Սեղմել Esc փակելու համար:
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՅՐՑԱՄԱՔԱՅԻՆ ԵԼՈՒՍՏԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՅՐՑԱՄԱՔԱՅԻՆ ԵԼՈՒՍՏԻ ՎՐԱ ՏԵՂԱԿԱՅՎ ...

 

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՄԱՅՐՑԱՄԱՔԱՅԻՆ ԵԼՈՒՍՏԻ ՎՐԱ ՏԵՂԱԿԱՅՎԱԾ ՆԱՎԱՄԱՏՈՒՅՑԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ

 

Սույն Արձանագրության Կողմ պետությունները,

հանդիսանալով «Ծովային նավագնացության անվտանգության դեմ ուղղված անօրինական գործողությունների դեմ պայքարի մասին» Կոնվենցիայի Կողմեր,

գիտակցելով, որ այն պատճառները, որոնք նկատի ունենալով մշակվել է Կոնվենցիան, կիրառելի են նաև մայրցամաքային ելուստի վրա տեղակայված նավամատույցի նկատմամբ,

հաշվի առնելով Կոնվենցիայի դրույթները,

հաստատելով, որ սույն Արձանագրությամբ չկարգավորված հարցերը շարունակում են կարգավորվել միջազգային իրավունքի համընդհանուր սկզբունքներով և կանոններով,

պայմանավորվում են հետևյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

1. Ծովային նավագնացության դեմ ուղղված անօրինական գործողությունների դեմ պայքարի մասին Կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 5-րդ, 7-րդ և 10-16-րդ հոդվածների դրույթները կկիրառվեն նաև այն հանցագործությունների նկատմամբ, որոնք նշվում են սույն Արձանագրության 2-րդ հոդվածում, եթե դրանք կատարվել են մայրցամաքային ելուստի վրա տեղակայված նավամատույցի դեմ կամ դրա վրա:

2. Այն դեպքերում, երբ սույն Արձանագրությունը 1-ին կետին համապատասխան չի կիրառվում, ապա դա, այնուամենայնիվ, կիրառվում է, եթե հանցագործը կամ ենթադրյալ հանցագործը գտնվում է ուրիշ պետության տարածքում, որն ուրիշ է այն տարածքից, որի ներքին ջրերում կամ տարածքային ծովում տեղակայված է նավամատույցը:

3. Սույն Արձանագրության իմաստով «նավամատույց» նշանակում է` արհեստական կղզի կամ կառույց, որը մշտապես ամրակցված է ծովի հատակին` պաշարների հետազոտման, շահագործման կամ այլ տնտեսական նպատակներով:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

1. Որևէ անձ համարվում է հանցագործություն կատարած, եթե նա ապօրինաբար և դիտավորությամբ`

ա) հարթակի վրա հսկողություն է իրականացնում կամ զավթում է այն ուժով կամ ուժի սպառնալիքով կամ ահաբեկման այլ ձևերով,

բ) հարթակի վրա բռնություն է գործադրում անձի դեմ, եթե այդ գործողությունը նպատակ ունի վտանգելու դրա անվտանգությունը, կամ

գ) ոչնչացնում կամ այնպիսի վնաս է հասցնում հարթակին, որը նպատակ ունի վտանգելու դրա անվտանգությունը, կամ

դ) որևէ կերպ նավամատույցի վրա սարքավորում կամ նյութ է տեղադրում կամ այն տեղադրելու նպատակով կատարում է գործողություն, որը կարող է ոչնչացնել այդ նավամատույցը կամ վտանգել դրա անվտանգությունը, կամ

ե) վիրավորում կամ սպանում է որևէ անձի «ա»-»դ» ենթակետերում նշված հանցագործությունների կատարման նպատակով:

2. Անձը նաև հանցագործություն կատարած է համարվում, եթե`

ա) փորձում է կատարել 1-ին կետում նշված հանցագործություններից որևէ մեկը, կամ

բ) դրդում է այդպիսի ցանկացած հանցագործության կատարման կամ այլ կերպ օժանդակում է այդպիսի հանցագործություն կատարած անձին, կամ

գ) պայմանով կամ առանց դրա սպառնում է, ինչպես դա նախատեսված է ազգային օրենսդրությամբ, նպատակ ունենալով հարկադրել ֆիզիկական կամ իրավաբանական անձին կատարել որևէ գործողություն կամ ձեռնպահ մնալ դրա կատարումից, կատարել 1-ին կետի «բ», «գ» ենթակետերում նշված հանցագործություններից որևէ մեկը, եթե այդ սպառնալիքը կարող է վտանգել այն նավի անվտանգ նավարկությանը, որի մասին նշվում է:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

1. Յուրաքանչյուր մասնակից պետություն ձեռնարկում է այնպիսի միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել 2-րդ հոդվածում նշված հանցագործությունների նկատմամբ իր իրավասությունը հաստատելու համար, եթե այդ հանցագործությունը կատարվել է`

ա) նավամատույցի վրա կամ դրա դեմ, երբ այն տեղակայված է այդ պետության մայրցամաքային ելուստի վրա, կամ

բ) տվյալ պետության քաղաքացու կողմից:

2. Մասնակից պետությունը կարող է իր իրավասությունը հաստատել նաև այն հանցագործությունների նկատմամբ, որոնք`

ա) կատարվել են քաղաքացիություն չունեցող անձի կողմից, որի բնակության վայրը տվյալ պետությունում է,

բ) կատարելու ժամանակ այդ պետության քաղաքացին սպանվել է, վիրավորվել է, պատանդ է վերցվել կամ նրա նկատմամբ սպառնալիք է գործադրվել,

գ) կատարվել են տվյալ պետությանը որևէ գործողություն կատարելու կամ դրա կատարումից ձեռնպահ մնալուն հարկադրելու փորձ անելով:

3. Յուրաքանչյուր մասնակից պետություն, որը հաստատել է իր իրավասությունը, սահմանված կարգով դրա մասին տեղյակ է պահում Ծովային միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարին (այսուհետ` Գլխավոր քարտուղար): Նա պարտավոր է նաև այդ իրավասությունից հրաժարվելու դեպքում Ծովային միջազգային կազմակերպության Գլխավոր քարտուղարին տեղյակ պահել այդ մասին:

4. Յուրաքանչյուր մասնակից պետություն ձեռնարկում է այնպիսի միջոցներ, որոնք անհրաժեշտ են 2-րդ հոդվածում նշված հանցագործությունների նկատմամբ իր իրավասությունը հաստատելու համար` այն դեպքերում, երբ ենթադրյալ հանցագործը գտնվում է նրա տարածքում, և վերջինս, սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերին համապատասխան, նրան չի հանձնում իրենց իրավասությունը հաստատած մասնակից պետություններից որևէ մեկին:

5. Սույն Արձանագրությունը չի բացառում ազգային օրենսդրությանը համապատասխան իրականացվող որևէ քրեական իրավասություն:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Ոչինչ սույն Արձանագրության մեջ որևէ կերպ չի ազդի Մայրցամաքային ելուստի վրա տեղակայված նավամատույցի վերաբերյալ միջազգային իրավական կանոնների վրա:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

1. Սույն Արձանագրությունը ստորագրման համար բաց է 1988 թվականի մարտի 10-ից Հռոմում` ծովային նավագնացության անվտանգության դեմ ուղղված անօրինական ակտերի դեմ պայքարի վերաբերյալ միջազգային համաժողովին մասնակցող պետությունների համար և Ծովային միջազգային կազմակերպության Գլխավոր գրասենյակում` բոլոր պետությունների համար 1988 թվականի մարտի 14-ից մինչև 1989 թվականի մարտի 9-ը: Այն հետագայում բաց կլինի միանալու համար:

2. Պետությունները սույն Արձանագրությունն իրենց համար պարտադիր լինելու վերաբերյալ համաձայնությունը կարող են արտահայտել`

ա) ստորագրմամբ` առանց վավերացման, ընդունման կամ հաստատման վերաբերյալ վերապահում անելու, կամ

բ) ստորագրմամբ` վավերացման, ընդունման կամ հաստատման վերապահումով, որին հետևում է վավերացումը, ընդունումը կամ հաստատումը, կամ

գ) միանալու միջոցով:

3. Վավերացումը, ընդունումը, հաստատումը կամ միանալը իրականացվում են համապատասխան փաստաթուղթը Գլխավոր քարտուղարին ի պահ հանձնելով:

4. Սույն Արձանագրության մասնակից կարող է դառնալ միայն այն պետությունը, որը Կոնվենցիան ստորագրել է առանց վավերացման, միանալու կամ հաստատելու վերապահման կամ այն վավերացրել, ընդունել կամ հաստատել է:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

1. Սույն Արձանագրությունն ուժի մեջ կմտնի այն ամսաթվից 90 օր անցնելուց հետո, երբ երեք պետություններ կամ ստորագրել են այն առանց հետագա վավերացման, ընդունման կամ հաստատման վերաբերյալ վերապահում անելու կամ ի պահ են հանձնել վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին համապատասխան փաստաթղթերը:

2. Սույն Արձանագրության վերաբերյալ վավերագիրը, ընդունման կամ հաստատման մասին փաստաթուղթը ի պահ հանձնած պետությունների համար վավերացումը, հաստատումը կամ ընդունումը ուժի մեջ կմտնեն ի պահ հանձնելուց 90 օր անց, եթե պահպանվել են ուժի մեջ մտնելու պայմանները:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

1. Սույն Արձանագրության գործողությունը կարող է դադարեցվել յուրաքանչյուր մասնակից պետության կողմից, ցանկացած ժամանակ` այդ պետության համար Արձանագրության ուժի մեջ մտնելու ամսաթվից մեկ տարի անցնելուց հետո:

2. Գործողության դադարեցումը իրականացվում է գործողությունը դադարեցնելու մասին փաստաթուղթը Գլխավոր քարտուղարին ի պահ հանձնելու միջոցով:

3. Գործողության դադարեցումը ուժի մեջ է մտնում գործողության դադարեցման մասին փաստաթուղթը Գլխավոր քարտուղարի ստանալուց մեկ տարի կամ գործողության դադարեցման փաստաթղթում նշված ավելի երկար ժամկետն անցնելուց հետո:

4. Կոնվենցիայի գործողության դադարեցումը կդիտվի որպես մասնակից պետության կողմից Արձանագրության գործողության դադարեցում:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

1. Կազմակերպությունը սույն Արձանագրության վերանայման կամ դրանում փոփոխություններ կատարելու նպատակով կարող է հրավիրել համաժողով:

2. Սույն Արձանագրության վերանայման կամ դրանում փոփոխություններ կատարելու համար Գլխավոր քարտուղարը կհրավիրի սույն Արձանագրության Կողմ պետությունների համաժողով Կողմ պետությունների 1/3-ի կամ 5 անդամ պետությունների խնդրանքով` ելնելով նրանից, թե որն ավելի մեծ թիվ կկազմի:

3. Վավերագիրը, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթը, որն ի պահ է հանձնվել սույն Արձանագրության փոփոխության ուժի մեջ մտնելուց հետո, կդիտվի որպես Արձանագրությանը և դրա փոփոխություններին վերաբերող:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

1. Սույն Արձանագրությունը ի պահ կհանձնվի Գլխավոր քարտուղարին:

2. Գլխավոր Քարտուղարը`

ա) բոլոր պետություններին, որոնք ստորագրել են սույն Արձանագրությունը կամ ընդունել են այն, ինչպես նաև Կազմակերպության բոլոր անդամներին կտեղեկացնի`

i) յուրաքանչյուր նոր ստորագրության կամ միանալու, ընդունելու, հաստատելու փաստաթղթի մասին` դրա ժամկետի նշումով,

ii) սույն Արձանագրության ուժի մեջ մտնելու ժամկետի մասին,

iii) սույն Արձանագրության գործողության դադարեցման մասին յուրաքանչյուր փաստաթուղթ ի պահ հանձնելու մասին` նշելով դրա ստանալու ամսաթվի, ինչպես նաև գործողության դադարեցման ուժի մեջ մտնելու ամսաթվի մասին,

iv) սույն Արձանագրության համապատասխան արված յուրաքանչյուր հայտարարություն և ծանուցում ստանալու մասին:

բ) սույն Արձանագրության բնօրինակի հաստատված պատճենները փոխանցում է բոլոր պետություններին, որոնք ստորագրել են սույն Արձանագրությունը կամ հետագայում միացել են դրան:

3. Սույն Արձանագրության ուժի մեջ մտնելու պահից ավանդապահի կողմից բնօրինակի հաստատված պատճենը կփոխանցվի Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին` ՄԱԿ-ի Կանոնադրության 102-րդ հոդվածին համապատասխան այն գրանցելու և հրապարակելու համար:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Սույն Արձանագրությունը կազմված է մեկ բնօրինակից` արաբերեն, չինարեն, անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն և իսպաներեն. ընդ որում` բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:

 

Ի հավաստումն որի` ներքոստորագրյալները, իրենց կառավարությունների կողմից պատշաճ կերպով լիազորված լինելով, ստորագրեցին սույն Արձանագրությունը:

 

Կատարված է Հռոմում հազար ինը հարյուր ութսունութ թվականի մարտի տասին:

 

ՈՒժի մեջ է մտնում 2005 թ. սեպտեմբերի 6-ին:

 

 

pin
10.03.1988
Միջազգային պայմանագիր