ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵՔԴ/0636/02/08
դատարանի որոշում 2009 թ.
Քաղաքացիական գործ թիվ ԵՔԴ/0636/02/08
Նախագահող դատավոր` Տ. Սահակյան
Դատավորներ` Կ. Հակոբյան
Տ. Նազարյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ս. Սարգսյանի
մասնակցությամբ դատավորներ Վ. Ավանեսյանի
Վ. Աբելյանի
Ս. Անտոնյանի
Ա. Բարսեղյանի
Ե. Խունդկարյանի
Է. Հայրիյանի
Տ. Պետրոսյանի
Ե. Սողոմոնյանի
2009 թվականի հոկտեմբերի 16-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Ռիմա Գրիգորյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.02.2009 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Հրանտ Գրիգորյանի ընդդեմ Ռիմա Գրիգորյանի, Էրեբունու նոտարական տարածքի նոտարական գրասենյակի` կտակը և ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Հրանտ Գրիգորյանը պահանջել է անվավեր ճանաչել 13.08.2001 թվականի հա. 1-4829 կտակը և կտակի հիման վրա Ռիմա Գրիգորյանի անվամբ տրված ըստ կտակի ժառանգության իրավունքի 21.03.2002 թվականի հա. 2-1422 վկայագիրը:
Երևանի քաղաքացիական դատարանի (այսուհետ` Դատարան) 04.11.2008 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 20.02.2009 թվականի որոշմամբ Դատարանի 04.11.2008 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նույն դատարան` նոր քննության:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ռիմա Գրիգորյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 53-րդ և 51-րդ հոդվածները, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 149.8 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետը:
Բողոք բերած անձը նշված հիմնավորումները պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը դուրս է եկել բողոքի հիմքերի և հիմնավորումների շրջանակներից: Մասնավորապես, վերաքննիչ բողոքը բերվել է երկու հիմքով, այն է` Վարդանուշ Խաչատրյանը կտակի կազմման ժամանակ իր գործողությունները չգիտակցելու և հայցվորի կողմից ներկայացված փորձաքննություն նշանակելու միջնորդության մերժման հիմքով:
Վերաքննիչ դատարանը որոշման հիմքում դրել է մի հանգամանք, որը բողոքի հիմքում և շրջանակներում ընդգրկված չի եղել, մասնավորապես Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ նշել է, որ գործի նյութերի համաձայն 13.08.2001 թվականին կազմված կտակը կտակարարի հիվանդության պատճառով ստորագրվել է այլ քաղաքացու` Աղավնի Կուրտիկյանի կողմից: Ինչպես նաև նշվել է, որ կողմերի բացատրությունները և գործով ձեռք բերված ապացույցները պարունակում են իրավամերժ տվյալներ կտակարարի առողջական վիճակի մասին: Այսինքն` Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքի սահմաններից դուրս է եկել, քանի որ այդ հիմքով բողոք չի բերվել:
Փորձաքննություն նշանակելու մասին միջնորդությունը ներկայացվել է բանավոր և գործի դատաքննության ընթացքում, հետևաբար Դատարանի կողմից փորձաքննություն նշանակելու մասին միջնորդության մերժումը հիմնավոր է:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 20.02.2009 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 04.11.2008 թվականի վճռին:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) 1958 թվականին Երևանի Դիմիտրովի փողոցի 22 հասցեում գտնվող անշարժ գույքի 5/8-րդ բաժինը հաշվառվել է Վարդանուշ Խաչատրյանի անվամբ, 1/8-րդ բաժինը` Վարյա Կոստանյանի անվամբ, 1/8-րդ բաժինը` Ռիմա Գրիգորյանի և 1/8-րդ բաժինը` Վասակ Գրիգորյանի (հատոր առաջին, գ.թ. 20-21):
2) Վարդանուշ Խաչատրյանը 13.01.2001 թվականին Երևանի Դիմիտրովի փողոցի 22 տան մասը, ինչպես նաև նրանում գտնվող ամբողջ գույքը կտակել է Ռիմա Գրիգորյանին (հատոր առաջին գ.թ. 46):
3) Վարդանուշ Խաչատրյանը մահացել է 24.09.2001 թվականին (հատոր առաջին գ.թ. 11):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 149.8-րդ հոդվածի 2-րդ կետի 6-րդ ենթակետի համաձայն` դատարանը նախնական նիստում մասնավորապես` կողմերի միջնորդությամբ իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում` իր նախաձեռնությամբ, պահանջում է անհրաժեշտ ապացույցներ, լուծում է փորձաքննություն նշանակելու, դատական նիստին փորձագետներ, վկաներ կանչելու, թարգմանիչներ ներգրավելու, տեղում իրեղեն ապացույցներն ուսումնասիրելու հարցերը:
Դատարանի կողմից հայցի մերժման հիմքում դրվել է այն հանգամանքը, համաձայն որի` «Հայցվորն իր պահանջի հիմքում դնելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 311-րդ հոդվածը, որևէ պատշաճ ապացույց չներկայացրեց դատարանին, որով կհիմնավորվեր այն հանգամանքը, որ 13.08.2001 թվականի կտակը կազմելու պահին Վարդանուշ Խաչատրյանը գտնվել է այնպիսի վիճակում, որ ընդունակ չի եղել հասկանալ իր գործողությունների նշանակությունը կամ ղեկավարել դրանք: Նման պայմաններում, երբ հայցապահանջի հիմքում ընկած վերը նշված հանգամանքը չապացուցվեց, դատարանը գտնում է, որ հայցն անհիմն է և ենթակա է մերժման»:
Վերաքննիչ դատարանի որոշման հիմքում դրվել է այն հանգամանքը, որ Դատարանը պարտավոր էր նշանակել փորձաքննություն: Բացի այդ Վերաքննիչ դատարանը վկայակոչել է Սրբուհի Քրաջյանի և և Անահիտ Շերմազանյանի գործում առկա ցուցմունքների` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության անհրաժեշտությունը: Սրբուհի Քրաջյանի ցուցմունքի համաձայն` ինքը Վարդանուշ Խաչատրյանին տեսել է 2001 թվականին, երբ վերջինս իրեն չի ճանաչել, հիշեցնելուց հետո էլ չի հիշել: Դրանից մոտ մեկ ամիս անց Վարդանուշ Խաչատրյանը մահացել է: Ինչ վերաբերում է Անահիտ Շերմազանյանի տված ցուցմունքին, ապա վերջինս հայտնել է, որ Վարդանուշ Խաչատրյանն ընդունել է ցավազրկող հաբեր միայն ոտքերի համար, և մահացել է սրտի աշխատանքի անբավարարության հետևանքով, այլ ոչ թե որպես օնկոլոգիական հիվանդ:
Փորձաքննություն նշանակելու անհրաժեշտության մասին Վերաքննիչ դատարանի եզրահանգումը Վճռաբեկ դատարանը անհիմն է համարում, քանի որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 149.8-րդ հոդվածի 2-րդ կետի 6-րդ ենթակետից հետևում է, որ փորձաքննություն նշանակելու հարցը պետք է լուծվի գործի նախնական նիստում: Մինչդեռ սույն գործով Հրանտ Գրիգորյանի ներկայացուցիչը դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին միջնորդություն է ներկայացրել դատաքննության փուլում, ինչը Դատարանի կողմից իրավացիորեն մերժվել է:
Ինչ վերաբերում է Սրբուհի Քրաջյանի և և Անահիտ Շերմազանյանի ցուցմունքներին, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Սրբուհի Քրաջյանը Վարդանուշ Խաչատրյանին տեսել է վիճարկվող կտակը կազմելուց` 13.01.2001 թվականից ավելի քան 7 ամիս հետո: Հետևաբար, տվյալ ապացույցով հնարավոր չէ գնահատել Վարդանուշ Խաչատրյանի առողջական վիճակը հենց կտակ կազմելու ժամանակ: Ինչ վերաբերում է Անահիտ Շերմազանյանի ցուցմունքին, ապա այն որևէ կերպ չէր կարող վկայել Վարդանուշ Խաչատրյանի մոտ կտակը կազմելու ժամանակ սեփական գործողությունների նշանակությունը հասկանալու կամ դրանք ղեկավարելու հնարավորությունը բացառող հանգամանքի մասին:
Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր է Դատարանի պատճառաբանությունն այն մասին, որ Հրանտ Գրիգորյանը չի ապացուցել գործարքը կնքելու պահին Վարդանուշ Խաչատրյանի կողմից իր գործողությունների նշանակությունը հասկանալու և դրանք դրանք ղեկավարելու անկարողությունը:
Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի կողմից վերաքննիչ բողոքի հիմքերից դուրս գալու վերաբերյալ վճռաբեկ բողոքի փաստարկին, ապա Վճռաբեկ դատարանն այն անհիմն է համարում հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում:
Վճռաբեկ դատարանը արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի պահանջից դուրս չի եկել, քանի որ և կտակն այլ անձի կողմից ստորագրված լինելու հանգամանքը, և վկաների ցուցմունքները, առողջական վիճակի մասին դատողությունները վերաքննիչ բողոքի հիմքերն են:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի մասնակիորեն հիմնավոր լինելը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի 20.02.2009 թվականի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված` առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով` Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.02.2009 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևանի քաղաքացիական դատարանի 04.11.2008 թվականի վճռին:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ս. Սարգսյան
Դատավորներ` Վ. Ավանեսյան
Վ. Աբելյան
Ս. Անտոնյան
Ա. Բարսեղյան
Ե. Խունդկարյան
Է. Հայրիյան
Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան