ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական դատարանի վճիռ Վարչական գործ թիվ ՎԴ/4107/05/08
Վարչական գործ թիվ ՎԴ/4107/05/08 2009 թ.
Նախագահող դատավոր` Ե. Սողոմոնյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Վ. Աբելյանի
մասնակցությամբ դատավորներ` Ա. Բարսեղյանի
Վ. Ավանեսյանի
Մ. Դրմեյանի
Է. Հայրիյանի
Տ. Պետրոսյանի
2009 թվականի օգոստոսի 11-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Մարետա Մկրտչյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 14.01.2009 թվականի վճռի դեմ` ըստ հայցի Լաուրա Մկրտչյանի ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության (այսուհետ` Ծառայության)` պետական մարմնի անգործությունը վիճարկելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Լաուրա Մկրտչյանը պահանջել է պարտավորեցնել Ծառայությանը վերացնել 1999 թվականի կատարողական վարույթն ավարտելու մասին որոշումը և վերսկսել կատարողական վարույթը:
ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 14.01.2009 թվականի վճռով Լաուրա Մկրտչյանի հայցը բավարարվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Մարետա Մկրտչյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Լաուրա Մկրտչյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 18-րդ, 19-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Դատարանը վճիռ է կայացրել գործին մասնակից չդարձված անձի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ: Վճիռն ուղղակիորեն վերաբերվում է Մարետա Մկրտչյանի իրավունքներին և պարտականություններին:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 14.01.2009 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:
2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Լաուրա Մկրտչյանը հայց է ներկայացրել դատարան` Երևանի Շահումյանի շրջանի ժողդատարանի 21.01.1997 թվականի թիվ 2-87 օրինական ուժի մեջ մտած վճռի պահանջները` Ծառայությանն ամբողջությամբ կատարելուն պարտավորեցնելու պահանջի մասին բավարարվել է: Այսինքն` վեճը Լաուրա Մկրտչյանի և Ծառայության միջև է, որը չի առնչվում Մարետա Մկրտչյանի իրավունքներին և պարտականություններին, քանի որ Մարետա Մկրտչյանը որևէ կապ չունի վարչական մարմնի ցուցաբերած անգործության հետ:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1. Երևանի Շահումյանի շրջանի ժողդատարանի 21.01.1997 թվականի թիվ 2-87 օրինական ուժի մեջ մտած վճռով անվավեր է ճանաչվել Լաուրա Մկրտչյանի և Մարետա Մկրտչյանի միջև 21.02.1996 թվականին կնքված բնակարանի առուվաճառքի պայմանագիրը: Վճռով սահմանվել է կատարման կարգ` Լաուրա Մկրտչյանին պարտավորեցվել է բնակարանի վաճառքի դիմաց ստացված 6.000 ԱՄՆ դոլարը վերադարձնել Մարետա Մկրտչյանին, իսկ Մարետա Մկրտչյանին պարտավորեցվել է գումարը ստանալուց հետո ազատել բնակարանը (գ.թ. 14-16):
2. 21.01.1997 թվականի թիվ 2-87 կատարողական թերթի հիման վրա Ծառայության 15.03.1999 թվականի որոշմամբ հարուցվել է կատարողական վարույթ (գ.թ. 17):
3. Ծառայության 12.03.2008 թվականի պատասխան գրության համաձայն` կատարողական վարույթն ավարտվել է 1999 թվականին: ՀՀ արդարադատության նախարարի 21.12.2004 թվականի թիվ 179-Ա հրամանի հիմքով արխիվացվել է և չի պահպանվել (գ.թ. 65):
4. Լաուրա Մկրտչյանի 17.03.2008 թվականի հայցի առարկան է` «15.03.1999 թվականի որոշմամբ հարուցված կատարողական վարույթն ավարտելու մասին» Ծառայության որոշումը վերացնելը, որը ՀՀ վարչական դատարանի 14.01.2009 թվականի վճռով բավարարվել է (գ.թ. 10, 102-106):
5. Մարետա Մկրտչյանը սույն գործի քննությանը մասնակից չի դարձվել:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` գործին մասնակից չդարձված այն անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ, վճռաբեկ դատարանում օգտվում են գործին մասնակցող անձանց իրավունքներից և կրում են նրանց համար սահմանված պարտականությունները:
Նշված հոդվածից հետևում է, որ օրենսդիրը գործին մասնակից չդարձված անձանց վերապահում է գործին մասնակցող անձանց իրավունքներ և նրանց համար սահմանում պարտականություններ, միայն այն դեպքում, երբ գործն ըստ էության լուծող դատական ակտը կայացվել է նրանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ:
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի համաձայն` կատարողական վարույթի կողմերն են` պահանջատերն ու պարտապանը: Պահանջատերն այն քաղաքացին կամ իրավաբանական անձն է, Հայաստանի Հանրապետությունը կամ համայնքը կամ օտարերկրյա պետությունը, որի օգտին կամ ի շահ որի տրվել է կատարողական թերթը: Պարտապանն այն քաղաքացին կամ իրավաբանական անձն է, Հայաստանի Հանրապետությունը կամ համայնքը կամ օտարերկրյա պետությունը, որը կատարողական թերթի համաձայն, պարտավոր է կատարել որոշակի գործողություններ կամ ձեռնպահ մնալ դրանց կատարումից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` երրորդ անձինք այն ֆիզիկական կամ իրավաբանական անձինք են, որոնց իրավունքները շոշափվում են կամ կարող են շոշափվել գործի քննության արդյունքում ընդունվելիք դատական ակտով: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` եթե դատական ակտը անխուսափելիորեն և ուղղակիորեն տարածվելու է նաև որոշակի անձանց վրա, ապա դատարանը պարտավոր է այդ անձանց ներգրավել դատավարության մեջ որպես երրորդ անձ:
Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում արդեն իսկ անդրադարձել և գնահատման առարկա է դարձրել այն դեպքերը, երբ դատարանը վճիռ է կայացրել գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ:
Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, արձանագրել է կողմերի հավասարության և մրցակցային դատավարության սկզբունքների խախտում և բեկանել է դատական ակտը (տե՛ս, ըստ հայցի Գյումրու քաղաքապետարանի ընդդեմ Ֆելիքս Թորոսյանի` զբաղեցրած բնակարանից ընտանիքի անդամների հետ միասին վտարելու պահանջի մասին, թիվ 3-2343(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.11.2006 թվականի որոշումը):
Վերը նշվածի հիման վրա Վճռաբեկ դատարանը նպատակահարմար չի համարում կրկին անդրադառնալ նշված իրավական խնդրին:
Սույն գործով Լաուրա Մկրտչյանը վիճարկում է Երևանի Շահումյանի շրջանի ժողդատարանի 21.01.1997 թվականի թիվ 2-87 օրինական ուժի մեջ մտած վճռի հիմքով տրված կատարողական թերթի հիման վրա 15.03.1999 թվականին հարուցված կատարողական վարույթն ավարտելու մասին որոշումը, որով Մարետա Մկրտչյանը պարտապան է:
Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով կայացված դատական ակտն ուղղակիորեն առնչվում է պարտապան Մարետա Մկրտչյանի իրավունքներին և պարտականություններին, մինչդեռ վերջինս գործի քննությանը մասնակից չի դարձվել:
Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Մարիետա Մկրտչյանը սույն գործի քննությանը մասնակից չդարձվելու հետևանքով, զրկվել է գործին մասնակցող անձանց վերապահված իրավունքներից օգտվելու և նրանց համար սահմանված պարտականությունները կատարելու հնարավորությունից, ինչի արդյունքում խախտվել է նրա` ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված` հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունքը:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 14.01.2009 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Վ. Աբելյան
Դատավորներ` Ա. Բարսեղյան
Վ. Ավանեսյան
Մ. Դրմեյան
Է. Հայրիյան
Տ. Պետրոսյան