Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻՆ ԿԻՑ` ԶԻՆՎԱ ...

 

 

i

ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻՆ ԿԻՑ` ԶԻՆՎԱԾ
ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ԿԱՄԸՆՏԻՐ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

Սույն Արձանագրության մասնակից պետությունները,

ոգեշնչված լինելով Երեխայի իրավունքների մասին Կոնվենցիային ցուցաբերվող համընդհանուր աջակցությամբ, որը վկայում է երեխայի իրավունքների խրախուսման և պաշտպանության գործին ծառայելու լայն տարածում ունեցող պատրաստակամության մասին,

կրկին հաստատելով, որ երեխայի իրավունքները հատուկ պաշտպանության կարիք ունեն, և կոչ անելով առանց որևէ խտրականության ապահովել երեխաների վիճակի մշտական բարելավումը, ինչպես նաև խաղաղության և անվտանգության պայմաններում նրանց զարգացումն ու ձևավորումը,

մտահոգված լինելով երեխաների վրա զինված հակամարտությունների կործանարար և լայնածավալ ազդեցությամբ, ինչպես նաև կայուն խաղաղության, անվտանգության և զարգացման համար դրանց երկարաժամկետ հետևանքներով,

դատապարտելով զինված հակամարտությունների պայմաններում երեխաների նկատմամբ ոտնձգությունները, ինչպես նաև միջազգային իրավունքին համապատասխան պահպանվող օբյեկտների, այդ թվում` այնպիսի վայրերի վրա անմիջական հարձակումները, որտեղ սովորաբար ներկա են լինում մեծ թվով երեխաներ, ինչպիսիք են դպրոցներն ու հիվանդանոցները,

նշելով միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության ընդունումը և, մասնավորապես, դրանում ինչպես միջազգային, այնպես էլ ոչ միջազգային ռազմական հակամարտությունների շրջանակներում 15 տարեկան չդարձած երեխաների զինվորական ծառայության զորակոչի կամ զորահավաքի կամ նրանց ռազմական գործողություններում ակտիվորեն օգտագործելու հետ կապված գործողությունները որպես զինվորական հանցագործություն որակելը,

այսպիսով, համարելով, որ Երեխայի իրավունքների մասին Կոնվենցիայում ճանաչված իրավունքների առավել արդյունավետ իրագործմանն աջակցելու նպատակով անհրաժեշտ է ուժեղացնել երեխաների պաշտպանությունը զինված հակամարտություններին մասնակցելուց,

նշելով, որ Երեխայի իրավունքների մասին Կոնվենցիայի 1-ին հոդվածը նախատեսում է, որ այդ Կոնվենցիայի նպատակների համար երեխա է համարվում մինչև 18 տարեկան չդարձած յուրաքանչյուր մարդկային էակ, եթե այդ երեխայի նկատմամբ կիրառվող օրենքով նա չափահասության չի հասնում ավելի վաղ,

համոզված լինելով, որ զինված ուժեր անձանց հավանական զորակոչի և ռազմական գործողություններում նրանց մասնակցության տարիքն ավելացնող Կոնվենցիային կից կամընտիր Արձանագրությունն արդյունավետորեն կնպաստի այն սկզբունքի իրագործմանը, համաձայն որի երեխաներին վերաբերող բոլոր գործողություններում առաջնահերթ ուշադրություն պետք է դարձվի երեխայի շահերի լավագույն ապահովմանը,

նշելով, որ 1995 թ. դեկտեմբերին կայացած` Կարմիր խաչի և Կարմիր մահիկի 26-րդ միջազգային համաժողովը, մասնավորապես, երաշխավորել է հակամարտությունների կողմերին ձեռնարկել բոլոր հնարավոր քայլերն այն նպատակի ապահովման համար, որ 18 տարեկան չդարձած երեխաները չմասնակցեն ռազմական գործողություններին,

ողջունելով 1999 թ. հունիսին Աշխատանքի միջազգային կազմակերպության մանկական աշխատանքի վատթարագույն ձևերն արգելելու և արմատախիլ անելու անհապաղ միջոցառումների մասին թիվ 182 Կոնվենցիայի միահամուռ ընդունումը, որը, մասնավորապես, արգելում է զինված հակամարտություններում երեխաներին օգտագործելու համար նրանց հարկադրական կամ պարտադիր հավաքագրումը,

ամենախոր մտահոգությամբ դատապարտելով պետության ներսում և նրա սահմաններից դուրս երեխաների հավաքագրումը, վարժեցումը և ռազմական գործողություններում օգտագործումը պետության զինված ուժերից տարբեր այլ զինված խմբերի կողմից և ճանաչելով նրանց պատասխանատվությունը, ովքեր այդ նպատակով հավաքագրում, վարժեցնում և օգտագործում են երեխաներին,

հիշեցնելով միջազգային մարդասիրական իրավունքի դրույթները պահպանելու զինված հակամարտության յուրաքանչյուր կողմի պարտավորությունը,

ընդգծելով, որ սույն Արձանագրությունը վնաս չի հասցնում Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրությունում, ներառյալ 51-րդ հոդվածը, պարունակվող նպատակներին ու սկզբունքներին և մարդասիրական իրավունքի համապատասխան նորմերին,

ուշադրության առնելով, որ Կանոնադրությունում շարադրված նպատակների ու սկզբունքների լիակատար հարգման և մարդու իրավունքների բնագավառում կիրառվող պայմանագրերի պահպանման վրա հիմնված խաղաղության և անվտանգության իրավիճակը երեխաների լիակատար պաշտպանության պարտադիր պայման է, մասնավորապես, զինված հակամարտությունների և օտարերկրյա բռնազավթման ժամանակ,

ընդունելով, որ երեխաներն առանձնահատուկ պահանջմունքներ ունեն և, կապված նրանց տնտեսական կամ սոցիալական վիճակի կամ սեռի հետ, հատկապես խոցելի են` հակառակ սույն Արձանագրության կատարվող հավաքագրման և ռազմական գործողություններում օգտագործման առումով,

հիշատակելով զինված հակամարտություններին երեխաների մասնակցության տնտեսական, սոցիալական և քաղաքական պատճառները հաշվի առնելու անհրաժեշտությունը,

համոզված լինելով սույն Արձանագրության իրագործման, ինչպես նաև զինված հակամարտությունների զոհ համարվող երեխաների ֆիզիկական ու հոգեբանասոցիալական վերականգնման և սոցիալական վերինտեգրացման գործում միջազգային համագործակցության ամրապնդման անհրաժեշտության մեջ,

խրախուսելով հասարակության և, մասնավորապես, երեխաների ու զոհ համարվող երեխաների մասնակցությունը Արձանագրության իրագործմանը վերաբերող տեղեկատվության և կրթական ծրագրերի տարածմանը,

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Մասնակից պետությունները ձեռնարկում են բոլոր հնարավոր միջոցները` ապահովելու համար, որ իրենց զինված ուժերի 18 տարեկան չդարձած զինծառայողներն ուղղակիորեն չմասնակցեն ռազմական գործողություններին:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Մասնակից պետություններն ապահովում են, որ 18 տարեկան չդարձած անձինք ենթակա չլինեն պարտադիր զորակոչի իրենց զինված ուժերում:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

1. Մասնակից պետությունները Երեխայի իրավունքների մասին Կոնվենցիայի 38-րդ հոդվածի 3-րդ կետում նշված տարիքի համեմատ բարձրացնում են իրենց ազգային զինված ուժերում անձանց կամավոր զորակոչի նվազագույն տարիքը` հաշվի առնելով այդ հոդվածում պարունակվող սկզբունքները և ընդունելով, որ 18 տարին չլրացած անձինք, Կոնվենցիային համապատասխան, հատուկ պաշտպանության իրավունք ունեն:

2. Յուրաքանչյուր մասնակից պետություն սույն Արձանագրությունը վավերացնելու կամ դրան միանալու դեպքում ի պահ է հանձնում պարտադիր բնույթ ունեցող հայտարարություն, որում նշվում է այն նվազագույն տարիքը, որի դեպքում պետությունը թույլատրում է իր ազգային զինված ուժեր կամավոր զորակոչ, և շարադրվում են իր կողմից այն բանն ապահովելու համար ընդունված երաշխիքները, որ այդպիսի զորակոչը չի կրի բռնի կամ հարկադիր բնույթ:

3. Իրենց ազգային զինված ուժեր 18 տարեկան չդարձած անձանց կամավոր զորակոչը թույլատրող մասնակից պետությունները տրամադրում են երաշխիքներ, որոնք նվազագույնը կապահովեն, որ`

ա) այդպիսի զորակոչն իրականում կրի կամավոր բնույթ,

բ) այդպիսի զորակոչը կատարվի ծնողների կամ այդ անձի օրինական խնամակալների գիտակցված համաձայնությամբ,

գ) այդպիսի անձինք ամբողջությամբ տեղեկացվեն այդպիսի զինվորական ծառայություն կրելու հետ կապված պարտականությունների մասին,

դ) այդպիսի անձինք, մինչև ազգային զինվորական ծառայության ընդունվելը, ներկայացնեն իրենց տարիքի վերաբերյալ հավաստի վկայություններ:

4. Յուրաքանչյուր մասնակից պետություն ցանկացած պահի կարող է ամրապնդել իր հայտարարության դրույթները` համապատասխան ծանուցագիր ուղարկելով Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին, որը տեղեկացնում է բոլոր մասնակից պետություններին: Այդպիսի ծանուցագիրն ուժի մեջ է մտնում այն Գլխավոր քարտուղարի ստանալու պահից:

5. Սույն հոդվածի 1-ին կետում պարունակվող տարիքի բարձրացման մասին պահանջը, Երեխայի իրավունքների մասին Կոնվենցիայի 28-րդ և 29-րդ հոդվածներին համապատասխան, չի տարածվում մասնակից պետությունների զինված ուժերի տնօրինության կամ հսկողության տակ գտնվող ուսումնական հաստատությունների վրա:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

1. Պետությունների զինված ուժերից տարբեր այլ զինված խմբերը ոչ մի պարագայում չպետք է հավաքագրեն կամ զինված գործողություններում օգտագործեն 18 տարեկան չդարձած անձանց:

2. Մասնակից պետություններն այդպիսի հավաքագրումն ու օգտագործումը կանխելու նպատակով ձեռնարկում են բոլոր հնարավոր միջոցները` ներառյալ այդպիսի գործունեության արգելման և քրեականացման համար անհրաժեշտ իրավական միջոցների ընդունումը:

3. Նշված Արձանագրության համաձայն` սույն հոդվածի կիրառումը չի շոշափում զինված հակամարտության կողմերից ոչ մեկի իրավական կարգավիճակը:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Սույն Արձանագրության մեջ ոչինչ չի կարող մեկնաբանվել որպես մասնակից պետության օրենսդրության մեջ կամ միջազգային պայմանագրերում ու միջազգային մարդասիրական իրավունքում պարունակվող այն դրույթները բացառող, որոնք առավել չափով նպաստում են երեխայի իրավունքների իրականացմանը:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

1. Յուրաքանչյուր մասնակից պետություն իր իրավասության շրջանակներում ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ իրավական, վարչական և այլ միջոցները սույն Արձանագրության դրույթների արդյունավետ կիրառումն ու իրագործումն ապահովելու համար:

2. Մասնակից պետությունները պարտավորվում են մեծահասակների և երեխաների շրջանում համապատասխան միջոցներով ապահովել սույն Արձանագրության դրույթների և սկզբունքների լայնորեն տարածումն ու պրոպագանդումը:

3. Մասնակից պետությունները ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները` ապահովելու համար, որ իրենց իրավասության ներքո գտնվող անձինք, ովքեր, հակառակ սույն Արձանագրության, հավաքագրված են եղել կամ օգտագործվել են ռազմական գործողություններում, զորացրվեն կամ այլ ձևով ազատվեն զինվորական ծառայությունից: Անհրաժեշտության դեպքում մասնակից պետություններն այդ անձանց ցուցաբերում են պատշաճ օգնություն նրանց ֆիզիկական և հոգեբանական վիճակի վերականգնման, ինչպես նաև նրանց սոցիալական ռեինտեգրացիայի նպատակով:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

1. Մասնակից պետությունները համագործակցում են սույն Արձանագրության իրագործման, այդ թվում` Արձանագրությանը հակասող ցանկացած գործողության կանխման գործում, սույն Արձանագրությանը հակասող գործողություններին զոհ դարձած անձանց վերականգնման և սոցիալական ռեինտեգրացիայի գործում, այդ թվում` տեխնիկական համագործակցության և ֆինանսական օգնության միջոցով: Այդպիսի օգնությունն ու համագործակցությունը կիրագործվեն շահագրգիռ մասնակից պետությունների և համապատասխան միջազգային կազմակերպությունների հետ խորհրդակցելով:

2. Այն մասնակից պետությունները, որոնք ի վիճակի են այդ անելու, այդպիսի օգնություն ցուցաբերում են գոյություն ունեցող բազմակողմ, երկկողմ կամ այլ ծրագրերի շրջանակներում կամ, մասնավորապես, Գլխավոր ասամբլեայի կանոններին համապատասխան հիմնադրվող կամավոր վճարումների հիմնադրամի միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

1. Յուրաքանչյուր մասնակից պետություն այդ մասնակից պետության համար նշված` Արձանագրության ուժի մեջ մտնելուց հետո` երկու տարվա ընթացքում, Երեխայի իրավունքների հարցերով կոմիտեին ներկայացնում է զեկույց, որը համապարփակ տեղեկատվություն է պարունակում Արձանագրության դրույթների իրագործման նպատակով իր ձեռնարկած միջոցների մասին. ներառյալ մասնակցությանը և զորակոչին վերաբերող դրույթների իրագործման նպատակով ձեռնարկած միջոցները:

2. Համապարփակ զեկույց ներկայացնելուց հետո յուրաքանչյուր մասնակից պետություն, Կոնվենցիայի 44-րդ հոդվածին համապատասխան, Երեխայի իրավունքների հարցերով կոմիտեին իր ներկայացրած զեկույցներում ներառում է Արձանագրության իրագործմանը վերաբերող ցանկացած լրացուցիչ տեղեկատվություն: Արձանագրության այլ մասնակից պետությունները զեկույց են ներկայացնում յուրաքանչյուր հինգ տարին մեկ:

3. Երեխաների իրավունքների հարցերով կոմիտեն մասնակից պետություններից կարող է պահանջել սույն Արձանագրության իրագործմանը վերաբերող լրացուցիչ տեղեկատվություն:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

1. Սույն Արձանագրությունը բաց է ցանկացած պետության ստորագրման համար, որը Կոնվենցիայի մասնակից է կամ ստորագրել է այն:

2. Սույն Արձանագրությունը ենթակա է վավերացման և բաց է ցանկացած պետության միանալու համար: Վավերագրերը կամ միանալու մասին փաստաթղթերը ի պահ են հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին:

3. Գլխավոր քարտուղարը, գործելով որպես Կոնվենցիայի և Արձանագրության ավանդապահ, 13-րդ հոդվածին համապատասխան, ծանուցում է Կոնվենցիայի բոլոր մասնակից պետություններին և բոլոր պետություններին, որոնք ստորագրել են Կոնվենցիան, յուրաքանչյուր հայտարարություն ի պահ հանձնելու մասին:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

1. Սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում 10-րդ վավերագիրը կամ միանալու մասին փաստաթուղթը ի պահ հանձնելուց երեք ամիս հետո:

2. Յուրաքանչյուր պետության համար, որը վավերացնում է սույն Արձանագրությունը կամ դրա ուժի մեջ մտնելուց հետո միանում է դրան, սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում դրա վավերագիրը կամ միանալու մասին փաստաթուղթը ի պահ հանձնելուց մեկ ամիս հետո:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

1. Ցանկացած մասնակից պետություն կարող է ցանկացած ժամանակ չեղյալ հայտարարել սույն Արձանագրությունը Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին գրավոր ծանուցելու միջոցով, որը հետագայում այդ մասին կտեղեկացնի Կոնվենցիայի այլ մասնակից պետություններին և Կոնվենցիան ստորագրած բոլոր պետություններին: Չեղյալ հայտարարումն ուժի մեջ է մտնում ծանուցագիրը Գլխավոր քարտուղարի ստանալու օրվանից մեկ տարին լրանալուց հետո: Սակայն եթե այդ տարին ավարտվելու օրը չեղյալ հայտարարող մասնակից պետությունում առկա է զինված հակամարտություն, չեղյալ հայտարարումն ուժի մեջ չի մտնում մինչև այդ զինված հակամարտության ավարտը:

2. Այդպիսի չեղյալ հայտարարումը մասնակից պետությանը չի ազատում սույն Արձանագրությամբ նախատեսված, մինչև չեղյալ հայտարարման ուժի մեջ մտնելը կատարված ցանկացած գործողության նկատմամբ պարտավորություններից: Հավասարապես այդպիսի չեղյալ հայտարարումը ոչ մի չափով չի խոչընդոտում ցանկացած հարցի հետագա քննարկմանը, որն արդեն կոմիտեի քննարկմանն է ներկայացվել մինչև չեղյալ հայտարարման ուժի մեջ մտնելու օրը:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

1. Ցանկացած մասնակից պետություն կարող է առաջարկել ուղղում և այն ներկայացնել Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին: Այնուհետև Գլխավոր քարտուղարն առաջարկված ուղղումն ուղարկում է մասնակից պետություններին` խնդրելով նշել` արտահայտվո՞ւմ են արդյոք իրենք այդ առաջարկությունները դիտարկելու և դրանց առթիվ քվեարկություն անցկացնելու նպատակով մասնակից պետությունների համաժողով գումարելու օգտին: Եթե, սկսած այդպիսի հաղորդագրության օրվանից, չորս ամսվա ընթացքում մասնակից պետությունների գոնե մեկ երրորդը արտահայտվում է այդպիսի համաժողովի օգտին, Գլխավոր քարտուղարը Միավորված ազգերի կազմակերպության հովանու ներքո գումարում է այդ համաժողովը: Այդ համաժողովում քվեարկությանը ներկա և մասնակից պետությունների մեծամասնությամբ ընդունված ցանկացած ուղղում ներկայացվում է Գլխավոր ասամբլեայի հաստատմանը:

2. Սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան ընդունված ուղղումն ուժի մեջ է մտնում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի հաստատմամբ և մասնակից պետությունների երկու երրորդի մեծամասնության ընդունմամբ:

3. Երբ ուղղումն ուժի մեջ է մտնում, պարտադիր է դառնում այն մասնակից պետությունների համար, որոնք ընդունել են այն, իսկ մյուս մասնակից պետությունների համար պարտադիր են մնում սույն Արձանագրության դրույթները և բոլոր նախորդ ուղղումները, որոնք ընդունվել են նրանց կողմից:

 

ՀՈԴՎԱԾ 13

 

1. Սույն Արձանագրությունը, որի անգլերեն, արաբերեն, իսպաներեն, չինարեն, ռուսերեն և ֆրանսերեն տեքստերը հավասարազոր են, ի պահ է հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության արխիվներին:

2. Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը սույն Արձանագրության հաստատված պատճեններն ուղարկում է Կոնվենցիայի բոլոր մասնակից պետություններին և Կոնվենցիան ստորագրած բոլոր պետություններին:

 

ՈՒժի մեջ է մտել 21.03.2005 թ.

 

 

pin
25.05.2000
Արձանագրություն