(ուժը կորցրել է 23.05.2020 թիվ 05-Ն հրաման)
i
108.0120.210110
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«21» 01 2010 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10810007
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
14 դեկտեմբերի 2009 թվականի N 120-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԸՆԴԵՐՔԱԲԱՆԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով ՀՀ կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի օգտակար հանածոների պաշարների գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 1588-Ն որոշման 16-րդ կետով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի օգտակար հանածոների պաշարների գործակալության պետական ընդերքաբանական փորձաքննության հանձնաժողովի կանոնակարգը` համաձայն հավելվածի:
2. ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ղեկավար Կ. Ղահրամանյանին` ապահովել հրամանի պետական գրանցումը ՀՀ արդարադատության նախարարությունում:
Հավելված
(Հայաստանի Հանրապետության զինանշանը)
ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԸՆԴԵՐՔԱԲԱՆԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի Օգտակար հանածոների պաշարների գործակալության (այսուհետ` Գործակալություն) պետական ընդերքաբանական փորձաքննության հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով) խորհրդակցական մարմին է, որը կոչված է.
1) հետախուզված պաշարների և ընդերքի մասին այլ տեղեկատվության պետական ընդերքաբանական փորձաքննության արդյունքների ամփոփման հիման վրա մասնագիտական եզրակացություններ տալու կոնդիցիաների պարամետրերի և պաշարների հաստատման, ինչպես նաև օգտակար հանածոների հանրապետական հաշվեկշռից վերջիններիս դուրսգրման հիմնավորվածության վերաբերյալ,
2) գնահատելու ընդերքի ոլորտում գործող նորմատիվ մեթոդական հենքի համապատասխանությունն արդի պայմաններին և առաջարկություններ ներկայացնելու վերջինիս կատարելագործման անհրաժեշտության վերաբերյալ:
i
2. Հանձնաժողովը կազմավորվում է Գործակալության պետի ներկայացմամբ` ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի հրամանով:
Հանձնաժողովի կազմը բաղկացած է 15 անդամից, այդ թվում` վեցը Գործակալության և մեկական անդամ հավաքագրվում են Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի Ընդերքի տրամադրման գործակալության, Ընդերքի պետական տեսչության, Ընդերքի վարչության և «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` առանձնացած և կառուցվածքային ստորաբաժանումներ) հաստիքային աշխատակիցներից և հինգը անկախ փորձագետներից:
Գործակալության պետը, Գործակալության պետի տեղակալը, Գործակալության Հանքավայրերի արդյունաբերական գնահատման, Օգտակար հանածոների պաշարների և Օգտակար հանածոների պաշարների շարժի բաժինների պետերը և Գործակալության գլխավոր (կամ առաջատար) մասնագետը Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են ի պաշտոնե:
Առանձնացված և կառուցվածքային ստորաբաժանումների հաստիքային աշխատակիցները Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են համապատասխան ստորաբաժանման ղեկավարի, իսկ անկախ փորձագետները` Գործակալության պետի ներկայացմամբ:
(2-րդ կետը փոփ. 16.02.15 թիվ 26-Ն հրաման)
3. Գործակալության պետը Հանձնաժողովի նախագահն է, Գործակալության պետի տեղակալը` Հանձնաժողովի նախագահի տեղակալն է, իսկ գործակալության գլխավոր (կամ առաջատար) մասնագետը` Հանձնաժողովի պատասխանատու քարտուղարն է:
4. Քննարկվող հարցերի վերաբերյալ որոշումներն ընդունվում են Հանձնաժողովի նիստերում, որոնք հրավիրվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ ուշ, քան ամիսը մեկ անգամ:
5. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է Հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին: Ընդ որում, պարտադիր է փորձաքննվող նյութերի հեղինակ չհանդիսացող անկախ փորձագետներից և այլ առանձնացված ու կառուցվածքային ստորաբաժանումներից Հանձնաժողովի` առնվազն երկուական անդամների մասնակցությունը:
6. Հանձնաժողովի նիստը վարում է Հանձնաժողովի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում` տեղակալը:
7. Հանձնաժողովի նիստերում որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ, նիստերին մասնակցած անդամների (բացառությամբ նյութերի հեղինակի) ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում որոշիչ է նիստը նախագահողի ձայնը:
8. Հանձնաժողովի ընդունած որոշումները ձևակերպվում են նիստի արձանագրությամբ, որն ստորագրում են նիստին մասնակցած Հանձնաժողովի անդամները:
Եթե Հանձնաժողովի առանձին անդամներ համաձայն չեն ընդունված որոշման հետ, ապա նրանց հատուկ կարծիքները կցվում են նիստի արձանագրությանը:
Հանձնաժողովի արձանագրությունը մասնագիտական հիմնավորում է Գործակալության կողմից ընդունվելիք համապատասխան որոշման համար:
9. Հանձնաժողովի նիստը հրավիրվում է Հանձնաժողովի նախագահի, իսկ նրա բացակայության դեպքում` տեղակալի կողմից:
Նիստի անցկացման կազմակերպումը իրականացնում է Հանձնաժողովի պատասխանատու քարտուղարը: Վերջինս նիստից առնվազն երեք աշխատանքային օր առաջ տեղյակ է պահում նիստի օրակարգի և ժամկետների մասին Հանձնաժողովի բոլոր անդամներին, միաժամանակ նրանց հնարավորություն տալով ծանոթանալու փորձաքննության ներկայացված նյութերի ու Հանձնաժողովի կայանալիք նիստի արձանագրության նախագծի հետ:
Հանձնաժողովի նիստերին մասնակցում է քննարկվող նյութերի փորձաքննության պատասխանատուն, իսկ նրա բացակայության դեպքում` համապատասխան բաժնի պետը:
Նյութերի պետական ընդերքաբանական փորձաքննությունն իրականացրած Գործակալության անկախ փորձագետի և (կամ) նյութերի հեղինակի բացակայությունը չի կարող խոչընդոտ հանդիսանալ Հանձնաժողովի նիստը անցկացնելու համար:
Նիստին դիտորդի կարգավիճակով կարող են մասնակցել նաև քննարկվող նյութերի պատվիրատուն և հրավիրված այլ անձինք:
10. Առանձին դեպքերում փորձաքննվող հարցերը կարող են քննարկվել գնահատվող օբյեկտներում հրավիրվող Հանձնաժողովի արտագնա նիստերում, որոնց կազմակերպումն ապահովում է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմը:
11. Հանձնաժողովի անդամներն իրավունք ունեն.
i
- նախապես Գործակալությունում ծանոթանալու Հանձնաժողովի նիստում քննարկվելիք նյութերի ամբողջական փաթեթի հետ,
- մասնակցելու Գործակալության պետական ընդերքաբանական փորձաքննությանը ներկայացված նյութերի աշխատանքային քննարկումներին,
- աշխատանքային քննարկումների ժամանակ և Հանձնաժողովի նիստերում գրավոր կամ բանավոր ներկայացնելու իրենց տեսակետները փորձաքննվող նյութերի վերաբերյալ:
(11-րդ կետը փոփ. 16.02.15 թիվ 26-Ն հրաման)
12. Հանձնաժողովի անդամները պարտավոր են.
i
- ապահովել նյութերի պետական ընդերքաբանական փորձաքննության ընթացքում ձեռք բերված տեղեկատվության խորհրդապահությունը,
- ապահովել պետական ընդերքաբանական փորձաքննության ներկայացված նյութերի վերաբերյալ իրենց օբյեկտիվ և անաչառ մոտեցումները:
(12-րդ կետը լրաց. 16.02.15 թիվ 26-Ն հրաման)