(ուժը կորցրել է 28.12.02 թիվ 797-Ն որոշում)
i
041.0543.090998
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
9 սեպտեմբերի 1998 թվականի թիվ 543
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչության կանոնադրությունն ու կենտրոնական ապարատի կառուցվածքը (կցվում են):
(1-ին կետն ուժը կորցրել է 21.03.00 թիվ 114 որոշում)
i
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի հոկտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 487 որոշումը:
Հաստատված է
ՀՀ վարչապետի 1998 թ.
սեպտեմբերի 9-ի թիվ 543
որոշման
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
I. Ընդհանուր դրույթներ
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությունը (այսուհետ` վարչություն) պետական կառավարման հանրապետական մարմին է, որն իրականացնում է տեղեկատվության և գրահրատարակչության ոլորտի կառավարումը` ենթարկվելով Հայաստանի Հանրապետության կառավարությանը:
2. Վարչությունը պատասխանատվություն է կրում ոլորտում տիրող վիճակի և դրա հեռանկարային զարգացման, գիտատեխնիկական ու կառուցվածքային քաղաքականության, շուկայական հարաբերությունների ծավալման նպատակով անհրաժեշտ նախադրյալների ստեղծման, սեփականության տարբեր ձևերի ներդաշնակ գործունեության ապահովման համար:
3. Վարչությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:
4. Վարչությունն իրավաբանական անձ է, ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք:
5. Վարչության կենտրոնական ապարատի ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:
6. Վարչության համակարգը (այսուհետև` համակարգ) ընդգրկում է վարչությանը ենթակա ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների (այսուհետև` ձեռնարկություններ) ամբողջությունը:
7. Վարչությունը ոլորտի կառավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում:
II. Վարչության հիմնական խնդիրներն ու գործառույթները
8. Վարչության հիմնական խնդիրներն ու գործառույթներն են`
ա) համակարգի ձեռնարկությունների գործունեության համակարգումը, վերահսկողությունը և կանոնակարգումը.
բ) տեղեկատվական արդիական միջավայրերի ու հոսքերի, հեռուստատեսության և ռադիոյի, մամուլի, գրահրատարակչության ոլորտներում միասնական պետական քաղաքականության մշակումն ու իրականացումը.
գ) Հայաստանի Հանրապետությունում միասնական տեղեկատվական դաշտի ստեղծումը և միջազգային տեղեկատվական համակարգերում դրա ներգրավման ապահովումը.
դ) համահայկական տեղեկատվության դաշտի ստեղծումը.
ե) համակարգի ձեռնարկությունների տեխնիկական բազայի զարգացման, վերակառուցման, շահագործման, տպագիր արտադրանքի և հեռարձակումների տեխնիկական որակի նկատմամբ հսկողության իրականացման համար անհրաժեշտ միջոցառումների մշակումն ու իրականացումը.
զ) ոլորտի զարգացման նպատակով համակարգի ֆինանսատնտեսական, իրավական, սոցիալական, նյութատեխնիկական հիմնախնդիրների վերլուծումը, դրանց լուծման համար համապատասխան ծրագրերի մշակումն ու իրականացումը.
է) համակարգի ձեռնարկությունների աշխատանքի արդյունավետության բարձրացման նախադրյալների ստեղծումը.
ը) Հայաստանի Հանրապետության վերաբերյալ տեղեկատվության պատրաստումը և արտահանումը.
թ) Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս Հայաստանի Հանրապետության տարածքների և ռադիոծրագրերի տարածման կազմակերպումը.
ժ) պահանջարկ ունեցող գրականության հրատարակման, ձեռքբերման, տարածման և գրադարանների համալրման միջոցառումների իրականացումը.
ժա) Հայաստանի Հանրապետության հրատարակված գրքերի տարածումը, հայկական գրահրատարակչության, գրքարվեստի վերաբերյալ քարոզչությունն օտարերկրյա պետություններում, գրահրատարակչության ոլորտում միջազգային համագործակցությանը նպաստելը.
ժբ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ խնդիրների և գործառույթների իրականացումը:
9. Վարչությունն իր խնդիրների և գործառույթների իրականացման համար`
ա) ապահովում է համակարգի պետական սեփականության պահպանությունը, վերահսկում համակարգի ձեռնարկությունների տնօրինությանը հանձնված պետական գույքի օգտագործումը, համաձայնություն է տալիս այդ գույքի օտարման կամ վարձակալության հանձնման համար.
բ) ոլորտի զարգացման նպատակով` օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն.
գ) իր իրավասության սահմաններում կասեցնում կամ վերցնում է համակարգի ձեռնարկությունների ղեկավարների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող հրամանները.
դ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծում, վերակազմավորում և լուծարում է համակարգի ձեռնարկությունները.
ե) թույլտվություն է տալիս համակարգի ձեռնարկություններին` այլ ձեռնարկությունների տնտեսական միավորումներին անդամակցելու համար.
զ) կազմակերպում է պետական պատվերի տեղաբաշխման և դրանց ժամանակին ու անթերի կատարումն ապահովող աշխատանքները.
է) իրականացնում է շուկայաբանական (մարքեթինգ) հետազոտություններ համակարգի ձեռնարկությունների կողմից թողարկվող արտադրանքի պահանջարկի վերաբերյալ և դրանց հիման վրա մշակում ոլորտի զարգացման համալիր ծրագրեր.
ը) հաստատում է հեռարձակվող ծրագրերի ցանկը և հսկողություն իրականացնում դրանց հեռարձակման տեխնիկական որակի նկատմամբ.
թ) օժանդակում է էլեկտրոնային և համակարգչային եղանակով տեղեկատվության տրամադրմանն ու ստացմանն արտասահմանից, ինչպես նաև արտաքին տեղեկատվական համակարգերի հետ համագործակցությանը.
ժ) վերահսկողություն է իրականացնում համակարգում հեռուստառադիոկայանների գործունեության ընթացքում տեխնիկական ստանդարտների և չափանիշների պահպանման նկատմամբ.
ժա) աջակցում է տեղական ռադիո-հեռուստացանցի ընդլայնմանը.
ժբ) մշակում է մեխանիզմներ և իրականացնում ծրագրեր` համակարգի ձեռնարկությունների կողմից մատուցվող ծառայությունների սակագների հաստատականացման, պայմանագրային փոխհարաբերությունների ամրապնդման համար.
ժգ) հանդես է գալիս որպես պետական պատվիրատու` հեռարձակվող ծրագրերի նախապատրաստման և ձևավորման, տեղեկատվական, գրահրատարակչական գործունեության իրականացման նոր հայեցակարգերի, տեխնոլոգիաների և տեխնիկական միջոցների մշակման համար.
ժդ) աջակցում է ոլորտում ձեռնարկատիրական գործունեության կանոնակարգված զարգացմանը.
ժե) օժանդակում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված աղբյուրներից դրամական հատկացումների հաշվին տեղեկատվության և գրահրատարակչության զարգացմանը.
ժզ) համակարգի ձեռնարկություններին ցույց է տալիս մեթոդական, կազմակերպական-իրավական օգնություն.
ժէ) հետևում է համակարգի ձեռնարկությունների ֆինանսավարկային, հարկային, բանկային և վիճակագրական նորմերի պահպանմանը.
ժը) իրականացնում է վարչության կենտրոնական ապարատի և համակարգի բյուջետային հիմնարկների տարեկան բյուջեների ձևավորման աշխատանքները.
ժթ) մշակում է բյուջետային հատկացումների հիմնավորման ծրագրեր.
ի) իր իրավասության սահմաններում իրականացնում է համակարգի ձեռնարկությունների ֆինանսատնտեսական գործունեության պարբերաբար վերլուծություն, ապահովում վերահսկողություն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից կատարվող հատկացումների նպատակային օգտագործման նկատմամբ.
իա) իր իրավասության սահմաններում վերահսկողություն է իրականացնում համակարգի ձեռնարկությունների ֆինանսավորման աղբյուրների ֆինանսական միջոցների մուտքերի ու ծախսերի նկատմամբ.
իբ) սահմանում է համակարգի ձեռնարկությունների աշխատողների մասնագիտական պիտանիությանը և որակավորմանը ներկայացնող պահանջները, իր իրավասության սահմաններում իրականացնում է համակարգի ձեռնարկությունների ղեկավար կադրերի ընտրությունը, օժանդակում կադրերի մասնագիտական որակավորման բարձրացմանը, վերապատրաստմանը, կազմակերպում է մեթոդական ուսուցում.
իգ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է համապատասխան տնտեսական գործունեության լիցենզավորում.
իդ) իրականացնում է համակարգի սեփականաշնորհված ձեռնարկությունների պետական բաժնեմասի տնօրինումը և կառավարումը.
իե) ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ` համակարգի պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման իրականացման համար.
իզ) համագործակցում է օտարերկրյա պետությունների պետական, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների և այլ իրավաբանական ու ֆիզիկական անձանց հետ.
իէ) իրականացնում է համակարգի ձեռնարկությունների կողմից կնքվող` ձեռնարկության գործունեության հիմնական խնդիրներին առնչվող պայմանագրերի փորձաքննություն և տալիս եզրակացություն.
իը) սահմանված կարգով մասնակցում է վարչության իրավասությանը վերաբերող` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի կնքմանը.
իթ) օժանդակում է համակարգի ձեռնարկություններին` ստեղծելու մասնաճյուղեր և ներկայացուցչություններ (թղթակցային կետեր) օտարերկրյա պետություններում` Հայաստանի Հանրապետության և տվյալ պետության օրենսդրություններին համապատասխան.
լ) թույլտվություն է տալիս համակարգի ձեռնարկություններին` իրենց տնօրինության տակ գտնվող պետական գույքի և ֆինանսական միջոցները Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս արտահանելու համար.
լա) օրինակների մշակման, փորձաքննական և հետազոտական, խորհրդատվական աշխատանքներում ներգրավում է գիտական կազմակերպություններ, մասնագետների և փորձագետների (այդ թվում` օտարերկրյա), ստեղծում փորձագիտական հանձնաժողովներ.
լբ) սահմանված կարգով կազմակերպում է քաղաքացիների նամակների (դիմումներ, գանգատներ, առաջարկություններ) քննարկում.
լգ) նախարարությունների, այլ գերատեսչությունների հետ համատեղ մշակում է համալիր միջոցառումների ծրագրեր, ոլորտին վերաբերող հարցերի քննարկման և լուծման համար ստեղծում մշակման կամ ժամանակավոր հանձնաժողովներ:
III. Վարչության գործունեության կազմակերպումը
10. Վարչությունը գլխավորում է պետը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:
Վարչության պետն ունի տեղակալներ, որոնց պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով վարչության պետի հետ:
11. Վարչության պետը`
ա) կազմակերպում ու ղեկավարում է վարչության գործունեությունը, պատասխանատվություն է կրում վարչության առջև դրված խնդիրների և գործառույթների իրականացման համար.
բ) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, տալիս ցուցումներ, որոնց կատարումը պարտադիր է ոլորտի ձեռնարկությունների համար, և կազմակերպում է դրանց կատարման վերահսկումը.
գ) անհրաժեշտության դեպքում նախարարությունների և գերատեսչությունների հետ համատեղ արձակում է հրամաններ.
դ) սահմանում է վարչության պետի տեղակալների, բաժինների պետերի և վարչության կենտրոնական ապարատի մյուս կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների իրավասության սահմանները.
ե) կատարում է վարչության պետի տեղակալների, բաժինների պետերի և վարչության կենտրոնական ապարատի մյուս կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների միջև պարտականությունների բաշխում.
զ) Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում վարչության կանոնադրությունը, կենտրոնական ապարատի կառուցվածքը, աշխատողների թիվը, կոլեգիայի անդամների թիվը և նրա կազմը.
է) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սապմանված կարգով հաստատում է վարչության կենտրոնական ապարատի աշխատողների հաստիքացուցակը.
ը) հաստատում է վարչության կենտրոնական ապարատի բաժինների, համակարգի ձեռնարկությունների կանոնադրությունները.
թ) կազմակերպում և վարում է կոլեգիայի նիստերը.
ժ) նշանակում և ազատում է վարչության կենտրոնական ապարատի աշխատողներին.
ժա) սահմանված կարգով կնքում է պայմանագրեր.
ժբ) իրականացնում է սույն կանոնադրությունից բխող այլ լիազորություններ:
12. Վարչության պետի բացակայության ժամանակ, նրա հանձնարարությամբ, պետի պարտականությունները կատարում է տեղակալներից մեկը:
13. Վարչության աշխատողների կազմակերպումն իրականացվում է կոլեգիալության և միանձնյա ղեկավարման սկզբունքների զուգակցման հիման վրա` աշխատանքի հանձնարարված տեղամասում գործերի վիճակի ու որոշակի առաջադրանքների կատարման համար պաշտոնատար անձանց պատասխանատվության սահմանմամբ:
14. Վարչությունում ստեղծվում է կոլեգիա, որի մեջ մտնում են վարչության պետը (նախագահ), պետի տեղակալները` ի պաշտոնե, վարչության այլ աշխատողներ:
15. Վարչության կոլեգիան իր պարբերաբար (առնվազն ամսական մեկ անգամ) անցկացվող նիստերում քննարկում է համակարգի ձեռնարկությունների գործնական ղեկավարման, սահմանված կարգով ղեկավար կադրերի ընտրության հարցերը, կարևորագույն հրամանների ու հրահանգների նախագծերը, լսում վարչության կենտրոնական ապարատի բաժինների, կառուցվածքային ստորաբաժանումների, համակարգի ձեռնարկությունների ղեկավարների հաշվետվությունները:
Կոլեգիայի որոշումը, որպես կանոն, կենսագործվում են վարչության պետի հրամաններով:
Վարչության պետի և կոլեգիայի անդամների միջև ծագած տարաձայնությունների դեպքում վարչության պետը կենսագործում է իր որոշումը` դրա մասին զեկուցելով Հայաստանի Հանրապետության կառավարությանը կամ Հայաստանի Հանրապետության վարչապետին: Կոլեգիայի անդամները նույնպես կարող են իրենց կարծիքը հայտնել Հայաստանի Հանրապետության կառավարությանը կամ Հայաստանի Հանրապետության վարչապետին:
16. Կոլեգիայի նիստերին կարող են հրավիրվել նախարարությունների, այլ գերատեսչությունների, պետական կառավարման տարածքային մարմինների, ձեռնարկությունների, մամուլի և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ:
Հաստատված է
ՀՀ վարչապետի 1998 թ.
սեպտեմբերի 9-ի թիվ 543
որոշման
ԿԱՌՈՒՑՎԱԾՔ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ
Վարչության պետի աշխատակազմ
Գրահրատարակչության և պոլիգրաֆիայի բաժին
Զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցների բաժին
Լրատվական-վերլուծական և մամուլի բաժին
Հաշվապահական հաշվառման և վիճակագրական վերլուծության բաժին
Ֆինանսատնտեսագիտական և տնտեսական գործունեության կանոնակարգման բաժին
Իրավաբանական բաժին
Հասարակության հետ և միջազգային կապերի բաժին