Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 199-ՐԴ ԵՎ 2...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 199-ՐԴ ԵՎ 201-ՐԴ ՀՈԴՎԱԾՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական         Քաղաքացիական գործ թիվ ԵՔԴ/1449/02/08

    դատարանի որոշում                                                2010թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵՔԴ/1449/02/08

Նախագահող դատավոր` Ա. Մկրտչյան

Դատավորներ` Ն. Հովսեփյան

Ն. Բարսեղյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ս. Սարգսյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Ե. Սողոմոնյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Ե. Խունդկարյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի

 

2010 թվականի մարտի 12-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Անդրե Ջելոյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.06.2009 թվականի որոշման դեմ` ըստ Ռուզաննա Խաչիկյանի հայցի ընդդեմ Անդրե Ջելոյանի` համատեղ սեփականատեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ռուզաննա Խաչիկյանը պահանջել է ճանաչել Երևանի Բաղրամյան պողոտայի 2-րդ փակուղու 10-րդ շենքի թիվ 10 բնակարանի համատեղ սեփականատեր:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 15.10.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.01.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վճռաբեկ դատարանի 20.06.2008 թվականի որոշմամբ Անդրե Ջելոյանի վճռաբեկ բողոքը բավարարվել է` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.01.2008 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 23.03.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 05.06.2009 թվականի որոշմամբ Անդրե Ջելոյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 23.03.2009 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Անդրե Ջելոյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ռուզաննա Խաչիկյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 199-րդ հոդվածի 2-րդ, 201-րդ հոդվածի 1-ին, 4-րդ մասերը, որոնք չպետք է կիրառեր, խախտել է ՀՀ Սահմանադրության 5-րդ, 8-րդ, 31-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 13-րդ հոդվածը, 1-ին արձանագրության 1-ին հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին, 6-րդ, 51-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 53-րդ հոդվածի 1-ին, 62-րդ հոդվածի 3-րդ կետերը, 220-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հիմնավոր է համարել Դատարանի այն հետևությունը, որ ներդրումը կատարվել է ամուսիններից մեկի` Ռուզաննա Խաչիկյանի միջոցների հաշվին` առավել հավաստի համարելով այդ փաստի վերաբերյալ վերջինիս փաստարկները:

Դատարանը նշված փաստի հաստատման հիմքում դրել է բանվորների և հարևանների հայտարարությունները, մինչդեռ դրանք չեն կարող դիտվել թույլատրելի և վերաբերելի ապացույցներ:

Վերաքննիչ դատարանը նույն փաստի հաստատման հիմքում ավելացրել է նաև Ռուզաննա Խաչիկյանի կողմից ԱՄՆ-ից ստացված միջոցների վերաբերյալ ապացույցները` փոխանցագրերը, հայտարարությունները, մինչդեռ Ռուզաննա Խաչիկյանն այդ փաստը հաստատում է միայն ներկայացված բանկային անդորրագրերով, վերջինիս փաստարկներն այդ մասով չեն կարող հավաստի լինել:

Նշված փաստի հաստատման հիմքում Վերաքննիչ դատարանը դրել է նաև այն փաստարկը, որ գումարները ծախսվել են Ռուզաննա Խաչիկյանի կողմից, ինչը, սակայն, չի կարող ապացուցողական նշանակություն ունենալ, քանի որ Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել այն հարցին, թե ընդհանուր վերցված որքան են կազմել Ռուզաննա Խաչիկյանի անձնական միջոցները և դրանցից որն ինչ աղբյուրից է ստացվել, ինչ կարգով ու ինչ աշխատանքների համար են ծախսվել այդ գումարները, ինչ ապացույցներով են հաստատվում դրանք:

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն եզրահանգմանը, որ հակառակը չի ապացուցվել, ապա անձնական միջոցների հաշվին բնակարանի վերանորոգման աշխատանքների փաստը վկայակոչել է Ռուզաննա Խաչիկյանը, ուստի և, վերջինիս, այլ ոչ թե Անդրե Ջելոյանի վրա է ընկնում այդ փաստի ապացուցման բեռը, ինչը պետք է իրականացվի միայն թույլատրելի և վերաբերելի ապացույցների միջոցով, որպիսի հանգամանքն անտեսվել է:

Վերաքննիչ դատարանը բնակարանի արժեքի նշանակալի չափով ավելացման հարցը գնահատելիս գտել է, որ նյութական ներդրման արդյունքը կազմում է 8.900.000 ՀՀ դրամ: Վերաքննիչ դատարանի նշված եզրահանգումն անհիմն է այն պատճառաբանությամբ, որ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 05.12.2008 թվականի եզրակացության «Հետևություն» բաժնի 3-րդ կետում, ի պատասխան այն հարցին, թե շինարարական վերանորոգման աշխատանքների կատարման հետևանքով բնակարանի արժեքը որքա՞ն է ավելացել, ուղղակիորեն նշվել է, որ բնակարանում 2005 թվականի մարտ-օգոստոս ամիսների ընթացքում կատարված շինվերանորոգման աշխատանքների արժեքը կազմել է 6.372.279 ՀՀ դրամ: Բացի այդ, նույն եզրակացության համաձայն` 8.900.000 ՀՀ դրամից 6.372.279 (6.786.000) ՀՀ դրամն է միայն ծախսվել վերանորոգման վրա, իսկ մնացած 2.527.721 (2.114.000) ՀՀ դրամը 2005 թվականի մարտ-օգոստոս ամիսների ընթացքում ՀՀ անշարժ գույքի շուկայում տեղի ունեցած գնաճն է: Հետևաբար, նյութական ներդրման արդյունքը կազմում է ոչ թե 8.900.000 ՀՀ դրամ, այլ 6.786.000 ՀՀ դրամ:

Նման պայմաններում ճիշտ չէ նաև Վերաքննիչ դատարանի այն եզրահանգումը, որ նյութական ներդրումը շուրջ 60 տոկոս է, քանի որ եթե նույնիսկ Ռուզաննա Խաչիկյանն իրոք 6.372.279 ՀՀ դրամ է ներդրել բնակարանի վերանորոգման ժամանակ, իսկ բնակարանի արժեքը վերանորոգումից առաջ կազմել է 14.500.000 ՀՀ դրամ, ապա այդ ներդրումը կկազմի բնակարանի արժեքի ոչ թե մոտ 60, այլ` մոտ 44 տոկոսը, որպիսի ցուցանիշը պակաս է գույքի արժեքի կեսից:

Հաշվի առնելով նշված պատճառաբանությունները` անհիմն է Վերաքննիչ դատարանի եզրահանգումն այն մասին, որ, տվյալ դեպքում, ակնհայտ է կատարված ներդրման և արժեքի ավելացման միջև ուղղակի պատճառահետևանքային կապը, առավել ևս, որ խոսքը գնում է ոչ թե բնակարանի արժեքի ավելացման, այլ դրա նշանակալի չափով ավելացման մասին:

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել «Հողշինմոնիթորինգ» ՊՈԱԿ-ի 19.10.2007 թվականի գրությունը, որի համաձայն` 2002 թվականի հունվարից մինչև 2007 թվականի օգոստոսն ընկած ժամանակահատվածում Արաբկիր համայնքում գտնվող բազմաբնակարան շենքերի բնակարանների 1քմ արժեքի բնականոն աճի ինդեքսն աճել է 4,89 անգամ: Վերաքննիչ դատարանը գտել է, որ այդ ապացույցը ապացուցողական նշանակություն չունի, քանի որ այդ գրությունը վերաբերում է Բաղրամյան պողոտայի հետնամասում գտնվող անշարժ գույքի 1քմ արժեքին: Դրանով իսկ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել ՀՀ վճռաբեկ դատարանի դիրքորոշումը, որից ուղղակիորեն երևում է նշված գրության ապացուցողական նշանակությունը, այն է` 2002-2007 թվականներն ընկած ժամանակահատվածում բնակարանի շուկայական արժեքն ավելացել է 4,89 անգամ, ինչը նշանակում է, որ եթե 2000 թվականին բնակարանի գինը 6.360.000 ՀՀ դրամ էր, իսկ հետո դարձել է 23.400.000 ՀՀ դրամ, ապա դա հիմնականում գնաճի, այլ ոչ թե բնակարանի վերանորոգման հետևանք է:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 05.06.2009 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը մերժել:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները

Վճռաբեկ բողոքում ներկայացված փաստական տվյալները, իրավական հիմնավորումները կամ չեն համապատասխանում իրականությանը կամ թույլատրելի և վերաբերելի ապացույցներ չեն:

Նույնիսկ եթե Ռուզաննա Խաչիկյանը բնակարանի վերանորոգման համար ծախսել է ոչ թե իր անձնական, այլ ամուսնու անձնական դրամական միջոցները կամ դրանց մի մասը, ապա անվիճելի է մնում այն հանգամանքը, որ վերանորոգման աշխատանքները սկսելու պահից` 2005 թվականից, Անդրե Ջելոյանը երբևէ չի վիճարկել իրեն պատկանող դրամական միջոցները մյուս ամուսնու կողմից ծախսելու փաստը:

Փաստորեն, սույն գործի քննության ընթացքում չի ներկայացվել որևէ ապացույց առ այն, որ նշված գումարները Անդրե Ջելոյանի կողմից ձեռք են բերվել մինչև ամուսնությունը:

Վերոգրյալի հիման վրա խնդրել է վճռաբեկ բողոքը մերժել` օրինական ուժի մեջ թողնելով Վերաքննիչ դատարանի 05.06.2009 թվականի որոշումը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Երևանի Արաբկիր համայնքի Բաղրամյան պողոտայի 2-րդ փակուղու 10-րդ շենքի թիվ 10 բնակարանը սեփականության իրավունքով պատկանում է Անդրե Ջելոյանին:

2) Անդրե Ջելոյանի և Ռուզաննա Խաչիկյանի ամուսնությունը գրանցվել է Ֆրանսիայի Հանրապետությունում 15.07.2003 թվականին:

3) Բնակարանը վերանորոգվել է 2005 թվականի ապրիլ-հուլիս ամիսներին:

4) Բնակարանի շուկայական արժեքը 28.09.2007 թվականի դրությամբ 25.500.000 ՀՀ դրամ է:

5) «Հողշինմոնիթորինգ» ՊՈԱԿ-ի կողմից 19.10.2007 թվականին տրված գրության համաձայն` 2002 թվականի հունվարից մինչև 2007 թվականի օգոստոս ամիսն ընկած ժամանակահատվածում Արաբկիր համայնքում գտնվող բազմաբնակարան շենքերի բնակարանների 1քմ-ի արժեքի բնականոն աճի ինդեքսը աճել է 4,89 անգամ, որպիսի աճն ուղղակիորեն տարածվել է նաև բնակարանի շուկայական արժեքի աճի վրա:

6) «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 05.12.2008 թվականի թիվ 08-1074 եզրակացության համաձայն` Երևանի Արաբկիր համայնքի Բաղրամյան պողոտայի 2-րդ փակուղու 10-րդ շենքի թիվ 10 բնակարան հասցեում գտնվող Անդրե Ջելոյանին սեփականության իրավունքով պատկանող 66.7քմ մակերեսով բնակարանի հավանական շուկայական արժեքը մինչև բնակարանում շինվերանորոգման աշխատանքների կատարումը` 2005 թվականի մարտ ամսվա դրությամբ, կազմել է 14.500.000 ՀՀ դրամ: Նշված բնակարանում 2005 թվականի մարտ-օգոստոս ամիսների ընթացքում կատարված շինվերանորոգման աշխատանքների արժեքը կազմել է 6.372.279 ՀՀ դրամ: Նշված բնակարանի հավանական շուկայական արժեքը բնակարանում շինվերանորոգման աշխատանքների կատարման հետևանքով 2005 թվականի օգոստոս ամսվա դրությամբ կազմել է կլորացված 23.400.000 ՀՀ դրամ: Նշված բնակարանի շուկայական արժեքը վերանորոգման աշխատանքների կատարման հետևանքով ավելացել է 8.900.000 (23.400.000-14.500.000) ՀՀ դրամով, ինչը ներառում է վերանորոգման ծախսերը` 6.786.000 ՀՀ դրամ և մարտ-օգոստոս ամիսների ընթացքում ՀՀ անշարժ գույքի շուկայում տեղի ունեցած գնաճը` 2.114.000 ՀՀ դրամ: Նշված բնակարանի հավանական շուկայական արժեքը գնահատման օրվա` 03.12.2008 թվականի դրությամբ կազմում է 29.300.000 ՀՀ դրամ (հատ. 2, գ.թ. 60-78):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` ամուսիններից յուրաքանչյուրի գույքը կարող է ճանաչվել նրանց համատեղ սեփականություն, եթե պարզվի, որ ամուսնության ընթացքում ամուսինների ընդհանուր գույքի կամ մյուս ամուսնու անձնական գույքի հաշվին կատարվել են ներդրումներ, որոնք նշանակալի չափով ավելացրել են այդ գույքի արժեքը (հիմնական վերանորոգում, վերակառուցում, վերասարքավորում և այլն), եթե այլ բան նախատեսված չէ ամուսինների միջև կնքված պայմանագրով:

Վճռաբեկ դատարանը, բավարարելով Անդրե Ջելոյանի վճռաբեկ բողոքը, 20.06.2008 թվականի որոշմամբ արտահայտել է իրավական դիրքորոշում այն մասին, որ ամուսնության ընթացքում ամուսիններից մեկին սեփականության իրավունքով պատկանող գույքի նկատմամբ կարող է ճանաչվել ամուսինների համատեղ սեփականության իրավունքը հետևյալ վավերապայմանների միաժամանակյա առկայության դեպքում`

ա) ամուսնության ընթացքում ամուսինների ընդհանուր գույքի կամ մյուս ամուսնու անձնական գույքի հաշվին ներդրումներ կատարելը,

բ) գույքի արժեքի նշանակալի չափով ավելանալը,

գ) կատարված ներդրման և արժեքի ավելացման միջև պատճառահետևանքային կապի առկայությունը:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը նույն որոշմամբ գտել է, որ սույն քաղաքացիական գործի լուծման համար անհրաժեշտ է անդրադառնալ և գնահատման առարկա դարձնել հետևյալ հարցերը`

ա) բնակարանի վերանորոգման պահին` 2005 թվականին, ի՞նչ արժեք ուներ բնակարանը,

բ) արդյո՞ք բնակարանի վերանորոգման հետևանքով դրա արժեքն ավելացել է նշանակալի չափով,

գ) առկա է արդյո՞ք կատարված վերանորոգման և արժեքի նշանակալի չափով ավելացման միջև պատճառահետևանքային կապ:

Այսպես, ամուսնության ընթացքում ամուսինների ընդհանուր գույքի կամ մյուս ամուսնու անձնական գույքի հաշվին ներդրումների կատարմանն անդրադառնալով` Վերաքննիչ դատարանը նշել է, որ վիճելի է մնում այն փաստը, թե ներդրումները կատարվել են համատեղ գույքի, թե մյուս ամուսնու` հայցվորի միջոցների հաշվին: Նկատի ունենալով, որ տվյալ փաստի դեմ առարկելով, պատասխանողը որևէ վերաբերելի կամ թույլատրելի ապացույց չի ներկայացրել, Վերաքննիչ դատարանը հիմնավոր է համարում Դատարանի այն հետևությունը, որ ներդրումը կատարվել է ամուսիններից մեկի` Ռուզաննա Խաչիկյանի միջոցների հաշվին: Ավելին, տվյալ դեպքում վիճելի այս փաստի մասին Ռուզաննա Խաչիկյանի փաստարկներն առավել հավաստի են համարվում, քանի որ գումարները ծախսվել են նրա կողմից, իսկ հակառակն ապացուցված չէ:

Վճռաբեկ դատարանը Վերաքննիչ դատարանի վերոնշյալ հետևությունը հիմնավոր չի համարում, քանի որ ինչպես նշել է հենց Վերաքննիչ դատարանը բողոքարկվող որոշման մեջ. ««Բրետանյը-Պեի դե Լուար» խնայդրամարկղի կողմից 10.07.2008 թվականին և 21.01.2009 թվականին տրված տեղեկանքներով հաստատվում է այն փաստը, որ Ռուզաննա Խաչիկյանի անվամբ 11.06.2004 թվականին բացված երկու գրքույկներին Անդրե Ջելոյանի կողմից փոխանցվել է 21 300 եվրո գումար: Նշված գումարը փոխանցվել է (ներդրվել է) Ռուզաննա Խաչիկյանի հաշիվներին վերջինիս և Անդրե Ջելոյանի ամուսնության գրանցումից հետո, ուստի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով այդ գումարը ամուսինների ընդհանուր համատեղ սեփականությունն է»:

Միաժամանակ Վերաքննիչ դատարանը նշել է, որ «Սույն գործով հաստատված է այն փաստը, որ «Բրետանյը-Պեի դե Լուար» բանկից Անդրե Ջելոյանը Ռուզաննա Խաչիկյանի` «HSBC բանկ Հայաստան» բանկում բացված հաշվեհամարին 23.03.2005 թվականից 31.07.2005 թվականն ընկած ժամանակահատվածում փոխանցել է ընդհանուր` 10 700 եվրո գումար: Հաշվի առնելով այն փաստը, որ նշված գումարները ամուսիններին են պատկանել ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ սույն գործի շրջանակներում որևէ իրավական նշանակություն չի կարող ունենալ ամուսիններից մեկի կողմից այդ գումարը մյուսին փոխանցելու փաստը»:

Փաստորեն, Վերաքննիչ դատարանը, ապացուցված համարելով այն հանգամանքը, որ ներդրումներն ընդհանուր գույքում կատարվել են միայն Ռուզաննա Խաչիկյանի կողմից (ըստ էության, միայն վերջինիս անձնական միջոցների հաշվին)` որպես հիմք է ընդունել այն հանգամանքը, որ գումարները ծախսվել են Ռուզաննա Խաչիկյանի կողմից` անտեսելով իր իսկ կողմից հաստատված այն հանգամանքը, որ Անդրե Ջելոյանի կողմից Ռուզաննա Խաչիկյանին է ուղարկվել շուրջ 32 000 եվրո, որը ամուսինների ընդհանուր համատեղ սեփականությունն է:

 

Անդրադառնալով բնակարանի արժեքի նշանակալի չափով ավելացմանը` Վերաքննիչ դատարանը նշել է, որ սույն գործով վիճելի բնակարանի նշանակալի ավելացման հարցը գնահատելիս հաշվի է առնում նյութական ներդրման արդյունքը` 8.900.000 ՀՀ դրամ (շուրջ 60%), ինչպես նաև ներդրման աշխատանքները միայն Ռուզաննա Խաչիկյանի կողմից կատարելու փաստը: Տվյալ դեպքում, ինչպես վերը նշվեց, Վճռաբեկ դատարանը հիմնավոր չի համարում Վերաքննիչ դատարանի այն պնդումը, որ գույքում կատարված ներդրումները կատարվել են Ռուզաննա Խաչիկյանի կողմից միայն վերջինիս անձնական միջոցների հաշվին: Հետևաբար, Վերաքննիչ դատարանի այն պնդումը, որ տվյալ դեպքում Ռուզաննա Խաչիկյանի կողմից կատարված ներդրման արդյունքով է վիճելի Բնակարանի արժեքը 2005 թվականի մարտ-օգոստոս ամիսներին ավելացել շուրջ 60 տոկոսով, Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գույքի գնահատված աճում պետք է հաշվարկել նաև մյուս ամուսնու ներդրումը, ինչպես նաև գույքի շուկայական գնի աճը, որը ըստ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 05.12.2008 թվականի թիվ 08-1074 եզրակացության կազմել է 2.114.000 ՀՀ դրամ:

 

Ինչ վերաբերում է կատարված վերանորոգման և արժեքի նշանակալի չափով ավելացման միջև պատճառահետևանքային կապին, ապա Վերաքննիչ դատարանը նշել է, որ փորձագիտական եզրակացությամբ ուղղակիորեն նշված է, որ վիճելի բնակարանի շուկայական արժեքը վերանորոգման աշխատանքների հետևանքով ավելացել է 8.900.000 ՀՀ դրամով: Նշվածի հիման վրա Վերաքննիչ դատարանը ուղղակի պատճառահետևանքային կապ է տեսել կատարված ներդրման և վիճելի բնակարանի գնի` այդ չափով ավելացման միջև:

Վճռաբեկ դատարանը նշված պնդումը նույնպես անհիմն է համարում, քանի որ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 05.12.2008 թվականի թիվ 08-1074 եզրակացության համաձայն` Երևանի Արաբկիր համայնքի Բաղրամյան պողոտայի 2-րդ փակուղու 10-րդ շենքի թիվ 10 բնակարան հասցեում գտնվող Անդրե Ջելոյանին սեփականության իրավունքով պատկանող 66.7քմ մակերեսով բնակարանի հավանական շուկայական արժեքը մինչև բնակարանում շինվերանորոգման աշխատանքների կատարումը` 2005 թվականի մարտ ամսվա դրությամբ, կազմել է 14.500.000 ՀՀ դրամ: Նշված բնակարանում 2005 թվականի մարտ-օգոստոս ամիսների ընթացքում կատարված շինվերանորոգման աշխատանքների արժեքը կազմել է 6.372.279 ՀՀ դրամ: Բնակարանի հավանական շուկայական արժեքը բնակարանում շինվերանորոգման աշխատանքների կատարման հետևանքով 2005 թվականի օգոստոս ամսվա դրությամբ կազմել է կլորացված 23.400.000 ՀՀ դրամ: Նշված բնակարանի շուկայական արժեքը վերանորոգման աշխատանքների կատարման հետևանքով ավելացել է 8.900.000 (23.400.000-14.500.000)

ՀՀ դրամով, ինչը ներառում է վերանորոգման ծախսերը` 6.786.000 ՀՀ դրամ և մարտ-օգոստոս ամիսների ընթացքում ՀՀ անշարժ գույքի շուկայում տեղի ունեցած գնաճը` 2.114.000 ՀՀ դրամ:

Այսինքն` վերանորոգման գումարը կազմել է 6.786.000 ՀՀ դրամ, որն այլ բան ապացուցված չլինելու պայմաններում համարվում է ամուսինների համատեղ սեփականությունը: ՈՒստի, յուրաքանչյուր ամուսնու ներդրումը կազմում է 3.393.000 ՀՀ դրամ: Հետևաբար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վիճելի բնակարանում Ռուզաննա Խաչիկյանի անձնական գումարի հաշվին կատարված վերանորոգման և դրա արժեքի նշանակալի չափով ավելացման միջև առկա չէ պատճառահետևանքային կապ:

Բացի այդ, սույն գործով Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով «Հողշինմոնիթորինգ» ՊՈԱԿ-ի 19.10.2007 թվականի գրությանը, պատճառաբանել է, որ նշված գրությունը, գնահատելով գործում առկա մյուս ապացույցների, մասնավորապես, փորձագիտական եզրակացության և անշարժ գույքի գնահատման հաշվետվության հետ համակցության մեջ, չունի ապացուցողական նշանակություն: Գրությունը վերաբերում է Երևանի Բաղրամյան պողոտայի հետնամասում գտնվող անշարժ գույքի 1քմ արժեքին (միջին արժեքին), չկա եզրակացություն, թե շուկայական արժեքի բարձրացումը ինչով է պայմանավորված և ինչպիսի մեթոդներ են կիրառվել նման եզրակացություն կազմելիս:

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի նշված պատճառաբանությունն անհիմն է, քանի որ Վերաքննիչ դատարանն անտեսել է Վճռաբեկ դատարանի 20.06.2008 թվականի որոշմամբ նշված պատճառաբանությունն այն մասին, որ «Հողշինմոնիթորինգ» ՊՈԱԿ-ի 19.10.2007 թվականի գրությամբ հիմնավորվում է այն հանգամանքը, որ վեճի առարկա գույքի արժեքը բարձրացել է ոչ միայն վերանորոգման, այլ նաև շուկայական գների բարձրացման հետևանքով, որպիսի պատճառաբանությունը պարտադիր էր Վերաքննիչ դատարանի համար:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի նույն հոդվածներով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ, 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.06.2009 թվականի որոշումը և փոփոխել. Ռուզաննա Խաչիկյանի հայցը մերժել:

2. Ռուզաննա Խաչիկյանից հօգուտ Անդրե Ջելոյանի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրք:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ս. Սարգսյան

Դատավորներ` Ե. Սողոմոնյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
12.03.2010
N ԵՔԴ/1449/02/08
Որոշում