(ուժը կորցրել է 19.03.15 թիվ 311-Ն որոշում)
i
040.1361.271010
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
21 հոկտեմբերի 2010 թվականի N 1361-Ն
i
ԳԱՆԳԱՏԱՐԿՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՎԵՐԱԴԱՍ ՀԱՐԿԱՅԻՆ ՈՒ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳԱՆԳԱՏԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) գանգատարկման խորհրդի կողմից վերադաս հարկային և մաքսային մարմինների գանգատարկման հանձնաժողովի որոշումների քննարկման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) գանգատարկման խորհրդի անհատական կազմը` համաձայն N 2 հավելվածի:
(որոշումը փոփ. 22.08.13 թիվ 871-Ն որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2010 թվականի հոկտեմբերի 21-ի
N 1361-Ն որոշման
ԿԱՐԳ
ԳԱՆԳԱՏԱՐԿՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՂՄԻՑ ՎԵՐԱԴԱՍ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳԱՆԳԱՏԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ
1. Սույն կարգով կանոնակարգվում է հարկային և մաքսային մարմինների ու նրանց պաշտոնատար անձանց որոշումների, գործողությունների, անգործության կամ հարկային և մաքսային մարմինների կողմից իրականացված ստուգումների արդյունքում կազմված ակտերի վերաբերյալ վերադաս հարկային և մաքսային մարմինների գանգատարկման հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) ընդունած առանձին որոշումների` գանգատարկման խորհրդում (այսուհետ` խորհուրդ) քննարկման կարգը:
2. Խորհրդի հիմնական խնդիրը հարկային և մաքսային օրենսդրության կամ հարկային և մաքսային հարաբերությունները կարգավորող այլ իրավական ակտերի դրույթների միատեսակ և ճիշտ կիրառմանը նպաստելն է:
3. Խորհրդի գործառույթներն են`
1) հանձնաժողով ներկայացված դիմում-գանգատների և դրանց վերաբերյալ հանձնաժողովի որոշումների քննարկումն ու եզրակացությունների ընդունումը.
2) հարկային և մաքսային օրենսդրության, ինչպես նաև հարկային և մաքսային օրենսդրությունը կարգավորող այլ իրավական ակտերի դրույթների կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը:
4. Տնտեսավարող սուբյեկտների կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` կոմիտե) հանձնաժողով ներկայացված դիմում-գանգատները քննության են առնվում կոմիտե մուտքագրվելու օրվանից 15-օրյա ժամկետում, և դիմում-գանգատները, բացառությամբ վարչական տուգանքի նշանակման հետ կապված դիմում-գանգատների, մասամբ բավարարելու կամ դրանք մերժելու դեպքերում հանձնաժողովն իրենց որոշումների նախագծերը, դիմում-գանգատը և գանգատին առնչվող նյութերը (այսուհետ` գանգատի փաթեթ) մեկ աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում են խորհրդին` նիստերի անցկացման վայրի հասցեով:
5. Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով` ազատ քննարկման և հրապարակայնության պայմաններում: Խորհրդի նիստերն անցկացվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության վարչական շենքում:
6. Խորհրդի անդամները խորհրդի նիստից առնվազն երեք աշխատանքային օր առաջ գրավոր (էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգով) ծանուցվում են խորհրդի հերթական նիստի անցկացման ժամկետների, նիստի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ: Խորհրդի անդամներին ծանուցագրի հետ միասին էլեկտրոնային կարգով ուղարկվում են նաև օրակարգում ընդգրկված հարցերին վերաբերող փաստաթղթերի լուսապատճենները:
7. Խորհրդի աշխատանքը ղեկավարում է խորհրդի նախագահը: Խորհրդի նախագահը`
1) հրավիրում է խորհրդի նիստերը և վարում դրանք.
2) կազմակերպում է խորհրդի աշխատանքները.
3) ստորագրում է խորհրդի ընդունած եզրակացությունները.
4) խորհրդի անդամների միջնորդության դեպքում կամ սեփական նախաձեռնությամբ խորհրդում կոմիտեի ներկայացուցիչներից պահանջում է գանգատին առնչվող լրացուցիչ տեղեկատվություն և փաստաթղթեր.
5) պատասխանատվություն է կրում խորհրդի խնդիրների ու գործառույթների իրականացման համար:
8. Խորհրդի նախագահի բացակայության ժամանակ, նրա հանձնարարությամբ, խորհրդի նախագահի պարտականությունները կատարում է խորհրդի անդամներից որևէ մեկը:
9. Խորհրդի աշխատանքների կազմակերպման նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմն ապահովում է խորհրդի քարտուղար, որը հանձնաժողովի անդամ չէ: Խորհրդի քարտուղարը`
1) նախապատրաստում է խորհրդի նիստի օրակարգը.
2) իրականացնում է խորհրդի ընթացիկ կազմակերպման տեխնիկական աշխատանքները.
3) քննարկման է ներկայացնում խորհրդի գործունեությանը վերաբերող ընթացիկ հարցերը.
4) արձանագրում է խորհրդի նիստերի ընթացքը, կազմում և խորհրդի անդամների համաձայնեցմանն է ներկայացնում խորհրդի եզրակացությունների նախագծերը.
5) կազմում է գանգատի գործը, վարում խորհրդի գործերի հաշվառման և ընդունված եզրակացությունների գրանցամատյանները.
6) կազմում և խորհրդի հաստատմանն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացվող եռամսյակային հաշվետվության նախագիծը:
10. Խորհրդի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին: Խորհրդի եզրակացությունն ըստ գանգատում բերված յուրաքանչյուր պահանջի ընդունվում է, եթե դրա օգտին քվեարկել է նիստին մասնակցած անդամների կեսից ավելին: Հավասար ձայների առկայության դեպքում խորհրդի նախագահի ձայնը որոշիչ չէ, և եզրակացությունը համարվում է ընդունված` գանգատ ներկայացրած անձի օգտին:
11. Խորհրդի կողմից յուրաքանչյուր եռամսյակի համար մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա վերջին աշխատանքային օրը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ է ներկայացվում կատարված աշխատանքների մասին հաշվետվություն:
12. Խորհուրդն իր նիստերի ընթացքում քննարկում է հանձնաժողովի ներկայացրած յուրաքանչյուր գանգատի փաթեթը և խորհրդի նիստերի անցկացման վայրում դրա մուտքագրվելուն հաջորդող տասն օրվա ընթացքում իր եզրակացությունը ներկայացնում կոմիտե:
13. Կոմիտեի հանձնաժողովը, հաշվի առնելով խորհրդի ընդունած եզրակացությունը, երկու աշխատանքային օրվա ընթացքում ընդունում են դիմում-գանգատի վերաբերյալ որոշում, որի բնօրինակը մեկ օրվա ընթացքում տրամադրվում է տնտեսավարող սուբյեկտին, իսկ կրկնօրինակը` խորհրդին:
14. Խորհրդի ընդունած եզրակացության վերաբերյալ առարկությունների առկայության դեպքում կոմիտեի նախագահը սահմանված կարգով երկարաձգում է որոշումների ընդունման համար սահմանված ժամկետները` գանգատի փաթեթը խորհրդի եզրակացության, կոմիտեի առաջարկությունների և հիմնավորումների հետ միասին ներկայացնելով Հայաստանի Հանրապետության վարչապետին:
15. Սույն կարգի 14-րդ կետում նշված դեպքերում գանգատի փաթեթը քննարկվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի մոտ, և հանձնաժողովը, քննարկման արդյունքներին համապատասխան, դիմում-գանգատի վերաբերյալ ընդունում են որոշում, որի բնօրինակը մեկ օրվա ընթացքում տրամադրվում է տնտեսավարող սուբյեկտին, իսկ կրկնօրինակը` խորհրդին:
16. Կոմիտեի հանձնաժողովի որոշումները դրանց ընդունմանը հաջորդող տասն օրվա ընթացքում հրապարակվում են կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքերում:
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2010 թվականի հոկտեմբերի 21-ի
N 1361-Ն որոշման
i
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ԳԱՆԳԱՏԱՐԿՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ
Ս. Կարայան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ (խորհրդի նախագահ)
Գ. Մուրադյան - ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ
Վ. Միրումյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների
կոմիտեի նախագահի տեղակալ
Տ. Բարսեղյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների
կոմիտեի նախագահի տեղակալ
Կ. Մինասյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Վ. Կտիկյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական
վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար
Տ. Մարկոսյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի
իրավաբանական վարչության պետի տեղակալ
Ա. Պետրոսյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի
իրավաբանական վարչության պետ
Հ. Թորոսյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների
կոմիտեի ստուգումների կազմակերպման և դիտարկման
վարչության պետ
(կազմը փոփ. 03.03.11 թիվ 182-Ն, 16.08.12 թիվ 1044-Ն, 25.04.13 թիվ 414-Ն, 22.08.13 թիվ 871-Ն որոշումներ)