i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի որոշում |
ՎԴ/1696/05/09 2010 թ. |
Վարչական գործ թիվ ՎԴ/1696/05/09 |
|
Նախագահող դատավոր` Ա. Ղազարյան |
|
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ս. Սարգսյանի |
մասնակցությամբ դատավորներ |
Ա. Բարսեղյանի |
|
Վ. Աբելյանի |
|
Ս. Անտոնյանի |
|
Վ. Ավանեսյանի |
|
Մ. Դրմեյանի |
|
Ե. Խունդկարյանի |
|
Է. Հայրիյանի |
|
Տ. Պետրոսյանի |
2010 թվականի մայիսի 27-ին
դռնբաց դատական նիստում, քննելով «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության (այսուհետ` Հասարակական կազմակերպություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 07.12.2009 թվականի վճռի դեմ` ըստ Հասարակական կազմակերպության հայցի ընդդեմ «Երևանի կառուցապատման և ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ի (այսուհետ` Կազմակերպություն)` Կազմակերպության գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու, որպես հետևանք տեղեկատվություն տրամադրել պարտադրելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` հասարակական կազմակերպությունը պահանջել է ոչ իրավաչափ ճանաչել Կազմակերպության գործողությունները, որով սպառիչ և լրիվ պատասխան չի տրվել հայցվող տեղեկատվության վերաբերյալ, և որպես հետևանք պարտադրել տրամադրելու տեղեկատվություն այն մասին, թե Կազմակերպության 2006, 2007, 2008 թվականների ֆինանսավորումը ՀՀ պետական բյուջեից որքան է կազմել, նույն թվականներին որ կազմակերպությունների հետ է կնքել հանձնարարության և նկարագրության պայմանագրեր և որքան հասույթ է ստացել այդ պայմանագրերից:
ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 07.12.2009 թվականի վճռով Հասարակական կազմակերպության հայցը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հասարակական կազմակերպությունը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Կազմակերպությունը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 27-րդ, 27.1 հոդվածների, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 141-րդ հոդվածի, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ և 8-րդ հոդվածի պահանջները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Դատարանը հայցը մերժելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ պատասխանողը հղում է կատարել այն օրենքներին, որտեղից Հասարակական կազմակերպությունը կարող էր ստանալ իր փնտրած տեղեկությունները:
Մինչդեռ Դատարանը հաշվի չի առել, որ Կազմակերպության կողմից չի նշվել, թե «ՀՀ պետական բյուջեի մասին» համապատասխան օրենքների կոնկրետ որ հոդվածները կամ դրանց մասերը կամ կետերն են պարունակում պահանջվող տեղեկատվությունը:
Նման պայմաններում հայցը մերժելով` Դատարանը խախտել է Հասարակական կազմակերպության տեղեկանալու իրավունքը այն մասին, թե որքան գումարի չափով է ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվել Կազմակերպությունը:
i
Բացի այդ, Դատարանը հաշվի չի առել, որ «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական կազմակերպությունը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ոչ առևտրային կազմակերպություն է, որը ստեղծվում է միայն մշակույթի, առողջապահության, սոցիալական, սպորտի, կրթության, գիտության, բնապահպանական և ոչ առևտրային այլ բնագավառներում գործունեություն իրականացնելու նպատակով, հետևաբար երրորդ անձանց հետ կնքած պայմանագրերն առևտրային բնույթի չէին կարող լինել, իսկ պահանջվող տեղեկատվությունը որևէ առևտրային գաղտնիք չէր պարունակում:
Դատարանն անտեսել է, որ պահանջվող տեղեկատվությունը վերաբերում էր այն հարցին, թե որ ընկերությունների հետ են կնքվել հանձնարարության և նկարագրության պայմանագրեր:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 07.12.2009 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:
i
2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ կետում հստակ նշվում է այն տեղեկատվության ցանկը, որը չի կարող մերժվել, իսկ հայցվորի կողմից պահանջվող տեղեկատվությունը նշված ցանկում ընդգրկված չէ: Բացի դրանից, պահանջվող տեղեկատվությունը իրենից ներկայացնում է հաշվետվություն, որը Կազմակերպությունը ներկայացնում է պետական լիազոր մարմնին` համաձայն իր կանոնադրության և հարկային մարմիններին օրենքով սահմանված կարգով:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1. Հասարակական կազմակերպությունը 27.02.2009 թվականի թիվ 100-ի 18 հարցմամբ Կազմակերպությանը խնդրել է տրամադրել տեղեկատվություն հետևյալ հարցերի վերաբերյալ.
. Կազմակերպության ֆինանսավորումը ՀՀ պետական բյուջեից 2006, 2007 և 2008 թվականներին որքա՞ն գումար է կազմել,
. Կազմակերպությունը 2006, 2007, 2008 թվականներին ո՞ր կազմակերպությունների հետ է կնքել հանձնարարության և նկարագրության պայմանագրեր,
. Կազմակերպությունը 2006, 2007 և 2008 թվականներին որքա՞ն հասույթ է ստացել հանձնարարության և նկարագրության պայմանագրերից (գ.թ. 11):
2. Կազմակերպության 06.03.2009 թվականի թիվ 38/01-322 գրությամբ հայտնվել է, որ 1-ին կետով նախատեսված հարցի պատասխանը պաշտոնապես հրապարակվել է «ՀՀ պետական բյուջեի մասին» համապատասխան օրենքներում, իսկ 2-րդ և 3-րդ կետերով ներկայացված հարցերի պատասխանները պարունակում են առևտրային գաղտնիք, հետևաբար նման տեղեկատվություն չի կարող տրամադրվել (գ.թ. 13):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
i
ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, ներառյալ` տեղեկություններ և գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը, տեղեկատվության ցանկացած միջոցով` անկախ պետական սահմաններից:
i
ՀՀ Սահմանադրության 27.1-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր անձնական կամ հասարակական շահերի պաշտպանության նկատառումներով իրավասու պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին և պաշտոնատար անձանց դիմումներ կամ առաջարկություններ ներկայացնելու և ողջամիտ ժամկետում պատշաճ պատասխան ստանալու իրավունք:
i
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 141-րդ հոդվածի համաձայն` տեղեկատվությունը ծառայողական, առևտրային կամ բանկային գաղտնիք է, եթե այն երրորդ անձանց անհայտ լինելու ուժով ունի իրական կամ հնարավոր առևտրային արժեք, չկա օրինական հիմքերով այն ազատորեն ստանալու հնարավորություն և տեղեկատվություն ունեցողը միջոցներ է ձեռնարկում դրա գաղտնիության պահպանման համար: Տեղեկությունները, որոնք չեն կարող ծառայողական, առևտրային կամ բանկային գաղտնիք լինել, սահմանվում են օրենքով:
i
«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր անձ իրավունք ունի ծանոթանալու իր փնտրած տեղեկությանը և դա ստանալու նպատակով օրենքով սահմանված կարգով հարցմամբ դիմելու տեղեկատվություն տնօրինողին և ստանալու այդ տեղեկությունը: Տեղեկատվության ազատությունը կարող է սահմանափակվել Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ և օրենքով նախատեսված դեպքերում:
i
«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն` տեղեկատվություն տնօրինողը, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասում սահմանված դեպքերի, մերժում է տեղեկության տրամադրումը, եթե դա պարունակում է պետական, ծառայողական, բանկային, առևտրային գաղտնիք:
Սույն գործով Դատարանը հայցը մերժելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ Կազմակերպությունն օրենքով սահմանված ժամկետներում Հասարակական կազմակերպության հարցումներին պատասխանել է բոլոր այն հարցերի մասով, որոնք իրենց մեջ առևտրային գաղտնիք չեն պարունակել, ինչպես նաև հղում է կատարել այն օրենքին, որտեղից նրանք կարող էին ստանալ իրենց փնտրած տեղեկությունը:
Միաժամանակ Դատարանը, հաստատված համարելով, որ Կազմակերպությունը պետական ոչ առևտրային կազմակերպություն է և առևտրային շահ չունի, սակայն առևտրային շահ ունեն այն կազմակերպությունները, որոնց հետ Կազմակերպությունը կնքել է պայմանագրեր, հանգել է այն հետևության, որ Կազմակերպությունը, հայցվորին տրամադրելով նրա պահանջած տեղեկությունը, կհրապարակեր այլ ընկերությունների առևտրային գաղտնիքը, ուստի Կազմակերպությունը գործել է օրենքի շրջանակներում, հետևաբար նրա գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու հիմքեր չկան:
Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին:
Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ վճռի իրավական հիմնավորումը:
Վճռի իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ նյութական իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի, որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:
Վճռում ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլև պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:
Վճռի իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա վճռի իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական վճռի օրինականությունը:
i
Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում վճիռ կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տե՛ս Ռազմիկ Մարությանի հայցն ընդդեմ Ստեփան և Անահիտ Մարությանների, ՀՀ Կենտրոն նոտարական գրասենյակի` ժառանգական գույքի ընդունման փաստի ճանաչման և ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը մասնակի անվավեր ճանաչելու պահանջների մասին և Ստեփան և Անահիտ Մարությանների հակընդդեմ հայցի` սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան և հողամասի բաժանման պահանջի մասին Վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի թիվ 3-54(ՎԴ) որոշումը):
Մինչդեռ Դատարանը, հաստատված համարելով, որ պահանջվող տեղեկատվությունը, այն է` թե ովքեր են Կազմակերպության հետ կնքել հանձնարարության և նկարագրության պայմանագրեր և կնքած պայմանագրերից 2006, 2007 և 2008 թվականներին Կազմակերպությունը որքան հասույթ է ստացել, պարունակում է առևտրային գաղտնիք, որևէ կերպ չի հիմնավորել նման համոզմունքի ձևավորումը:
Մասնավորապես Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը չի նշել, թե հատկապես գործում առկա որ ապացույցների հիման վրա է հանգել նման եզրակացության և հաստատել տեղեկատվության առևտրային գաղտնիք լինելու հանգամանքը:
i
Ինչ վերաբերում է Դատարանի այն պատճառաբանությանը, որ Կազմակերպությունը տվել է պատշաճ պատասխան այն հարցին, թե որքան գումար է կազմել Կազմակերպության ֆինանսավորումը ՀՀ պետական բյուջեից 2006, 2007 և 2008 թվականներին, նշելով, որ «նշված հարցի պատասխանը հրապարակվել է «ՀՀ պետական բյուջեի մասին» համապատասխան օրենքներում», ապա Վճռաբեկ դատարանն այն անհիմն է համարում, քանի որ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով տեղեկատվության ազատության ապահովման ոլորտում տեղեկատվություն տնօրինողը պարտավոր է օրենքով սահմանված կարգով տեղեկություններ փնտրող անձին տրամադրել իր տնօրինության տակ գտնվող ամբողջական տեղեկություն:
Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Կազմակերպության 06.03.2009 թվականի թիվ 38/01-322 գրությամբ նշված միայն ««ՀՀ պետական բյուջեի մասին» համապատասխան օրենքներում» արտահայտությունն իր մեջ չի պարունակում պահանջված ամբողջական տեղեկությունը:
i
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227 և 228-րդ հոդվածների ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:
i
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 07.12.2009 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ս. Սարգսյան |
Դատավորներ` |
Ա. Բարսեղյան |
|
Վ. Աբելյան |
|
Ս. Անտոնյան |
|
Վ. Ավանեսյան |
|
Մ. Դրմեյան |
|
Ե. Խունդկարյան |
|
Է. Հայրիյան |
|
Տ. Պետրոսյան |