(ուժը կորցրել է 19.05.2022 թիվ 694-Ն որոշում)
i
040.0102.160211
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
10 փետրվարի 2011 թվականի N 102-Ն
ՀԱՅ-ԲԵԼԱՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել ռազմատեխնիկական հարցերով հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կանոնադրությունը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2011 թվականի փետրվարի 10-ի
N 102-Ն որոշման
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅ-ԲԵԼԱՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության միջկառավարական հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով) ստեղծվում է Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության միջև ռազմատեխնիկական բնագավառում համագործակցության հարցերը համակարգելու նպատակով:
2. Սույն կանոնադրությամբ սահմանվում են հանձնաժողովի հայկական կողմի նպատակները, գործառույթները, իրավունքները, ձևավորման կարգը և գործունեության կազմակերպումը:
3. Հանձնաժողովի հայկական կողմը հասարակական հիմունքներով գործող մարմին է, որն իր իրավասության սահմաններում կատարում է աշխատանքներ` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին, Հայաստանի Հանրապետության օրենքներին, այլ իրավական ակտերին և սույն կանոնադրությանը համապատասխան:
II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
4. Հանձնաժողովի հայկական կողմն իրականացնում է 1999 թվականի մայիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության մասին» պայմանագրով (այսուհետ` պայմանագիր), 2002 թվականի հունիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև սպառազինության և ռազմական տեխնիկայի փոխադարձաբար մատակարարումների մասին» համաձայնագրով (այսուհետ` համաձայնագիր), 2006 թվականի հոկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև գաղտնի տեղեկատվության փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագրով (այսուհետ` համաձայնագիր) նախատեսված և (կամ) հիշյալ միջազգային պայմանագրերի իրագործմանն ուղղված հետևյալ գործառույթները`
1) ռազմատեխնիկական համագործակցության կոնկրետ ոլորտների բովանդակության սահմանում և համաձայնեցում համապատասխան ծրագրերի և պլանների մշակման ու ընդունման ճանապարհով.
2) պայմանագրի և համաձայնագրի դրույթների կատարման համար ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի հսկում և համադրում լիազորությունների շրջանակում.
3) ռազմական նշանակության արտադրանքի ստեղծման ուղղությամբ համատեղ ձեռնարկությունների կազմավորմանը և գործունեությանը աջակցություն.
4) ռազմատեխնիկական համագործակցության ընթացքում ծագող վեճերի, տարաձայնությունների և խնդիրների լուծմանն աջակցություն` խորհրդակցությունների միջոցով.
5) երկու պետությունների միջև ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնման ուղղությամբ առաջարկությունների և հանձնարարականների մշակում.
6) ռազմատեխնիկական համագործակցության ոլորտների և ուղղությունների զարգացմանը և իրագործմանը աջակցություն:
III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
5. Հանձնաժողովի հայկական կողմն իր գործառույթների իրականացման համար իրավունք ունի`
1) ընդունելու որոշումներ իր աշխատանքին առնչվող կազմակերպական և ընթացակարգային հարցերի մասին.
2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրավասու մարմինների քննարկմանը ներկայացնելու իր գործառույթների իրականացման վերաբերյալ առաջարկություններ.
3) հանձնաժողովի հետ պայմանավորվածությանը համապատասխան` ստեղծելու համատեղ մշտական և ժամանակավոր հիմունքներով գործող աշխատանքային մարմիններ.
4) կազմակերպելու խորհրդակցություններ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գործադիր իշխանության մարմինների, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև կազմակերպությունների ղեկավարների և փորձագետների, ինչպես նաև գործարար շրջանակների ներկայացուցիչների (կամավորության սկզբունքով) մասնակցությամբ:
IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԿԱԶՄԸ
6. Հանձնաժողովը կազմվում է Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության ներկայացրած անդամներից, որոնք նշանակվում են երկու կողմից` պահպանելով հավասար մակարդակներով ներկայացուցչությունն ապահովելու սկզբունքը:
7. Հանձնաժողովի հայկական կողմը բաղկացած է նախագահից, նախագահի տեղակալից (Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ), անդամներից, քարտուղարից (Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներկայացուցիչ):
8. Հանձնաժողովի հայկական կողմի կազմում ընդգրկվող գործադիր իշխանության և այլ մարմինների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` նշանակելով հանձնաժողովի հայկական կողմի նախագահին (համանախագահին) և քարտուղարին:
Գործադիր իշխանության և այլ մարմինների ղեկավարները Հայաստանի Հանրապետության վարչապետին, հանձնաժողովի հայկական կողմի նախագահին (համանախագահին) և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը տեղեկացնում են իրենց ներկայացուցիչների նշանակման և փոփոխության մասին:
9. Հայաստանի Հանրապետության վարչապետը հանձնաժողովի հայկական կողմի նախագահին նշանակում է Հայաստանի Հանրապետության Նախագահի համաձայնությամբ:
10. Հայաստանի Հանրապետության վարչապետը հանձնաժողովի հայկական կողմի քարտուղարին նշանակում է հանձնաժողովի հայկական կողմի նախագահի առաջարկությամբ:
11. Հանձնաժողովի հայկական կողմի նախագահը`
1) հանձնաժողովի համանախագահն է.
2) համակարգում է հանձնաժողովի հայկական կողմի գործողությունների պլանում ներառված միջոցառումների իրականացման աշխատանքները.
3) վարում է հանձնաժողովի հայկական կողմի նիստերը.
4) հանձնաժողովի հայկական կողմի անդամների միջև բաշխում է պարտականությունները և նշանակում պատասխանատուներ` հանձնաժողովի հայկական կողմի գործառույթներից ու խնդիրներից բխող հարցերի պատրաստման համար.
5) հսկողություն է իրականացնում հանձնաժողովի ընդունած որոշումների կատարման նկատմամբ.
6) Հայաստանի Հանրապետության կառավարության և հանձնաժողովի հայկական կողմի որոշումներին համապատասխան իրականացնում է այլ գործառույթներ:
12. Հանձնաժողովի նախագահը և հանձնաժողովի անդամներն իրավունք ունեն, առանց հատուկ լիազորությունների, բանակցություններ վարելու Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի կնքման և այդ պայմանագրի տեքստի փոխհամաձայնեցման շուրջ:
13. Հանձնաժողովի հայկական կողմի քարտուղարը պատասխանատու է հանձնաժողովի հայկական կողմի գործունեության կազմակերպման, հանձնաժողովի հանդիպումների համար փաստաթղթերի նախապատրաստման, հանձնաժողովի հայկական կողմի նախագահի` հանձնաժողովի գործունեության հետ կապված հանձնարարությունների կատարման և հանձնաժողովի ընդունած որոշումների կատարման ընթացքին հետևելու, ինչպես նաև հանձնաժողովի գործունեության հետ կապված այլ կազմակերպչական և վարչական հարցեր լուծելու համար:
V. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
14. Հանձնաժողովի նիստերն անցկացվում են հաջորդաբար Հայաստանի Հանրապետությունում և Բելառուսի Հանրապետությունում` հանձնաժողովի ընդունող կողմի նախագահի նախագահությամբ:
15. Հանձնաժողովի հայկական կողմը գումարում է նիստեր` նախապես համաձայնեցված պարբերականությամբ և ժամկետներում` ըստ գործողությունների պլանի:
16. Գործողությունների պլանը մշակվում է յուրաքանչյուր տարվա համար հանձնաժողովի հայկական կողմի կազմում ընդգրկված անդամների առաջարկությունների հիման վրա: Գործողությունների պլանը ներառում է միջոցառումների իրականացման համար հստակ ժամանակացույց և սահմանում դրանց համար պատասխանատուներին: Գործողությունների պլանը հաստատվում է հանձնաժողովի հայկական կողմի նախագահի կողմից:
17. Գործողությունների պլանում ներառվում են այն հարցերը, որոնք պետք է քննարկվեն հանձնաժողովի հայկական կողմի և իր աշխատանքային մարմինների կողմից` նշելով դրանց նախապատրաստման կարգը, քննարկման ժամկետները, ծավալը և նյութերը Հայաստանի Հանրապետության կառավարություն կամ հանձնաժողովի հայկական կողմի քննարկմանը ներկայացնելու ժամկետները:
18. Հանձնաժողովի հայկական կողմի նիստը համարվում է իրավազոր` հանձնաժողովի անդամների երկու երրորդի մասնակցության դեպքում:
19. Նիստի օրակարգի յուրաքանչյուր հարցի մասին որոշումն ընդունվում է հանձնաժողովի հայկական կողմի նիստին մասնակցող անդամների ձայների մեծամասնությամբ:
20. Ընդունված որոշումներն ստորագրում է հանձնաժողովի հայկական կողմի նախագահը:
21. Լրացուցիչ հաստատում պահանջող կամ իրագործման համար ներպետական իրավական ակտի ընդունում պահանջող որոշումներն ուժի մեջ են մտնում համապատասխանաբար` լրացուցիչ հաստատվելուց կամ համապատասխան ակտը ընդունելուց հետո:
22. Հանձնաժողովի հայկական կողմի նախագահը յուրաքանչյուր տարին մեկ անգամ Հայաստանի Հանրապետության Նախագահին և Հայաստանի Հանրապետության վարչապետին է ներկայացնում հաշվետվություն հանձնաժողովի գործունեության վերաբերյալ և յուրաքանչյուր վեց ամիսը մեկ անգամ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն է ներկայացնում տեղեկատվություն իրենց ընթացիկ գործունեության վերաբերյալ:
23. Ընդունված որոշումներն իրագործելու նպատակով հանձնաժողովն իրավունք ունի ստեղծելու ժամանակավոր և մշտական մարմիններ` ենթահանձնաժողովներ, հանձնախմբեր կամ աշխատանքային խմբեր:
24. Հանձնաժողովը որոշում է մշտական և ժամանակավոր մարմինների նպատակները, լիազորությունները և կազմը: Այդ մարմինները միայն հանձնաժողովի կազմից ձևավորվելու դեպքում դրանց ստեղծման և անհատական կազմի հաստատման համար լրացուցիչ ներպետական ակտի ընդունում չի պահանջվում:
25. Հանձնաժողովի նիստերի և նրա մշտական ու ժամանակավոր մարմինների գործունեության հետ կապված ծախսերը հոգում է ընդունող երկիրը` յուրաքանչյուր կողմի օրենսդրությամբ սահմանված կարգով:
26. Հանձնաժողովի նիստերին մասնակցության համար ժամանած պատվիրակությունների կեցության, սննդի և տրանսպորտային միջոցների ապահովման ծախսերը հոգում է ընդունող կողմը:
27. Ճանապարհածախսը և հանձնաժողովի հանդիպման ընթացքում մասնակիցների, ինչպես նաև մշտական և ժամանակավոր մարմինների անդամների` ընդունող երկրում գտնվելու հետ կապված ծախսերը կատարվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման համաձայն: