i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի որոշում |
ՎԴ6/0447/05/08 2010 թ. |
Վարչական գործ թիվ ՎԴ6/0447/05/08 |
|
Նախագահող դատավոր` Ա. Ալավերդյան |
|
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ս. Սարգսյանի |
մասնակցությամբ դատավորներ |
Մ. Դրմեյանի |
|
Վ. Աբելյանի |
|
Ս. Անտոնյանի |
|
Վ. Ավանեսյանի |
|
Ա. Բարսեղյանի |
|
Ե. Խունդկարյանի |
|
Է. Հայրիյանի |
|
Տ. Պետրոսյանի |
2010 թվականի մայիսի 27-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Լիզա Ղազարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 12.01.2010 թվականի վճռի դեմ` ըստ հայցի Լիզա Ղազարյանի ընդդեմ Վանաձորի քաղաքապետարանի, երրորդ անձինք` Գյուլնարա Ղազարյանի, Ռոբերտ, Նառա, Մարիամ Նալբանդյանների և Անահիտ Փանոյանի` Վանաձորի քաղաքապետի 26.02.1999 թվականի թիվ 146/106 և 10.07.2006 թվականի թիվ 452 որոշումներն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Լիզա Ղազարյանը պահանջել է անվավեր ճանաչել Վանաձորի քաղաքապետի 26.02.1999 թվականի թիվ 146/106 և 10.07.2006 թվականի թիվ 452 որոշումները:
ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 12.01.2010 թվականի վճռով հայցը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Լիզա Ղազարյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի, 6-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 26-րդ հոդվածի 1-3-րդ մասերի, 27-րդ հոդվածի 4-րդ մասի, 60-րդ հոդվածի, 62-րդ հոդվածի 4-րդ մասի, 71-րդ, 72-րդ հոդվածների, 86-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետի, 105-րդ, 106-րդ, 107-րդ, 112-րդ, 113-րդ հոդվածների պահանջները, ՀՀ կառավարության 24.11.2005 թվականի թիվ 2138-Ն որոշման պահանջները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 4-րդ մասի, 228-րդ հոդվածի պահանջները, ինչպես նաև չի կիրառել «ՀՀ պետական, հանրային և համայնքային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքի 4-րդ և 5-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Դատարանը սույն գործով դատաքննությունն ավարտել է 02.12.2009 թվականին և դատաքննության ավարտից հետո հայտարարել է, որ վճիռը հրապարակվելու է 16.12.2009 թվականին` ժամը 17:59-ին: Նշված օրը Դատարանը վճիռ չի հրապարակել: Այնինչ նույն օրը ժամը 18:00-ից հետո, երբ աշխատանքային օրն ավարտվել էր, և Դատարանն այլևս իրավասու չէր դատական նիստ անցկացնել, Դատարանը վերսկսել է դատաքննությունը և ավարտելով այն` վճռի հրապարակման օր է հայտարարել 29.12.2009 թվականի ժամը 17:30-ը: Նշված օրը 17:30-ին վճիռը չի հրապարակվել: Նույն օրը կրկին Դատարանը վերսկսել է դատաքննությունը, անցկացրել է դատաքննություն և ավարտելով դատական նիստը` կրկին վճռի հրապարակման օր է հայտարարել, այս անգամ` 12.01.2010 թվականի ժամը 17:30-ը:
16.12.2009 թվականին և 29.12.2009 թվականին անցկացված դատական նիստերի ժամանակի և վայրի մասին հայցվորին կամ նրա ներկայացուցչին ծանուցագիր չի ուղարկվել:
Դատարանը, խախտելով օրենքով սահմանված հիմքերը, երկու անգամ վերսկսել է դատաքննությունը, առանց պատշաճ ծանուցման:
Դատարանը չի որոշել ապացուցում պահանջող փաստերի շրջանակը, չի պարզել սույն վեճի լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանքները և կողմերից չի պահանջել ներկայացնելու այդ փաստերի վերաբերյալ ապացույցներ:
i
Դատարանը հաշվի չի առել, որ Վանաձոր քաղաքի Մոսկովյան 1 հասցեում գտնվող գույքը ֆիննական տնակ է, որը «ՀՀ պետական, հանրային և համայնքային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքի 4-րդ և 5-րդ հոդվածների ուժով սեփականաշնորհման օբյեկտ չէր և ենթակա չէր սեփականաշնորհման, հետևաբար ոչ հայցվորը և ոչ երրորդ անձինք այդ տնակի սեփականաշնորհման սուբյեկտ չեն:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 12.01.2010 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Դատարանը 16.12.2009 թվականի ժամը 17:59-ին նշանակված վճռի հրապարակման օրը վերսկսել է գործի դատաքննությունը և դատական նիստը անցկացրել է աշխատանքային օրն ավարտվելուց հետո (գործը քննվել է Լիդա Ղազարյանի և նրա ներկայացուցչի բացակայությամբ (հ. 2-րդ, գ.թ. 30-32):
2) Դատարանը 29.12.2009 թվականի ժամը 17:30-ին նշանակված վճռի հրապարակման ընթացքում կրկին վերսկսել է գործի դատաքննությունը կողմերի բացակայությամբ (հ. 2-րդ, գ.թ. 33):
3) Սույն գործում առկա չէ որևէ ապացույց Լիդա Ղազարյանին և նրա ներկայացուցչին 29.12.2009 թվականին նշանակված դատական նիստի մասին պատշաճ ծանուցելու վերաբերյալ:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
i
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի համաձայն` Վարչական դատարանը պարտավոր է ապահովել, որ կողմերն ունենան հավասար հնարավորություններ գործի քննության ամբողջ ընթացքում, այդ թվում` յուրաքանչյուր կողմին ընձեռել քննվող գործի վերաբերյալ իր դիրքորոշումը ներկայացնելու լիարժեք հնարավորություն:
i
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածի համաձայն` դատաքննությունը վարչական դատարանում անցկացվում է դատական նիստերի միջոցով: Նույն օրենսգրքի 60-րդ հոդվածի համաձայն` ծանուցագրով դատական նիստի կամ առանձին դատավարական գործողություններ կատարելու ժամանակի և վայրի մասին տեղեկացվում են դատավարության մասնակիցները: Նույն օրենսգրքի 62-րդ հոդվածի համաձայն` ծանուցագրի հանձնումն իրականացվում է «Փաստաթղթերի հատուկ առաքման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Ծանուցագրի հետ մեկտեղ հասցեատիրոջն ուղարկվում են դատավարական փաստաթղթերի պատճենները: Ծանուցագրերն ուղարկվում են այն հաշվով, որ դրանց հասցեատերերը դատական նիստին ներկայանալուց կամ դատավարական գործողությունների կատարմանը մասնակցելուց առնվազն 5 օր առաջ իրազեկվեն դատական նիստի կամ դատավարական գործողությունների կատարման ժամանակի և վայրի վերաբերյալ:
i
«Փաստաթղթերի հատուկ առաքման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն` հատուկ առաքում է համարվում փոստով կամ առձեռն հանձնմամբ հատուկ առաքումը, ընդ որում հատուկ առաքումը փոստով տեղի է ունենում միայն փոստային ազգային օպերատորի միջոցով: Իսկ նույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` առձեռն հանձնմամբ հատուկ առաքումը համարվում է կատարված, եթե ուղարկողի մոտ առկա են առաքման փաթեթը կազմող փաստաթղթերի պատճենները, որոնց յուրաքանչյուր էջը պարունակում է առաքման փաթեթն ընդունող անձի նշումը` փաթեթի ստացման փաստի և ամսաթվի վերաբերյալ և նրա ստորագրությունը, իսկ առաջին էջը` նաև առաքման փաթեթն ընդունող անձի անունը և ազգանունը:
i
Վերը նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ ծանուցումն ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հանձնվում է առձեռն (այսուհետ` պատշաճ ձևով): Սա ենթադրում է վարչական դատավարության մասնակիցների` դատական նիստի օրվա, ժամի և վայրի մասին իրազեկելու կապակցությամբ դատարանի ակտիվ գործողություններ, որոնք պետք է իրականացվեն վերը նշված նորմերով նախատեսված միջոցների և եղանակների օգտագործմամբ: Ընդ որում, անկախ ծանուցման եղանակից, ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել վարչական դատավարության մասնակցին դատական նիստի մասին տեղեկացնելու փաստը (տե՛ս «Արմենմոտոր» ՓԲԸ-ի հայցն ընդդեմ ՀՀ Արմավիրի մարզի Փարաքարի գյուղապետարանի, երրորդ անձ Նախարարության` «Արմենմոտոր» ՓԲԸ-ի` Փարաքար-Թաիրով համայնքում գտնվող 2,430 հա հողատարածքի` ՀՀ կառավարության 30.12.2004 թվականի թիվ 879-Ն և 13.10.2005 թվականի թիվ 1809-Ն որոշումներով սեփականաշնորհման համար սահմանված գներով վճարման իրավունքը (վճարումը վերոհիշյալ որոշումներով սահմանված գներով իրականացնելու պայմանով) ճանաչելու պահանջի մասին Վճռաբեկ դատարանի 04.12.2009 թվականի թիվ ՎԴ/1043/05/09 որոշումը):
Սույն գործի փաստերից հետևում է, որ Դատարանը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ և 62-րդ հոդվածների պահանջներին համապատասխան, Լիզա Ղազարյանին պատշաճ ձևով չի տեղեկացրել սույն գործով իրականացրած դատական նիստերի ժամանակի և վայրի մասին և գործը քննել է վերջինիս բացակայությամբ:
Նշված եզրահանգման համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում այն հանգամանքը, որ 16.12.2009 թվականին նշանակված դատական նիստը վերսկսելով` Դատարանը 29.12.2009 թվականին նշանակված դատական նիստի մասին Լիզա Ղազարյանին պատշաճ ձևով չի ծանուցել:
Վերոգրյալից ելնելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ և 62-րդ հոդվածներով նախատեսված` դատական նիստի ժամի և վայրի մասին վարչական դատավարության մասնակիցների տեղեկանալու իրավունքը և դատարանի տեղեկացնելու պարտականությունն ուղղակիորեն կապված են ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված օրենքի առջև բոլորի հավասարության համընդհանուր սկզբունքի և դրանից բխող ու ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված` գործի քննության ընթացքում կողմերին հավասար հնարավորության ընձեռման սկզբունքի հետ: Նշված սկզբունքն ամբողջ ծավալով կարող է իրականացվել միայն այն դեպքում, երբ վարչական դատավարության մասնակիցներից յուրաքանչյուրին ընձեռված է դատական նիստին ներկա գտնվելու հնարավորություն: Այդ իսկ պատճառով դատական նիստի օրվա, ժամի և վայրի մասին վարչական դատավարության մասնակիցներին իրազեկումը դատարանի պարտականությունն է, որի չպահպանումը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.3-րդ հոդվածի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի իմաստով դատավարական իրավունքի նորմի էական խախտում է:
i
Այսպիսով, վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ, 118.3-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:
Ինչ վերաբերում է Լիզա Ղազարյանի վճռաբեկ բողոքի մյուս փաստարկներին, ապա գործի քննությանը պատշաճ ծանուցված չլինելու պայմաններում Վճռաբեկ դատարանը դրանց չի անդրադառնում:
i
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 12.01.2010 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
2. «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի ա) կետի և 31-րդ հոդվածի գ) կետի հիմքով Լիզա Ղազարյանին ազատել վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրքի վճարումից:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ս. Սարգսյան |
Դատավորներ` |
Մ. Դրմեյան |
|
Վ. Աբելյան |
|
Ս. Անտոնյան |
|
Վ. Ավանեսյան |
|
Ա. Բարսեղյան
Ե. Խունդկարյան
Է. Հայրիյան
Տ. Պետրոսյան |