ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ 3-123(ՎԴ)
Քաղաքացիական գործ թիվ 3-123(ՎԴ) (2009 թ.) 2010 թ.
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ս. Սարգսյանի
մասնակցությամբ դատավորներ Ե. Սողոմոնյանի
Վ. Աբելյանի
Վ. Ավանեսյանի
Ա. Բարսեղյանի
Մ. Դրմեյանի
Է. Հայրիյանի
Տ. Պետրոսյանի
2010 թվականի օգոստոսի 13-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ըստ Նելլի և Վիգեն Ֆլջյանների հայցի ընդդեմ Գայանե, Արմեն, Անահիտ և Հովհաննես Բադալյանների, Երևանի «Կենտրոն» նոտարական տարածքի նոտարի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Կենտրոն տարածքային ստորաբաժանման` ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը, անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականները, գույքի բաժանման պայմանագիրն անվավեր ճանաչելու և համատեղ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների վերաբերյալ, քաղաքացիական գործով Սերինե Ֆլջյանի վճռաբեկ բողոքը` Վճռաբեկ դատարանի 24.07.2009 թվականի որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Նելլի և Վիգեն Ֆլջյանները պահանջել են անվավեր ճանաչել 29.01.1979 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը, Նելլի, Վիգեն Ֆլջյանների և Գայանե, Արմեն, Անահիտ Բադալյանների միջև 02.10.2001 թվականին նոտարական վավերացմամբ կնքված անշարժ գույքի բաժանման պայմանագիրը, անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականները և ժառանգությունն ընդունելու հիմքով ճանաչել Նելլի և Վիգեն Ֆլջյանների համատեղ սեփականության իրավունքը Երևանի Պուշկինի փողոցի թիվ 46 հասցեում գտնվող Սերինե Բադալյանին իրականում հասանելիք շինությունների և այդ հասցեում գտնվող հողամասի 1/3 մասի նկատմամբ:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 04.07.2006 թվականի վճռով Նելլի և Վիգեն Ֆլջյանների հայցը մերժվել է:
ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 28.09.2006 թվականի վճռով Նելլի և Վիգեն Ֆլջյանների հայցը մերժվել է:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 30.11.2007 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 28.09.2006 թվականի վճռի դեմ Վիգեն Ֆլջյանի իրավահաջորդ Սերինե Ֆլջյանի բերած վճռաբեկ բողոքը վերադարձվել է:
ՀՀ վճռաբեկ դատարանի 22.01.2008 թվականի որոշմամբ Սերինե Ֆլջյանի բողոքը` ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 30.11.2007 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու մասին, փոխանցվել է Երևանի քաղաքացիական դատարան:
Երևանի քաղաքացիական դատարանի 19.03.2008 թվականի որոշմամբ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման վարույթի հարուցումը մերժվել է:
Վճռաբեկ դատարանի 24.07.2009 թվականի որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 30.11.2007 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը թողնվել է ուժի մեջ, իսկ Սերինե Ֆլջյանի բողոքը` առանց բավարարման:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Սերինե Ֆլջյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել Գայանե և Արմեն Բադալյանները:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորմամբ.
Վճռաբեկ բողոքը բերվել է նոր հանգամանքի հիմքով:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
ՀՀ սահմանադրական դատարանը 23.02.2010 թվականի թիվ ՍԴՈ-866 որոշմամբ արձանագրել է, որ Վճռաբեկ դատարանը 19.02.2009 թվականին, 13.03.2009 թվականին և 24.07.2009 թվականին կայացրել է սույն գործով վերջնական դատական ակտեր համարվող որոշումներ` կիրառելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի` ՀՀ սահմանադրական դատարանի 09.09.2008 թվականի թիվ ՍԴՈ-758 որոշմամբ իրավաբանական ուժը կորցրած 204.28-րդ հոդվածի դրույթները, և որոշել է «Մելտեքս» ՍՊԸ-ի և քաղաքացիներ Սերինե Ֆլջյանի, Իրինա Օգանեզովայի, Աննա Բաղդասարյանի և Ագնեսա Բաղդասարյանի դիմումների հիման վրա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.28-րդ հոդվածի 1-ին կետի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործի վարույթը կարճել: ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել է նաև, որ «նախ` ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-758 որոշման 13-րդ կետում արտահայտված իրավական դիրքորոշման և եզրափակիչ մասի 5-րդ կետի հիմքով ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր է ճանաչվել նաև «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2007 թվականի նոյեմբերի 28-ին ընդունված ՀՀ օրենքի (ՀՕ-277-Ն) 72-րդ հոդվածում ընդգրկված 204.28-րդ հոդվածը, որը ՀՀ Ազգային ժողովի կողմից 2008 թվականի դեկտեմբերի 26-ին ընդունված` ինչպես ՀՕ-233-Ն, այնպես էլ դրան հաջորդող որևէ այլ օրենքով դեռևս ՀՀ Սահմանադրությանը չի համապատասխանեցվել, երկրորդ` ՀՀ սահմանադրական դատարանի` 2008 թվականի ապրիլի 15-ի ՍԴՈ-751 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 12-րդ մասի պահանջների հիմքով սպառված չպետք է համարվի սույն գործի առարկայի շրջանակներում նոր հանգամանքներով իրավասու դատարան դիմելու շահագրգիռ անձանց իրավունքը»:
Տվյալ դեպքում ՀՀ սահմանադրական դատարանի 23.02.2010 թվականի թիվ ՍԴՈ-866 որոշումը` դրանում արտահայտված իրավական դիրքորոշումներով, սույն գործով նոր հանգամանք է և հիմք է Վճռաբեկ դատարանի 24.07.2009 թվականի որոշումը վերանայելու համար, ինչի հետևանքով պետք է փոփոխվի նաև ՀՀ վճռաբեկ դատարանի 22.01.2008 թվականի «Վճռաբեկ բողոքը Երևանի քաղաքացիական դատարան փոխանցելու մասին» որոշումը, իսկ դրանով պետք է վերանայվի և փոփոխվի ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 30.11.2007 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:
Նշվածի կապակցությամբ ՀՀ սահմանադրական դատարանը 09.09.2008 թվականի թիվ ՍԴՈ-758 որոշման 13-րդ կետով արտահայտել է իրավական դիրքորոշում այն մասին, որ «այն դեպքում, երբ դատական ակտի համար որպես նոր հանգամանք հիմք է հանդիսանում սահմանադրական դատարանի` համապատասխան օրենքի դրույթը Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելու մասին որոշումը, ապա գործնականում վերանայված ակտի ուժի մեջ մնալն անհնարին է, որովհետև արդարադատության հիմքում դրվել է ու կշարունակի ուժի մեջ մնալ հակասահմանադրական նորմը»:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի 24.07.2009թ. թիվ 3-123(ՎԴ) որոշումը և այն փոփոխել` վճռաբեկ բողոքը բավարարել, արդյունքում նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի 22.01.2008 թ. թիվ 3-95(ՎԴ) /2008 թ./ որոշումը` «Վճռաբեկ բողոքը Երևանի քաղաքացիական դատարան փոխանցելու մասին» և այն փոփոխել` վերանայման դիմումն ընդունել վարույթ և բավարարել, արդյունքում փոփոխել ՀՀ վճռաբեկ դատարանի 30.11.2007 թ. թիվ 3-1882(ՎԴ) /2007 թ./ որոշումը, որով վերադարձվել էր ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 28.09.2006 թ. թիվ 06-2986 /2006 թ./ վճռի դեմ բերված վճռաբեկ բողոքը և այն ընդունել վարույթ»:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները
ՀՀ սահմանադրական դատարանի 23.02.2010 թվականի թիվ ՍԴՈ-866 որոշմամբ որևէ նորմ հակասահմանադրական չի ճանաչվել, որի հիմքով նշված որոշումը կարող էր դիտվել որպես սույն գործով նոր հանգամանք:
Բացի այդ, Վճռաբեկ դատարանի 24.07.2009 թվականի որոշման հիմքում դրվել են մի շարք պատճառաբանություններ և իրավական նորմեր, որոնց հետ ՀՀ սահմանադրական դատարանի 23.02.2010 թվականի թիվ ՍԴՈ-866 որոշումը որևէ առնչություն չունի:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) 09.09.2008 թվականին ՀՀ սահմանադրական դատարանը քննել է Սերինե Ֆլջյանի դիմումն այն տեսանկյունից, թե արդյոք իրավաչափ է նոր հանգամանքներով դատական ակտերի վերանայումն առաջին ատյանի դատարանի կողմից: ՀՀ սահմանադրական դատարանի 09.09.2008 թվականի թիվ ՍԴՈ-758 որոշման եզրափակիչ մասի 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերի համաձայն` «3. «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 80 հոդվածի 5-րդ մասը` իրավակիրառական պրակտիկայի կողմից դրան տրված բովանդակությամբ հանդերձ, ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 18, 19 և 42 հոդվածների պահանջներին հակասող և անվավեր: 4. «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3.2 բաժնի 204.20 հոդվածի 2-րդ մասը և 204.26 հոդվածը ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 18, 19 հոդվածների պահանջներին հակասող և անվավեր: 5. Վերոհիշյալ նորմերի` ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելու արդյունքում օրենսդրական բացը բացառելու անհրաժեշտությունից ելնելով, նկատի ունենալով սույն որոշման 10-րդ կետում սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումը, ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68 հոդվածի 9-րդ մասով, ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչել նաև «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 28.11.2007 թ. ՀՕ-277-Ն ՀՀ օրենքի` սույն որոշման 3-րդ և 4-րդ կետերով ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչված իրավադրույթների հետ համակարգային առումով փոխկապակցված 72 և 76 հոդվածները»:
2) Հիմք ընդունելով ՀՀ սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշումը` «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ ՀՕ-233-Ն օրենքով կատարվեցին մի շարք կարևոր փոփոխություններ, մասնավորապես` նշված օրենսգրքի 3.1-րդ և 3.2-րդ բաժինները շարադրվեցին նոր խմբագրությամբ` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով առաջին ատյանի դատարանի դատական ակտը վերանայելու լիազորությունը վերապահվեց վերաքննիչ դատարանին, իսկ վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դատական ակտերը` վճռաբեկ դատարանին (ՀՕ-233-Ն ՀՀ պաշտոնական տեղեկագիր N 76 (666) 30 դեկտեմբերի 2008 թ.):
3) Վճռաբեկ դատարանը, 24.07.2009 թվականի որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 30.11.2007 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը թողնելով ուժի մեջ, իսկ Սերինե Ֆլջյանի բողոքը` առանց բավարարման, կիրառել է նաև գործի քննության ժամանակ գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.28-րդ հոդվածը:
4) ՀՀ սահմանադրական դատարանի 23.02.2010 թվականի ««Մելտեքս» ՍՊԸ-ի և քաղաքացիներ Սերինե Ֆլջյանի, Իրինա Օգանեզովայի, Աննա Բաղդասարյանի և Ագնեսա Բաղդասարյանի դիմումների հիման վրա` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.28-րդ հոդվածի 1-ին կետի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործի վարույթը կարճելու մասին» թիվ ՍԴՈ-866 որոշմամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.28-րդ հոդվածի 1-ին կետի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործի վարույթը կարճվել է:
ՀՀ սահմանադրական դատարանը նույն որոշման եզրափակիչ մասի 1-ին կետի 2-րդ պարբերությամբ արձանագրել է նաև, որ «նախ` ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-758 որոշման 13-րդ կետում արտահայտած իրավական դիրքորոշման և եզրափակիչ մասի 5-րդ կետի հիմքով ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր է ճանաչվել նաև «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2007 թվականի նոյեմբերի 28-ին ընդունված ՀՀ օրենքի (ՀՕ-277-Ն) 72-րդ հոդվածում ընդգրկված 204.28-րդ հոդվածը, որը ՀՀ Ազգային ժողովի կողմից 2008 թվականի դեկտեմբերի 26-ին ընդունված` ինչպես ՀՕ-233-Ն, այնպես էլ դրան հաջորդող որևէ այլ օրենքով դեռևս ՀՀ Սահմանադրությանը չի համապատասխանեցվել, երկրորդ` ՀՀ սահմանադրական դատարանի` 2008 թվականի ապրիլի 15-ի ՍԴՈ-751 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 12-րդ մասի պահանջների հիմքով սպառված չպետք է համարվի սույն գործի առարկայի շրջանակներում նոր հանգամանքներով իրավասու դատարան դիմելու շահագրգիռ անձանց իրավունքը»:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 3-րդ մասի համաձայն` քաղաքացիական գործերով դատավարությունն իրականացվում է գործի քննության ժամանակ գործող օրենքներով:
ՀՀ սահմանադրական դատարանի 09.09.2008 թվականի թիվ ՍԴՈ-758 որոշման պահանջները կատարելու նպատակով «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքով կատարվեցին մի շարք կարևոր փոփոխություններ, մասնավորապես` նշված օրենսգրքի 3.1-րդ և 3.2-րդ բաժինները շարադրվեցին նոր խմբագրությամբ` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով առաջին ատյանի դատարանի դատական ակտը վերանայելու լիազորությունը վերապահվեց վերաքննիչ դատարանին, իսկ վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դատական ակտերը` վճռաբեկ դատարանին (ՀՕ-233-Ն ՀՀ պաշտոնական տեղեկագիր N 76 (666) 30 դեկտեմբերի 2008 թ.): Ի դեպ, ՀՀ սահմանադրական դատարանի «2008 թ. ընդունած որոշումների կատարման վիճակի վերաբերյալ» հաղորդման համաձայն (Երևան, «ՀՀ ՍԴ աշխատակազմ», Հունվար 2009 թ., էջ 20-22)` «... ՍԴՈ-754, ՍԴՈ-758, ՍԴՈ-765, ՍԴՈ-767 որոշումներում արտահայտված` սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների իրացման ուղղությամբ ՀՀ Ազգային ժողովը գործնական քայլեր է ձեռնարկել»: «2008 թ. դեկտեմբերի 26-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունեց և դեկտեմբերի 29-ին ՀՀ նախագահի կողմից ստորագրվեցին ... Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում ... փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ... ՀՕ-233-Ն, ՀՕ-237-Ն և ՀՕ-235-Ն օրենքները, որոնք կարևոր երաշխիք հանդիսացան սահմանադրական դատարանի հիշյալ որոշումների կատարումն ապահովելու համար»:
Միաժամանակ մյուս` 23.02.2010 թվականի թիվ ՍԴՈ-866 որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել է, որ «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ ՀՕ-233-Ն օրենքով օրենսդիրը չի անդրադարձել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.28-րդ հոդվածով նախատեսված իրավակարգավորումը ՀՀ Սահմանադրությանը համապատասխանեցնելու խնդրին, ինչի արդյունքում դատական պրակտիկայում կիրառվել է հակասահմանադրական ճանաչված այդ նորմը:
Սույն գործով Վճռաբեկ դատարանը, 24.07.2009 թվականի որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 30.11.2007 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը թողնելով ուժի մեջ, իսկ Սերինե Ֆլջյանի բողոքը` առանց բավարարման, կիրառել է նաև գործի քննության ժամանակ գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.28-րդ հոդվածը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.33-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի` ուժի մեջ մտած որոշմամբ ամբողջությամբ կամ մի մասով հակասահմանադրական է ճանաչվել այն օրենքը կամ իրավական ակտը, որը կիրառել է դատարանը:
ՀՀ Սահմանադրության 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Սահմանադրական դատարանի որոշումները և եզրակացությունները վերջնական են և ուժի մեջ են մտնում հրապարակման պահից:
Վերոգրյալի հիման վրա և հիմք ընդունելով ՀՀ սահմանադրական դատարանի 23.02.2010 թվականի թիվ ՍԴՈ-866 որոշումը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վճռաբեկ դատարանի 24.07.2009 թվականի որոշումը ենթակա է վերանայման:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վճռաբեկ դատարանի 24.07.2009 թվականի որոշմամբ կիրառված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.28-րդ հոդվածով սահմանված էր նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման արդյունքում դատարանի լիազորությունները, ինչից հետևում է, որ ՀՀ սահմանադրական դատարանի 23.02.2010 թվականի թիվ ՍԴՈ-866 որոշումը վերաբերում է Վճռաբեկ դատարանի 24.07.2009 թվականի որոշմամբ կիրառված դատավարական իրավունքի նորմի` նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման արդյունքում դատարանի լիազորությունների, սահմանադրականության հարցին, և այն որևէ իրավական առնչություն չունի Վճռաբեկ դատարանի 24.07.2009 թվականի որոշմամբ Սերինե Ֆլջյանի ներկայացրած պահանջների մերժման պատճառաբանությունների հետ:
Հետևաբար վերանայելով Վճռաբեկ դատարանի 24.07.2009 թվականի որոշումը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Սերինե Ֆլջյանի բողոքը` ՀՀ վճռաբեկ դատարանի 22.01.2008 թվականի «Վճռաբեկ բողոքը Երևանի քաղաքացիական դատարան փոխանցելու մասին» և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 30.11.2007 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումները նոր հանգամանքի հիմքով վերանայելու պահանջների մասին, ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.
Սույն գործով Վերաքննիչ դատարանը հաստատված է համարել, որ Հովհաննես Բադալյանի մահից հետո պետական նոտարի 07.06.1940 թվականի թիվ 5894 ժառանգության վկայականի համաձայն` նրա օրինական ժառանգներն են կինը` Արուսյակ Բադալյանը, որդիները` Գուրգեն և Լևոն Բադալյանները, դուստրը` Սերինե Բադալյանը: 20.06.1978 թվականին մահացել է Արուսյակ Բադալյանը: 29.01.1979 թվականին Սպանդարյանի շրջանի պետական նոտարական գրասենյակի նոտար Ռ. Սահակյանի կողմից տրվել է ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր, որի համաձայն` Արուսյակ Բադալյանի ժառանգներն են Գուրգեն, Լևոն, Սերինե Բադալյանները: Այդ ժառանգության իրավունքի վկայագրում որպես ժառանգական գույք նոտարի կողմից նշվել է Երևանի Պուշկինի փողոցի թիվ 46 հասցեում գտնվող բնակելի տունն ամբողջությամբ: Ընդ որում, վկայականի համաձայն` Սերինե Բադալյանին է անցել կիսանկուղային հարկի 15.4 քմ, 13.6 քմ, 6.7 քմ և 5.6 քմ մակերեսներով տարածքները, Լևոն Բադալյանին` 1-ին հարկից 23.5 քմ և 12.5 քմ մակերեսներով տարածքները, իսկ Գուրգեն Բադալյանին` մնացած բաժինների 1-ին հարկից 35.4 քմ, 19.2 քմ, 16.2 քմ և 4.9 քմ մակերեսներով տարածքները: 29.01.1979 թվականին Գուրգեն, Լևոն և Սերինե Բադալյանները դիմում են ներկայացրել նոտարական գրասենյակ` ժառանգությունն ընդունելու վերաբերյալ: Հետագայում` 07.07.1982 թվականին, Սերինե Բադալյանի մահից հետո նրա ժառանգությունը փոխանցվել է զավակներին` Վիգեն և Նելլի Ֆլջյաններին: Միաժամանակ Վերաքննիչ դատարանը գտել է, որ Վիգեն և Նելլի Ֆլջյանների մայրը` Սերինե Բադալյանը, երբևէ չի վիճարկել ժառանգական գույքի չափը, ըստ ժառանգության իրավունքի վկայականի և դրա հիման վրա տրված սեփականության վկայականի փաստացի տիրապետել, օգտագործել և տնօրինել է ժառանգության իրեն հասանելիք մասը, երբևէ որևէ գործողություն չի կատարել իր իրավունքների պաշտպանության ուղղությամբ, և նրա մահից հետո էլ ժառանգական զանգվածն անցել է նրա զավակներին, իսկ 02.10.2001 թվականին կողմերը կնքել են գույքի բաժանման պայմանագիր, որը վավերացվել է նոտարական գրասենյակում և գրանցվել անշարժ գույքի կադաստրում, որից հետո կողմերն առանձնացրել են հողամասը:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, գործի քննության ժամանակ գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 218-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, հիմնվելով դատարան ներկայացված ապացույցների վրա, գործի կրկնակի քննության արդյունքներով իրավացիորեն հայցը մերժել է: Իսկ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 30.11.2007 թվականի որոշմամբ վերադարձվել է Վերաքննիչ դատարանի 28.09.2006 թվականի վճռի դեմ Սերինե Ֆլջյանի բերած վճռաբեկ բողոքը:
Ինչ վերաբերում է ՀՀ վճռաբեկ դատարանի 22.01.2008 թվականի «Վճռաբեկ բողոքը Երևանի քաղաքացիական դատարան փոխանցելու մասին» որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու մասին Սերինե Ֆլջյանի բողոքի պահանջին, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն ըստ էության բավարարվել է Վճռաբեկ դատարանի 29.05.2009 թվականի «Նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման վարույթ հարուցելու մասին» որոշման կայացմամբ:
Նշված պատճառաբանություններով մասնակիորեն հաստատվում են նաև վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով ենթակա է կիրառման ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածը, որի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` գործն ըստ էության լուծող դատական ակտերի վերանայման արդյունքով վճռաբեկ դատարանը մերժում է վճռաբեկ բողոքը` դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.30-րդ, 204.33-րդ, 204.38-րդ և 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 24.07.2009 թվականի որոշումը:
2. ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 30.11.2007 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը թողնել ուժի մեջ, իսկ Սերինե Ֆլջյանի բողոքը` առանց բավարարման:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ս. Սարգսյան
Դատավորներ` Ե. Սողոմոնյան
Վ. Աբելյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Է. Հայրիյան
Տ. Պետրոսյան