ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/1572/02/08
դատարանի որոշում 2009 թ.
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/1572/02/08
Նախագահող դատավոր` Ա. Մկրտչյան
Դատավորներ` Ն. Հովսեփյան
Էդ. Մուրադյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ս. Սարգսյանի
մասնակցությամբ դատավորներ Ս. Անտոնյանի
Վ. Աբելյանի
Վ. Ավանեսյանի
Ա. Բարսեղյանի
Մ. Դրմեյանի
Ե. Խունդկարյանի
2009 թվականի սեպտեմբերի 18-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Արմենուհի Հովհաննիսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.02.2009 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Սարգիս Գևորգյանի, Ռոզա Գևորգյանի ընդդեմ Արմենուհի Հովհաննիսյանի` ուրիշի ապօրինի տիրապետումից գույքը հետ պահանջելու և ըստ Արմենուհի Հովհաննիսյանի հակընդդեմ հայցի` ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Սարգիս և Ռոզա Գևորգյանները պահանջել են վտարել Արմենուհի Հովհաննիսյանին և նրա ընտանիքին Երևանի Չարենցի փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 17 տնից:
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Արմենուհի Հովհաննիսյանը պահանջել է ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել սեփականության իրավունքը Երևանի Չարենցի փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 17 տան նկատմամբ:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 13.11.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը` մերժվել:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 27.02.2009 թվականի որոշմամբ Դատարանի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արմենուհի Հովհաննիսյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել Սարգիս և Ռոզա Գևորգյանները:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
1) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է Արմենուհի Հովհաննիսյանի կողմից նշված ինքնակամ կառույցը շուրջ 12 տարի տիրապետելու և օգտագործելու հանգամանքը, վերջինիս կողմից այդ ինքնակամ կառույցը օրինական ճանաչելու գործընթացն ընթացքի մեջ լինելու վերաբերյալ Երևանի «Կենտրոն» թաղային համայնքի ղեկավարի տեղակալի 25.11.2008 թվականի թիվ 23/35-Հ-403 պատասխանը, Սարգիս Գևորգյանի` իր ընտանիքով վերջին յոթ տարիների ընթացքում նշված հասցեում չբնակվելու, իսկ Ռոզա Գևորգյանի` այդ հասցեում ընդհանրապես չբնակվելու հանգամանքները:
Այսպիսով, Վերաքննիչ դատարանի կողմից հակընդդեմ հայցը անհիմն է մերժվել, քանի որ այն կարող էր բավարարվել մասնակի. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ և ՀՀ հողային օրենսգրքի 72-րդ հոդվածների համաձայն` Արմենուհի Հովհաննիսյանին վերապահել ինքնակամ կառույցով զբաղեցված և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի ձեռքբերման նախապատվության իրավունք:
2) Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 274-րդ, 277-րդ և 278-րդ հոդվածները, որոնք չպետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանի կողմից կիրառված նշված հոդվածներով կարգավորվող իրավահարաբերության օբյեկտը սեփականատեր ունեցող գույքն է: Մինչդեռ սույն գործով վեճի առարկան պետական սեփականություն հանդիսացող հողի վրա գտնվող ինքնակամ կառույցն է, ինչից հետևում է, որ նշված հոդվածները սույն գործով կիրառելի չեն:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել և փոփոխել Վերաքննիչ դատարանի 27.02.2009 թվականի որոշումը` սկզբնական հայցը մերժել:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Վեճի առարկա ինքնակամ կառույցը կառուցվել է սկզբնական հայցով հայցվորների կողմից, այդ իսկ պատճառով Երևանի Մյասնիկյանի շրջանի ժողդատարանի 19.05.1995 թվականի թիվ 2-231-95 թ. վճռով այն թողնվել է վերջիններիս տնօրինմանը: Նշված անշարժ գույքն օրինականացնելու իրավունքը ևս պատկանում է նրանց, իսկ Արմենուհի Հովհաննիսյանը նշված կառույցում բնակություն է հաստատել միայն Սարգիս Գևորգյանի թույլտվությամբ, հետևաբար սկզբնական հայցով հայցվորներն ունեն Արմենուհի Հովհաննիսյանին և նրա ընտանիքի անդամներին դատարանի վճռով իրենց տնօրինությանը թողնված մակերեսներից վտարելու իրավունք:
Ինչ վերաբերում է Արմենուհի Հովհաննիսյանի այն պնդմանը, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 274-րդ և 277-278-րդ հոդվածները կիրառելի չեն սույն վեճի նկատմամբ, ապա Երևանի Մյասնիկյանի շրջանի ժողդատարանի` օրինական ուժի մեջ մտած վերոհիշյալ վճռով այդ կառույցները թողնվել են Սարգիս Գևորգյանի և նրա ընտանիքի տնօրինմանը, հետևաբար վերջիններս այդ գույքը տիրապետում են օրենքով նախատեսված հիմքով:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Երևանի Մյասնիկյանի շրջանի ժողդատարանի 23.11.1995 թվականի թիվ 2-418 վճռի և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Մարաշ» տարածքային ստորաբաժանման 03.04.2008 թվականի թիվ 2156ա տեղեկանքի համաձայն` Երևանի Չարենցի փողոցի 2-րդ նրբանցքի 17 հասցեում գտնվող անշարժ գույքի համասեփականատերեր են Արտյուշա Իսախանյանը (1/6), Ռոզա և Սարգիս Գևորգյանները (5/6): Միաժամանակ հիշյալ տեղեկանքով նշվել է, որ նշված հասցեի տան կառուցման համար անհրաժեշտ հողահատկացման հիմքեր կադաստրային գործում չկան (հատոր 1-ին, գ.թ 8, 120-121):
2) Երևանի Մյասնիկյանի շրջանի ժողդատարանի 19.05.1995 թվականի թիվ 2-231-95 թ. վճռի համաձայն` Երևանի Չարենցի փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 17 տան ըստ հատակագծի` «Ա»` 21.6 ք/մ, «Բ»` 35.2 ք/մ, «Գ»` 4.2 ք/մ, «Դ»` 3.2 ք/մ մակերեսով ապօրինի կառույցները և «Ե»` 16.5 ք/մ մակերեսով ավտոտնակը թողնվել է նույն հասցեի բնակիչ Սարգիս Գևորգյանի և նրա ընտանիքի տնօրինմանը (հատոր 1-ին, գ.թ. 72):
3) Երևանի «Կենտրոն» թաղային համայնքի 24.04.2008 թվականի տեղեկանքի համաձայն` Արմենուհի Հովհաննիսյանն իր երկու անչափահաս որդիների հետ բնակվում է Երևանի Չարենցի փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 17 հասցեում գտնվող ինքնակամ կառույցում և վարում է առանձին տնտեսություն (հատոր 1-ին, գ.թ. 46):
4) Երևանի «Կենտրոն» թաղային համայնքի 13.12.2008 թվականի տեղեկանքի, ինչպես նաև Արարատ Սարուխանյանի և Գուրուրյանի` նոտարական վավերացմամբ հայտարարության համաձայն` Արմենուհի Հովհաննիսյանն իր երկու անչափահաս որդիների հետ 1995 թվականից բնակվում է Երևանի Չարենցի փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 17 տանը, իսկ Սարգիս Գևորգյանը 1997 թվականից չի բնակվում նշված հասցեում (հատոր 2-րդ, գ.թ. 26, 27, 28):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`
1) Վճռաբեկ բողոքն առաջին հիմքով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.
Վճռաբեկ դատարանն իր` նախկինում կայացված որոշումներում արդեն իսկ անդրադարձել է ինքնակամ կառույցների նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչման իրավական խնդրին` նշելով, որ ինքնակամ կառույցների նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունք ծագել չի կարող: ՈՒստի, Վճռաբեկ դատարանը կրկին չի անդրադառնում նշված իրավական խնդրի վերլուծությանը (իրավական հիմնավորումները տե՛ս ըստ հայցի Վարդիթեր Ավոյանի ընդդեմ Գայանե և Կարինե Հայրապետյանների, Վարդգես Վարդանյանի` սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 01.02.2008 թվականի թիվ 3(84)ՎԴ որոշումը):
Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքում արտահայտված այն պնդմանը, որ Վերաքննիչ դատարանի կողմից հակընդդեմ հայցը կարող էր բավարարվել մասնակի` Արմենուհի Հովհաննիսյանին վերապահելով ինքնակամ կառույցով զբաղեցված և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի ձեռքբերման նախապատվության իրավունք, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն նույնպես անհիմն է, քանի որ սույն գործով հակընդդեմ հայցի առարկան ինքնակամ կառույցի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելն է, իսկ Արմենուհի Հովհաննիսյանին նշված ինքնակամ կառույցով զբաղեցված և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի ձեռքբերման նախապատվության իրավունք վերապահելն ինքնուրույն պահանջ է, որը հակընդդեմ հայցով չի ներկայացվել:
2) Վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 274-րդ հոդվածի համաձայն` սեփականատերն իրավունք ունի իր գույքը հետ պահանջել ուրիշի ապօրինի տիրապետումից:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 277-րդ հոդվածի համաձայն` սեփականատերն իրավունք ունի պահանջել վերացնելու իր իրավունքների ամեն մի խախտում, թեկուզև այդ խախտումները զուգորդված չեն եղել տիրապետումից զրկելու հետ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 278-րդ հոդվածի համաձայն` սույն օրենսգրքի 274-277-րդ հոդվածներով նախատեսված իրավունքները պատկանում են նաև այն անձին, ով թեև սեփականատեր չէ, սակայն գույքը տիրապետում է օրենքով կամ պայմանագրով նախատեսված հիմքով: Այդ անձն իր տիրապետման պաշտպանության իրավունք ունի նաև ընդդեմ սեփականատիրոջ:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոնշյալ իրավանորմերը կիրառելի են միայն այն դեպքում, երբ վեճի առարկա գույքն ունի սեփականատեր, քանի որ այդ նորմերն ուղղված են պաշտպանելու և՛ սեփականատիրոջ իրավունքները, և՛ այն անձանց իրավունքները, որոնք նշված գույքը տիրապետում են պայմանագրի կամ օրենքի հիման վրա:
Մինչդեռ սույն գործով Վերաքննիչ դատարանը կիրառել է վերոնշյալ դրույթները` անտեսելով այն հանգամանքը, որ սույն գործով վեճի առարկան ինքնակամ կառույցն է, որը չունի սեփականատեր, իսկ ինքնակամ կառույցով զբաղեցված և սպասարկման համար անհրաժեշտ հողամասը պետության սեփականություն է:
Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոնշյալ հոդվածները սույն գործով կիրառելի չեն, հետևաբար Սարգիս և Ռոզա Գևորգյանների հայցը` Արմենուհի Հովհաննիսյանին և նրա ընտանիքին Երևանի Չարենցի փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 17 տնից վտարելու վերաբերյալ, ենթակա է մերժման:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի երկրորդ հիմքը բավարար է` Վերաքննիչ դատարանի 27.02.2009 թվականի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.02.2009 թվականի որոշման` հայցը բավարարելու մասը և այն փոփոխել. հայցը մերժել: Որոշման մնացած մասը թողնել օրինական ուժի մեջ:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ս. Սարգսյան
Դատավորներ` Ս. Անտոնյան
Վ. Աբելյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Ե. Խունդկարյան