i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
ԳԴ5/0023/02/09 2010 թ. |
Քաղաքացիական գործ թիվ ԳԴ5/0023/02/09 |
|
Նախագահող դատավոր` Դ. Խաչատրյան
Դատավորներ` Ն. Տավարացյան
Ս. Միքայելյան |
|
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ս.Սարգսյանի |
մասնակցությամբ դատավորներ |
Է. Հայրիյանի |
|
Ս. Անտոնյանի |
|
Ա. Բարսեղյանի |
|
Մ. Դրմեյանի |
|
Ե. Խունդկարյանի |
|
Տ. Պետրոսյանի |
2010 թվականի մայիսի 27-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Կատերինա Չինդինայի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.12.2009 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Մաքսիմ, Վասիլի, Տանյա Չինտինների (Չինդինների) և Անյուտա Սոլովյովայի ընդդեմ Կատերինա Չինդինայի` բաժնային սեփականության ներքո գտնվող գույքից բաժինն առանձնացնելու, իսկ դրա ակնհայտ աննպատակահարմարության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և ստացված գումարը համասեփականատերերի միջև բաժիններին համաչափ բաշխելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Մաքսիմ, Վասիլի, Տանյա Չինտինները (Չինդինները) և Անյուտա Սոլովյովան պահանջել են ՀՀ Գեղարքունիքի մարզի Շորժա համայնքում բաժնային սեփականության ներքո գտնվող տունը, կցակառույցները, տնամերձ հողամասը հրապարակային սակարկություններով վաճառել` ստացված գումարը հետագայում բաշխելով ընդհանուր սեփականության մասնակիցների միջև` բաժիններին համաչափ, իսկ ՀՀ Գեղարքունիքի մարզի Շորժա համայնքում գտնվող վարելահողերն առանձնացնել բնեղենով` ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տրամադրած հատակագծին համապատասխան:
ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի (այսուհետ` Դատարան) 15.11.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 27.02.2009 թվականի որոշմամբ Կատերինա Չինդինայի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 15.11.2007 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել նույն դատարան` նոր քննության:
Դատարանի 18.09.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է: Վճռվել է «ՀՀ Գեղարքունիքի մարզի Շորժա համայնքում բաժնային սեփականության ներքո գտնվող Մաքսիմ, Վասիլի և Տանյա Չինտիններին (Չինդիններին), Անյուտա Սոլովյովային և Կատերինա Չինդինային պատկանող անշարժ գույքը, որը բաղկացած է 110.9 քմ բնակելի տնից, 55.0 քմ անասնագոմից, 60.6 քմ ծածկոցներից և 613.5 քմ տնամերձ հողամասից, հրապարակային սակարկություններով վաճառել և ստացված գումարը հետագայում բաշխել ընդհանուր սեփականության մասնակիցների միջև` նրանց բաժիններին համաչափ: Ըստ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Ճամբարակի տարածքային ստորաբաժանման կողմից 2009թ. օգոստոսի 8-ին տրված հա. 4/048 եզրակացության` Գեղարքունիքի մարզի Շորժա համայնքում բաժնային սեփականության ներքո գտնվող Մաքսիմ, Վասիլի և Տանյա Չինտիններին (Չինդիններին), Անյուտա Սոլովյովային և Կատերինա Չինդինային պատկանող 0.746 հա և 0.73 հա մակերեսներով վարելահողերից առանձնացնել հայցվորների` Մաքսիմ, Վասիլի և Տանյա Չինտինների (Չինդինների) ու Անյուտա Սոլովյովայի բաժինը»:
Վերաքննիչ դատարանի 04.12.2009 թվականի որոշմամբ Կատերինա Չինդինայի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 18.09.2009 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կատերինա Չինդինան:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
i
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ և 105-րդ հոդվածները, որոնց արդյունքում կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 6-րդ մասը, 199-րդ հոդվածի 1-ին մասը, որոնք չպետք է կիրառեր և չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 4-րդ մասը, որը պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Դատարանի կողմից լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ չեն գնահատվել գործում առկա ապացույցները: Այսպես, Վերաքննիչ դատարանը պատշաճ իրավական գնահատական չի տվել այն հանգամանքին, որ վիճելի գույքը հնարավոր է առանձնացնել որոշակի շինարարական աշխատանքներ կատարելու միջոցով, ինչպես նաև ընդհանուր գույքի օգտագործման մեջ սեփականատեր Կատերինա Չինդինան ունի էական շահ և բաժինն աննշան չէ:
Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ Դատարանն իրավունք ունի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 6-րդ կետով սահմանված կարգով վճիռ կայացնել գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին բացառիկ, այն է` ընդհանուր գույքը բաժանելու կամ դրանից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 3-5-րդ կետերում սահմանված կանոններով բաժինն առանձնացնելու աննպատակահարմարության դեպքում:
Բացի այդ, ինչպես Դատարանը, այնպես էլ Վերաքննիչ դատարանը, անտեսելով նաև այն հանգամանքը, որ Կատերինա Չինդինայի քույրերի կողմից ժառանգությունն ընդունելու մասին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում առկա է քաղաքացիական գործ, սույն քաղաքացիական գործի վարույթը չեն կասեցրել:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 04.12.2009 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1. 27.07.2007 թվականի սեփականության իրավունքի գրանցման թիվ 2126177 վկայականի համաձայն` ՀՀ Գեղարքունիքի մարզի Շորժա համայնքում գտնվող 81.6 քմ տունը, 55.0 քմ անասնագոմը, 46.4 քմ ծածկերը և 0.084 տնամերձ հողամասը բաժնային սեփականության իրավունքով պատկանում են Մաքսիմ, Վասիլի, Տանյա Չինտիններին (Չինդիններին) և Անյուտա Սոլովյովային 1/8-ական, իսկ Կատերինա Չինդինային` 1/2 բաժիններով (հատոր 1-ին, գ.թ. 47-49):
2. 17.08.2007 թվականի սեփականության իրավունքի գրանցման թիվ 2132591 վկայականի համաձայն` ՀՀ Գեղարքունիքի մարզի Շորժա համայնքում գտնվող 0.746 հա վարելահողը բաժնային սեփականության իրավունքով պատկանում են Մաքսիմ, Վասիլի, Տանյա Չինտիններին (Չինդիններին) և Անյուտա Սոլովյովային 1/8-ական, իսկ Կատերինա Չինդինային` 1/2 բաժիններով (հատոր 1-ին, գ.թ. 94-96):
3. 17.08.2007 թվականի սեփականության իրավունքի գրանցման թիվ 2132592 վկայականի համաձայն` ՀՀ Գեղարքունիքի մարզի Շորժա համայնքում գտնվող 0.73 հա վարելահողը բաժնային սեփականության իրավունքով պատկանում են Մաքսիմ, Վասիլի, Տանյա Չինտիններին (Չինդիններին) և Անյուտա Սոլովյովային 1/8-ական, իսկ Կատերինա Չինդինային` 1/2 բաժիններով (հատոր 1-ին, գ.թ. 97-99):
4. «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱ կազմակերպության 01.10.2007 թվականի փորձագետի թիվ 28620707 եզրակացության համաձայն` «սույն փորձաքննության շրջանակներում ՀՀ Գեղարքունիքի մարզի Շորժա համայնքում գտնվող տնատիրության շինություններից և հողատարածքից 1/2 բաժնեմասին հասանելիք ստացված մակերեսներից` ազատ հողատարածքից` 306.75 մ2, բնակելի տնից` 40.8 մ2 և օժանդակ շինություններից` 57.8 մ2 հողամասերի մակերեսների առանձնացումը տնատիրության ընդհանուր հողամասից հնարավոր չէ տեխնիկապես իրականացնել, առանց դրանց անհամաչափ վնաս պատճառելու, դրանք սերվիտուտով չծանրաբեռնելու, նվազագույն մակերեսներ ընդհանուր օգտագործման թողնելու, օգտագործման կարգ չսահմանելու պայմաններից, հետազոտվող բնակելի տան և օժանդակ շինությունների փաստացի տեղակայումից, հատակագծային լուծումներից, չափերից առանձնացվող հատվածների ըստ նշանակության օգտագործման անհրաժեշտությունից և բաժնեմասերի առանձնացումը փոքրածավալ շինարարական աշխատանքների իրականացումից, ինչպես նաև ՀՀ քաղաքաշինության նորմատիվ ակտերի պահանջներից ելնելով» (հատոր 1-ին, գ.թ.64-70):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.
i
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` բաժնային սեփականության մասնակիցների միջև ընդհանուր գույքը բաժանելու կամ դրանից նրանցից մեկի բաժինն առանձնացնելու եղանակի և պայմանների մասին համաձայնության բացակայության դեպքում` բաժնային սեփականության մասնակիցն իրավունք ունի դատական կարգով պահանջել ընդհանուր գույքից բնեղենով առանձնացնելու իր բաժինը:
Եթե բաժինը բնեղենով առանձնացնելը չի թույլատրվում օրենքով կամ դա անհնար է առանց ընդհանուր սեփականության ներքո գտնվող գույքին անհամաչափ վնաս պատճառելու, առանձնացող սեփականատերը բաժնային սեփականության մյուս մասնակիցներից կարող է պահանջել վճարելու իր բաժնի արժեքը:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` բաժնային սեփականության մասնակցին բնեղենով առանձնացվող գույքի անհամաչափությունը բաժնային սեփականության իրավունքում նրա բաժնին վերացվում է նրան համապատասխան դրամական գումար վճարելով կամ այլ փոխհատուցումով:
Բաժնային սեփականության մասնակցի բաժինը բնեղենով առանձնացնելու փոխարեն մյուս սեփականատերերը կարող են այդ մասնակցի համաձայնությամբ նրան փոխհատուցում վճարել: Այն դեպքերում, երբ սեփականատիրոջ բաժինն աննշան է, չի կարող իրապես առանձնացվել և ընդհանուր գույքի օգտագործման մեջ այդ սեփականատերն էական շահ չունի, դատարանը կարող է նաև այդ սեփականատիրոջ համաձայնության բացակայության դեպքում բաժնային սեփականության մյուս մասնակիցներին թույլատրել վճարելու փոխհատուցում:
Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` նույն հոդվածին համապատասխան` փոխհատուցումն ստանալու պահից սեփականատերը կորցնում է ընդհանուր գույքում բաժնի նկատմամբ իրավունքը:
Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն` ընդհանուր գույքը բաժանելու կամ դրանից նույն հոդվածի 3-5-րդ կետերում սահմանված կանոններով բաժին առանձնացնելու ակնհայտ աննպատակահարմարության դեպքում դատարանն իրավունք ունի վճիռ կայացնել գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին` ստացված գումարը հետագայում բաշխելով ընդհանուր սեփականության մասնակիցների միջև` նրանց բաժիններին համաչափ:
Նշված հոդվածի վերլուծությունը ցույց է տալիս, որ օրենսդիրը դատարանին իրավունք է վերապահել կայացնելու վճիռ ընդհանուր գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին միայն պարտադիր նախապայմանների առկայության դեպքերում, այն է` ընդհանուր գույքը բաժանելու կամ նույն հոդվածի 3-5-րդ կետերում սահմանված կանոններով բաժինն առանձնացնելու ակնհայտ աննպատակահարմարության դեպքերում:
i
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 6-րդ կետով սահմանված գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու դատարանի իրավունքը կարող է կիրառվել միայն բացառիկ, այսինքն` վերը նշված պարտադիր պայմանների առկայության դեպքում (տես նաև` Լիդիա Ժուրավլյովա ընդդեմ Աստղիկ և Մարիամ Գյուլամիրյանների` փոխհատուցմամբ սեփականության իրավունքը դադարեցնելու պահանջի մասին, Վճռաբեկ դատարանի 2007 թվականի մարտի 30-ի թիվ 3-739(ՎԴ) որոշումը):
Այսպես, Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը մերժելիս հիմք է ընդունել «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱ կազմակերպության 01.10.2007 թվականի փորձագետի թիվ 28620707 եզրակացությունը, համաձայն որի` «սույն փորձաքննության շրջանակներում ՀՀ Գեղարքունիքի մարզի Շորժա համայնքում գտնվող տնատիրության շինություններից և հողատարածքից 1/2 բաժնեմասին հասանելիք ստացված մակերեսներից` ազատ հողատարածքից` 306.75 մ2, բնակելի տնից` 40.8 մ2 և օժանդակ շինություններից` 57.8 մ2 հողամասերի մակերեսների առանձնացումը տնատիրության ընդհանուր հողամասից հնարավոր չէ տեխնիկապես իրականացնել, առանց դրանց անհամաչափ վնաս պատճառելու, դրանք սերվիտուտով չծանրաբեռնելու, նվազագույն մակերեսներ ընդհանուր օգտագործման թողնելու, օգտագործման կարգ չսահմանելու պայմաններից, հետազոտվող բնակելի տան և օժանդակ շինությունների փաստացի տեղակայումից, հատակագծային լուծումներից, չափերից առանձնացվող հատվածների ըստ նշանակության օգտագործման անհրաժեշտությունից և բաժնեմասերի առանձնացումը փոքրածավալ շինարարական աշխատանքների իրականացումից, ինչպես նաև ՀՀ քաղաքաշինության նորմատիվ ակտերի պահանջներից ելնելով»:
Մինչդեռ, ինչպես Դատարանը, այնպես էլ Վերաքննիչ դատարանը պատշաճ իրավական գնահատական չեն տվել այն հանգամանքին, որ «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱ կազմակերպության 01.10.2007 թվականի փորձագետի թիվ 28620707 եզրակացությամբ հնարավոր է համարվել տեխնիկապես առանձնացնել վիճելի գույքը` որոշակի շինարարական աշխատանքներ կատարելու պայմաններում, որպիսի առաջարկները ստորադաս դատարանների կողմից քննության առարկա չեն դարձվել:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն քաղաքացիական գործով չի կատարվել «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱ կազմակերպության 01.10.2007 թվականի փորձագետի թիվ 28620707 եզրակացության բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքի հիմքը վերաբերում է դատական ակտի` ՀՀ Գեղարքունիքի մարզի Շորժա համայնքում գտնվող բնակելի տունը, կցակառույցները և տնամերձ հողամասը հրապարակային սակարկություններով վաճառելու և ստացված գումարը հետագայում ընդհանուր սեփականության մասնակիցների միջև` նրանց բաժիններին համաչափ բաշխելու մասին, հետևաբար դատական ակտը ենթակա է բեկանման այդ մասով:
i
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 6-րդ կետի մասով բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների համաձայն, Վերաքննիչ դատարանի որոշման մասը բեկանելու համար:
Ինչ վերաբերում է գործի վարույթը կասեցնելու մասին վճռաբեկ բողոքի փաստարկին, ապա այն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի համաձայն` դատարանը պարտավոր է կասեցնել գործի վարույթը, եթե անհնարին է տվյալ գործի քննությունը մինչև սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող այլ գործով կամ հարցով որոշում կայացնելը:
Մինչդեռ բողոք բերած անձ Կատերինա Չինդինայի, քույրերի` Պոլյա Բելիչինի, Լյուբա Երմակովայի, Դունյա Վդովինայի և Վերա Չինդինայի կողմից ըստ իրենց հայցի ընդդեմ Մաքսիմ, Վասիլի, Տանյա Չինտինների (Չինդինների) և Անյուտա Սոլովյովայի, Ճամբարակի նոտարական գրասենյակի` ժառանգությունն ընդունելու փաստը հաստատելու, ըստ օրենքի և ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագրերը, կտակը և սեփականության իրավունքի գրանցումները մասնակի անվավեր ճանաչելու պահանջների մասին քաղաքացիական գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարան բողոք ներկայացնելը չի կարող անհնար դարձնել սույն գործի քննությունը:
i
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.12.2009 թվականի որոշման` ՀՀ Գեղարքունիքի մարզի Շորժա համայնքում գտնվող բնակելի տունը, կցակառույցները և տնամերձ հողամասը հրապարակային սակարկություններով վաճառելու և ստացված գումարը հետագայում ընդհանուր սեփականության մասնակիցների միջև` բաժիններին համաչափ բաշխելու մասը և գործն այդ մասով ուղարկել ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.12.2009 թվականի որոշման մնացած մասը թողնել օրինական ուժի մեջ:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ս. Սարգսյան |
Դատավորներ` |
Է. Հայրիյան |
|
Վ. Աբելյան |
|
Ս. Անտոնյան |
|
Ա. Բարսեղյան |
|
Մ. Դրմեյան |
|
Ե. Խունդկարյան |
|
Տ. Պետրոսյան |