Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 64-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԻՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 64-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԻՄԱՍՏՈՎ «ԲԱՑԱՌԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության                             ԱՎԴ2/0057/01/09

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

գործ թիվ ԱՎԴ2/0057/01/09

Նախագահող դատավոր` Մ. Պետրոսյան

    Դատավորներ`        Ս. Համբարձումյան

                       Գ. Մելիք-Սարգսյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատը

(այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Դ. Ավետիսյանի        

    մասնակցությամբ դատավորներ                 Հ. Ասատրյանի         

                                              Ե. Դանիելյանի

                                              Հ. Ղուկասյանի

                                              Ա. Պողոսյանի         

                                              Ս. Օհանյանի          

 

    քարտուղարությամբ                          Կ. Աբրահամյանի

 

    մասնակցությամբ պաշտպան                    Վ. Զուռնաչյանի

 

    2010 թվականի նոյեմբերի 5-ին               Երևան  քաղաքում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Վարդան Վազգենի Գասպարյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2010 թվականի ապրիլի 1-ի որոշման դեմ դատապարտյալ Վ. Գասպարյանի և նրա պաշտպանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2009 թվականի նոյեմբերի 4-ին ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է թիվ 44115009 քրեական գործը:

2009 թվականի դեկտեմբերի 24-ին կասկածյալ Վարդան Գասպարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

2009 թվականի դեկտեմբերի 24-ին Վ. Գասպարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով:

2009 թվականի դեկտեմբերի 28-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի 2010 թվականի հունվարի 25-ի դատավճռով Վարդան Գասպարյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել ազատազրկման 1 (մեկ) տարի ժամկետով:

ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, և սահմանվել է փորձաշրջան 1 (մեկ) տարի ժամկետով:

3. Մեղադրողի վերաքննիչ բողոքի հիման վրա քննության առնելով գործը` Վերաքննիչ դատարանը 2010 թվականի ապրիլի 1-ի որոշմամբ փոփոխել է Առաջին ատյանի դատարանի 2010 թվականի հունվարի 25-ի դատավճիռը: Վ. Գասպարյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել ազատազրկման 1 (մեկ) տարի ժամկետով:

4. 2010 թվականի օգոստոսի 26-ին դատապարտյալ Վ. Գասպարյանը և նրա պաշտպանը Վերաքննիչ դատարանի որոշման դեմ վճռաբեկ բողոք են բերել և խնդրել են ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի հիման վրա դատապարտյալի նկատմամբ նշանակել օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ:

Վճռաբեկ դատարանը 2010 թվականի սեպտեմբերի 3-ի որոշմամբ բողոքը վարույթ է ընդունել: Նույն օրը կայացված որոշմամբ Վճռաբեկ դատարանը կասեցրել է դատական ակտի կատարումը:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ուղարկվել:

 

Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

 

5. Վ. Գասպարյանը դատապարտվել է հետևյալ արարքի համար.

Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղում գտնվող թիվ 31 հենասյունը, որի վրա ամրացված է էլեկտրական հաշվիչների արկղը, նույն գյուղի բնակիչ Հարություն Խաչատրյանն օգտագործել է որպես ցանկապատի սևեռող հենարան:

Դրսևորելով անփութություն` «ՀՀ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Արաքս» մասնաճյուղի էլեկտրական ցանցի հսկիչ էլեկտրամոնտյոր Վարդան Գասպարյանը վերոնշյալ հանգամանքի մասին չի հայտնել էլեկտրական ցանցի ղեկավարությանը, այսինքն` չի նախատեսել իր անգործության` հանրության համար վտանգավոր հետևանքների առաջացման հնարավորությունը, թեև տվյալ իրադրությունում պարտավոր էր և կարող էր նախատեսել դրանք: Դրա արդյունքում հաղորդալարի մեկուսիչի վնասված հատվածից մետաղյա արկղը և դրան կպած ցանկապատն ընկել են լարման տակ:

2009 թվականի հուլիսի 28-ին` ժամը 15:50-ի սահմաններում, հենվելով նշված ցանկապատին` Հարություն Խաչատրյանը էլեկտրահարվել և մահացել է:

6. Վարդան Գասպարյանն առաջին անգամ կատարել է ոչ մեծ ծանրության անզգույշ հանցագործություն, երիտասարդ է, բնութագրվում է դրական, նախկինում դատապարտված չի եղել, ընտանիքի միակ կերակրողն է, նրա խնամքին է գտնվում 2008 թվականին սրտի վիրահատության ենթարկված և 2-րդ խմբի հաշմանդամ դարձած հայրը: Վ. Գասպարյանը ընդունել է մեղքը, անկեղծորեն զղջացել է կատարվածի համար, իր ցուցմունքներով օգնել է վարույթն իրականացնող մարմնին ճշմարտությունը բացահայտելու հարցում: Գործի նյութերում նրա պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ չկան:

7. Տուժողի իրավահաջորդ Ռ. Խաչատրյանը վերաքննիչ բողոքի պատասխանում նշել է, որ Վ. Գասպարյանը դատաքննության ընթացքում ամբողջովին հատուցել է տուժողի հուղարկավորության հետ կապված ծախսերը (1.500.000 ՀՀ դրամի չափով): Նա դատարանին խնդրել է Վ. Գասպարյանի նկատմամբ մեղմ պատիժ սահմանել, քանի որ նրա հետ պայմանավորվածություն է ձեռք բերել որդու գերեզմանի հետ կապված ծախսերը հատուցելու մասին, և ամբաստանյալը խոստացել է առաջիկայում հատուցել նաև այդ ծախսերը (տե՛ս քրեական գործ, 1-ին հատոր, էջ 264):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

8. Բողոքի հեղինակները նշել են, որ Առաջին ատյանի դատարանի 2010 թվականի հունվարի 25-ի և Վերաքննիչ դատարանի 2010 թվականի ապրիլի 1-ի դատական ակտերով թույլ են տրվել նյութական և դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա և առաջացրել են ծանր հետևանքներ:

Ըստ բողոքաբերների դատարաններն ընդհանրապես չեն անդրադարձել սույն գործի առանձնահատկություններին, ինչպես նաև գործով հաստատված այն փաստական հանգամանքներին, որոնք բացառիկ են, հնարավորություն են տալիս սույն գործով կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածը և նշանակել օրենքով նախատեսվածից մեղմ պատիժ:

9. Բողոքաբերների պնդմամբ` դատարանները հաշվի չեն առել սույն գործում հանցանքի շարժառիթների ու նպատակների, հանցավորի դերի, հանցանքը կատարելիս ու դրանից հետո նրա վարքագծի հետ կապված բացառիկ հանգամանքների առկայությունը, որոնք էականորեն նվազեցնում են հանցանքի` հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը, և այդ հանգամանքները բավարար չափով չեն արտացոլվել նշանակված պատժատեսակում և պատժաչափում:

Ի հիմնավորումն իրենց փաստարկի` բողոքաբերները նշել են, որ Վերաքննիչ դատարանը Վ. Գասպարյանի նկատմամբ նշանակված պատիժը փոփոխելիս հաշվի է առել այն, որ Վ. Գասպարյանի դրսևորած հանցավոր անփութության հետևանքով տուժողի ցանկապատը և շրջակա տարածքը տևական ժամանակով գտնվել են 1000 վ էլեկտրական լարվածության տակ, ինչը շատերի կյանքի համար վտանգավոր իրավիճակ է ստեղծել: Նշված էլեկտրական լարվածության հետևանքով տուժողին պատճառվել է մահ, ինչով էլ պայմանավորվել է հանցանքի և հանցավորի` հանրության համար վտանգավորության աստիճանը: Մինչդեռ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ «Արաքս» մասնաճյուղի Մասիսի էլեկտրական ցանցի պետ Գ. Դանիելյանի 2010 թվականի հունիսի 26-ի գրության համաձայն` Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղում գտնվող N 31 հենասյան վրա ամրացված էլեկտրական հաշվիչների մեջ մտնում է 220 վ լարում:

Մեջբերված դատողության արդյունքում բողոքաբերները եզրակացություն են արել այն մասին, որ նշված հանգամանքն էականորեն տարբերվում է Վերաքննիչ դատարանի կողմից նշված հանգամանքից: Հետևաբար, այն նվազեցնում է Վ. Գասպարյանի հանցանքի` հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը:

Ի հիմնավորումն իրենց փաստարկի` բողոքաբերները վկայակոչել են նաև այն հանգամանքը, որ Վ. Գասպարյանը դեպքից հետո տուժողի իրավահաջորդին կամովին հատուցել է տուժողի հուղարկավորության ծախսերը (1.500.000 ՀՀ դրամ), որի պատճառով տուժողի իրավահաջորդը հրաժարվել է ներկայացված քաղաքացիական հայցից և միջնորդել է դատարանին Վ. Գասպարյանի նկատմամբ նշանակել մեղմ պատիժ: Որպես Վ. Գասպարյանի անձը բնութագրող հանգամանք բողոքաբերները նշել են, որ նա երիտասարդ է, բնութագրվում է դրական, նախկինում դատապարտված չի եղել, ընտանիքի միակ կերակրողն է, նրա խնամքին է գտնվում 2008 թվականին սրտի վիրահատության ենթարկված և 2-րդ խմբի հաշմանդամ դարձած հայրը, ընդունել է մեղքը, անկեղծորեն զղջացել է կատարվածի համար, իր ցուցմունքներով օգնել է վարույթն իրականացնող մարմնին ճշմարտությունը բացահայտելու ուղղությամբ: Բացի այդ, գործի նյութերում նրա պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ չկան:

10. Վերոշարադրյալի հիման վրա բողոք բերած անձինք եզրահանգել են, որ գործում առկա բացառիկ հանգամանքների համակցությունն էականորեն նվազեցնում է հանցանքի` հանրության համար վտանգավորության աստիճանը և ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի հիման վրա դատապարտյալի նկատմամբ օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելու հիմք է: ՈՒստի, խնդրել են վճռաբեկ բողոքն ընդունել վարույթ, ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի 2010 թվականի ապրիլի 1-ի որոշումը և քրեական գործն ուղարկել նույն դատարան` այլ կազմով նոր քննության:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է` Վ. Գասպարյանի նկատմամբ պատիժ նշանակելիս ստորադաս դատարանների կողմից հաշվի առնված մեղմացնող հանգամանքների համակցությունը համապատասխանու՞մ է արդյոք ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի իմաստով «բացառիկության» չափանիշին, ինչը հիմք է Վ. Գասպարյանի նկատմամբ օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելու համար:

12. ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Հանցանքի շարժառիթների ու նպատակների, հանցավորի դերի, հանցանքը կատարելիս ու դրանից հետո նրա վարքագծի և այլ հանգամանքների հետ կապված բացառիկ հանգամանքների առկայության դեպքում, որոնք էականորեն նվազեցնում են հանցանքի` հանրության համար վտանգավորության աստիճանը, (...) կարող է նշանակվել սույն օրենսգրքի հատուկ մասի համապատասխան հոդվածով նախատեսված պատժի նվազագույն չափից ավելի ցածր պատիժ (...)»:

13. Որպես «բացառիկ» հաշվի առնվող հանգամանքների կապակցությամբ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշումներ է հայտնել Հ.Հաբեշյանի և Հ.Հովհաննիսյանի վերաբերյալ որոշումներում:

Համաձայն Հ. Հաբեշյանի վերաբերյալ որոշման` «(...) բացառիկ հանգամանքները կապված են հանցանքի շարժառիթների ու նպատակների, հանցավորի դերի, հանցանքը կատարելիս ու դրանից հետո նրա վարքագծի հետ: Այդպիսիք կարող են լինել նաև այլ հանգամանքներ, որոնք էականորեն նվազեցնում են հանցանքի` հանրության համար վտանգավորության աստիճանը: Ընդ որում, կարևորը ոչ թե պատիժը մեղմացնող տվյալների քանակն է, այլ այն, թե ինչքանով են դրանք էականորեն ազդել հանցանքի` հանրության համար վտանգավորության աստիճանի նվազեցման վրա» (տե՛ս Հարություն Հաբեշյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի 2007 թվականի օգոստոսի 30-ի ՎԲ-145/07 որոշումը):

Համաձայն Հ. Հովհաննիսյանի վերաբերյալ որոշման` «ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածում օգտագործված «բացառիկ» բառը ենթադրում է, որ տվյալ փաստական հանգամանքը կամ դրանց համակցությունը դուրս են գալիս սովորականի շրջանակներից: Այլ կերպ` ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառման համար հիմք հանդիսացած մեղմացնող հանգամանքը կամ մեղմացնող հանգամանքների համակցությունը պետք է այն աստիճան առանձնահատուկ լինեն, որ վերածվեն բացառության» (տե՛ս Հակոբ Հովհաննիսյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի 2008 թ. փետրվարի 29-ի ՎԲ-13/08 որոշման 19-րդ կետը):

14. Սույն գործի նյութերից երևում է, որ Վ. Գասպարյանն առաջին անգամ կատարել է ոչ մեծ ծանրության անզգույշ հանցագործություն, երիտասարդ է, բնութագրվում է դրական, նախկինում դատապարտված չի եղել, ընտանիքի միակ կերակրողն է, նրա խնամքին է գտնվում 2008 թ. սրտի վիրահատության ենթարկված և 2-րդ խմբի հաշմանդամ դարձած հայրը, ընդունել է մեղքը, անկեղծորեն զղջացել է կատարվածի համար, իր ցուցմունքներով օգնել է վարույթն իրականացնող մարմնին ճշմարտությունը բացահայտելու ուղղությամբ: Գործի նյութերում նրա պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ չկան (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):

Բացի այդ, տուժողի իրավահաջորդ Ռ. Խաչատրյանը հայտնել է, որ Վ. Գասպարյանը դատաքննության ընթացքում ամբողջովին հատուցել է տուժողի հուղարկավորության հետ կապված ծախսերը` 1.500.000 ՀՀ դրամի չափով: Նա խնդրել է դատարանին Վ. Գասպարյանի նկատմամբ նշանակել մեղմ պատիժ, քանի որ պայմանավորվածության համաձայն` վերջինս խոստացել է հատուցել նաև որդու գերեզմանի հետ կապված ծախսերը (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):

15. Սույն որոշման 14-րդ կետում շարադրված փաստերի նկատմամբ կիրառելով ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի դրույթները, ինչպես նաև Հ. Հաբեշյանի և Հ. Հովհաննիսյանի վերաբերյալ որոշումներով սահմանված և սույն որոշման 13-րդ կետով վերահաստատված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վ. Գասպարյանի նկատմամբ պատիժ նշանակելիս ստորադաս դատարանների կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի հիման վրա ապացույցները պատշաճ չգնահատելու արդյունքում անտեսվել է այն, որ գործի նյութերում առկա, դատական ակտերում շարադրված պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքների համակցությունը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի իմաստով «բացառիկության» չափանիշին, և որ ամբաստանյալի նկատմամբ օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելու միջոցով հնարավոր է հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով սահմանված պատժի նպատակներին:

Վերը նշված նյութական (ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդված) և դատավարական (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդված) իրավունքի նորմերի պահանջները չկատարելն ազդել է պատժի մասով ճիշտ որոշում կայացնելու վրա և դատական ակտը բեկանելու հիմք է: ՈՒստի, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը պետք է բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

16. Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Դատապարտյալ Վարդան Վազգենի Գասպարյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2010 թ. ապրիլի 1-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Դ. Ավետիսյան

Դատավորներ` Հ. Ասատրյան

Ե. Դանիելյան

Հ. Ղուկասյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
05.11.2010
N ԱՎԴ2/0057/01/09
Որոշում