ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Հայաստանի Հանրապետության ԵԱՔԴ/0164/01/09
վերաքննիչ քրեական դատարանի որոշում
Քրեական գործ թիվ ԵԱՔԴ/0164/01/09
Նախագահող դատավոր` Ս. Չիչոյան
Դատավորներ` Ե. Դարբինյան
Ա. Հովհաննիսյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Դ. Ավետիսյանի
մասնակցությամբ դատավորներ Հ. Ասատրյանի
Ե. Դանիելյանի
Հ. Ղուկասյանի
Ա. Պողոսյանի
Ս. Օհանյանի
քարտուղարությամբ Կ. Աբրահամյանի
2010 թվականի նոյեմբերի 5-ին Երևան քաղաքում
դռնբաց դատական նիստում, քննության առնելով ամբաստանյալ Գոռ Գագիկի Ավետիսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով և ամբաստանյալ Արմեն Իշխանի Հովակիմյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2010 թվականի հուլիսի 26-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մ. Սարգսյանի վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
1. 2009 թվականի մարտի 20-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնում հարուցվել է թիվ 09104209 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:
Նույն օրը Կոտայքի մարզի դատախազությունում հարուցվել է թիվ 49103009 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով:
2009 թվականի մարտի 21-ին թիվ 49103009 քրեական գործը միացվել է թիվ 09104209 քրեական գործին:
2009 թվականի մարտի 21-ին Գ. Ավետիսյանը ձերբակալվել է:
Նախաքննության մարմնի 2009 թվականի մարտի 24-ի որոշմամբ Գ. Ավետիսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009 թվականի մարտի 24-ի որոշմամբ մեղադրյալ Գ. Ավետիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
2009 թվականի հունիսի 24-ին Ա. Հովակիմյանը ձերբակալվել է:
Նախաքննության մարմնի 2009 թվականի հունիսի 27-ի որոշմամբ Ա. Հովակիմյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009 թվականի հունիսի 27-ի որոշմամբ մեղադրյալ Ա. Հովակիմյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
2009 թվականի հուլիսի 16-ին Գ. Ավետիսյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել, լրացվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով:
2009 թվականի սեպտեմբերի 15-ին Գ. Ավետիսյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել, լրացվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով:
Նախաքննության մարմինը 2009 թվականի հոկտեմբերի 22-ին որոշում է կայացրել Գ. Ավետիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով առաջադրված մեղադրանքը վերացնելու մասին, և հաջորդ օրը` 2009 թվականի հոկտեմբերի 23-ին, Գ. Ավետիսյանին նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով:
2009 թվականի նոյեմբերի 12-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):
2. Առաջին ատյանի դատարանի 2010 թվականի ապրիլի 23-ի դատավճռով Գ. Ավետիսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով և դատապարտվել ազատազրկման 7 տարի ժամկետով: Պատժի սկիզբը հաշվվել է 2009 թվականի մարտի 21-ից:
Ա. Հովակիմյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և դատապարտվել ազատազրկման 4 տարի ժամկետով: Պատժի սկիզբը հաշվվել է 2009 թվականի հունիսի 24-ից:
3. Ամբաստանյալ Ա.Հովակիմյանի պաշտպան Կ.Մկրտումյանի և ամբաստանյալ Գ. Ավետիսյանի ու նրա պաշտպաններ Ա. Աթարբեկյանի, Վ. Գևորգյանի վերաքննիչ բողոքների հիման վրա քննության առնելով քրեական գործը` Վերաքննիչ դատարանը 2010 թվականի հուլիսի 26-ին որոշում է կայացրել ամբաստանյալ Ա. Հովակիմյանի պաշտպան Կ. Մկրտումյանի բողոքն ամբողջությամբ, ամբաստանյալ Գ. Ավետիսյանի ու նրա պաշտպաններ Ա. Աթարբեկյանի, Վ. Գևորգյանի բողոքը մասնակիորեն բավարարելու, Առաջին ատյանի դատարանի 2010 թվականի ապրիլի 23-ի դատավճիռը պատժի մասով բեկանելու և փոփոխելու մասին:
Ա. Հովակիմյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և նույն օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ դատապարտվել ազատազրկման 1 տարի 6 ամիս ժամկետով:
Գ. Ավետիսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով և դատապարտվել ազատազրկման 6 տարի ժամկետով:
4. Վերաքննիչ դատարանի 2010 թվականի հուլիսի 26-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:
Վճռաբեկ դատարանը 2010 թվականի սեպտեմբերի 22-ի որոշմամբ վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունել:
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը
5. Գ. Ավետիսյանը դատապարտվել է այն բանի համար, որ 2009 թվականի մարտի 19-ին` ժամը 23:30-ի սահմաններում, Երևանի Զաքարիա Սարկավագ և Ծարավ Աղբյուր փողոցների խաչմերուկի հարևանությամբ գտնվող, Գ. Ավետիսյանի ընտանիքին պատկանող «Խաչմերուկ մարկետ» խանութի մոտ եղբոր` Արմեն Ավետիսյանի, ընկերոջ` Վարուժան Բեգոյանի, ազգական Մարտիկ Կոստանդյանի և գործով չպարզված այլ անձանց հետ միասին նշված խանութից առևտուր կատարելու ընթացքում ծագած տարաձայնությունների պատճառով վիճաբանել է Աշոտ Հովհաննիսյանի, նրա ընկերներ Արմեն Հովակիմյանի, Կարեն Հարությունյանի, Օնիկ Մնացականյանի, Էդգար Ղումաշյանի և գործով չպարզված այլ անձանց հետ: Վիճաբանության ընթացքում Գ. Ավետիսյանը բռունցքով հարվածել է Ա. Հովհաննիսյանի դեմքին, որի արդյունքում քաշքշուկ, կռիվ է սկսվել: Կռվի ընթացքում Գ. Ավետիսյանի նետած քարերից մեկը դիպել է Ա. Հովհաննիսյանի գլխին` դիտավորությամբ նրա առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս: 2009 թվականի մարտի 20-ին` ժամը 6-ից 8-ն ընկած ժամանակահատվածում, Ա. Հովհաննիսյանը ստացած մարմնական վնասվածքներից մահացել է Կոտայքի մարզի Սոլակ գյուղում:
6. Ա. Հովակիմյանը դատապարտվել է այն բանի համար, որ 2009 թվականի մարտի 19-ին` ժամը 23:30-ի սահմաններում, Երևանի Զաքարիա Սարկավագ և Ծարավ Աղբյուր փողոցների խաչմերուկի հարևանությամբ գտնվող «Խաչմերուկ մարկետ» խանութի մոտ ընկերոջ` Ա. Հովհաննիսյանի և գործով չպարզված այլ անձանց հետ` դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և արտահայտելով բացահայտ անհարգալից վերաբերմունք հասարակության` անցորդների, հարակից բնակելի տների բնակիչների նկատմամբ, շուրջ 15 րոպե տևողությամբ կատարել է խուլիգանություն, որի ընթացքում տվել է հայհոյանքներ, իր խուլիգանական գործողությունները զուգորդել ուրիշի գույքը ոչնչացնելով և անձանց նկատմամբ բռնություն գործադրելով, գետնից վերցրած քարերը որպես զենք գործադրելով` նետել է խանութի մոտ հավաքված անձանց վրա, որի արդյունքում նետած քարերով կոտրել է «Խաչմերուկ մարկետ» խանութի` 61.000 ՀՀ դրամ արժողությամբ ապակիները:
7. Ամբաստանյալ Գ. Ավետիսյանի նկատմամբ նշանակված պատժի հարցը քննարկելիս Վերաքննիչ դատարանը որպես վերջինիս անձը դրականորեն բնութագրող և պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքներ հաշվի է առել այն, որ նա նախկինում դատապարտված չի եղել, խնամքին ունի մինչև 14 տարեկան մեկ երեխա, դատարանը հաշվի է առել նաև տուժողի վարքագծի հակաօրինականությունը, որով պայմանավորվել է հանցագործությունը, ինչպես նաև այն, որ դատաբժշկական փորձագետի եզրակացության համաձայն` եթե դեպքից անմիջապես հետո Ա. Հովհաննիսյանին ցուցաբերվեր համապատասխան բուժօգնություն, ապա հնարավոր կլիներ փրկել նրա կյանքը:
Վերը նշված հանգամանքների առկայության, ինչպես նաև պատիժն ու պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքների բացակայության պայմաններում Վերաքննիչ դատարանը գտել է, որ ամբաստանյալ Գ. Ավետիսյանի նկատմամբ նշանակված պատիժը պետք է մեղմացնել:
8. Ամբաստանյալ Ա. Հովակիմյանի նկատմամբ նշանակված պատժի հարցը քննարկելիս Վերաքննիչ դատարանը որպես վերջինիս անձը դրականորեն բնութագրող և պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքներ հաշվի է առել այն, որ նա նախկինում դատապարտված չի եղել, խանութում ծագած վիճաբանության հետ որևէ առնչություն չի ունեցել, դեպքի վայր է գնացել վիճաբանությունը կանխելու նպատակով, օգնել է տուժող Ա.Հովհաննիսյանին նստեցնել ավտոմեքենան, հանցագործության մեջ առանձնապես ակտիվ դերակատարում չի ունեցել: Ամբաստանյալ Ա. Հովակիմյանի պատիժն ու պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքներ Վերաքննիչ դատարանը չի արձանագրել:
Վերաքննիչ դատարանը գտել է, որ նշված հանգամանքներն էականորեն նվազեցնում են հանցանքի` հանրության համար վտանգավորության աստիճանը, և դրանք համակցության մեջ ճանաչել է բացառիկ (տե՛ս քրեական գործ, հատոր 6-րդ, 185-186-րդ էջեր):
3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
9. Բողոքաբերը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի դատավճիռը պատժի մեղմացման առումով փոփոխելու վերաբերյալ որոշում կայացնելով` Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ և 61-րդ հոդվածներով սահմանված` արդարության, պատասխանատվության անհատականացման, ինչպես նաև պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքների խախտում:
10. Բողոքի հեղինակի կարծիքով, Ա.Հովակիմյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ պատիժ նշանակելիս Վերաքննիչ դատարանի կողմից որպես բացառիկ գնահատված մեղմացնող հանգամանքները էապես չեն նվազեցնում ամբաստանյալի կատարած արարքի` հանրության համար վտանգավորության աստիճանը, հետևաբար նրա նկատմամբ օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելու օբյեկտիվ հիմք չեն:
Բողոք բերած անձը փաստարկել է նաև, որ Վերաքննիչ դատարանի կողմից որպես մեղմացնող հաշվի առնված այն հանգամանքները, որ Ա. Հովակիմյանը հանցագործության մեջ առանձնապես ակտիվ դերակատարում չի ունեցել, դեպքի վայր է գնացել հանցագործությունը կանխելու նպատակով, հաստատված չեն գործում առկա փաստական տվյալներով:
11. Անդրադառնալով ամբաստանյալ Գ.Ավետիսյանի նկատմամբ նշանակված պատժին` բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանը սխալ հետևության է հանգել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով ամրագրված պատժի նպատակների իրացվելիության հարցում, ինչի արդյունքում ամբաստանյալի նկատմամբ նշանակել է անարդարացի, ակնհայտ մեղմ պատիժ:
12. Հիմք ընդունելով վերոգրյալը` բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի 2010 թվականի հուլիսի 26-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի 2010 թվականի ապրիլի 23-ի դատավճռին:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
I. Սույն որոշման 8-րդ կետում նշված հանգամանքները որպես մեղմացնող ճանաչելը և Ա. Հովակիմյանի նկատմամբ պատիժ նշանակելիս դրանք հաշվի առնելը.
13. Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին հարցը հետևյալն է. Վերաքննիչ դատարանի կողմից նշված հանգամանքները (Ա. Հովակիմյանը հանցագործության մեջ առանձնապես ակտիվ դերակատարում չի ունեցել, դեպքի վայր է գնացել հանցագործությունը կանխելու նպատակով) արդյո՞ք իրական են և կարո՞ղ էին հաշվի առնվել որպես ամբաստանյալի պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող:
14. Դատարանների կողմից պատիժ նշանակելիս հաշվի առնվող մեղմացնող հանգամանքների չափանիշների վերաբերյալ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է հայտնել Պ. Բայրամյանի վերաբերյալ որոշման մեջ, որի համաձայն` «(...) Դատարանի լայն հայեցողության շրջանակներում է (...) անձի պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքների կիրառման հարցը, քանի որ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 2-րդ մասի` պատիժ նշանակելիս դատարանը կարող է հաշվի առնել նաև մեղմացնող այլ հանգամանքներ, որոնք նշված չեն նույն հոդվածի առաջին մասում: Այնուհանդերձ, դատարանի այս լիազորությունը բացարձակ չէ, և որպես մեղմացնող հաշվի առնվող հանգամանքները պետք է բավարարեն որոշակի չափանիշների: Դրանք են.
ա) հանգամանքը պետք է իրական լինի, այսինքն` գործով ձեռք բերված ապացույցները պետք է հաստատեն դրա առկայությունը,
բ) այն պետք է ողջամտորեն նվազեցրած լինի անձի կամ նրա կատարած արարքի հանրային վտանգավորությունը, (...)» (տե՛ս Պարույր Բայրամյանի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի 2007 թվականի հունիսի 1-ի ՎԲ-84/07 որոշումը):
15. Քննության առարկա գործի նյութերով հաստատված է, որ ամբաստանյալ Ա. Հովակիմյանը, տեղեկանալով, որ իր ընկեր Ա. Հովհաննիսյանը Քանաքեռ թաղամասում վիճաբանում է ինչ-որ մեկի հետ, անմիջապես մեկնել է դեպքի վայր, որտեղ մի խումբ այլ անձանց հետ, դիտավորությամբ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, շուրջ 15 րոպե տևողությամբ կատարել է խուլիգանություն, որի ընթացքում տվել է հայհոյանքներ, իր խուլիգանական գործողությունները զուգորդել ուրիշի գույքը ոչնչացնելով և անձանց նկատմամբ բռնություն գործադրելով, գետնից վերցրած քարերը որպես զենք գործադրելով` նետել է խանութի մոտ հավաքված անձանց վրա, որի արդյունքում նետած քարերով կոտրել է «Խաչմերուկ մարկետ» խանութի ապակիները (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):
16. Պ. Բայրամյանի վերաբերյալ որոշմամբ սահմանված և սույն որոշման 14-րդ կետում վերահաստատված իրավական դիրքորոշումը համադրելով սույն որոշման 15-րդ կետում շարադրված հանգամանքների հետ` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից որպես ամբաստանյալ Ա. Հովակիմյանի պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող հաշվի առնված հանգամանքները, մասնավորապես այն, որ վերջինս հանցագործության մեջ առանձնապես ակտիվ դերակատարում չի ունեցել, դեպքի վայր է գնացել հանցագործությունը կանխելու նպատակով, գործով ձեռք բերված ապացույցներով ոչ միայն չեն հաստատվում, այլև հերքվում են, ուստի այդ հանգամանքներն իրական չեն և չեն համապատասխանում Պ. Բայրամյանի վերաբերյալ որոշման մեջ սահմանված չափանիշներին:
17. Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից հաշվի առնված, սույն որոշման 14-րդ կետում շարադրված հանգամանքները չեն կարող հանդիսանալ ամբաստանյալ Ա.Հովակիմյանի պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքներ:
II. Ամբաստանյալ Ա. Հովակիմյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառման իրավաչափությունը.
18. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ հարցը հետևյալն է. ամբաստանյալ Ա. Հովակիմյանի պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքների համակցությունը որպես բացառիկ գնահատելով` Վերաքննիչ դատարանը պահպանե՞լ է արդյոք ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի պահանջները:
19. ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի համաձայն` «1. Հանցանքի շարժառիթների ու նպատակների, հանցավորի դերի, հանցանքը կատարելիս ու դրանից հետո նրա վարքագծի և այլ հանգամանքների հետ կապված բացառիկ հանգամանքների առկայության դեպքում, որոնք էականորեն նվազեցնում են հանցանքի` հանրության համար վտանգավորության աստիճանը, ինչպես նաև խմբակային հանցագործության մասնակցի կողմից խմբի կատարած հանցանքը բացահայտելուն ակտիվորեն աջակցելու դեպքում կարող է նշանակվել սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածով նախատեսված պատժի նվազագույն չափից ավելի ցածր պատիժ կամ ավելի մեղմ պատժատեսակ, քան նախատեսված է այդ հոդվածով, կամ չկիրառել որպես պարտադիր նախատեսված լրացուցիչ պատիժ:
2. Բացառիկ կարող են ճանաչվել ինչպես առանձին մեղմացնող հանգամանքները, այնպես էլ այդ հանգամանքների համակցությունը»:
20. Անձի նկատմամբ օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելու հարցին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է թիվ ՎԲ-55/07, ՎԲ-145/07, ՎԲ-185/07, ՎԲ-11/08, ՎԲ-13/08, ՎԲ-25/08 և այլ որոշումներում:
Մասնավորապես, Վ. Մնացականյանի վերաբերյալ որոշման մեջ Վճռաբեկ դատարանը դիրքորոշում է հայտնել այն մասին, որ «ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի բովանդակությունից երևում է, որ օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելու համար անհրաժեշտ է հետևյալ երկու պայմաններից առնվազն մեկը`
1. գործի բացառիկ հանգամանքները.
2. խմբակային հանցագործության մասնակցի կողմից խմբի կատարած հանցանքը բացահայտելուն ակտիվորեն աջակցելը:
Ինչպես նշված է ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածում, բացառիկ հանգամանքները կապված են հանցանքի շարժառիթների ու նպատակների, հանցավորի դերի, հանցանքը կատարելիս ու դրանից հետո նրա վարքագծի հետ: Այդպիսիք կարող են լինել նաև այլ հանգամանքներ, որոնք էականորեն նվազեցնում են հանցանքի` հանրության համար վտանգավորության աստիճանը: Ընդ որում, կարևորը ոչ թե պատիժը մեղմացնող տվյալների քանակն է, այլ այն, թե ինչքանով են դրանք էականորեն ազդել պատժի` հանրության համար վտանգավորության աստիճանի նվազեցման վրա» (տե՛ս Վաչիկ Մնացականյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի 2008 թվականի մայիսի 23-ի թիվ ՎԲ-25/08 որոշման 21-րդ կետը):
Հ. Հովհաննիսյանի վերաբերյալ որոշման մեջ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է հայտնել այն մասին, որ «Օրենքում օգտագործված «բացառիկ» բառը ենթադրում է, որ տվյալ փաստական հանգամանքը կամ դրանց համակցությունը դուրս են գալիս սովորականի շրջանակներից: Այլ կերպ` ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառման համար հիմք հանդիսացած մեղմացնող հանգամանքը կամ մեղմացնող հանգամանքների համակցությունը պետք է այն աստիճան առանձնահատուկ լինեն, որ վերածվեն բացառության» (տե՛ս Հակոբ Հովհաննիսյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի 2008 թվականի փետրվարի 29-ի թիվ ՎԲ-13/08 որոշումը):
21. Նախորդ կետում և համապատասխանաբար նաև վկայակոչված որոշումների մեջ արտահայտված իրավական դիրքորոշումը կիրառելով սույն գործի փաստական հանգամանքների նկատմամբ` Վճռաբեկ դատարանը հանգում է այն հետևության, որ ամբաստանյալ Ա. Հովակիմյանի նկատմամբ պատիժ նշանակելիս Վերաքննիչ դատարանի կողմից հաշվի առնված, օբյեկտիվորեն գոյություն ունեցող հանգամանքների համակցությունը (նախկինում դատապարտված չի եղել, խանութում ծագած վիճաբանության հետ որևէ առնչություն չի ունեցել, օգնել է տուժող Ա.Հովհաննիսյանին նստեցնել ավտոմեքենան) նրա կատարած արարքի հանրային վտանգավորությունն էականորեն չի նվազեցրել, և այդ հանգամանքների համակցությունն այն աստիճան առանձնահատուկ չէ, որ վերածվի բացառության:
22. Հետևաբար, Ա. Հովակիմյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքների համակցությունը որպես բացառիկ գնահատելով` Վերաքննիչ դատարանը չի պահպանել ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի պահանջները:
23. ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածն առանց բավարար հիմքի կիրառելու արդյունքում Ա. Հովակիմյանի նկատմամբ նշանակվել է ակնհայտ մեղմ պատիժ, այսինքն` թույլ է տրվել ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ և 61-րդ հոդվածներով սահմանված արդարության ու պատասխանատվության անհատականացման և պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքների խախտում:
Վերոգրյալը Վճռաբեկ դատարանին հիմք է տալիս Ա. Հովակիմյանի մասով բեկանել Վերաքննիչ դատարանի 2010 թվականի հուլիսի 26-ի որոշումը և այդ մասով օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի 2010 թվականի ապրիլի 23-ի դատավճռին:
III. Ամբաստանյալ Գ. Ավետիսյանի նկատմամբ նշանակված պատժի մեղմացման իրավաչափությունը.
24. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երրորդ հարցը հետևյալն է. Վերաքննիչ դատարանի կողմից ամբաստանյալ Գ. Ավետիսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիայի սահմաններում նշանակված պատիժն արդյո՞ք անարդարացի է` ակնհայտ մեղմ լինելու պատճառով:
25. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 399-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Գտնելով, որ դատավճռում նշանակված պատիժն ակնհայտ խիստ կամ ակնհայտ մեղմ լինելու պատճառով չի համապատասխանում հանցագործության ծանրությանը և ամբաստանյալի անձին, վերաքննիչ դատարանը մեղմացնում կամ խստացնում է պատիժը` ղեկավարվելով պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներով»:
26. ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Հանցանք կատարած անձի նկատմամբ կիրառվող պատիժը և քրեաիրավական ներգործության այլ միջոցները պետք է լինեն արդարացի` համապատասխանեն հանցանքի ծանրությանը, դա կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ և բավարար լինեն նրան ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար»:
ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Պատժի նպատակն է վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործությունները»:
ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի համաձայն` «1. Հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ նշանակվում է արդարացի պատիժ, որը որոշվում է սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սահմաններում` հաշվի առնելով սույն օրենսգրքի Ընդհանուր մասի դրույթները:
2. Պատժի տեսակը և չափը որոշվում են հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանով և բնույթով, հանցավորի անձը բնութագրող տվյալներով, այդ թվում` պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներով (...)»:
ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ և 61-րդ հոդվածների վերաբերյալ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է հայտնել ՎԲ-192/07, ՎԲ-50/07, ՎԲ-201/07, ԱՎԴ2/0059/01/08, ԵՇԴ/0029/01/08 և այլ որոշումներում:
27. Նախորդ կետում շարադրված իրավադրույթների վերլուծությունից երևում է, որ հանցանք կատարած անձի նկատմամբ նշանակված պատիժը համարվում է արդարացի, եթե դատարանը ճիշտ է գնահատում գործի բոլոր հանգամանքները, հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը, հանցավորի անձը բնութագրող տվյալները, ինչպես նաև պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները և քրեական օրենքով նախատեսված պահանջներից ելնելով, ղեկավարվելով պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներով` նշանակում է այնպիսի պատիժ, որն անհրաժեշտ և բավարար է այդ անձին ուղղելու և նրա կողմից նոր հանցանքի կատարումը կանխելու համար: Հետևաբար, ակնհայտ մեղմ կամ ակնհայտ խիստ լինելու պատճառով անարդարացի կլինի այնպիսի պատիժը, որը նշանակվել է առանց պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքների պահպանման:
28. ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջության այլ ծանր վնաս պատճառելը (...) որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ` պատժվում է ազատազրկմամբ` հինգից տասը տարի ժամկետով»:
29. ՀՀ քրեական օրենսգրքի նշված հոդվածի սանկցիայի վերլուծությունից երևում է, որ այն հարաբերականորեն որոշակի է պատժի նվազագույն և առավելագույն չափի սահմանմամբ, ինչը դատարանին հնարավորություն է տալիս, ելնելով կատարված կոնկրետ արարքի` հանրության համար վտանգավորության աստիճանից և բնույթից, հանցավորի անձը բնութագրող տվյալներից, այդ թվում` պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներից, հանցանք կատարած անձի նկատմամբ նշանակել համապատասխան պատիժ:
30. Քննության առարկա գործի նյութերից երևում է, որ Վերաքննիչ դատարանը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի պահանջին համապատասխան քննարկելով ամբաստանյալ Գ. Ավետիսյանի նկատմամբ պատժի նշանակման հարցը, անդրադարձել է ամբաստանյալի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիայով նախատեսված նվազ խիստ պատիժ նշանակելու հնարավորությանը, արձանագրել է ամբաստանյալի պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող մի շարք հանգամանքներ (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը), որոնք հաշվի չեն առնվել առաջին ատյանի դատարանի կողմից և հանգել հետևության, որ Գ. Ավետիսյանի նկատմամբ Առաջին ատյանի դատարանի կողմից սահմանված պատժաչափը` յոթ տարի ժամկետով ազատազրկումը, անարդարացի է ակնհայտ խիստ լինելու պատճառով, չի համապատասխանում հանցագործության ծանրությանը և ամբաստանյալի անձին և չի բխում պատժի նպատակներից: Վերաքննիչ դատարանը փոփոխել է Առաջին ատյանի դատարանի կողմից նշանակված պատժաչափը` ամբաստանյալի նկատմամբ նշանակելով ազատազրկում` 6 տարի ժամկետով:
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն իր համաձայնությունն է արտահայտում ամբաստանյալ Գ. Ավետիսյանի նկատմամբ նշանակված պատժաչափի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունների հետ և գտնում, որ այն համապատասխանում է գործի փաստական հանգամանքներին ու ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված` պատժի արդարացիության պահանջներին, իսկ բողոքաբերի փաստարկն առ այն, որ Գ.Ավետիսյանի նկատմամբ Վերաքննիչ դատարանի կողմից նշանակված պատիժն անարդարացի է ակնհայտ մեղմ լինելու պատճառով, հիմնազուրկ է:
Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Գ. Ավետիսյանի մասով վճռաբեկ բողոքը պետք է մերժել, Վերաքննիչ դատարանի 2010 թվականի հուլիսի 26-ի որոշումը` թողնել օրինական ուժի մեջ:
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն:
1. Ամբաստանյալ Արմեն Իշխանի Հովակիմյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2010 թվականի հուլիսի 26-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ նրա վերաբերյալ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2010 թվականի ապրիլի 23-ի դատավճռին:
2. Ամբաստանյալ Գոռ Գագիկի Ավետիսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2010 թվականի հուլիսի 26-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Դ. Ավետիսյան
Դատավորներ` Հ. Ասատրյան
Ե. Դանիելյան
Հ. Ղուկասյան
Ա. Պողոսյան
Ս. Օհանյան