EUROPEAN COURT OF HUMAN RIGHTS
COUR EUROPE՛ENNE DES DROITS DE L'HOMME
1959.50.2009
ԵՐՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
(Գանգատ թիվ 22387/05)
ՎՃԻՌ
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
27 հոկտեմբեր 2009
ՈՒԺԻ ՄԵՋ Է ՄՏԵԼ
27/01/2010
Վճիռը կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների:
Կարապետյանն ընդդեմ Հայաստանի գործով
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (Երրորդ Բաժանմունք) Պալատը, հետևյալ կազմով`
Josep Casadevall, Նախագահ,
Elisabet Fura,
Corneliu Birsan,
Bostjan M. Zupancic,
Alvina Gyulumyan,
Egbert Myjer,
Luis Lo՛pez Guerra, դատավորներ,
և Stanley Naismith, Բաժանմունքի քարտուղարի տեղակալ,
2009 թ. հոկտեմբերի 6-ին կայացած դռնփակ նիստում
կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը.
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
1. Գործը սկիզբ է առել 2003 թ. սեպտեմբերի 15-ին Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի («Կոնվենցիա») 34-րդ հոդվածի համաձայն, Հայաստանի քաղաքացի պրն Զավեն Կարապետյանի (»դիմումատու») կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության բերված թիվ 22387/05 գանգատի հիման վրա:
2. Դիմումատուին ներկայացնում էին Լոնդոնում գործող Մարդու իրավունքների Քրդական Ծրագրի (KHRP) փաստաբաններ պրն Մ. Մյուլլերը, պրն Թ. Օթթին, պրն Ք. Յիլդիզը և տկն Լ. Քլարիջը, Երևանում գործող փաստաբան պրն Տ. Տեր-Եսայանը: ՀՀ Կառավարությունը («Կառավարություն») ներկայացնում էր Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ պրն Գ. Կոստանյանը:
3. 2005 թ. սեպտեմբերի 12-ին Երրորդ բաժանմունքի նախագահը որոշեց գանգատն ուղարկել Կառավարությանը: Կոնվենցիայի 29-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Դատարանը որոշեց իրականացնել գործի ընդունելիության և ըստ էության միաժամանակյա քննություն:
ՓԱՍՏԵՐԸ
I. ԳՈՐԾԻ ՓԱՍՏԱԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
4. Դիմումատուն ծնվել է 1945 թ. և ապրում է Հայաստանում` Քարակերտ գյուղում: Նա աշխատում է որպես դպրոցի տնօրեն:
Ա. Վարչական վարույթը դիմումատուի նկատմամբ
5. 2003 թ. փետրվար և մարտ ամիսներին Հայաստանում տեղի ունեցան նախագահական ընտրություններ: Ընտրությունների առաջին և երկրորդ փուլերից հետո խախտումներ վիճարկող ընդդիմադիր կուսակցությունների կողմից Երևանում կազմակերպվեցին մի շարք բողոքի երթեր:
6. 2003 թ. մարտի 21-ին դիմումատուն մեկնեց Երևան` նախորդ օրը հոգեբուժարան տեղափոխված իր որդուն այցելելու նպատակով:
7. Նշված օրը Երևանում տեղի է ունենում հանրահավաք: Դիմումատուն պնդեց, որ չի մասնակցել հանրահավաքին: Դիմումատուն պնդեց նաև, որ իր որդուն այցելելուց հետո ժամը 15:00-ին գյուղ մեկնելու համար գնացել է ավտոբուսի կայարան, սակայն դեպի Երևան երթևեկությունը կասեցված է եղել հանրահավաքի պատճառով: Ավտոբուսի կայարանում դիմումատուն հանդիպում է երկու համագյուղացիներ` Լավրենտ Կիրակոսյանին և Արման Մխիթարյանին, որոնք մտադրվել էին մասնակցել հանրահավաքին: Նրանք պատրաստվում էին երեկոյան տուն վերադառնալ ավտոմեքենայով, ուստի դիմումատուն պայմանավորվեց հանդիպել վերջիններիս ժամը 17:00-ին` միասին գյուղ մեկնելու համար:
8. 2003 թ. մարտի 22-ին ՀՀ ոստիկանության Բաղրամյանի բաժնի երկու աշխատակիցներ այցելեցին դիմումատուի տուն:
9. Դիմումատուն պնդեց, որ նշված այցը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8-ին: Ոստիկանության աշխատակիցները, առանց հավելյալ պատճառներ ներկայացնելու, տեղեկացրեցին դիմումատուին, որ նա պարտավոր է իրենց ուղեկցությամբ գնալ ոստիկանության բաժին:
10. Կառավարությունն ընդունեց, որ այցը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8-ին, սակայն առարկեց պատճառները չբացահայտելու դիմումատուի պնդման դեմ: Ըստ Կառավարության` ոստիկանության աշխատակիցներն այցելել են դիմումատուին նախորդ օրվա չարտոնված հանրահավաքին նրա հնարավոր մասնակցության վերաբերյալ բացատրություն ստանալու համար:
11. Գործի նյութերից երևում է, որ ոստիկանության աշխատակիցները դիմումատուին խնդրել են իրենց հետ գնալ ոստիկանության բաժին: Չնայած ցուցաբերած դիմադրության` դիմումատուն, այնուամենայնիվ, բերման է ենթարկվում ոստիկանության բաժին: Կառավարության պնդմամբ` ձերբակալությունն իրականացնող ոստիկանները դիմումատուին բանավոր հայտնել են ձերբակալման պատճառները:
12. Ոստիկանության բաժնում ձերբակալությունն իրականացնող ոստիկանները կազմում են արձանագրություն բերման ենթարկելու մասին, որի մեջ նշվում է, որ «[դիմումատուն] բերման է ենթարկվել Ոստիկանության Բաղրամյանի բաժին զազրախոսելու և հինգից վեց րոպե ոստիկանության աշխատողների օրինական պահանջներին չարամտորեն չենթարկվելու համար»: Ձերբակալման ժամն արձանագրվեց 9-ն անց 30 րոպե: Բերման ենթարկելու մասին արձանագրությունը ստորագրվեց դիմումատուի կողմից:
13. Ոստիկանության աշխատակիցները կազմեցին վարչական իրավախախտման արձանագրություն, որտեղ նշվեց, որ դիմումատուն «չարամտորեն չի ենթարկվել ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին և մոտ հինգից յոթ րոպե չարամտորեն զազրախոսել է»: Դիմումատուին ներկայացվեց մեղադրանք Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի («ՎԻՎՕ») 182-րդ հոդվածի ներքո: Վարչական իրավախախտման արձանագրությունը ստորագրվեց դիմումատուի կողմից:
14. Դիմումատուն պնդեց, որ ընթերցանության համար նախատեսված ակնոցի բացակայության պատճառով նա չի կարողացել կարդալ վերոնշյալ փաստաթղթերի բովանդակությունը, ներառյալ նաև բացատրություն վերցնելու մասին արձանագրությունը, որտեղ նա ընդունել է իր կողմից այդ ենթադրյալ գործողությունների կատարումը: Նշված փաստաթղթերի բովանդակությունը չի ընթերցվել իր համար: Փաստաթղթերը ենթադրաբար նախապատրաստվել են ոստիկանության աշխատակիցների կողմից, որոնք խնդրել են ստորագրել դրանք, ինչը դիմումատուն արել է` հասկանալով, որ արդյունքում նա անմիջապես ազատ կարձակվի ոստիկանության բաժնից: Դիմումատուն նաև պնդեց, որ ոստիկանության պետը հայտնել է, որ իրեն կալանավորում են, քանի որ Ներքին գործերի նախարարի հրահանգով բոլոր քաղաքական ակտիվիստները պետք է ժամանակավորապես ձերբակալվեն:
15. Կառավարությունն առարկեց վերոնշյալ ենթադրությունների դեմ և նշեց, որ դիմումատուն ստորագրել է բոլոր փաստաթղթերն առանց որևէ առարկության: Ոստիկանության աշխատակիցները բացատրել են դիմումատուին իր դատավարական իրավունքները և խորհուրդ են տվել օգտվել պաշտպան ունենալու իր իրավունքից, որից, սակայն, դիմումատուն հրաժարվել է:
16. Ձերբակալումից մոտ երկու ժամ հետո դիմումատուն տարվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ս.-ի մոտ:
17. Կարճատև նիստից հետո դատավոր Ս.-ն դիմումատուին ենթարկեց 10 օր վարչական կալանքի ՎԻՎՕ 182-րդ հոդվածի հիման վրա: Դատավորի եզրահանգումը հետևյալն էր.
«[Դիմումատուն] 2003 թ. մարտի 22-ին ժամը 09.30-ին, Արմավիրի մարզի Քարակերտ գյուղում չարամտորեն չի ենթարկվել ՀՀ ոստիկանության Բաղրամյանի բաժնի աշխատողների հասարակական կարգի պահպանության պարտականություններ կատարելու ընթացքում արված օրինական պահանջին` ոստիկանության բաժին բերման ենթարկելիս չի ենթարկվել, զազրախոսել և խանգարել է նրանց աշխատանքը»:
18. Դիմումատուն պնդեց, որ վերոնշյալ նիստը տեղի էր ունեցել դատավորի աշխատասենյակում: Նիստին ներկա էին միայն դատավորը, ուղեկցող ոստիկանության աշխատակիցը և դիմումատուն: Նիստի ժամանակ դիմումատուն տեղյակ չէր, որ իրեն մեղավոր են ճանաչել հասարակական կարգի խախտման համար: Դատավորը հարցեր չտվեց և բացատրեց, որ չի կարող կայացնել այլ որոշում, քանի որ «իրեն ասված է այդպես վարվել»: Նիստը տևել է մի քանի րոպե:
19. Կառավարությունն առարկեց դիմումատուի վերոնշյալ ենթադրության դեմ և պնդեց, որ դատավարությունը եղել է հրապարակային: Դատավորը բացատրել է դիմումատուին պաշտպան ունենալու, բացարկ հայտնելու, միջնորդություններ հարուցելու և դատարանի առաջ հայտարարություններ անելու նրա իրավունքը: Դիմումատուն չի ցանկացել հարուցել միջնորդություններ կամ ունենալ պաշտպան: Դատավորը, այնուհետև, սկսել է գործի նյութերի ուսումնասիրությունը, լսել է դիմումատուին և կայացրել իր որոշումը:
Բ. Դիմումատուի կալանքը
20. Նույն օրը դիմումատուն տեղափոխվել է Ներքին գործերի նախարարության Արմավիրի մարզի տարածքային ստորաբաժանումում գտնվող Արմավիրի ժամանակավոր պահման վայր` պատժի կրման նպատակով:
21. Համաձայն դիմումատուի` իրեն այլ ութ անձանց հետ տեղավորել են փոքր խցում: Խցում չի եղել բավարար օդ և լուսավորություն: Կալանավորվածներին սնունդ չի տրամադրվել: Կալանավայրի վարչակազմը վերցնում էր կալանավորների ազգականների բերած սնունդից լավագույն մթերքը, իսկ մնացածը տալիս էր կալանավորներին: Դիմումատուն պնդեց, որ իր առողջությունը վատթարացել է իր կալանքի արդյունքում, քանի որ նա տառապել է սիրտ-անոթային խնդիրներից: Վարչակազմը թույլ չի տվել դիմումատուին գնել դեղորայք:
22. Կառավարության պնդմամբ` դիմումատուի խուցը համապատասխանել է առողջապահության և հիգիենայի պահանջներին: Դիմումատուին տրամադրվել է ողջամիտ տարածություն: Խցում եղել է բավարար բնական լույս, մաքուր օդ, ինչպես նաև տեխնիկական չափորոշիչներին համապատասխան` արհեստական լուսավորում: Դիմումատուի տրամադրության տակ էին ջուրը և զուգարանի անհրաժեշտ պարագաները: Դիմումատուն ունեցել է առանձին մահճակալ և պատշաճ անկողին: Տրվել է նաև կանոնավոր սնունդ` Կառավարության որոշումներով սահմանված համապատասխան չափով:
23. Պատիժն ամբողջությամբ կրելուց հետո 2003 թ. մարտի 31-ին դիմումատուն ազատ արձակվեց:
II. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ
24. Ներպետական համապատասխան դրույթների, ինչպես նաև Խոշտանգումների և անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կանխարգելման կոմիտեի («ԽԽԿ») զեկույցների համառոտ նկարագրությունը տե՛ս Գալստյանն ընդդեմ Հայաստանի (թիվ 26986/03, պարբ. 26, 2007 թ. նոյեմբերի 15) և Կիրակոսյանն ընդդեմ Հայաստանի (թիվ 31237/03, պարբ. 29-34, 2008 թ. դեկտեմբերի 2) վճիռները:
ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՐՑԵՐ
I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
25. Դիմումատուն բողոքեց, որ իր կալանքի պայմանները չեն համապատասխանել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի պահանջներին, որը սահմանում է.
«Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի»:
Ա. Ընդունելիությունը
26. Կառավարությունը պնդեց, որ դիմումատուն չի սպառել իրավական պաշտպանության ներպետական միջոցները: «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի հիման վրա` դիմումատուն կարող էր բողոքել կալանքի պայմանների դեմ, ինչը չի արվել: Դիմումատուն պահվել էր նույն խցում Կիրակոսյանի գործով դիմումատուի հետ, որն օգտվել է վերը նշված արդյունավետ պաշտպանության միջոցից և տեղափոխվել է այլ խուց (տե՛ս վերը վկայակոչված Կիրակոսյանի գործը, պարբ. 24-25): Հետևաբար, դիմումատուն տեղյակ էր այդ պաշտպանության միջոցի առկայության մասին: Ավելին, ժամանակավոր պահման վայրի վարչակազմը դիմումատուին տեղեկացրել էր իրավունքների` այդ թվում բողոք բերելու իր իրավունքի մասին: Վերջապես, պաշտպանության միջոցի առկայության մասին ենթադրաբար տեղյակ չլինելը չի ազատում դիմումատուին առկա ներպետական միջոցների սպառման կանոնը պահպանելու նրա պարտավորությունից:
27. Դիմումատուն պնդեց, որ տեղյակ չէր բողոքարկման որևէ ընթացակարգի գոյության մասին: Կալանքի ընթացքում նա հնարավորություն չի ունեցել օգտվել իրավաբանական խորհրդատվությունից, որը նրան թույլ կտար տեղեկանալ բողոքարկման որևէ ընթացակարգի մասին: ՈՒստի, բողոքարկման ընթացակարգ բավարար չափով հասանելի չի եղել իրեն: Ամեն դեպքում, օրենքում բողոքարկման ընթացակարգի առկայությունն իշխանություններին չի ազատում կալանքի համարժեք պայմաններ ապահովելու պարտականությունից:
28. Դատարանը կրկնում է, որ սպառման ենթակա են միայն այն ներպետական միջոցները, որոնք արդյունավետ են: Իրավական պաշտպանության ներպետական միջոցների չսպառման հարցը բարձրացնող Կառավարության պարտավորությունն է ապացուցել Դատարանին, որ իր կողմից նշված միջոցն արդյունավետ էր, տեսականորեն և գործնականում մատչելի էր քննարկվող ժամանակահատվածում` այսինքն, այն հասանելի էր, կարող էր հատուցում տրամադրել դիմումատուի գանգատների դիմաց և առաջարկում էր հաջողության իրատեսական հնարավորություն: Ապացուցման այս պարտավորությունը կատարելու դեպքում դիմումատուի պարտավորությունն է ցույց տալ, որ Կառավարության կողմից առաջարկվող միջոցն իրականում սպառվել է կամ որ այն ինչ-որ պատճառներով անբավարար կամ անարդյունավետ էր գործի որոշակի հանգամանքներում, կամ որ առկա էին առանձնահատուկ հանգամանքներ, որոնք վերջինիս ազատում էին այս պահանջի կատարումից (տե՛ս Kalashnikov v. Russia (որոշում), թիվ 47095/99, 2001 թ. սեպտեմբերի 18, և Melnik v. Ukraine, թիվ 72286/01, պարբ. 67, 2006 թ. մարտի 28):
29. Դատարանն այնուհետև ընդգծում է, որ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի առաջին մասը պետք է կիրառվի որոշակի աստիճանի ճկունությամբ և առանց ավելորդ ձևականության: Ավելին, ներպետական միջոցների սպառման կանոնը ո՛չ բացարձակ է, և ո՛չ էլ կարող է մեխանիկորեն կիրառվել: Ստուգելիս, թե արդյոք կանոնը պահպանվել է թե ոչ` շատ կարևոր է նկատի ունենալ տվյալ պետության իրավական համակարգում պաշտոնական միջոցների գոյությունը, այն ընդհանուր իրավական և քաղաքական դաշտը, որում դրանք գործում են, ինչպես նաև գործի առանձնահատուկ հանգամանքները և այն, թե արդյոք դիմումատուն կատարել է այն ամենն, ինչը կարող էր խելամտորեն ակնկալվել (տե՛ս նույն տեղում):
30. Սույն գործում Կառավարությունը նշել է, որ դիմումատուն իր տրամադրության տակ ուներ իրավական պաշտպանության միջոց, մասնավորապես` նա կարող էր բողոք ներկայացնել «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի հիման վրա: Դատարանը, այնուամենայնիվ, նկատում է, որ Կառավարությունը չի ներկայացրել որևէ ապացույց ցույց տալու, որ իր կողմից մատնանշվող իրավական պաշտպանության միջոցը բավարար էր և արդյունավետ: Նույնիսկ չէր մասնավորեցվել, թե այդ հոդվածում թվարկված մի շարք մարմիններից, որ մեկին պետք է դիմեր դիմումատուն և ինչպիսի առանձնահատուկ միջոցներ կարող էին ձեռնարկվել նրանց կողմից դիմումատուի բողոքները բավարարելու համար` հատկապես հաշվի առնելով, որ դիմումատուի կողմից բարձրացված խնդիրներն ակնհայտորեն համակարգային բնույթ ունեին և չէին վերաբերում միայն դիմումատուի անձնական կացությանը (տե՛ս վերը վկայակոչված Կիրակոսյանի գործը, պարբ. 58, Մխիթարյանն ընդդեմ Հայաստանի, թիվ 22390/05. պարբ. 43, 2008 թ. դեկտեմբերի 2, և Թադևոսյանն ընդդեմ Հայաստանի, թիվ 41698/04, պարբ. 41, 2008 թ. դեկտեմբերի 2):
31. Դատարանը նաև նշում է, որ Կառավարության կողմից վկայակոչված Կիրակոսյանի գործով պարզվել է, որ «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի հիման վրա ներկայացված դիմումը բավարար և արդյունավետ արդյունք չի ունեցել, քանի որ երկրորդ խուց դիմումատուին փոխադրելը առաջացրել էր դիմումատուի կալանքի պայմանների չնչին, եթե այդպիսին ընդհանրապես կար, բարելավում (տե՛ս վերը վկայակոչված Կիրակոսյանի գործը, պարբ. 58): Սույն գործով չի ապացուցվում, որ դիմումատուի կողմից նմանատիպ բողոք ներկայացնելու դեպքում կլիներ այլ արդյունք, հատկապես, այն պարագայում, որ նա Կիրակոսյանի գործով դիմումատուի հետ պահվել է նույն ժամանակավոր պահման վայրում: Հաշվի առնելով վերոնշյալը` Կառավարության պնդումը ներպետական պաշտպանության միջոցների չսպառման վերաբերյալ պետք է մերժվի:
32. Դատարանը նշում է, որ այս գանգատն ակնհայտորեն անհիմն չէ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ մասի իմաստով: Դատարանն այնուհետև նշում է, որ այն անընդունելի չէ որևէ այլ հիմքով: Հետևաբար, այն պետք է ճանաչվի ընդունելի:
Բ. Ըստ էության քննությունը
33. Կառավարությունը պնդեց, որ 3-րդ հոդվածի պահանջների խախտում տեղի չի ունեցել: Դիմումատուն որևէ փաստարկ չի ներկայացրել իր հոգեկան կամ ֆիզիկական առողջությանը վնաս պատճառվելու կապակցությամբ: Ավելին, իշխանությունները մտադրություն չեն ունեցել վիրավորել կամ նվաստացնել դիմումատուին, քանի որ նա պահվել է բանտային ընդհանուր պայմաններում: Վերջապես, Կառավարությունը նշեց, որ չնայած գոյություն ունեցող սոցիալ-տնտեսական խնդիրներին, Հայաստանի քրեակատարողական համակարգում կատարվել են էական բարեփոխումներ և՛ ընդհանուր պայմանների և՛ կիրառվող ռեժիմի տեսանկյունից:
34. Դիմումատուն պնդեց, որ Արմավիրի ժամանակավոր պահման վայրում իր կալանքի պայմանները հավասարազոր էին անմարդկային վերաբերմունքի 3-րդ հոդվածի իմաստով: Դիմումատուի կալանքի պայմանների վերաբերյալ Կառավարության կողմից ներկայացված տեղեկությունների մեջ բացակայում են մանրամասնություններ և ներառված են միայն ընդհանուր պնդումներ: Ինչ վերաբերում է քրեակատարողական համակարգում ներկայացված ենթադրյալ բարեփոխումներին, ապա պարզ չէ` դրանք տեղի են ունեցել դիմումատուի կալանքից առաջ, թե` հետո:
35. Դատարանը նախ և առաջ դիտարկում է, որ 3-րդ հոդվածը սահմանում է ժողովրդավարական հասարակության հիմնարար արժեքներից մեկը: Այն բացարձակապես արգելում է խոշտանգումը կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքը կամ պատիժն անկախ տուժողի վարքագծից (տե՛ս ի թիվս այլոց Labita v. Italy [ՄՊ], թիվ 26772/95, պարբ. 119, ՄԻԵԴ 2000-IV):
36. Դատարանի նախադեպային իրավունքի համաձայն` վատ վերաբերմունքը պետք է հասնի խստության որոշակի նվազագույն աստիճանի, որպեսզի այն ընդգրկվի 3-րդ հոդվածի կիրառման ոլորտում: Գործնականում այս նվազագույն շեմի գնահատումը հարաբերական է` այն կախված է գործի բոլոր հանգամանքներից, ինչպիսիք են վերաբերմունքի կամ պատժի բնույթն ու իրավիճակը, վերջինիս ի կատար ածման եղանակն ու մեթոդը, տևողությունը, ֆիզիկական և հոգեկան հետևանքները և, որոշ դեպքերում, տուժողի սեռը, տարիքը և առողջական վիճակը (տե՛ս ի թիվս այլոց Ireland v. the United Kingdom, 1978 թ. հունվարի 18-ի վճիռը, Սերիա Ա թիվ 25, էջ 65, պարբ. 162):
37. Դատարանի կողմից վերաբերմունքը համարվել է «նվաստացնող», որովհետև այն իրենից տուժածների մոտ առաջացրել էր վախի, տառապանքի և նվաստացման զգացում, ինչը կարող էր վիրավորել և ստորացնել նրանց (տե՛ս Kudla v. Poland [ՄՊ], թիվ 30210/96, պարբ. 92, ՄԻԵԴ 2000-XI): Ավելին, որոշելիս, թե վերաբերմունքի տվյալ տեսակը Կոնվենցիայի 3-րդ հոդվածի իմաստով «նվաստացնող» է, թե ոչ` Դատարանը հաշվի է առնում, թե արդյոք վերջինիս նպատակը տվյալ անձին վիրավորելն ու նվաստացնելն է և արդյոք առաջացած հետևանքների առումով այն հետագայում ազդեցություն է ունեցել նրա անձի վրա 3-րդ հոդվածին հակառակ (տե՛ս Raninen v. Finland, 1997 թ. դեկտեմբերի 16-ի վճիռը, Վճիռների և որոշումների տեղեկագիր 1997-VIII, էջեր 2821-22, պարբ. 55): Այդուհանդերձ, նման նպատակի բացակայությունը չի կարող ամբողջովին բացառել 3-րդ հոդվածի խախտման ճանաչումը (տե՛ս օրինակ Peers v. Greece, թիվ 28524/95, պարբ. 74, ՄԻԵԴ 2001-III): Որպեսզի պատիժը կամ վերջինիս հետ կապված վերաբերմունքը լինի «նվաստացնող», կրած տառապանքը կամ վիրավորանքը պետք է ցանկացած պարագայում ավելին լինի, քան տառապանքի կամ վիրավորանքի այն անխուսափելի չափը, որը կապված է իրավաչափ վերաբերմունքի կամ պատժի հետ (տե՛ս V v. the United Kingdom [ՄՊ], թիվ 24888/94, պարբ. 71, ՄԻԵԴ 1999-IX):
38. Անձին ազատությունից զրկելու միջոցները կարող են հաճախ նման տարրեր պարունակել: Այդուհանդերձ, պետության պարտավորությունն է ապահովել, որ անձը պահվի այնպիսի պայմաններում, որոնք համապատասխանում են վերջինիս մարդկային արժանապատվության հարգմանը, որ տվյալ միջոցի իրականացման եղանակն ու մեթոդը նրան չեն պատճառում ավելի մեծ տառապանք և դժվարություն, քան կալանքի հետ կապված տառապանքի անխուսափելի սահմանը և, որ, հաշվի առնելով ազատազրկման գործնական անհրաժեշտությունը, նրա առողջությունն ու բարեկեցությունը բավականաչափ ապահովված են (տե՛ս Kalashnikov v. Russia, թիվ 47095/99, պարբ. 95, ՄԻԵԴ 2002-VI): Կալանքի պայմանները գնահատելիս պետք է հաշվի առնվի այդ պայմանների և հանրագումարային ազդեցությունը, ինչպես նաև դիմումատուի առանձնահատուկ պնդումները (տե՛ս Dougoz v. Greece, թիվ 40907/98, պարբ. 46, ՄԻԵԴ 2001-II):
39. Սույն գործում դիմումատուն կալանքի տակ է պահվել ընդհանուր տասը օր ժամկետով: Դատարանը դիտարկում է, որ կողմերը վիճաբանում են դիմումատուի խցի պայմանների շուրջ: Դատարանը նշում, սակայն, որ դիմումատուի կալանքի պայմանների վերաբերյալ Կառավարության նկարագրության մեջ բացակայում են մանրամասնությունները, մասնավորապես, չի տրամադրվել տեղեկություն խցի չափի և կալանավորների թվի, քննելու առկա հարմարությունների, խցի պատուհանի չափի վերաբերյալ և այլն: Կառավարությունն ի հիմնավորում իր պնդումների չի ներկայացրել նաև այնպիսի փաստաթղթային ապացույցներ, ինչպիսին են օրինակ` խցերի ծանրաբեռնվածության աստիճանի վերաբերյալ տեղեկություն բովանդակող գրանցամատյանների պատճենները:
40. Մյուս կողմից Կառավարությունն ընդունեց, որ դիմումատուն պահվել է վերը նշված Կիրակոսյանի գործով դիմումատուի հետ նույն խցում: Ավելին, երկու դիմումատուները կալանքի են ենթարկվել ճիշտ նույն ամսաթվին (տե՛ս, պարբ. 20 և 23, և վերը վկայակոչված` Կիրակոսյանի գործը, պարբ. 8, 20 և 28): Դատարանը դիտարկում է, որ Կիրակոսյանի գործով հաստատվել է, որ քննարկվող խցի մակերեսը 8.75 քմ էր և այն կիսում էին ութ կալանավորներ (տե՛ս նույն տեղում, պարբ. 46): Եթե նույնիսկ Կիրակոսյանի գործով դիմումատուն տեղափոխվել էր այլ խուց նրանց ընդհանուր կալանքի չորրորդ օրը (տե՛ս նույն տեղում, պարբ. 25), դա չի նշանակում, որ քննարկվող խցի մյուս կալանավորների դեպքում տեղի կունենային այլ փոփոխություններ այդ ժամանակաշրջանում: Այսպես, սույն գործով դիմումատուին տրամադրվել է 1.25 քմ-ից ոչ ավելի անձնական տարածք:
41. Այս կապակցությամբ Դատարանը նշում է, որ դիմումատուին տրամադրված տարածքն ավելի փոքր էր, քան այն 4 քմ տարածքը, որը ԽԿԿ չափանիշների համաձայն բազմամարդ խցի մեկ բանտարկյալի համար նախատեսված նվազագույն պահանջն է (տե՛ս, օրինակ` ԽԿԿ-ի զեկույցը 2002 թ. Լատվիա իր կատարած այցի վերաբերյալ - CPT/Inf (2005) 8, պարբ. 65, և ԽԿԿ-ի զեկույցը 2002 թ. Հայաստան իր կատարած այցի վերաբերյալ - CPT/Inf (2004) 25, պարբ. 83) և նույնիսկ ավելի փոքր էր, քան տվյալ ժամանակահատվածում գործող ներպետական օրենսդրությամբ պահանջվող նվազագույն 2.5 քմ-ը: Ավելին, դիմումատուի վիճակը համեմատելի էր Kalashnikov-ի գործում դիմումատուի վիճակի հետ, որտեղ դիմումատուն բանտարկված էր 2 քմ-ից պակաս տարածքում: Այդ գործում Դատարանը գտավ, որ ծանրաբեռնվածության նման աստիճանն ինքնին խնդիր էր առաջացնում Կոնվենցիայի 3-րդ հոդվածի տեսանկյունից (տե՛ս վերը վկայակոչված Kalashnikov, պարբ. 96-97): Ոչինչ չի վկայում այն մասին, որ դիմումատուին թույլատրել են իրականացնել խցից դուրս որևէ գործունեություն` տարածքի խիստ պակասը փոխհատուցելու համար (տե՛ս Cenbauer v. Croatia, թիվ 73786/01, պարբ. 49, ՄԻԵԴ 2006-III, Malechkov v. Bulgary, թիվ 57830/00, պարբ. 141, 2007 թ. հունիսի 28 և, դրան հակառակ` Nurmagomedov v. Russia (որոշում), թիվ 30138/02, 2004 թ. սեպտեմբերի 16):
42. Դատարանը, այնուհետև, նշում է, որ Կիրակոսյանի գործով հաստատվել էր, որ քննարկվող խուցը լի էր մակաբույծներով, կար բնական լույսի պակաս, որպես այդպիսին չկային քնելու հարմարություններ և զուգարանը հակասանիտարական վիճակում էր (տե՛ս վերը վկայակոչված Կիրակոսյանի գործը, պարբ. 46 և 48):
43. Դատարանը դիտարկում է, որ դիմումատուի կալանքը վերոնշյալ պայմաններում հարաբերականորեն կարճ էր. այն տևել է ընդհանուր տասը օր: Այդուհանդերձ, Դատարանը նշում է, որ դրան համեմատելի և նույնիսկ շատ ավելի կարճ տևողությամբ կալանքի պայմանները նախկինում համարվել են 3-րդ հոդվածի պահանջներին հակասող (տե՛ս վերը վկայակոչված Riad and Idiab, պարբ. 100-11, որտեղ դիմումատուները կալանքի տակ էին պահվել տասնհինգ և տասնմեկ օր, Fedotov v. Russia, թիվ 5140/02, պարբ. 66-70, 2005 թ. հոկտեմբերի 25, որտեղ դիմումատուն կալանքի տակ էր պահվել քսաներկու ժամ առանց սննդի կամ ջրի կամ զուգարանից օգտվելու, ինչպես նաև Հայաստանի դեմ մի քանի գործեր` վերը վկայակոչված Kirakosyan, Mkhitaryan և Tadevosyan, համապատասխանաբար` պարբ. 46-53, պարբ. 51-59 և պարբ. 51-59, որտեղ դիմումատուները նույնպես 10 օր կալանքի տակ են պահվել ներկա գործող դիմումատուի հետ նույն ժամանակահատվածում և միևնույն ժամանակավոր պահման վայրում): Այդ պատճառով, չնայած նրան, որ կալանքի տևողությունը կարող է հաշվի առնվել կալանքի պայմանների անբավարարությամբ դիմումատուին պատճառված տառապանքի կամ նվաստացման ծանրության աստիճանը գնահատելիս (տե՛ս օրինակ վերը վկայակոչված Kalashnikov, պարբ. 102, և Dougoz, պարբ. 48), այդ տևողության հարաբերական կարճ լինելն ինքնին չի բացառում բողոքարկվող վերաբերմունքը 3-րդ հոդվածի գործողության շրջանակից, եթե մյուս բոլոր տարրերը բավարար են այն քննարկվող նորմի կիրառման ոլորտում ընդգրկելու համար:
44. Նույնը կիրառելի է Կառավարության այն փաստարկի նկատմամբ, որ դիմումատուի կալանքի պայմանները վնասակար ազդեցություն չեն ունեցել նրա առողջության վրա: Դատարանը գտնում է, որ չնայած կալանավորված անձի առողջությանը կալանքի պայմանների հետևանքով պատճառված վնասի առկայությունը կարող է հաշվի առնվել (տե՛ս օրինակ Labzov v. Russia, թիվ 62208/00, պարբ. 47, 2005 թ. հունիսի 16), նման հետևանքների գոյությունը ոչ մի դեպքում նախապայման չէ 3-րդ հոդվածի խախտման ճանաչման համար (տե՛ս օրինակ վերը վկայակոչված Dougoz, պարբ. 45-49, Cenbauer, պարբ. 45-53, Shchebet, պարբ. 86-96, և Fedotov, պարբ. 66-70):
45. Այս հիմքով և, հաշվի առնելով վերը նկարագրված դիմումատուի կալանքի պայմանները, Դատարանը գտնում է, որ նշված պայմանները դիմումատուին պետք է պատճառեին տառապանք` նվաստացնելով նրա մարդկային արժանապատվությունը և առաջացնելով նրա մեջ վիրավորանքի ու նվաստացման զգացումներ:
46. Ինչ վերաբերում է Կառավարության այն պնդմանը, որ իշխանությունները մտադրություն չեն ունեցել նվաստացնել նրան, ինչպես արդեն վերը նշվեց, զոհին վիրավորելու կամ նվաստացնելու նպատակի բացակայությունը չի կարող բացառել 3-րդ հոդվածի խախտման ճանաչումը (տե՛ս պարբ. 37): Դատարանը, այսպիսով, եզրակացնում է, որ դիմումատուի կալանքի պայմանները հանդիսացել են նվաստացնող վերաբերմունք 3-րդ հոդվածի իմաստով:
47. Հետևաբար, տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում:
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ ԴԻՄՈՒՄԱՏՈՒԻ ՁԵՐԲԱԿԱԼՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ
48. Դիմումատուն բողոքեց, որ չի տեղեկացվել իր ձերբակալման իրավական և փաստական հիմքերի մասին: Նա վկայակոչեց Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, որը սահմանում է.
«2. Յուրաքանչյուր ձերբակալված իրեն հասկանալի լեզվով անհապաղ տեղեկացվում է իր ձերբակալման պատճառների և ներկայացվող ցանկացած մեղադրանքի մասին»:
Ընդունելիությունը
49. Կառավարությունը պնդեց, որ դիմումատուն ոստիկանության ծառայողների կողմից տեղեկացվել է իր ձերբակալման պատճառների մասին: Ավելին, ոստիկանության բաժանմունք հասնելուն պես կազմվել են ձերբակալման արձանագրություն և վարչական իրավախախտում կատարելու վերաբերյալ արձանագրություն, որոնցում հիշատակվել են դիմումատուի ձերբակալման պատճառները: Այդ արձանագրությունները ստորագրվել են դիմումատուի կողմից: Հետևապես, դիմումատուն անհապաղ տեղեկացվել է իր ձերբակալման պատճառների վերաբերյալ, և իր կողմից նման փաստը հերքելը չի հիմնավորվում գործի նյութերով:
50. Դիմումատուն պնդեց, որ երբևէ չի տեղեկացվել իր ձերբակալման իրավական և փաստական հիմքերի մասին:
51. Դատարանը կրկնում է, որ 5-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է այն տարրական երաշխիքը, որ յուրաքանչյուր ձերբակալված անձ պետք է իմանա, թե ինչու է նա ազատությունից զրկվել: Այս դրույթը 5-րդ հոդվածով նախատեսված պաշտպանության մեխանիզմի բաղկացուցիչ մասն է` 2-րդ մասի համաձայն յուրաքանչյուր ձերբակալված անձ պետք է պարզ, ոչ տեխնիկական իրեն հասկանալի լեզվով տեղեկացվի իր ձերբակալության հիմնական իրավական և փաստական հիմքերի մասին, որպեսզի նա ունակ լինի նպատակահարմարությունից ելնելով դիմել դատարան 4-րդ մասի համաձայն դրա օրինականությունը վիճարկելու համար: Այս տեղեկատվությունը պետք է հաղորդվի «անհապաղ», սակայն պարտադիր չէ, որ այն ամբողջությամբ բացահայտվի ձերբակալող ոստիկանի կողմից անմիջապես ձերբակալման պահին: Հաղորդված տեղեկությունների բովանդակության և անհապաղությունը բավարար լինելը գնահատվում է` ելնելով յուրաքանչյուր գործի առանձնահատկություններից (տե՛ս Fox, Campbell and Hartley v. the United Kingdom, 1990 թ. օգոստոսի 30-ի վճիռ, պարբ. 40, Սերիա Ա թիվ 182, էջ 19, Murray v. the United Kingdom, 1994 թ. հոկտեմբերի 28-ի վճիռ, պարբ. 72, Սերիա Ա թիվ 300-Ա, էջ 31):
52. Սույն գործով Դատարանը նշում է, որ դիմումատուի ձերբակալման և նրա նկատմամբ անհապաղ քրեական հետապնդման պատճառները նշվել են ձերբակալման արձանագրության և վարչական իրավախախտում կատարելու վերաբերյալ արձանագրության մեջ: Երկու փաստաթղթերն էլ ստորագրվել են դիմումատուի կողմից (տե՛ս վերը նշված 12-րդ և 13-րդ պարբերությունները): Այդ պատճառով Դատարանը եզրակացնում է, որ դիմումատուն տեղյակ է եղել իրեն ոստիկանության բաժանմունք բերման ենթարկելու պատճառների մասին, և ի հակադրումն դրան արված պնդումները չեն հիմնավորվում գործի նյութերով:
53. Հետևաբար, գանգատի այս մասն ակնհայտորեն անհիմն է և ենթակա է մերժման Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի համաձայն:
III. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԴԻՄՈՒՄԱՏՈՒԻ ԴԱՏԱՊԱՐՏՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՉՍՊԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
54. Կառավարությունը պնդեց, որ դիմումատուն չի սպառել ներպետական միջոցները 2003 թ. մարտի 22-ի որոշման հետ կապված` ՎԻՎՕ-ի 294-րդ հոդվածով սահմանված կարգով ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի նախագահին վերաքննիչ բողոք չներկայացնելով:
55. Դիմումատուն առարկեց Կառավարության առարկությունների դեմ:
56. Դատարանը նշում է, որ արդեն ուսումնասիրել է այս հարցը և որոշել, որ ՎԻՎՕ-ի 294-րդ հոդվածով նախատեսված վերանայման հնարավորությունը Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով չի հանդիսանում արդյունավետ միջոց (տե՛ս վերը վկայակոչված Գալստյանի գործը, պարբ. 42): Հետևաբար, Կառավարության նախնական առարկությունը պետք է մերժվի:
IV. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ` ԴԻՄՈՒՄԱՏՈՒԻ ՎԱՐՉԱԿԱՆ ԿԱԼԱՆՔԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
57. Դիմումատուն, հիմնվելով Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 4-րդ մասերի վրա, բողոքեց իր վարչական կալանքի առնչությամբ: 5-րդ հոդվածի համապատասխան դրույթները նախատեսում են հետևյալը.
«1. Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք: Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով.
ա) անձին օրինական կերպով կալանքի տակ պահելը իրավասու դատարանի կողմից նրա դատապարտվելուց հետո,
բ) անձի օրինական ձերբակալումը կամ կալանավորումը դատարանի օրինական կարգադրությանը չենթարկվելու համար կամ օրենքով նախատեսված ցանկացած պարտավորության կատարումն ապահովելու նպատակով,
գ) անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը` իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության դեպքում նրան իրավասու օրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու համար,
դ) անչափահասին կալանքի վերցնելը օրինական կարգադրության հիման վրա` դաստիարակչական հսկողության համար, կամ նրա օրինական կալանավորումը` նրան իրավասու իրավական մարմնին ներկայացնելու նպատակով,
ե) անձանց օրինական կալանքի վերցնելը` վարակիչ հիվանդությունների տարածումը կանխելու նպատակով, ինչպես նաև հոգեկան հիվանդներին, գինեմոլներին կամ թմրամոլներին կամ թափառաշրջիկներին օրինական կալանքի վերցնելը,
զ) անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը` նրա անօրինական մուտքը երկիր կանխելու նպատակով, կամ այն անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը, որի դեմ միջոցներ են ձեռնարկվում` նրան արտաքսելու կամ հանձնելու նպատակով:
...
3. Սույն հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի դրույթներին համապատասխան ձերբակալված կամ կալանավորված յուրաքանչյուր ոք անհապաղ տարվում է դատավորի կամ այլ պաշտոնատար անձի մոտ, որն օրենքով լիազորված է իրականացնելու դատական իշխանություն և ունի ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունք կամ մինչև դատաքննությունն ազատ արձակվելու իրավունք...
4. Յուրաքանչյուր ոք, ով ձերբակալման կամ կալանավորման պատճառով զրկված է ազատությունից, իրավունք ունի վիճարկելու իր կալանավորման օրինականությունը, որի կապակցությամբ դատարանն անհապաղ որոշում է կայացնում և կարգադրում է նրան ազատ արձակել, եթե կալանավորումն անօրինական է»:
Ընդունելիությունը
58. Կառավարությունը պնդեց, որ դիմումատուին վարչական կալանքի ենթարկելը թույլատրելի էր 5-րդ հոդվածի 1-ին մասի ա) ենթակետի հիման վրա` «անձին օրինական կերպով կալանքի տակ պահելը իրավասու դատարանի կողմից նրա դատապարտվելուց հետո»: Դիմումատուի գործը քննվել է միակ իրավասու մարմնի` առաջին ատյանի դատարանի կողմից: Դատական քննությունն ընթացել է 5-րդ հոդվածի 3-րդ մասի երաշխիքներին համապատասխան: Ինչ վերաբերում է 5-րդ հոդվածի 4-րդ մասով պահանջվող դատական վերանայմանը, դա արտացոլվել է առաջին ատյանի դատարանի որոշման մեջ:
59. Դիմումատուն պնդեց, որ իր վարչական կալանքը եղել է կամայական և խախտել է 5-րդ հոդվածի 1-ին մասը: Այնուհետև, դիմումատուն պնդեց, որ դատավարությունը տեղի է ունեցել 5-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով սահմանված պահանջների խախտմամբ:
60. Դատարանը նշում է, որ իր կողմից արդեն քննվել է 5-րդ հոդվածի 1-ին մասի հետ կապված նմանատիպ գանգատ, որով գտել է, որ դիմումատուի դեմ վարչական կալանքը նշանակված է եղել 5-րդ հոդվածի 1-ին մասի ա) ենթակետի իմաստով «իրավասու դատարանի կողմից նրա դատապարտվելուց հետո» և օրենքով սահմանված կարգով (տե՛ս վերը վկայակոչված Գալստյանի գործը, պարբ. 47-49): Սույն գործով Դատարանը պատճառ չի տեսնում այդ հետևությունից հրաժարվելու համար: Դատարանը նաև կրկնում է, որ 5-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված երաշխիքները գործում են միայն 5-րդ հոդվածի 1-ին մասի գ) ենթակետի համաձայն կալանքի դեպքում (տե՛ս Jecius v. Lithuania, 34578/97, ECHR 2000-IX, պարբ. 75): Դրանից հետևում է, որ այս դրույթով նախատեսված երաշխիքները կիրառելի չեն դիմումատուի վարչական կալանքի դեպքում, որը, ինչպես արդեն նշվել է, նշանակվել է 5-րդ հոդվածի 1-ին մասի ա) ենթակետով: Վերջապես, Դատարանը կրկնում է, որ այն դեպքերում, երբ ազատազրկման դատապարտումը նշանակվում է «իրավասու դատարանի կողմից դատապարտման» արդյունքում, ապա 5-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված վերանայման հնարավորությունն արդեն ներառված է այդ որոշման մեջ (տե՛ս վերը վկայակոչված Գալստյանի գործը, պարբ. 51): Այդուհանդերձ, ինչպես վերը նշվեց, սույն գործում որևէ խնդիր չի ծագում 5-րդ հոդվածի 1-ին մասի ա) ենթակետի հետ կապված:
61. Հետևաբար, գանգատի այս մասն ակնհայտորեն անհիմն է և ենթակա է մերժման համաձայն Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի:
V. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
62. Դիմումատուն իր դեմ հարուցված վարչական վարույթի հետ կապված մի շարք բողոքներ ներկայացրեց Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի և 3-րդ մասի ա-դ ենթակետերի հիման վրա, որոնք համապատասխանաբար սահմանում են հետևյալը.
«1. Յուրաքանչյուր ոք ... նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի ... անկախ ու անաչառ դատարանի կողմից ... արդարացի ... դատաքննության իրավունք ...
...
3. Քրեական հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող յուրաքանչյուր ոք ունի հետևյալ նվազագույն իրավունքները.
ա) իրեն հասկանալի լեզվով անհապաղ ու հանգամանորեն տեղեկացվելու իրեն ներկայացված մեղադրանքի բնույթի և հիմքի մասին.
բ) բավարար ժամանակ ու հնարավորություններ` իր պաշտպանությունը նախապատրաստելու համար.
գ) պաշտպանելու իրեն անձամբ կամ իր ընտրած դատապաշտպանների միջոցով ...
դ) հարցաքննելու իր դեմ ցուցմունք տվող վկաներին կամ իրավունք ունենալու, որ այդ վկաները ենթարկվեն հարցաքննության, և իրավունք ունենալու` իր վկաներին կանչելու ու հարցաքննելու միևնույն պայմաններով, ինչ իր դեմ ցուցմունք տված վկաները ...»:
Ա. Ընդունելիությունը
63. Դատարանը նշում է, որ այս գանգատները Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ մասի իմաստով ակնհայտորեն անհիմն չեն: Այնուհետև այն նշում է, որ գանգատներն անընդունելի չեն որևէ այլ հիմքով: Հետևաբար դրանք պետք է ճանաչվեն ընդունելի:
Բ. Գործի ըստ էության քննությունը
64. Կառավարությունը պնդեց, որ դիմումատուն ունեցել է արդարացի և հրապարակային դատավարության իրավունք: Դիմումատուն չի ներկայացրել որևէ ապացույց, որը կհիմնավորեր իր պնդումներն առ այն, որ դատավորն անաչառ չի եղել: Դիմումատուն վկաներ կանչելու, ապացույցներ ներկայացնելու, բողոքներ և միջնորդություններ հարուցելու հնարավորություն է ունեցել, որից չի օգտվել: Դատավորն առաջարկել է դիմումատուին օգտվել փաստաբան ունենալու իր իրավունքից, որից վերջինս հրաժարվել է: Դիմումատուի դեմ հարուցված վարչական գործի նյութերը տրամադրվել են վերջինիս դատական նիստից առաջ, որը հիմնավորվում է այն փաստով, որ նշված գործի նյութերը ստորագրվել են դիմումատուի կողմից: Այսպիսով, հաշվի առնելով, որ դիմումատուն ստորագրել էր վարչական իրավախախտման արձանագրությունն առանց որևէ առարկության, հրաժարվել էր փաստաբան ունենալուց, որևէ միջնորդություն չէր ներկայացրել և չէր օգտվել այլ դատավարական իրավունքներից` ոստիկանության ծառայողները համարել են, որ երկու ժամը բավարար ժամանակ էր դիմումատուի կողմից իր պաշտպանությունը նախապատրաստելու համար:
65. Դիմումատուն պնդեց, որ դատավարությունն արդարացի չի եղել, և որ դատարանն անկախ և անաչառ չի եղել: Ավելին, այն հրապարակային չի եղել, քանի որ եղել է դռնփակ և տեղի է ունեցել դատավորի սենյակում: Դատավարության արագությունը, իրեն բավարար ժամանակ և միջոցներ չտրամադրելն իր պաշտպանությունը նախապատրաստելու համար և այն փաստը, որ նա զրկված է եղել վկաներ կանչելու և հարցաքննելու կամ իր օգտին ցուցմունքներ տալու իրավունքից, նրան դրել են ակնհայտ անհավասար պայմաններում իր հակառակորդի նկատմամբ: Իր նկատմամբ հարուցված գործի նյութերն իրեն չեն տրվել դատական նիստից առաջ, և դատարանը պատճառաբանված որոշում չի կայացրել: Դատական նիստը կայացել էր ոստիկանության բաժնում իրեն հարցաքննելուց անմիջապես հետո, և նա զրկված է եղել փաստաբան ունենալու հնարավորությունից մինչև դատական նիստը և դրա ընթացքում:
66. Դատարանը, նախ և առաջ, նշում է, որ նմանատիպ փաստեր և գանգատներ արդեն քննվել են Հայաստանի Հանրապետության դեմ ներկայացված մի շարք գործերով, որոնցով Դատարանը 6-րդ հոդվածի 3-րդ մասի բ) ենթակետի խախտում է ճանաչել 6-րդ հոդվածի 1-ին մասի զուգակցմամբ (տե՛ս վերը վկայակոչված Galstyan, պարբ. 86-88, և Ashughyan v. Armenia, 33268/03, պարբ. 66-67, 2008 թ. հուլիսի 17): Սույն գործի փաստական հանգամանքները գրեթե նույնական են: Դիմումատուի դեմ հարուցված վարչական գործը քննվել է արագացված դատավարության կարգով` համաձայն ՎԻՎՕ-ի 277-րդ հոդվածի: Դիմումատուն սույն գործով ևս տարվել և պահվել է ոստիկանության բաժնում` առանց արտաքին աշխարհի հետ շփման հնարավորության, որտեղ էլ նրան մեղադրանք է առաջադրվել և մի քանի ժամ անց նա տարվել է դատարան և դատապարտվել: Հետևաբար, սույն գործով Դատարանը մեկ այլ եզրահանգման գալու պատճառ չի տեսնում և եզրակացնում է, որ խախտվել է դիմումատուի արդար դատաքննության իրավունքը, մասնավորապես, վերջինիս չի տրամադրվել պատշաճ ժամանակ և հնարավորություն իր պաշտպանությունը նախապատրաստելու համար:
67. Հետևաբար, առկա է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ մասի խախտում 6-րդ հոդվածի 1-ին մասի զուգակցմամբ:
68. Հաշվի առնելով նախորդ պարբերությունում արված հետևությունը Դատարանն անհրաժեշտ չի համարում քննության առնել նաև 6-րդ հոդվածի այլ ենթադրյալ խախտումները:
VI. ԹԻՎ 7-ՐԴ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
69. Դիմումատուն Կոնվենցիայի 13-րդ հոդվածի հիման վրա բողոքեց, որ հնարավորություն չի ունեցել բողոքարկելու 2003 թ. մարտի 22-ի որոշումը: Դատարանը որոշեց քննել այս գանգատը Թիվ 7-րդ Արձանագրության 2-րդ հոդվածի ներքո, որը սահմանում է:
«1. Քրեական հանցագործություն կատարելու համար դատապարտված յուրաքանչյուր ոք իրավունք ունի, որ իր դատապարտումը կամ դատավճիռը վերանայվի վերադաս դատական ատյանի կողմից: Այդ իրավունքի իրականացումը, ներառյալ դրա իրականացման հիմքերը, կարգավորվում է օրենքով»:
Ա. Ընդունելիությունը
70. Դատարանը նշում է, որ այս գանգատը Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ մասի իմաստով ակնհայտորեն անհիմն չէ: Այնուհետև այն նշում է, որ գանգատն անընդունելի չէ որևէ այլ հիմքով: Հետևաբար, այն պետք է ճանաչվի ընդունելի:
Բ. Գործի ըստ էության քննությունը
71. Կառավարությունը պնդեց, որ դիմումատուն, ՎԻՎՕ-ի 294-րդ հոդվածով նախատեսված կարգով, իրեն պատասխանատվության ենթարկելու մասին որոշման վերանայման իրավունք է ունեցել:
72. Դիմումատուն պնդեց, որ բողոքարկման իրավունքի հետ կապված բոլոր իրավական դրույթները եղել են անբավարար և անհասկանալի:
73. Դատարանը նշում է, որ սույն գործում դիմումատուի դատապարտումը կատարվել է նույն ընթացակարգով, ինչ վերոնշյալ Գալստյանի գործով, որով Դատարանն եզրակացրել է, որ դիմումատուն իր տրամադրության տակ չի ունեցել բողոքարկման այնպիսի ընթացակարգ, որը կհամապատասխաներ Թիվ 7-րդ Արձանագրության 2-րդ հոդվածի պահանջներին (տե՛ս վերը վկայակոչված Գալստյանի գործը, պարբ. 124-127): Սույն գործով Դատարանը պատճառ չի տեսնում այդ հետևությունից հրաժարվելու համար:
86. Հետևաբար, տեղի է ունեցել Թիվ 7-րդ Արձանագրության 2-րդ հոդվածի խախտում:
VII. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 14-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
74. Ի վերջո, դիմումատուն բողոքեց, որ վարչական պատասխանատվության է ենթարկվել իր քաղաքական համոզմունքների համար: Համաձայն դիմումատուի` ոստիկանության աշխատակիցները հետապնդել են իրեն, քանի որ նա տուն է վերադարձել իր երկու համագյուղացիների հետ, որոնք մասնակցել էին հանրահավաքին: Վերը նշված այլ հոդվածների հետ համակցությամբ` դիմումատուն վկայակոչեց Կոնվենցիայի 14-րդ հոդվածը, որը սահմանում է`
«Սույն Կոնվենցիայում շարադրված իրավունքներից և ազատություններից օգտվելը ապահովվում է առանց խտրականության, այն է` անկախ սեռից, ռասայից, մաշկի գույնից, լեզվից, կրոնից, քաղաքական կամ այլ համոզմունքից, ազգային կամ սոցիալական ծագումից, ազգային փոքրամասնությանը պատկանելուց, գույքային դրությունից, ծննդից կամ այլ դրույթներից»:
Ընդունելիությունը
75. Դատարանը նշում է, որ Հայաստանի դեմ բազմիցս ներկայացվել են նմանատիպ գանգատներ (տե՛ս, օրինակ, Կիրակոսյանն ընդդեմ Հայաստանի, թիվ 31237/03, պարբ. 87, 2008 թ. դեկտեմբերի 2, Թադևոսյանն ընդդեմ Հայաստանի, թիվ 41698/04, պարբ. 81, 2008 թ. դեկտեմբերի 2, Մխիթարյանն ընդդեմ Հայաստանի, թիվ 22390/05, պարբ. 87, 2008 թ. դեկտեմբերի 2, և Գասպարյանն ընդդեմ Հայաստանի (թիվ 2), թիվ 22571/05, պարբ. 32, 2009 թ. հունիսի 16): Այնուամենայնիվ, Դատարանը գտնում է, որ սույն գործում առկա չեն բավարար ապացույցներ, որոնք կհավաստեին դիմումատուի ենթադրությունն առ այն, որ վերջինս ենթարկվել է վարչական պատասխանատվության իր քաղաքական հայացքների համար:
76. Հետևաբար, գանգատի այս մասն ակնհայտորեն անհիմն է և ենթակա է մերժման համաձայն Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի:
VIII. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ
77. Կոնվենցիայի 41-րդ հոդվածը սահմանում է.
«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»:
Ա. Վնաս
78. Դիմումատուն պահանջել է 20,000 եվրո ոչ նյութական վնասի համար:
79. Կառավարությունը պնդեց, որ եթե Դատարանը Կոնվենցիայի խախտում ճանաչի, ապա դա ինքնին բավարար փոխհատուցում կլինի: Ամեն դեպքում, պահանջված գումարը չափազանցված է:
80. Դատարանը գտնում է, որ դիմումատուն անկասկած կրել է ոչ նյութական վնաս` անարդար դատավարության հետևանքով պատասխանատվության ենթարկվելու և պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումը բողոքարկելու հնարավորություն չունենալու համար, ինչի արդյունքում նա նվաստացուցիչ պայմաններում ազատազրկված է եղել 10 օր ժամկետով: Առաջնորդվելով արդարացիության սկզբունքով` Դատարանը որոշում է դիմումատուին տրամադրել 4,500 եվրո որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:
Բ. Ծախսեր և ծախքեր
81. Դիմումատուն նաև պահանջել է 4,147 ԱՄՆ դոլար և 6,809.98 ֆունտ ստեռլինգ (ՄԲՖ) Դատարանում կրած ծախսերի և ծախքերի փոխհատուցման համար: Դիմումատուն, իր պահանջը հիմնավորելու նպատակով, մանրամասն ժամանակացույցեր է ներկայացրել, որոնք սահմանում են ժամավճարի դրույքաչափը:
82. Կառավարությունը պնդեց, որ ներպետական և օտարերկրյա փաստաբաններին կատարված վճարումների առնչությամբ պահանջները պատշաճ հիմնավորված չեն փաստաթղթերով, քանի որ դիմումատուն չի ներկայացրել որևէ պայմանագիր, որը կվկայեր իրավաբանների հետ ենթադրյալ ժամավճարով իրավաբանական ծառայությունների մատուցման վերաբերյալ համաձայնության առկայության մասին և բացի դրանից ներկայացված ժամանակացույցերի և վճարման անդորրագրերի վրա կնիքներ և ստորագրություններ դրված չեն եղել: Ավելին, դիմումատուն օգտվել է չափից ավելի շատ իրավաբանների ծառայություններից, չնայած այն հանգամանքին, որ գործն այնքան ծավալուն չէր նման անհրաժեշտությունն արդարացնելու համար: Վերջապես, ներպետական իրավաբանների կողմից ենթադրաբար պահանջված ժամավճարը չափազանց բարձր էր: Ինչ վերաբերում է գանգատը և կից փաստաթղթերը թարգմանելու ծախսերին, ապա այս ծախսերն անհրաժեշտ չէին, քանի որ դիմումատուն ազատ էր այդ փաստաթղթերը ներկայացնել հայերեն լեզվով:
83. Համաձայն Դատարանի նախադեպային իրավունքի դիմումատուին տրամադրվում է ծախսերի և ծախքերի փոխհատուցում միայն այն դեպքում, երբ ցույց է տրվում, որ դրանք իրականում կատարվել են, եղել են անհրաժեշտ և իրենց ծավալով ողջամիտ են: Սույն գործում Դատարանն ի սկզբանե նշում է, որ թարգմանչական ծախսերը հիմնավորող որևէ փաստաթուղթ չի ներկայացվել: Ինչ վերաբերում է իրավաբաններին վճարված գումարներին, ապա Դատարանը գտնում է, որ ոչ բոլոր հայցվող դատական ծախսերն են եղել անհրաժեշտ և ողջամիտ` ներառյալ օտարերկրյա և ներպետական իրավաբանների կողմից կրկնակի կատարած աշխատանքը, ինչն արտացոլված է համապատասխան ժամանակացույցերում: Ավելին, նաև պետք է կատարվի գումարի էական նվազեցում, քանի որ նախնական գանգատի էական մասն ու դրան հաջորդող գանգատները ճանաչվել են անընդունելի: Կատարելով իր գնահատումն առկա տեղեկությունների հիման վրա և արդարացիության սկզբունքին համապատասխան` Դատարանը որոշում է դիմումատուին տրամադրել 3,000 եվրո կատարած ծախսերի և ծախքերի համար, որը պետք է վճարվի ֆունտ ստեռլինգով և փոխանցվի Միացյալ Թագավորությունում նրա ներկայացուցիչների բանկային հաշվին:
Գ. Չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը
84. Դատարանը նպատակահարմար է համարում, որ չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը պետք է հիմնված լինի Եվրոպական կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխառության տրամադրման առավելագույն տոկոսադրույքի վրա, որին պետք է գումարվի երեք տոկոս:
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ
1. Հայտարարում է ընդունելի Կոնվենցիայի 3-րդ հոդվածի, 6-րդ հոդվածի 1-ին մասի և 3-րդ մասի ա-դ ենթակետերի և Թիվ 7 Արձանագրության 2-րդ հոդվածի ներքո ներկայացված գանգատը և անընդունելի` գանգատի մնացած մասը,
2. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում կապված դիմումատուի կալանքի պայմանների հետ,
3. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի խախտում 6-րդ հոդվածի 3-րդ մասի բ) ենթակետի զուգակցմամբ, քանի որ խախտվել է դիմումատուի արդար դատաքննության իրավունքը, մասնավորապես, վերջինիս չի տրամադրվել պատշաճ ժամանակ և հնարավորություն իր դեմ հարուցված վարչական վարույթի շրջանակներում իր պաշտպանությունը նախապատրաստելու համար,
4. Վճռում է, որ անհրաժեշտություն չկա քննության առնել 6-րդ հոդվածի այլ ենթադրյալ խախտումները,
5. Վճռում է, որ տեղի է ունեցել Թիվ 7-րդ Արձանագրության 2-րդ հոդվածի խախտում,
6. Վճռում է, որ
(ա) պատասխանող պետությունը, վճիռը Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում, դիմումատուին պետք է վճարի հետևյալ գումարները.
(i) 4,500 (չորս հազար հինգ հարյուր) եվրո որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում` փոխարկված պատասխանող պետության ազգային արժույթով` վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով, գումարած նշված գումարի վրա հաշվարկվող բոլոր տեսակի հարկերը,
(ii) 3,000 (երեք հազար) եվրո, գումարած նշված գումարի վրա դիմումատուի նկատմամբ հաշվարկվող բոլոր տեսակի հարկերը` որպես ծախսերի և ծախքերի փոխհատուցում, որը պետք է վճարվի ֆունտ ստեռլինգով Միացյալ Թագավորությունում ներկայացուցիչների բանկային հաշվին,
(բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո մինչև վճարման օրը, պետք է վճարվի նշված գումարի պարզ տոկոս Եվրոպական կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխառության տրամադրման առավելագույն տոկոսադրույքի չափով պարտավորությունների չկատարման ժամանակահատվածի համար` գումարած երեք տոկոս,
7. Մերժում է դիմումատուի արդարացի փոխհատուցման պահանջի մնացյալ մասը:
Կատարված է անգլերեն, գրավոր ծանուցվել է 2009 թ. հոկտեմբերի 27-ին համաձայն Դատարանի Կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ մասերի:
Stanley Naismith Josep Casadevall
Քարտուղարի տեղակալ Նախագահ