Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 335-ՐԴ, 342...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 335-ՐԴ, 342-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                     Քաղաքացիական գործ թիվ

    դատարանի որոշում                                     ԵԷԴ/0723/02/09

    Քաղաքացիական գործ թիվ ԵԷԴ/0723/02/09                        2010 թ.

Նախագահող դատավոր` Ն. Տավարացյան

Դատավորներ` Ս. Միքայելյան

Դ. Խաչատրյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ս. Սարգսյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Է. Հայրիյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Ե. Խունդկարյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2010 թվականի ապրիլի 2-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Դանիել Ղասաբողլյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.12.2009 թվականի որոշման դեմ` ըստ Ռազմիկ Դարբինյանի հայցի ընդդեմ Դանիել Ղասաբողլյանի` 95.000 ԱՄՆ դոլարի բռնագանձման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ռազմիկ Դարբինյանը պահանջել է բռնագանձել Դանիել Ղասաբողլյանից 80.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները:

Ռազմիկ Դարբինյանը, ավելացնելով հայցային պահանջի չափը, պահանջել է բռնագանձել Դանիել Ղասաբողլյանից 95.000 ԱՄՆ դոլար և 26.05.2006 թվականից մինչև գումարի փաստացի վերադարձման օրը հաշվարկել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները, ինչպես նաև բռնագանձումը տարածել Դանիել Ղասաբողլյանին սեփականության իրավունքով պատկանող Երևանի Արին-Բերդի փողոցի թիվ 40 հասցեում գտնվող անշարժ գույքի, այլ հասցեներում գտնվող անշարժ գույքի, շարժական գույքի և դրամական միջոցների վրա:

Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 12.08.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 03.12.2009 թվականի որոշմամբ Դանիել Ղասաբողլյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 12.08.2009 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Դանիել Ղասաբողլյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր և սխալ է մեկնաբանել և կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 342-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 4-րդ, 5-րդ, 6-րդ, 28-րդ, 39-րդ, 48-րդ, 51-րդ, 53-րդ, 54-րդ և 131-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն իրավացիորեն հաստատված է համարել այն հանգամանքը, որ հայցվորը դատարան է դիմել հայցային վաղեմության ժամկետը լրանալուց հետո` 02.07.2009 թվականին` մեկ ամիս յոթ օր ուշացումով: Վերաքննիչ դատարանը, կիրառելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 342-րդ հոդվածը, «բացառիկ դեպք» է դիտել հայցվորի կողմից հայցային վաղեմության ընթացքում դատարան դիմում ներկայացնելը, որը դատարանի կողմից հետ է վերադարձվել հայցադիմումի ձևական պահանջները պահպանված չլինելու պատճառով: Վերաքննիչ դատարանը հոդվածի նման մեկնաբանությունը հիմնավորել է այն փաստարկով, որ հայցվորի կողմից նման դիմում դատարան ներկայացնելը վերջինիս մոտ համոզմունք է ձևավորել այն մասին, որ ինքն այդ գործողությամբ ընդհատել է հայցային վաղեմության ժամկետի ընթացքը:

Մինչդեռ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 342-րդ հոդվածով սահմանված նորմի նման մեկնաբանությունը դուրս է դրա բովանդակությունից, քանի որ համահունչ չէ նշված հոդվածում թվարկված մի շարք բացառիկ դեպքերին, այն է` ծանր հիվանդությանը, անօգնական վիճակին, անգրագիտությանը:

Քննվող քաղաքացիական գործում առկա չէ որևէ թույլատրելի ապացույց, որով կարող է հաստատվել այն հանգամանքը, որ պատասխանողը հայցվորից փոխառության կարգով վերցրել է 80.000 ԱՄՆ դոլար: Գործում գտնվող ստացականի պատճենը չի կարող սույն գործով թույլատրելի ապացույց համարվել, քանի որ չի պահանջվել և հետազոտվել տվյալ փաստաթղթի բնօրինակը: Վկա Անդրանիկ Ղուկասյանի ցուցմունքը նույնպես չի կարող թույլատրելի ապացույց հանդիսանալ, քանի որ դրա արգելքը նախատեսված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 878-րդ և 298-րդ հոդվածների առաջին մասերով:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 03.12.2009 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության կամ փոփոխել` հայցը մերժել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. 26.05.2005 թվականի ստացականով Ռազմիկ Դարբինյանը Դանիել Ղասաբողլյանին տրամադրել է 80.000 ԱՄՆ դոլար` մեկ տարվա ընթացքում վերադարձնելու պայմանով (հատոր 1-ին, գ.թ. 4):

2. Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 29.01.2008 թվականի որոշմամբ վերադարձվել է Ռազմիկ Դարբինյանի դիմումն ընդդեմ Դանիել Ղասաբողլյանի` 95.000 ԱՄՆ դոլար և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները բռնագանձելու պահանջի մասին, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 87-րդ և 92-րդ հոդվածների պահանջներին չհամապատասխանելու հիմքով (հատոր 1-ին, գ.թ. 10, 27):

3. 02.07.2009 թվականին Ռազմիկ Դարբինյանը դիմել է դատարան:

4. 13.07.2009 թվականին դատարանին հասցեագրված դիմումով Դանիել Ղասաբողլյանը խնդրել է կիրառել հայցային վաղեմություն և կայացնել վճիռ հայցը մերժելու մասին (հատոր 1-ին, գ.թ. 22-23):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 332-րդ հոդվածի համաձայն` հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը երեք տարի է:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին:

Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը, ամրագրելով հայցային վաղեմության ընդհանուր երեք տարվա ժամկետը, միաժամանակ սահմանել է նաև այդ ժամկետի հաշվարկման կարգը: Այն է` հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին:

Սույն գործի փաստերի համաձայն` Վերաքննիչ դատարանն իրավացիորեն գտել է, որ 26.05.2005 թվականի ստացականով տրամադրված գումարը Դանիել Ղասաբողլյանը Ռազմիկ Դարբինյանին պետք է վերադարձներ մեկ տարվա ընթացքում, այսինքն` հայցային վաղեմության ժամկետի ընթացքը սկսվել է 26.05.2006 թվականից և այդ պահից Ռազմիկ Դարբինյանն իմացել է իր իրավունքի խախտման փաստի մասին, սակայն դատարան է դիմել 02.07.2009 թվականին: Ինչ վերաբերում է Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարան 23.01.2008 թվականին դիմում ներկայացնելու փաստը որպես հայցային վաղեմության ժամկետի ընդհատում դիտելուն, ապա Վերաքննիչ դատարանը ևս իրավացիորեն գտել է, որ նշված դիմումը օրենքով սահմանված կարգով չի համապատասխանել հայցադիմումի ձևին և բովանդակությանը, այն վերադարձվել է դատարանի կողմից, հետևաբար, նշված դիմումը չէր կարող համարվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 340-րդ հոդվածի կանոններին համապատասխան հայց հարուցելու միջոցով հայցային վաղեմության ժամկետի ընդհատում:

Միաժամանակ Վերաքննիչ դատարանը, կիրառելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 342-րդ հոդվածը, վերաքննիչ բողոքը մերժելիս հիմք է ընդունել այն հանգամանքը, որ Ռազմիկ Դարբինյանի կողմից հայցային վաղեմության ժամկետի ընթացքում Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարան 23.01.2008 թվականին դիմում ներկայացնելը դասվում է օրենքով սահմանված բացառիկ դեպքերի թվին, այն իմաստով, որ Ռազմիկ Դարբինյանի մոտ ներքին համոզմունք է ձևավորվել, որ ինքն այդ գործողությամբ ընդհատել է հայցային վաղեմության ժամկետի ընթացքը, ինչպես նաև այն հանգամանքը, որ տվյալ դեպքում առկա է Ռազմիկ Դարբինյանի իրական իրավունքը (պահանջի իրավունք), որն ապացուցվում է գործում առկա ստացականով: Բացի այդ, հայցային վաղեմության ժամկետը խախտվել է ընդամենը մոտ մեկ ամսով, որպիսի պայմաններում չի կարող ի չիք դարձվել անձի իրավունքի պաշտպանությունը:

Մինչդեռ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը հայցային վաղեմությունը կիրառում է միայն վիճող կողմի դիմումով, որը պետք է տրվի մինչև դատարանի կողմից վճիռ կայացնելը: Հայցային վաղեմության ժամկետի լրանալը, որի կիրառման մասին դիմել է վիճող կողմը, հիմք է դատարանի կողմից հայցը մերժելու մասին վճիռ կայացնելու համար:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 342-րդ հոդվածի համաձայն` բացառիկ դեպքերում, երբ դատարանը հայցվորի անձի հետ կապված հանգամանքների (ծանր հիվանդության, անօգնական վիճակի, անգրագիտության և այլն) հաշվառմամբ հարգելի է ճանաչում հայցային վաղեմության ժամկետի բացթողումը, քաղաքացու խախտված իրավունքը ենթակա է պաշտպանության: Հայցային վաղեմության ժամկետի բացթողման պատճառները կարող են ճանաչվել հարգելի, եթե դրանք տեղի են ունեցել հայցային վաղեմության ժամկետի վերջին վեց ամսում, իսկ եթե այդ ժամկետը հավասար է վեց ամսվա կամ պակաս է վեց ամսից` վաղեմության ժամկետի ընթացքում:

Օրենսդիրը սույն դրույթով դատարանին հնարավորություն է ընձեռել հարգելի ճանաչել հայցային վաղեմության ժամկետի բացթողումը բացառիկ դեպքերում: Ընդ որում, քաղաքացու խախտված իրավունքը ենթակա է պաշտպանության միայն այն հանգամանքների պայմաններում, երբ բացառիկ դեպքը կապված է հայցվորի անձի հետ, այն է` հայցվորի ծանր հիվանդությունը, անօգնական վիճակը, անգրագիտությունը և այլն: Ավելին, հայցային վաղեմության ժամկետի բացթողման պատճառները կարող են ճանաչվել հարգելի, եթե բացթողման պատճառները տեղի են ունեցել հայցային վաղեմության ժամկետի վերջին վեց ամսվա ընթացքում, իսկ եթե հայցային վաղեմության ժամկետը հավասար է վեց ամսվա կամ պակաս է վեց ամսից, ապա վաղեմության ժամկետի ընթացքում:

Տվյալ պարագայում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործի փաստերի համաձայն` առկա չէ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 342-րդ հոդվածով սահմանված բացառիկ դեպքը, որը հիմք է հայցային վաղեմության ժամկետը վերականգնելու համար:

Այսինքն` առկա չէ հայցվորի անձի հետ կապված այն հանգամանքը, որի պայմաններում խախտված իրավունքը ենթակա լինի պաշտպանության:

Ավելին, Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարան 23.01.2008 թվականին դիմում ներկայացնելու փաստը հայցային վաղեմության ժամկետը վերականգնելու հիմք չէ, քանի որ, ինչպես նշվեց, օրենքի պահանջներին համապատասխան հայց չի հարուցվել, հետևաբար դրա հետևանքները չի կարող համարվել հայցային վաղեմության ժամկետի բացթողման պատճառ:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից սխալ է մեկնաբանվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 342-րդ հոդվածով սահմանված հայցային վաղեմության ժամկետը վերականգնելու հայցվորի հետ կապված հանգամանքներով պայմանավորված բացառիկ դեպքը:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար, որի պայմաններում վճռաբեկ բողոքի մյուս փաստարկներին Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու` վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.12.2009 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը մերժել:

2. Ռազմիկ Դարբինյանից բռնագանձել ՀՀ պետական բյուջե 1.600 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` որպես առաջին ատյանի համար սահմանված պետական տուրք, 2.400 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար սահմանված պետական տուրք և 2.400 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, բայց ոչ ավելի բազային տուրքի հազարապատիկից` որպես վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրք:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ս. Սարգսյան

Դատավորներ` Է. Հայրիյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
02.04.2010
N ԵԷԴ/0723/02/09
Որոշում