2005-2007 թվականների ժամանակաշրջանները: Նշված ստուգման արդյունքում 25.06.2007 թվականին կազմվել է թիվ 1013370 ակտը, որով Ընկերությանն առաջադրվել է 446.000 ՀՀ դրամի պարտավորություն (հատ. 1, գ.թ. 22-28):

2) ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 18.11.2009 թվականի թիվ 1009423 հանձնարարագրի հիման վրա Ընկերությունում կատարվել է բյուջեի հետ փոխհարաբերությունների և հարկային մարմնի կողմից վերահսկվող օրենսդրության առանձին պահանջների կատարման ճշտության վերստուգում, որն ընդգրկել է 2005-2007 թվականների ժամանակաշրջանը: Նշված վերստուգման արդյունքում 23.12.2009 թվականին կազմվել է թիվ 1009423 ակտը, որով Ընկերությանն առաջադրվել է 8.879.600 ՀՀ դրամի պարտավորություն (հատ.1, գ.թ. 9-20):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

1) Վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ազատ է կատարելու այն, ինչն արգելված չէ օրենքով և չի խախտում այլոց իրավունքները և ազատությունները: Ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» ենթակետը սահմանում է, որ առ ոչինչ է այն վարչական ակտը, որում առկա է, մասնավորապես` հետևյալ ակնառու կոպիտ սխալը. ակտով դրա հասցեատիրոջ վրա դրվում է ակնհայտ ոչ իրավաչափ պարտականություն, կամ նրան տրամադրվում է ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` առ ոչինչ վարչական ակտն ընդունման պահից իրավաբանական ուժ չունի և ենթակա չէ կատարման կամ կիրառման:

Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներով արդեն իսկ անդրադարձել է վարչական ակտի առ ոչինչ լինելու հարցին: Մասնավորապես` Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ վարչական ակտի առ ոչինչ լինելու համար էական և անհրաժեշտ պայման է անձի վրա ակնհայտ ոչ իրավաչափ պարտականություն դնելը, կամ անձին ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք տրամադրելը: Այսինքն` անձի վրա դրվող պարտականությունը, կամ անձին տրամադրվող իրավունքը պարտադիր կերպով պետք է լինի ակնհայտ ոչ իրավաչափ: Հետևաբար վարչական ակտով անձի վրա նույնիսկ «ոչ իրավաչափ» պարտականություն դնելը, կամ անձին «ոչ իրավաչափ» իրավունք տրամադրելը, որը կարող է պարզվել այդ վարչական ակտի վիճարկման վարույթում, դեռևս բավարար չէ վարչական ակտն առ ոչինչ դիտելու համար: Այսինքն` Վճռաբեկ դատարանը գտել է, որ վարչական ակտի առ ոչինչ լինելը հաստատված համարելու համար անհրաժեշտ է, որ դրանով տրամադրված իրավունքը կամ դրված պարտականությունն առերևույթ ոչ իրավաչափ լինի, իսկ բոլոր այն դեպքերում, երբ վիճարկվում է վարչական ակտի հիմքում դրված հանգամանքների հավաստիությունը կամ կիրառված նորմերի սխալ կիրառելիությունը կամ մեկնաբանությունը, ապա նման վարչական ակտը չի կարող դիտվել առ ոչինչ, այլ այն կարող է ճանաչվել անվավեր (տե'ս, օրինակ` ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Սպանդարյանի 1 հարկային տեսչությունն ընդդեմ «Նովռոսինվեստ» ՍՊԸ-ի` 1.269.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին ՀՀ վճռաբեկ դատարանի 12.03.2010 թվականի որոշումը, վարչական գործ թիվ ՎԴ/0562/05/09):

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն` վերստուգումն ստուգում իրականացնող մարմնի կողմից նույն տնտեսավարող սուբյեկտի մոտ մեկ տարվա ընթացքում կատարված երկրորդ (կրկնակի) ստուգումն է ...:

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի «ա» ենթակետի համաձայն` ստուգումն իրականացնող անձը (անձինք) պարտավոր է (են) պահպանել ստուգման հետ առնչվող` Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի պահանջները:

Սույն գործի փաստերի համաձայն` ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի 25.05.2007 թվականի թիվ 1013370 հանձնարարագրի հիման վրա Ընկերությունում կատարվել է բյուջեի հետ փոխհարաբերությունների և հարկային մարմնի կողմից վերահսկվող օրենսդրության առանձին պահանջների կատարման ճշտության ստուգում, որն ընդգրկել է 2005-2007 թվականների ժամանակաշրջանը, և որի արդյունքում 25.06.2007 թվականին կազմվել է թիվ 1013370 ակտը, որով Ընկերությանն առաջադրվել է 446.000 ՀՀ դրամի պարտավորություն: Նշված ակտը կազմելուց ավելի քան երկու տարի անց ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 18.11.2009 թվականի թիվ 1009423 հանձնարարագրի հիման վրա Ընկերությունում կատարվել է բյուջեի հետ փոխհարաբերությունների և հարկային մարմնի կողմից վերահսկվող օրենսդրության առանձին պահանջների կատարման ճշտության վերստուգում, որը նույնպես ընդգրկել է 2005-2007 թվականների ժամանակաշրջանը, և որի արդյունքում 23.12.2009 թվականին կազմվել է վիճարկվող թիվ 1009423 ակտը, որով Ընկերությանն առաջադրվել է 8.879.600 ՀՀ դրամի պարտավորություն:

Դատարանը հայցը մերժելու, իսկ հակընդդեմ հայցը բավարարելու հիմքում դրել է այն հիմնավորումը, որ վիճարկվող ակտով Ընկերության վրա դրվել են օրենքից բխող պարտավորություններ, իսկ վիճարկվող ակտն առ ոչինչ ճանաչելու այլ հիմքեր նույնպես առկա չեն:

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Տեսչությունը ստուգում կատարելուց հետո Ընկերությունում նույն ժամանակահատվածի համար վերստուգում է կատարել մեկ տարին լրանալուց հետո այն դեպքում, երբ նշված ժամկետի անցմամբ Տեսչությունը կորցրել էր վերստուգում կատարելու լիազորությունը, իսկ առանց լիազորության իրականացրած վերստուգման արդյունքում պարտավորության առաջադրմամբ Տեսչությունն Ընկերության վրա դրել է ակնհայտ ոչ իրավաչափ պարտականություն:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Տեսչության 23.12.2009 թվականի թիվ 1009423 ակտով Ընկերության վրա դրվել է ակնհայտ ոչ իրավաչափ պարտականություն, ինչի հետևանքով նշված ակտն առ ոչինչ վարչական ակտ է:

 

Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի երկրորդ և երրորդ հիմքերին չի անդրադառնում, քանի որ Տեսչության կողմից առանց լիազորության կատարված վերստուգման պայմաններում դրանցում բերված փաստարկները սույն գործի լուծման համար չունեն որևէ իրավական նշանակություն:

 

Նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ և 118.3-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:

 

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի նշված հոդվածներով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 17.05.2010 թվականի վճիռը և այն փոփոխել. «Անուշ և Գոռ» ՍՊԸ-ի հայցը բավարարել` առ ոչինչ ճանաչել ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Իջևանի տարածքային հարկային տեսչության 23.12.2009 թվականի թիվ 1009423 ակտը: ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Իջևանի տարածքային հարկային տեսչության հակընդդեմ հայցը մերժել:

2. ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Իջևանի տարածքային հարկային տեսչությունից հօգուտ «Անուշ և Գոռ» ՍՊԸ-ի բռնագանձել 4.000 ՀՀ դրամ` որպես հայցադիմումի և 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրքեր:

3. ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Իջևանի տարածքային հարկային տեսչությունից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 177.592 ՀՀ դրամ` որպես հակընդդեմ հայցադիմումի համար սահմանված պետական տուրք:

4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ե. Խունդկարյան

Դատավորներ` Ե. Սողոմոնյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
03.12.2010
N ՎԴ2/0091/05/10
Որոշում