ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ՓՈԽԱԴԱՐՁ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Սույն Արձանագրությունը ստորագրած Եվրոպայի խորհրդի անդամ պետությունները,
ցանկանալով դյուրացնել «Քրեական գործերով փոխադարձ օգնության մասին եվրոպական կոնվենցիայի» (այսուհետ` Կոնվենցիա) իրագործումը ֆինանսական հանցագործությունների բնագավառում, որը ստորագրման համար բացվել է 1959 թ. ապրիլի 20-ին` Ստրասբուրգում,
հաշվի առնելով, որ ցանկալի է նաև որոշ առումներով լրացումներ կատարել Կոնվենցիայում,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
Գլուխ I
ՀՈԴՎԱԾ 1
Պայմանավորվող կողմերը չեն իրականացնի Կոնվենցիայի հոդված 2. ա)-ով նախատեսված իրավունքը օգնությունը մերժելու վերաբերյալ միայն այն հիմքով, որ դիմումը վերաբերում է այնպիսի հանցագործություններին, որոնք Հայցվող կողմը համարում է ֆինանսական հանցագործություն:
ՀՈԴՎԱԾ 2
1. Եթե պայմանավորվող կողմը գույքի խուզարկության կամ բռնագրավման հանձնարարության կատարման պայման է դրել, որ հանձնարարություն պահանջող հանցագործությունը պատժելի է և Հայցող, և Հայցվող կողմերի օրենսդրություններում, ապա այս պայմանը պետք է կատարվի ֆինանսական հանցագործությունների նկատմամբ, եթե այդպիսի հանցագործությունը պատժելի է Հայցող կողմի օրենսդրության համաձայն և, Հայցվող կողմի օրենսդրության համաձայն, համապատասխանում է նույն բնույթի հանցագործության:
2. Խնդրանքը չի կարող մերժվել այն հիմքով, որ Հայցվող կողմի օրենսդրությամբ չեն պահանջվում նույնաբնույթ հարկեր կամ տուրքեր, կամ չի նախատեսվում հարկի, տուրքի, մաքսային վճարի և փոխարժեքի նույնաբնույթ կարգավորում, ինչը նախատեսվում է Հայցող կողմի օրենսդրությամբ:
Գլուխ II
ՀՈԴՎԱԾ 3
Կոնվենցիան տարածվում է նաև`
ա. դատավճռի ի կատար ածման, տուգանքի գանձմանը կամ վարույթի ծախսերի հատուցմանը վերաբերող փաստաթղթերի հանձնման նկատմամբ,
բ. նշանակված դատավճռի կասեցմանը կամ ի կատար ածմանը, պայմանական ազատմանը, դատավճռի կատարման իրականացման հետաձգմանը կամ կատարման ընդհատմանն առնչվող միջոցառումների նկատմամբ:
Գլուխ III
ՀՈԴՎԱԾ 4
Կոնվենցիայի 22-րդ հոդվածը լրացվում է հետևյալ տեքստով, Կոնվենցիայի գոյություն ունեցող 22 հոդվածը դառնում է 1-ին կետ, իսկ ներքոհիշյալ դրույթները` 2-րդ կետ.
«2. Ավելին, վերոհիշյալ տեղեկությունները ներկայացրած յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պարտավոր է առանձին դեպքերում շահագրգիռ Կողմին վերջինիս պահանջով ներկայացնել խնդրո առարկա դատվածության և հետագա միջոցների պատճեններ, ինչպես նաև համապատասխան ցանկացած այլ տեղեկատվություն, որպեսզի երկրորդ Կողմը հնարավորություն ունենա որոշել, թե դրանց հիման վրա ներպետական մակարդակով միջոցառումների անհրաժեշտություն ծագում է, թե ոչ: Այս հաղորդակցությունը կատարվում է շահագրգիռ արդարադատության նախարարությունների միջև»:
Գլուխ IV
ՀՈԴՎԱԾ 5
1. Սույն Արձանագրությունը ստորագրման համար բաց կլինի Կոնվենցիան ստորագրած Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների համար: Այն պետք է վավերացվի, ընդունվի կամ հաստատվի: Վավերագրի, ընդունման կամ հաստատման փաստաթղթերը ի պահ են տրվում Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին:
2. Արձանագրությունն ուժի մեջ է մտնում երրորդ վավերագրի, ընդունման կամ հաստատման փաստաթղթի ի պահ տալու օրվանից 90 օր հետո:
3. Արձանագրությունն ստորագրած և վավերացրած, ընդունած կամ հաստատած Պետության նկատմամբ Արձանագրությունն ուժի մեջ է մտնում վավերագրի, ընդունման կամ հաստատման փաստաթղթի ի պահ տալու օրվանից 90 օր հետո:
4. Եվրոպայի խորհրդի անդամ պետությունը չի կարող վավերացնել, ընդունել կամ հաստատել սույն Արձանագրությունը, եթե մինչ այդ կամ զուգահեռաբար չի վավերացրել Կոնվենցիան:
ՀՈԴՎԱԾ 6
1. Կոնվենցիային միացած ցանկացած Պետություն կարող է սույն Արձանագրությունն ուժի մեջ մտնելուց հետո միանալ նաև Արձանագրությանը:
2. Արձանագրությանը միանալ կարելի է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին ի պահ հանձնելով միանալու մասին հայտարարագիր, որն ուժի մեջ մտնում է ի պահ տալու օրվանից 90 օր հետո:
ՀՈԴՎԱԾ 7
1. Ստորագրելիս կամ վավերագիրը ընդունման, հաստատման կամ միանալու փաստաթուղթը ի պահ տալիս ցանկացած Պետություն կարող է նշել այն տարածքը, որի/որոնց նկատմամբ կիրառվելու է սույն Արձանագրությունը:
2. Վավերագիրը, ընդունման, հաստատման կամ միանալու փաստաթուղթը ի պահ տալիս կամ դրանից հետո ցանկացած Պետություն կարող է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին հասցեագրված հայտարարությամբ սույն Արձանագրության գործողությունը տարածել այդ հայտարարության մեջ նշված ցանկացած այլ տարածքի կամ տարածքների վրա, որոնց միջազգային հարաբերությունների պատասխանատուն ինքն է և որոնց անունից ինքը իրավասու է պարտավորություններ ստանձնել:
3. Նախորդ կետի դրույթների համաձայն արվող հայտարարությունը կարելի է այդ հայտարարության մեջ նշվող տարածքի առնչությամբ չեղյալ հայտարարել այդ մասին ծանուցելով Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին: Չեղյալ հայտարարումն ուժի մեջ է մտնում այդ ծանուցումը Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի ստանալուց վեց ամիս հետո:
ՀՈԴՎԱԾ 8
1. Կոնվենցիայի դրույթների նկատմամբ Պայմանավորվող կողմի վերապահումները պետք է կիրառվեն նաև սույն Արձանագրության նկատմամբ, բացառությամբ այն դեպքի, եթե Կողմն այլ կերպ է հայտարարում ստորագրելիս կամ վավերագրի, ընդունման, հաստատման կամ միանալու փաստաթուղթն ի պահ տալիս: Նույնը վերաբերում է Կոնվենցիայի 24-րդ հոդվածի համաձայն արված հայտարարություններին:
2. Ցանկացած պետություն կարող է ստորագրելիս կամ վավերագրի, ընդունման, հաստատման կամ միանալու փաստաթուղթն ի պահ տալիս հայտարարել, որ իրեն իրավունք է վերապահում.
ա. չընդունել I Գլուխը կամ այն միայն 1-ին հոդվածում նշված որոշ հանցագործությունների կամ դրանց կատեգորիաների կապակցությամբ կամ ֆինանսական հանցագործությունների առնչությամբ չկատարել գույքի խուզարկության կամ բռնագրավման հանձնարարությունը,
բ. չընդունել II Գլուխը,
գ. չընդունել III Գլուխը:
3. Ցանկացած Պայմանավորվող կողմ կարող է չեղյալ հայտարարել նախորդ կետի համաձայն արված հայտարարությունը` նոր հայտարարություն ուղղելով Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին. նոր հայտարարությունն ուժի մեջ է մտնում դրա ստանալու օրվանից:
4. Պայմանավորվող կողմը, որը Արձանագրության նկատմամբ կիրառել է Կոնվենցիայի որևէ դրույթի վերաբերյալ արված վերապահումը կամ վերապահում է արել Արձանագրության որևէ դրույթի նկատմամբ, չի կարող պահանջել, որ այլ Պայմանավորվող կողմ հետևի այդ դրույթին, սակայն կարող է պայմանական կամ մասնակի վերապահման դեպքում պահանջել, որ մյուս Կողմը կիրառի խնդրո առարկա դրույթն այն մասով, որքանով ինքն է տվյալ դրույթն ընդունել:
5. Սույն Արձանագրության դրույթների նկատմամբ որևէ այլ վերապահում չի կարող արվել:
ՀՈԴՎԱԾ 9
Սույն Արձանագրության դրույթները չեն անդրադառնում Կոնվենցիայի 26-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն Կողմերի միջև երկկողմ կամ բազմակողմ համաձայնագրերով կնքված առավել ծավալուն կանոնակարգման վրա:
ՀՈԴՎԱԾ 10
Եվրոպայի խորհրդի Հանցագործությունների հիմնախնդիրների Եվրոպական հանձնաժողովը պետք է տեղյակ պահվի սույն Արձանագրության կիրառման մասին և անի այն ամենը, ինչն անհրաժեշտ է կիրառման արդյունքում առաջացող դժվարությունները խաղաղ կարգով լուծելու համար:
ՀՈԴՎԱԾ 11
1. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը կարող է չեղյալ հայտարարել Արձանագրությունը` այդ մասին ծանուցելով Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին:
2. Չեղյալ հայտարարումն ուժի մեջ է մտնում ծանուցումը Գլխավոր քարտուղարի կողմից ստանալուց վեց ամիս հետո:
3. Կոնվենցիայի չեղյալ հայտարարումը ինքնաբերաբար հանգեցնում է Արձանագրության չեղյալ հայտարարման:
ՀՈԴՎԱԾ 12
ա. Սույն Արձանագրության յուրաքանչյուր ստորագրման մասին,
բ. յուրաքանչյուր վավերագրի, ընդունման, հաստատման կամ միանալու փաստաթղթի ի պահ տալու մասին,
գ. սույն Արձանագրության 5-րդ և 6-րդ հոդվածների համաձայն` Արձանագրության ուժի մեջ մտնելու տվյալների մասին,
դ. 7-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերի համաձայն ստացված յուրաքանչյուր հայտարարության մասին,
ե. 8-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն ստացված յուրաքանչյուր հայտարարության մասին,
զ. 8-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն ստացված յուրաքանչյուր հայտարարության մասին,
է. 8-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն կատարված վերապահման յուրաքանչյուր չեղյալ հայտարարելու մասին,
ը. 11-րդ հոդվածի համաձայն ստացված յուրաքանչյուր ծանուցման և չեղյալ հայտարարման ուժի մեջ մտնելու տվյալների մասին:
Ի վկայումն վերոհիշյալի` ներքոստորագրյալները, ունենալով այդ նպատակով պահանջվող իրավասություններ, ստորագրել են սույն Արձանագրությունը:
Կատարված է Ստրասբուրգ քաղաքում 1978 թ. մարտի 17-ին, մեկ օրինակով, անգլերենով և ֆրանսերենով, երկու տեքստերն էլ հավասարազոր են, որոնք պահվում են Եվրոպայի խորհրդի արխիվներում: Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը հաստատված կրկնօրինակները կուղարկի ստորագրող և միացող բոլոր պետություններին:
ՈՒժի մեջ է մտել 21.06.2004 թ.