Սեղմել Esc փակելու համար:
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԻՄՆԱՐԱՐ ԱԶԱՏՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԻՄՆԱՐԱՐ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱ ...

 

 

i

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԻՄՆԱՐԱՐ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻՆ ԿԻՑ ԹԻՎ 12 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

Սույն Արձանագրությունը ստորագրած Եվրոպայի խորհրդի անդամ պետությունները,

հաշվի առնելով այն հիմնարար սկզբունքը, ըստ որի բոլորը հավասար են օրենքի առջև և օրենքի հավասար պաշտպանության իրավունք ունեն,

վճռական լինելով ձեռնարկել հետագա քայլեր, զարգացնել բոլոր անձանց հավասարությունը 1950 թվականին նոյեմբերի 4-ին Հռոմում ստորագրված` Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Կոնվենցիայով (այսուհետ` Կոնվենցիա) խտրականության ընդհանուր արգելքի կոլեկտիվ երաշխավորման միջոցով,

վերահաստատելով, որ ոչ խտրականության սկզբունքը չի խոչընդոտում մասնակից պետությունների կողմից լիակատար և արդյունավետ հավասարությունը զարգացնելու նպատակով միջոցներ ձեռնարկելուն` պայմանով, որ այդ միջոցառումների իրականացման համար գոյություն ունի օբյեկտիվ և հիմնավոր արդարացում,

 

համաձայնեցին հետևյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1.
ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՐԳԵԼՈՒՄԸ

 

1. Օրենքով սահմանված ցանկացած իրավունքից օգտվելը պետք է ապահովվի առանց սեռի, ռասայի, գույնի, լեզվի, կրոնի, քաղաքական կամ այլ կարծիքի, ազգային կամ սոցիալական ծագման, ազգային փոքրամասնության պատկանելու, սեփականության, ծննդի կամ այլ կարգավիճակի վրա հիմնված խտրականության:

2. Ոչ մեկի նկատմամբ պետական մարմնի կողմից խտրականություն չպետք է դրսևորվի սույն հոդվածի 1-ին կետում նշված որևէ հիմքով:

 

ՀՈԴՎԱԾ 2.
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԻՐԱՌՈՒՄԸ

 

1. Ցանկացած պետություն կարող է ստորագրելիս կամ վավերագիրը, ընդունման կամ հաստատման հայտարարագրերը ի պահ տալիս նշել այն տարածքը կամ տարածքները, որոնց նկատմամբ Արձանագրությունը կիրառվելու է:

2. Ցանկացած պետություն կարող է ավելի ուշ` ցանկացած պահի, Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին հղած հայտարարությամբ սույն Արձանագրության կիրառումը տարածել հայտարարության մեջ նշված որևէ այլ տարածքի նկատմամբ: Այդ տարածքի նկատմամբ Արձանագրությունն ուժի մեջ է մտնում նման հայտարարությունը Գլխավոր քարտուղարի ստանալու օրվանից հետո` եռամսյա ժամկետը լրանալուն հաջորդող ամսվա առաջին օրը:

3. Նախորդ երկու կետերի հիման վրա արված ցանկացած հայտարարություն, որը վերաբերում է նրանում նշված այս կամ այն տարածքին, կարող է փոփոխվել կամ չեղյալ հայտարարվել Գլխավոր քարտուղարին ուղղված ծանուցման միջոցով: Չեղյալ հայտարարելը կամ փոփոխությունն ուժի մեջ են մտնում դրանք Գլխավոր քարտուղարի ստանալու օրվանից հետո` եռամսյա ժամկետը լրանալուն հաջորդող ամսվա առաջին օրը:

4. Սույն հոդվածին համապատասխան արված հայտարարությունը դիտվում է որպես Կոնվենցիայի 56-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան արված հայտարարություն:

5. Յուրաքանչյուր պետություն, որը սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ կետերի համաձայն հայտարարություն է արել, դրանից հետո` ցանկացած ժամանակ, կարող է մեկ կամ մի քանի տարածքների անունից, որոնց վերաբերում է հայտարարությունը, հայտարարել, որ ինքն ընդունում է Դատարանի` առանձին անձանցից, ոչ կառավարական կազմակերպություններից կամ անձանց խմբերից սույն Արձանագրության 1-ին հոդվածի կապակցությամբ Կոնվենցիայի 34-րդ հոդվածով նախատեսված գանգատներ ստանալու իրավասությունը:

 

ՀՈԴՎԱԾ 3.
ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻՆ

 

Մասնակից պետությունների միջև սույն Արձանագրության 1-ին և 2-րդ հոդվածները դիտվում են որպես Կոնվենցիայի լրացուցիչ հոդվածներ, և Կոնվենցիայի բոլոր դրույթները կիրառվում են համապատասխանաբար:

 

ՀՈԴՎԱԾ 4.
ՍՏՈՐԱԳՐՈՒՄԸ ԵՎ ՎԱՎԵՐԱՑՈՒՄԸ

 

Սույն Արձանագրությունը բաց է Կոնվենցիան ստորագրած Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների ստորագրման համար: Այն ենթակա է վավերացման, ընդունման կամ հաստատման: Եվրոպայի խորհրդի անդամ պետությունը չի կարող սույն Արձանագրությունը վավերացնել, ընդունել կամ հաստատել` առանց միաժամանակ կամ դրանից առաջ Կոնվենցիան վավերացնելու: Վավերագրերը, ընդունման կամ հաստատման փաստաթղթերն ի պահ են հանձնվում Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին:

 

ՀՈԴՎԱԾ 5.
ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

1. Սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում Եվրոպայի խորհրդի անդամ տասը պետությունների կողմից, 4-րդ հոդվածի դրույթներին համապատասխան, Արձանագրությամբ պարտավորված լինելու մասին համաձայնություն արտահայտվելու օրվանից հետո` եռամսյա ժամկետի լրանալուն հաջորդող ամսվա առաջին օրը:

2. Ցանկացած անդամ պետության համար, որն Արձանագրությամբ պարտավորված լինելու իր համաձայնությունն արտահայտում է հետագայում, Արձանագրությունն ուժի մեջ է մտնում վավերագիրը կամ ընդունման կամ հաստատման փաստաթուղթն ի պահ հանձնելու օրվանից հետո` եռամսյա ժամկետի լրանալուն հաջորդող ամսվա առաջին օրը:

 

ՀՈԴՎԱԾ 6.
ԱՎԱՆԴԱՊԱՀԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը Խորհրդի անդամ պետություններին ծանուցում է`

ա. ցանկացած ստորագրման մասին,

բ. վավերագիրը, ընդունման կամ հաստատման փաստաթուղթն ի պահ հանձնելու մասին,

գ. 2-րդ և 5-րդ հոդվածներին համապատասխան` սույն Արձանագրության ուժի մեջ մտնելու օրվա մասին,

դ. սույն Արձանագրությանը վերաբերող ցանկացած այլ գործողության, ծանուցման կամ հաղորդագրության մասին:

 

Ի հավաստումն որի` պատշաճ կերպով լիազորված ներքոստորագրյալներն ստորագրեցին սույն Արձանագրությունը:

 

Կատարված է Հռոմում 2000 թվականի նոյեմբերի 4-ին, մեկ օրինակով, անգլերեն և ֆրանսերեն, երկու տեքստերն էլ հավասարազոր են, որոնք պահվում են Եվրոպայի խորհրդի արխիվում: Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը դրա հաստատված պատճեններն ուղարկում է Եվրոպայի խորհրդի անդամ յուրաքանչյուր պետության:

 

ՈՒժի մեջ է մտել 2005 թ. ապրիլի 1-ին

 

 

pin
04.11.2000
Արձանագրություն