Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 275-ՐԴ ՀՈԴՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 275-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՎ 198-ՐԴ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական       Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/0275/02/08

    դատարանի որոշում                                               2009 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/0275/02/08

Նախագահող դատավոր` Ն. Տավարացյան

Դատավորներ` Դ. Խաչատրյան

Ս. Միքայելյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ս. Սարգսյանի

    մասնակցությամբ դատավորներ                 Վ. Ավանեսյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Ե. Խունդկարյանի

 

2009 թվականի սեպտեմբերի 18-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Անուշ Արտաշեսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.04.2009 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Անուշ Արտաշեսյանի ընդդեմ Արմենուհի Ստեփանյանի, ՀՀ Երևանի «Կենտրոն» նոտարական տարածքի նոտար Էմմա Շաբոյանի, Լյուդվիկ Հովհաննիսյանի` բնակարանի առուվաճառքի պայմանագիրը և սեփականության իրավունքի գրանցման վկայականն անվավեր ճանաչելու պահանջների մասին.

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Անուշ Արտաշեսյանը պահանջել է անվավեր ճանաչել Երևանի Ա. Խաչատրյան 24/1 շենքի թիվ 1 բնակարանի 17.09.2002 թվականի առուվաճառքի պայմանագիրը և սեփականության իրավունքի գրանցման վկայականը:

Երևանի քաղաքացիական դատարանի (այսուհետ` Դատարան) 16.12.2008 թվականի վճռով հայցը մերժել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 15.04.2009 թվականի որոշմամբ Անուշ Արտաշեսյանի վերաքննիչ բողոքը մերժվել է և Դատարանի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Անուշ Արտաշեսյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել Լյուդվիկ Հովհաննիսյանը և Արմենուհի Ստեփանյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ մասը, 275 հոդվածի 1-ին մասը, 304-րդ և 305 հոդվածները:

Բողոք բերած անձը նշված հիմնավորումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը ճիշտ չի գնահատել որպես ապացույց ներկայացված կեղծ լիազորագիրը և ՌԴ արդարադատության նախարարությունից ստացված գրությունը, որով հաստատվում է, որ Ս. Պ. Վենիամինովա նոտար գոյություն չունի, հետևապես Անուշ Արտաշեսյանի կողմից չէր կարող լիազորագիր տրվել Արմենուհի Ստեփանյանին: Վերաքննիչ դատարանը վերը նշված ապացույցները ճիշտ գնահատելու դեպքում կհանգեր այն եզրահանգման, որ Անուշ Արտաշեսյանի սեփականությունը հափշտակվել է և իր տիրապետումից դուրս է եկել անկախ իր կամքից: Հետևաբար, սեփականատերն ամեն դեպքում իրավունք ունի հետ պահանջելու իր սեփականությունը, քանի որ այն իր տիրապետումից դուրս է եկել անկախ իր կամքից:

Վերաքննիչ դատարանը գտել է, որ Լյուդվիկ Հովհաննիսյանը բարեխիղճ ձեռք բերող է, սակայն անտեսել է այն հանգամանքը, որ Արմենուհի Ստեփանյանը և Լյուդվիկ Հովհաննիսյանը ծանոթներ են, հետևաբար գնորդը չի կարող դիտվել որպես վիճելի գույքի բարեխիղճ ձեռք բերող:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 15.04.2009 թվականի որոշումը և գործն ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության:

 

2.1 Լյուդվիկ Հովհաննիսյանի վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Երևանի Ա. Խաչատրյան փողոցի 24/1 շենքի թիվ 1 բնակարանը ձեռք է բերվել օրինական ճանապարհով, և այն օտարվել է մեկ այլ բարեխիղճ գնորդի: Անուշ Արտաշեսյանի կողմից չի ներկայացվել ապացույց գործարքը կնքող կողմի` Արմենուհի Ստեփանյանի մոտ անհրաժեշտ լիազորությունների բացակայության և այդ մասին գործարքի մյուս կողմին` Լյուդվիկ Հովհաննիսյանին հայտնի լինելու վերաբերյալ: Հետևաբար որոշումը կայացնելիս Վերաքննիչ դատարանի կողմից թույլ չի տրվել նյութական և դատավարական իրավունքի խախտումներ, ճիշտ է գնահատվել գործում առկա ապացույցները, և կայացվել է արդարացի և օրինական վճիռ:

 

2.2 Արմենուհի Ստեփանյանի վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Գործարքը կնքելիս Արմենուհի Ստեփանյանը գործել է Անուշ Արտաշեսյանի կողմից տրված պատշաճ վավերացված լիազորագրով, իսկ գործարքի մյուս կողմը` Լյուդվիկ Հովհաննիսյանը, չէր կարող իմանալ Անուշ Ստեփանյանի պատշաճ լիազորված լինելու կամ չլինելու մասին: Փաստորեն, Անուշ Արտաշեսյանի կողմից Դատարան չի ներկայացվել որևէ ապացույց լիազորագիրը կեղծված լինելու կամ գործարքի մյուս մասնակցի կողմից այդ մասին տեղեկացված լինելու վերաբերյալ, հետևաբար, գործարքը անվավեր ճանաչելու վերաբերյալ պահանջն անհիմն է: Անուշ Արտաշեսյանի պնդումն այն մասին, որ 2002 թվականին ՌԴ համապատասխան պետռեգիստրում նման նոտար չի հաշվառված, գործի համար չի կարող էական նշանակություն ունենալ, քանի որ ըստ գործում առկա ապացույցների, վերոհիշյալ ռեգիստրը ձևավորվել է 2003 թվականին, իսկ մինչ այդ ՌԴ նոտարները գործել են որպես անհատ ձեռնարկատերեր, որոնք նշված ռեգիստրում չէին կարող գրանցված լինել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Երևանի Ա. Խաչատրյան փողոցի 24/1 շենքի թիվ 1 բնակարանը ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանել է Արմենուհի Ստեփանյանին և Անուշ Արտաշեսյանին (հատոր առաջին, գ.թ. 8):

2) Երևանի Ա. Խաչատրյան փողոցի 24/1 շենքի թիվ 1 բնակարանը 17.09.2002 թվականին առուվաճառքի պայմանագրով Արմենուհի Ստեփանյանը վաճառել է Լյուդվիկ Հովհաննիսյանին, Անուշ Արտաշեսյանի անունից հանդես է եկել Արմենուհի Ստեփանյանը Նովոսիբիրսկ քաղաքի նոտար Ս. Պ. Վենիամինովայի կողմից 29.07.2002 թվականի սեղանամատյան 2-4510 հաստատված լիազորագրի հիման վրա (հատոր առաջին, գ.թ. 32):

3) Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարության գրանցման դաշնային ծառայության 07.06.2007 թվականի թիվ 5-281 տեղեկանքի համաձայն` հայտնվել է, որ Ռեգիստրը ձևավորվել է 2004 թվականին, Վենիամինովա Ս. Պ. նոտարի վերաբերյալ որևէ տեղեկություն չկա: Նովոսիբիրսկի մարզի գրանցման դաշնային ծառայության վարչության կողմից տրամադրված տեղեկությունների համար լիազորված մարմնի կողմից Նովոսիբիրսկի մարզի տարածքում նոտարական գործունեության իրավունքի 001021 արտոնագիր չի տրամադրվել և Ս. Պ. Վենիամինովային նոտարի իրավասություններ չեն տրվել Նովոսիբիրսկի մարզում: Ս. Պ. Վենիամինովան որևէ աշխատանքային հարաբերություններ չի ունեցել Նովոսիբիրսկի մարզի տարածքում մասնավոր գործունեությամբ զբաղվող նոտարների հետ (հատոր առաջին, գ.թ. 131-132):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` եթե գույքը հատուցմամբ ձեռք է բերվել այդ գույքն օտարելու իրավունք չունեցող անձից, որի մասին ձեռք բերողը չգիտեր և չէր կարող իմանալ (բարեխիղճ ձեռք բերող), ապա սեփականատերն իրավունք ունի ձեռք բերողից տվյալ գույքը պահանջել միայն այն դեպքում, երբ գույքը կորցրել է սեփականատերը կամ այն անձը, ում այդ գույքի սեփականատերը հանձնել է տիրապետման, կամ այն հափշտակվել է մեկից կամ մյուսից, կամ նրանց տիրապետումից դուրս է եկել այլ ճանապարհով` անկախ նրանց կամքից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` համատեղ սեփականության մասնակիցներից յուրաքանչյուրն իրավունքի ունի կնքել ընդհանուր գույքը տնօրինելու գործարքներ, եթե այլ բան նախատեսված չէ նրանց համաձայնությամբ: Համատեղ սեփականության մասնակիցներից մեկի կողմից կնքված` ընդհանուր սեփականության տնօրինման գործարքը կարող է անվավեր ճանաչվել մնացած մասնակիցների պահանջով` գործարք կնքող մասնակցի մոտ անհրաժեշտ լիազորությունների բացակայության դեպքում, եթե ապացուցվի, որ գործարքի մյուս կողմն իմացել է կամ ակնհայտորեն պետք է իմանար այդ մասին:

Վճռաբեկ դատարանը մի շարք այլ որոշումներում ամրագրել է ընդհանուր համատեղ սեփականության դեպքում ընդհանուր գույքը տնօրինելու ժամանակ մյուս համասեփականատերերի համաձայնության և դրա տնօրինման իրավունքի առկայության կանխավարկածը (իրավական հիմնավորումները տե՛ս, օրինակ` ըստ Թագուշ Պետրոսյանի հայցի ընդդեմ Ժաննա Ղազարյանի` «Բիզնես կենտրոն» ԲԲԸ-ի (այսուհետ նաև` Ընկերություն) բաժնետոմսերի 16.08.2004 թվականի առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին, և ըստ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձ Ցոլակ Միլիտոսյանի հայցի ընդդեմ Թագուշ Պետրոսյանի և Ժաննա Ղազարյանի` Ընկերության բաժնետոմսերի 16.08.2004 թվականի առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 30.03.2007 թվականի թիվ 3-459(ՏԴ) որոշումը):

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործով ներկայացված` ընդհանուր համատեղ սեփականության ներքո գտնվող գույքի` սեփականատերերից մեկի կողմից օտարելու գործարքը մյուս սեփականատիրոջ պահանջով անվավեր ճանաչելու պահանջի քննության համար էական է այն հանգամանքի պարզումը, թե գործարքի կողմն իմացել է արդյոք գույքն օտարողի մոտ համապատասխան լիազորությունների բացակայության մասին, թե` ոչ:

Վճռաբեկ բողոքի պատասխաններում առկա փաստարկները հերքվում են վերոնշյալ պատճառաբանություններով:

Այսպիսով, վերը նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի 15.04.2009 թվականի որոշումը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.04.2009 թվականի որոշումը և գործն ուղարկել Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ս. Սարգսյան

Դատավորներ` Վ. Ավանեսյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
18.09.2009
N ԵԱՔԴ/0275/02/08
Որոշում