i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՈՒՄԸ
ՄԵԿԻՑ ԱՎԵԼԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐ ԸՆԴԳՐԿՈՂ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԱՎԱՆԱՅԻՆ, ԳՅՈՒՂԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ՏԱՐԱՆՋԱՏՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
i
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1991 թվականի հունվարի 21-ի հանձնարարության, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությունը որոշում է.
Հաստատել մեկից ավելի բնակավայր ընդգրկող պատգամավորների ավանային, գյուղական խորհուրդների տարանջատման հետևյալ կարգը`
1. Մեկից ավելի բնակավայր ընդգրկող պատգամավորների ավանային, գյուղական խորհուրդների տարածքում գտնվող 200-ից ավելի բնակիչ ունեցող և ինքնուրույն տնտեսություն վարող ավանային գյուղական բնակավայրերում կազմավորվում են պատգամավորների առանձին (ինքնուրույն) խորհուրդներ: Պատգամավորների առանձին խորհուրդներ չեն կազմավորվում, եթե բնակավայրերի ընտրողների ընդհանուր ժողովները ձայների երկու երրորդի մեծամասնությամբ որոշումներ են ընդունում մնալ մեկից ավելի բնակավայր ընդգրկող խորհրդի կազմում:
2. 200-ից պակաս բնակիչ ունեցող կամ ինքնուրույն տնտեսություն չվարող բնակավայրերում պատգամավորների առանձին խորհուրդները կազմավորվում են բնակավայրի ընտրական իրավունք ունեցող ընտրողների ընդհանուր ժողովի և պատգամավորների համապատասխան շրջանային (քաղաքային) խորհրդի որոշումների առկայության դեպքում:
3. Ավանային, գյուղական խորհուրդների տարանջատումը հաստատվում է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության որոշմամբ:
4. Տարանջատման կարգով կազմավորված պատգամավորների ավանային, գյուղական խորհուրդների կազմի մեջ են մտնում տվյալ բնակավայրից ընտրված և ապախոշորացվող խորհրդի կողմից լիազորությունները ճանաչած պատգամավորները:
5. Նոր ավանային, գյուղական խորհուրդների կազմավորումը և նրանց նախագահների կամ նախագահների պաշտոնակատարների ընտրությունները կատարվում են հետևյալ կարգով`
ա) ապախոշորացվող ավանային, գյուղական խորհուրդներն իրենց վերջին նստաշրջաններում, հաշվի առնելով տեղերից ստացվող առաջարկությունները, քննարկում և որոշումներ են ընդունում նոր կազմավորվող խորհուրդների թվակազմի մասին, ելնելով ապախոշորացվող խորհրդի կազմում տվյալ բնակավայրից ընտրված և լիազորությունները ճանաչված պատգամավորների և բնակչության թվից, բնակավայրի առանձնահատկություն:
Կազմավորվող խորհուրդների պատգամավորների թիվը յոթից պակաս չի կարող լինել.
բ) պատգամավորների շրջանային (քաղաքային) խորհրդի կողմից նոր կազմավորվող պատգամավորների ավանային, գյուղական խորհրդի թվակազմը հաստատելուց հետո, խորհրդի թափուր մնացած մանդատների համար Հայաստանի Հանրապետության պատգամավորների տեղական խորհուրդների պատգամավորների ընտրությունների մասին օրենքի 54 հոդվածին համապատասխան եռամսյա ժամկետում նշանակվում և անցկացվում են լրացուցիչ ընտրություններ: Ապախոշորացվող խորհրդի տարածքային ընտրական հանձնաժողովը ընդհանուր է, ըստ առանձին բնակավայրերի տարածքային ընտրական հանձնաժողովներ չեն կազմվում, պահպանվում են տեղամասային ընտրական հանձնաժողովները.
գ) եթե կազմավորվող խորհրդի լիազորությունները ճանաչված պատգամավորների թիվը 7-ից պակաս չէ և այդ թիվը փոքր չէ տվյալ խորհրդի համար հաստատված թվակազմի երկու երրորդից, ապա Գերագույն խորհրդի նախագահության համապատասխան որոշումից հետո խորհուրդը համարվում է կազմավորված, օրենքով սահմանված կարգով սկսում է իր աշխատանքները և ընտրում է խորհրդի նախագահ.
դ) եթե վերը սահմանված կարգով կազմավորվող խորհուրդը չի կարող սկսել իր աշխատանքները կամ աշխատանքները սկսելուց հետո նստաշրջանը մեկշաբաթյա ժամկետում խորհրդի նախագահ չի ընտրում, ապա վերադաս խորհրդի կողմից լիազորված ներկայացուցիչները և կազմավորվող խորհրդի պատգամավորները կազմակերպում են բնակավայրի ընտրողների ընդհանուր ժողով և ժողովի կողմից սահմանվող կարգով կազմակերպում կազմավորվող խորհրդի նախագահի պաշտոնակատարի ընտրություն:
Վերադաս խորհրդի կողմից հաստատվելուց հետո նախագահի պաշտոնակատարների լիազորությունները շարունակվում են մինչև թափուր մնացած մանդատների համար նշանակված ընտրությունների ավարտը, երկշաբաթյա ժամկետում նստաշրջանների գումարումը և օրենքով սահմանված կարգով ավանային, գյուղական նոր կազմավորվող խորհուրդների նախագահների ընտրությունները:
6. Կազմավորվող ավանային, գյուղական խորհուրդների գործադիր կոմիտեների ֆինանսավորման հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի կողմից սահմանված կարգով:
7. Սույն կարգով նոր խորհուրդների կազմավորման գործընթացի վերահսկողությունը իրականացնում են Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի տեղական ինքնակառավարման հարցերի և ագրարային և գյուղի զարգացման հարցերի մշտական հանձնաժողովները:
7 փետրվարի 1991 թվական: