ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/0990/02/08
դատարանի որոշում 2009 թ.
Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/0990/02/08
Նախագահող դատավոր` Լ. Գրիգորյան
Դատավորներ` Գ. Մատինյան
Դ. Խաչատրյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` Վ. Աբելյանի
մասնակցությամբ դատավորներ` Ե. Սողոմոնյանի
Վ. Ավանեսյանի
Ա. Բարսեղյանի
Մ. Դրմեյանի
Է. Հայրիյանի
Տ. Պետրոսյանի
2009 թվականի օգոստոսի 11-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Քրիստինա Գաբունիայի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.01.2009 թվականի որոշման դեմ` ըստ Էդգար Ամրոյանի հայցի ընդդեմ Քրիստինա Գաբունիայի, երրորդ անձ Երևանի Շենգավիթ համայնքի խնամակալության և հոգաբարձության հարցերով հանձնաժողովի` երեխայի հետ տեսակցության կարգ սահմանելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Էդգար Ամրոյանը պահանջել է երեխայի` Ալբերտո Ամրոյանի հետ տեսակցության կարգ սահմանել շաբաթական երեք օր:
Երևանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 14.10.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն: Վճռվել է` թույլատրել Էդգար Ամրոյանին յուրաքանչյուր շաբաթվա երկուշաբթի և չորեքշաբթի օրերին ժամը 17:00-ից մինչև 20:00-ը մոր ներկայությամբ տեսակցել 03.02.2006 թվականին ծնված երեխային` Ալբերտո Ամրոյանին:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 23.01.2009 թվականի որոշմամբ Էդգար Ամրոյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն: Որոշվել է` Դատարանի 14.10.2008 թվականի վճիռը մասնակիորեն բեկանել և փոփոխել, այն է` Էդգար Ամրոյանին Ալբերտո Ամրոյանի հետ տեսակցության կարգ սահմանել յուրաքանչյուր երկուշաբթի և չորեքշաբթի օրերին ժամը 17:00-ից մինչև 20:00-ը:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Քրիստինա Գաբունիան:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ ընտանեկան օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասը, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի ուսումնասիրել գործում առկա ապացույցները, ինչի արդյունքում անտեսել է այն հանգամանքը, որ առանց մոր ներկայության երեխայի հետ շփումը վնաս կպատճառի երեխայի ֆիզիկական և հոգեկան առողջությանը:
Բացի այդ, վերանայվող դատական ակտը հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի 25.07.2008 թվականի թիվ 3-386(ՎԴ) որոշմանը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 23.01.2009 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 14.10.2008 թվականի վճռին:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) 17.02.2006 թվականի թիվ ԱԱ 096552 ծննդյան վկայականի համաձայն` Ալբերտո Ամրոյանը ծնվել է 03.02.2006 թվականին, հայրն է Էդգար Ամրոյանը, իսկ մայրը` Քրիստինա Գաբունիան (գ.թ. 10):
2) 17.02.2006 թվականի թիվ ԱԱ 022327 հայրության ճանաչման վկայականի համաձայն` Էդգար Ամրոյանը ճանաչվել է Ալբերտո Գաբունիայի հայրը և երեխային շնորհվել է Ամրոյան ազգանունը (գ.թ. 11):
3) «ԹԻՎ 8 ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» առողջապահական պետական ՓԲԸ-ի 29.12.2008 թվականի թիվ 0-75 տեղեկանքի համաձայն` Ալբերտո Ամրոյանը` ծնված 2006 թվականին, անցել է «հոգեբանական թեստավորում և հոգեախտորոշում, որի արդյունքում հայտնաբերվել է տագնապային բարձր ֆոն, վախի (հատկապես բարձր ձայներից) գերակտիվ վիճակ: Խորհուրդ է տրվում տևական հոգեթերապիա» (գ.թ. 107):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն` վերաքննիչ դատարանի որոշման մեջ պետք է նշվեն գործով պարզված և վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը, ինչպես նաև այն օրենքները, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը և այլ իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս:
Վերը նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզման հանգելու համար պարտավոր է վերաքննիչ բողոքի շրջանակներում հետազոտել և գնահատել գործով պարզված և վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը և միայն նշված պահանջների պահպանման արդյունքում որոշել վերաքննիչ բողոքը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը:
Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը, մասնակիորեն բավարարելով վերաքննիչ բողոքը, չի գնահատել և ընդհանրապես չի անդրադարձել Քրիստինա Գաբունիայի Վերաքննիչ դատարան ներկայացրած, սույն գործի համար էական նշանակություն ունեցող «ԹԻՎ 8 ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» առողջապահական պետական ՓԲԸ-ի 29.12.2008 թվականի թիվ 0-75 տեղեկանքին, որով հաստատվում է այն հանգամանքը, որ Ալբերտո Ամրոյանն անցել է «հոգեբանական թեստավորում և հոգեախտորոշում, որի արդյունքում հայտնաբերվել է տագնապային բարձր ֆոն, վախի (հատկապես բարձր ձայներից) գերակտիվ վիճակ»: Նշված տեղեկանքով որպես երեխայի հոգեկան առողջության ապահովման ելք խորհուրդ է տրվել իրականացնել «տևական հոգեթերապիա»:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վիճարկվող որոշման հիմնավորվածությունն ապահովելու համար Վերաքննիչ դատարանը պարտավոր էր նշել ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է որոշում կայացնելիս, այլև պետք է նշեր և պատճառաբաներ, թե ինչու է մերժում և անընդունելի համարում որպես ապացույց Քրիստինա Գաբունիայի ներկայացրած «ԹԻՎ 8 ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» առողջապահական պետական ՓԲԸ-ի 29.12.2008 թվականի թիվ 0-75 տեղեկանքը, քանի որ նշված տեղեկանքը վերաբերում է Ալբերտո Ամրոյանի հոգեկան առողջության վերաբերյալ վերլուծություններին և կարգավորման ուղիներին, որոնք սույն գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ են:
ՀՀ Սահմանադրության 36-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ծնողներն իրավունք ունեն և պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների դաստիարակության, առողջության, լիարժեք ու ներդաշնակ զարգացման և կրթության համար:
«Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` երեխաների նկատմամբ բոլոր գործողություններում, անկախ այն բանից, թե դրանք ձեռնարկվում են սոցիալական ապահովության հարցերով զբաղվող պետական կամ մասնավոր հիմնարկների, դատարանների, վարչական կամ օրենսդրական մարմինների կողմից, առաջնահերթ ուշադրություն է դարձվում երեխայի լավագույն շահերին:
ՀՀ ընտանեկան օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ պարբերությունների համաձայն` ծնողներն իրավունք ունեն և պարտավոր են դաստիարակելու իրենց երեխաներին: Ծնողները պատասխանատվություն են կրում իրենց երեխաների դաստիարակության և զարգացման համար: Նրանք պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների առողջության, ֆիզիկական, հոգեկան, հոգևոր և բարոյական զարգացման մասին:
Նշված օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ պարբերությունների համաձայն` ծնողական իրավունքները չեն կարող իրականացվել երեխաների շահերին հակառակ: Երեխաների շահերի ապահովումը պետք է լինի ծնողների հիմնական հոգածության առարկան:
Նույն օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` երեխայից առանձին ապրող ծնողը իրավունք ունի երեխայի հետ շփվելու, նրա դաստիարակությանը մասնակցելու, երեխայի կրթություն ստանալու հարցերը լուծելու: Ծնողը, որի հետ ապրում է երեխան, չպետք է խոչընդոտի մյուս ծնողի հետ երեխայի շփմանը, եթե նման շփումը վնաս չի պատճառում երեխայի ֆիզիկական ու հոգեկան առողջությանը, նրա բարոյական զարգացմանը:
Վերը նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ երեխայի առողջության, ֆիզիկական, հոգեկան, հոգևոր և բարոյական, լիարժեք և ներդաշնակ զարգացման համար առաջնահերթ պատասխանատվություն են կրում երեխայի ծնողները, իսկ Հայաստանի Հանրապետությունը երեխայի իրավունքների իրականացման և պաշտպանության գործընթացում պարտավոր է ելնել միմիայն երեխայի լավագույն շահերից:
Սույն գործով Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը մասնակիորեն բավարարելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ Դատարանը, տեսակցության կարգ որոշելիս, սահմանել է օրենքի պահանջներից չբխող նոր պայման, այն է` Էդգար Ամրոյանի շփումը երեխայի հետ պետք է տեղի ունենա Քրիստինա Գաբունիայի ներկայությամբ:
Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը որևէ կերպ չի պատճառաբանել նշված համոզմունքի ձևավորումը և առանց հաշվի առնելու երեխայի լավագույն շահերը, առանց երեխայի տարիքի, ֆիզիկական և հոգեկան առողջության վերաբերյալ որևէ փաստարկված և հիմնավորված հետևություն անելու` հանգել է սխալ եզրահանգման:
Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է մոր ներկայությամբ երեխայի տեսակցության կարգ սահմանելու հարցին (տե՛ս` ըստ հայցի Մուշեղ Եկմալյանի ընդդեմ Լիլիթ Իշխանյանի` երեխային տեսակցելու կարգ սահմանելու պահանջի մասին, թիվ 3-386(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.07.2008 թվականի որոշումը): Մասնավորապես, ՀՀ վճռաբեկ դատարանը երեխայի տեսակցությունը սահմանել է մոր ներկայությամբ` հաշվի առնելով երեխայի տարիքը և մշտական խնամքի տակ գտնվելու անհրաժեշտությունը:
Հիմք ընդունելով վերոգրյալը և հաշվի առնելով սույն գործով երեխայի մոտ առկա առողջական խնդիրների առկայությունը, ինչպես նաև երեխայի տարիքը և մշտական խնամքի տակ գտնվելու անհրաժեշտությունը, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում երեխայի տեսակցությունը սահմանել Քրիստինա Գաբունիայի ներկայությամբ:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված` առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի նույն հոդվածներով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:
Առաջին ատյանի դատարանի վճռին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.01.2009 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի 14.10.2008 թվականի վճռին:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Վ. Աբելյան
Դատավորներ` Ե. Սողոմոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Է. Հայրիյան
Տ. Պետրոսյան