(ուժը կորցրել է 24.07.2022 թվականից` 22.04.2021 թիվ 634-Ն որոշում)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
29 հոկտեմբերի 2009 թվականի N 1277-Ն
«ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՋԱՐԴՄԱՆ, ՏԵՍԱԿԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՐՍՏԱՑՄԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ» ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(1-ին մաս)
Ղեկավարվելով «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածով և 6-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Օգտակար հանածոների ջարդման, տեսակավորման և հարստացման անվտանգության կանոններ» տեխնիկական կանոնակարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից վեց ամիս հետո:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2009 թվականի հոկտեմբերի 29-ի
N 1277-Ն որոշման
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ «ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՋԱՐԴՄԱՆ, ՏԵՍԱԿԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՐՍՏԱՑՄԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ»
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. «Օգտակար հանածոների ջարդման, տեսակավորման և հարստացման անվտանգության կանոններ» տեխնիկական կանոնակարգը (այսուհետ` կանոնակարգ) մշակված է «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի և 6-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի կիրարկումն ապահովելու համար և սահմանում է պահանջներ` օգտակար հանածոների ջարդման, տեսակավորման և հարստացման աշխատանքների անվտանգ կատարման համար:
2. Սույն կանոնակարգի պահանջները տարածվում են Հայաստանի Հանրապետության տարածքում օգտակար հանածոների ջարդման, տեսակավորման և հարստացման աշխատանքներ իրականացնող կազմակերպությունների վրա (այդ թվում` օտարերկրյա)` անկախ դրանց կազմակերպական-իրավական ձևերից:
3. Օգտակար հանածոների ջարդման, տեսակավորման և հարստացման օբյեկտները ենթակա են գրանցման արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում` «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածով սահմանված կարգով:
4. Օգտակար հանածոների հարստացման ֆաբրիկաների (այսուհետ` ֆաբրիկա) նախագծումը, կառուցումը, շահագործումը, կոնսերվացումը և լուծարումը տեխնիկական անվտանգության պահանջներով պետք է կատարվի «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
5. Ֆաբրիկայի նախագծերը ենթակա են շրջակա միջավայրի վրա ազդեցության, սանիտարահիգիենիկ անվտանգության, քաղաքաշինական և տեխնիկական անվտանգության փորձաքննության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Ռադիոակտիվ նյութեր պարունակող օգտակար հանածոների հարստացման ֆաբրիկաների նախագծերը ենթակա են միջուկային և ճառագայթային անվտանգության փորձաքննության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Արգելվում է սկսել օգտակար հանածոների ջարդման, տեսակավորման, հանքահարստացման գործառույթներ` առանց այդ օբյեկտների մասին փորձաքննության դրական եզրակացության: Արգելվում է ֆաբրիկաների կառուցման, շահագործման, կոնսերվացման և գործունեության դադարեցման գործընթացներն իրականացնել նախագծային փաստաթղթերից շեղումներով:
6. Նոր կառուցված և վերակառուցված ֆաբրիկաների համալիրները պետք է շահագործման հանձնվեն հանձնաժողովի միջոցով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 8-ի «Ավարտված շինարարության շահագործման փաստագրման կարգը հաստատելու մասին» N 626-Ն որոշմամբ հաստատված պահանջներին համապատասխան:
7. Ֆաբրիկա շահագործող կազմակերպությունները, համաձայն Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 250-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերի, պարտադիր կարգով պետք է մշակեն և հաստատեն հնարավոր վթարների նախազգուշացման և դրանց հետևանքների վերացման գործողությունների պլաններ:
8. Ֆաբրիկայում աշխատանքներ իրականացնող իրավաբանական և ֆիզիկական անձինք, համաձայն «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի, պարտավոր են հաստատել օբյեկտի տեխնիկական անվտանգության վկայագիր` այն մշակելով վկայագրին ներկայացվող պահանջներին համապատասխան:
9. Ֆաբրիկայի օբյեկտների, այդ թվում` պոչամբարների լիկվիդացման դեպքում` դրանց տակ գտնվող խախտված հողատարածքները ենթակա են ռեկուլտիվացման (վերականգնման): Հողերի ռեկուլտիվացումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի «Հողերի ռեկուլտիվացմանը ներկայացվող պահանջների և ռեկուլտիվացման ենթակա խախտված հողերի դասակարգման տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 750-Ն որոշմամբ հաստատված պահանջներին համապատասխան:
II. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
10. Սույն կանոնակարգում օգտագործվում են հետևյալ հասկացությունները`
1) օգտակար հանածոների հարստացման ֆաբրիկա` երկրի մակերևույթի վրա տեղակայված շենքերի և շինությունների ու տեխնոլոգիական սարքավորումների համալիր` նախատեսված օգտակար հանածոների ընդունման, ջարդման, տեսակավորման, մեխանիկական և ֆիզիկաքիմիական հարստացման, արտադրանքի (կոնցենտրատի) պահեստավորման համար.
2) օգտակար հանածոների հարստացում` պինդ հանքային հումքի սկզբնական վերամշակում` հանքաքարից բոլոր օգտակար բաղադրամասերի կորզման (անհրաժեշտության դեպքում` և դրանց բաժանման) համար` կիրառելով մեխանիկական և քիմիական-մեխանիկական հարստացման եղանակներ.
3) դասակարգիչ` տեխնոլոգիական սարք, որի միջոցով կատարվում են մանրացված հանքանյութի բաժանումը և դրանց տեսակավորումն ըստ մեծության, խտության կամ ըստ անցման արագության: Կախված միջավայրից, որտեղ տեղի է ունենում մասնիկների խմբավորումը, դասակարգիչները լինում են հիդրավլիկ և պնևմատիկ` կախված կիրառվող ուժի տեսակից` գրավիտացիոն, կենտրոնախույս և էլեկտրական.
4) հանքահարստացման (ֆլոտացման) մեքենա` մեքենասարքավորում, որի մեջ կատարվում է օգտակար հանածոների հարստացում: Կախված խյուսի խառնման և աերացիայի (օդով հագեցման) եղանակներից` հանքահարստացման (ֆլոտացման) մեքենաները լինում են մեխանիկական, պնևմատիկ և կոմբինացված (ենթաաերացիային).
5) հանքահարստացման ռեագենտներ` քիմիական ռեակցիային մասնակցող օրգանական և անօրգանական նյութեր, որոնց որոշակի քանակությունն ավելացնելով հարստացման խյուսին` կարգավորում է օգտակար հանածոյի հարստացման գործընթացը.
6) գրավիտացիոն հանքահարստացում` հանքանյութն իրարից բաժանելու եղանակ, որը հիմնված է ծանրության կամ կենտրոնախույս ուժերի դաշտում հանքանյութի տեսակարար կշիռների տարբերության օգտագործման սկզբունքի վրա.
7) մագնիսական հանքահարստացում` հանքահարստացման եղանակ, որը հիմնված է մագնիսական դաշտում հարստացվող հանքաքարին այլ նյութերի բաղադրիչների մագնիսական հատկությունների տարբերության օգտագործման սկզբունքի վրա.
8) էլեկտրական հանքահարստացում` հանքահարստացման եղանակ, որը հիմնված է էլեկտրական դաշտում հանքաքարին այլ նյութերի բաղադրիչների էլեկտրական հատկությունների տարբերության օգտագործման սկզբունքի վրա.
9) ռադիոմետրիկ հանքահարստացում` օգտակար հանածոների հանքահարստացման եղանակ` իոնիզացնող և ռադիոիզոտոպային ճառագայթման աղբյուրների, ռենտգենյան սարքերի և տարրական մասնիկների արագացուցիչների օգտագործմամբ.
10) ռենտգենալյումինեսցետային հանքահարստացում` օգտակար հանածոների հանքահարստացման եղանակ` հիմնված լյումինեսցենտող (լուսարձակող) ռենտգենյան ճառագայթների ազդեցությամբ հանքանյութի հատկությունների օգտագործման վրա.
11) ապարախյուս` կոպիտ և բարակ կախույթներից (սուսպենզիա), խարամներից և տիղմերից բաղկացած, միմյանց հետ փոխկապակցված պինդ մասնիկների և հեղուկների խառնուրդ.
12) խյուսի խտացում` խտացուցիչ մեքենաներում ծանրության ուժի ազդեցությամբ հեղուկ խյուսից պինդ մասնիկների անջատման գործընթաց, որի հետևանքով ստացված թանձր արտադրանքի մեջ մտնում է աննշան քանակությամբ ջուր.
13) խտացուցիչ` գլանաձև ռեզերվուար, որտեղ ծանրության ուժի ազդեցությամբ պինդ նյութերը նստեցման (խառնելու) եղանակով անջատվում են հեղուկից և ռեզերվուարի հատակում գտնվող անցքով քերիչների օգնությամբ բեռնաթափվում.
14) չորացնող մեքենա` գոլորշիացվող հեղուկի եռման ջերմաստիճանից ցածր ջերմաստիճանային պայմաններում հարստացված նյութում գտնվող հեղուկի շոգիացման սարքավորում, որի մեջ հարստանյութը չորանում է տաքացած օդի կամ գազերի հետ ուղղակի հպման հետևանքով.
15) հանքահարստացման արգասիքներ` օգտակար հանածոների հարստացման արդյունքում ստացված նյութեր` խտանյութ, միջանկյալ նյութեր, պոչեր և այլն.
16) խտանյութ` օգտակար հանածոների հարստացումից ստացված նյութ, որի մեջ արժեքավոր բաղադրիչի պարունակությունն զգալիորեն բարձր է սկզբնական նյութի (հանքաքարի) պարունակությունից.
17) պոչեր` օգտակար հանածոների հարստացումից հետո ավելացված նյութեր, որոնք պարունակում են օգտակար բաղադրիչների այնպիսի քանակություն, որոնց կորզումը տվյալ ֆաբրիկայում աշխատող տեխնոլոգիաների պայմաններում անհնար է կամ տնտեսապես ոչ նպատակահարմար.
18) պոչամբար` սովորաբար ծալքավոր տեղանքում կառուցված հիդրոտեխնիկական կառույց` նախատեսված հանքահարստացումից հետո առաջացած նյութերի, դրանց նստվածքների ու պոչային խյուսի կուտակման, արտադրական հոսքային ջրերի հավաքման և մաքրման համար.
19) շրջանառվող ջրամատակարարում` արդյունաբերական ջրամատակարարման համակարգ` նախատեսված արտադրական նպատակով օգտագործված ջրի մաքրման և նույն արտադրական գործընթացի մեջ վերաշրջանառությամբ օգտագործման համար.
20) ապարների ջարդման և տեսակավորման մեքենա` մեքենասարքավորում` նախատեսված օգտակար հանածոների և այլ լեռնային ապարների ջարդման, մանրացման, տեսակավորման և փոխադրման համար: Կիրառվող տեսակներն են` հարվածային, դիմային, կոնային, սռնակային և այլն.
21) հանքաքարի մանրացում` արտաքին մեխանիկական ուժերի հարվածի և տրոհման ազդեցությամբ լեռնային զանգվածի բաժանում առանձին` ավելի փոքր չափեր ունեցող մասերի, որի ժամանակ համահարթվում են նյութի մասնիկները կապակցող ուժերը, և առաջանում են նոր մակերեսներ.
22) քարամաղում` համեմատաբար մեծ կտորներով օգտակար հանածոների և այլ ապարների մաղում, ըստ խոշորության տարբեր կարգերի բաժանում, որն իրականացվում է մաղման մակերես ունեցող սարքավորումների միջոցով և հիմնականում կիրառվում է հանքահարստացումից առաջ հանքաքարի ջարդման և մանրացման վերջին փուլում.
23) հանքաքարի տեսակավորում` միատեսակ չափերով հատիկավոր և բազմադիսպերս նյութի մասնիկների բաժանում` ըստ տեսակների` քարամաղման, հիդրավլիկ և պնևմատիկ դասակարգման օգնությամբ կամ կենտրոնախույս դաշտում.
24) բունկեր` մետաղե, երկաթբետոնե, փայտե կամ համակցված կոնստրուկցիայով շինություն` նախատեսված հանքաքարի կամ այլ նյութերի կուտակման, կարճ ժամանակով պահեստավորման և փոխաբեռնման համար.
25) կորզում` բաժանման տեխնոլոգիական գործընթացներում (օգտակար հանածոների հարստացման, մետալուրգիական, քիմիական տեխնոլոգիայի և այլ) ելանյութից օգտակար բաղադրամասերը հանելու (կորզելու) չափանիշ: Կորզումը որոշվում է կորզված նյութի և ելանյութում դրա զանգվածների հարաբերությամբ` արտահանված տոկոսներով.
26) ամալգամացում` սնդիկով հանքաքարերից մետաղ կորզելու եղանակ, որի ժամանակ սնդիկով թրջվելիս` մետաղները վերածվում են ամալգամի և անջատվում դատարկ ապարներից ու ավազից: Ամալգամացման եղանակը կիրառվում է հանքաքարից ազնիվ մետաղներ կորզելու համար.
27) ժապավենային փոխակրիչ` անընդհատ գործողությամբ անշարժ, շարժական և կիսաշարժ մեքենա` նախատեսված օգտակար հանածոների բարձման և փոխադրման համար.
28) էլեկտրատեղակայանքներ` էլեկտրական մեքենաների, սարքերի, էլեկտրահաղորդման գծերի, ենթակայանների և օժանդակ էլեկտրական սարքավորումների համախումբ` նախատեսված ֆաբրիկայի տեղամասերին, արտադրամասերին, տեխնոլոգիական սարքավորումներին էլեկտրական էներգիայի հաղորդման, փոխակերպման և բաշխման համար.
29) օդափոխիչ կայանք` սարքավորում` նախատեսված ֆաբրիկայի համապատասխան տեղամասերի և արտադրամասերի օդափոխության, աշխատանքային տեղերում մաքուր օդի սահմանային թույլատրելի քանակության ստեղծման և պահման համար:
III. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ
11. Յուրաքանչյուր հանքահարստացուցիչ ֆաբրիկայում (այսուհետ` ֆաբրիկա) կազմակերպության ղեկավարության հրամանով պետք է սահմանվի համակարգված հսկողություն շենքերի, շինությունների ու կառույցների վիճակի անվտանգության և ճիշտ շահագործման վրա:
12. Ֆաբրիկայի յուրաքանչյուր տեղամասի համար կազմակերպության ղեկավարության կողմից պետք է հաստատվի հրդեհի և պայթյունի վտանգավորության կարգ և իրականացվի այդ կարգին համապատասխանող անվտանգության միջոցառումներ` դրանց կոնկրետ կատարողների պարտականությունների ու իրավունքների նշմամբ:
13. Ֆաբրիկայի արտադրամասերում շահագործվող յուրաքանչյուր սարքավորման և ագրեգատի համար կազմակերպության ղեկավարության կողմից պետք է մշակվի հրահանգ` արտադրության տվյալ գործընթացի (պրոցես) անվտանգ վարման համար:
14. Ֆաբրիկայում աշխատանքի ընդունվող անձինք պետք է ենթարկվեն պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննության` Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 15-ի «Արտադրական միջավայրում և աշխատանքի գործընթացի վնասակար ու վտանգավոր գործոնների ազդեցությանը ենթարկվող բնակչության առանձին խմբերի առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության անցկացման կարգը, գործոնների, կատարվող աշխատանքների բնույթի, զննության ծավալի, բժշկական հակացուցումների ցանկերը և աշխատանքի պայմանների հիգիենիկ բնութագրման կարգը հաստատելու մասին» N 1089-Ն որոշմամբ հաստատված պահանջներին համապատասխան:
15. Ֆաբրիկայում աշխատող անձինք պետք է ապահովված լինեն անհատական պաշտպանության սարքին միջոցներով, ունենան արտահագուստ, հատուկ կոշիկներ, հակագազեր, ձեռնոցներ և շնչադիմակներ` Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 11-ի «Անհատական պաշտպանության միջոցների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1631-Ն որոշմամբ հաստատված պահանջներին համապատասխան. Արգելվում է օգտագործել անսարք և ժամկետանց պաշտպանության միջոցներ:
16. Ֆաբրիկայում աշխատանքի ընդունվող բոլոր անձինք (այդ թվում` նաև ժամանակավոր) պետք է անցնեն նախնական ուսուցում և գիտելիքների ստուգում`
1) տեխնիկական անվտանգությանն առնչվող հարցով.
2) թունավորումներից, էլեկտրահարումից, այլ դեպքերից տուժածներին առաջին օգնություն ցույց տալու հարցերով.
3) վնասակար և թունավոր նյութերի հետ անվտանգ աշխատելու հարցերով:
17. Ֆաբրիկայի աշխատանքներում ընդգրկված ինժեներատեխնիկական կադրերի և մասնագետների տեխնիկական անվտանգությանն առնչվող հարցերով ուսուցումը և որակավորումը կատարվում է «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի «գ» կետի պահանջներին համապատասխան:
18. Ֆաբրիկայում աշխատող բանվորական անձնակազմի ուսուցումը և գիտելիքների ստուգումն իրականացվում է կազմակերպության միջոցների հաշվին, ղեկավարության կողմից ըստ մասնագիտությունների հաստատված ծրագրերի և թեմատիկ պլանների համաձայն: Եթե ֆաբրիկայում աշխատող անձինք, ելնելով աշխատանքային պայմաններից, կատարում են աշխատանքներ` երկու և ավելի մասնագիտությունների գծով, ապա նրանք պետք է անցնեն ուսուցում և գիտելիքների ստուգում` յուրաքանչյուր մասնագիտության գծով:
19. Ֆաբրիկայում աշխատող այն անձինք, որոնց աշխատանքները կապված են էլեկտրական սարքերի (մեքենաների) սպասարկման հետ, պետք է տեխնիկական անվտանգության գծով ունենան որակավորման խումբ` Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի «Էլեկտրակայանքների շահագործման անվտանգության կանոններ» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1933-Ն և «Սպառողների էլեկտրակայանքների շահագործման անվտանգության կանոններ» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1939-Ն որոշումներով հաստատված պահանջներին համապատասխան:
20. Ֆաբրիկայի յուրաքանչյուր աշխատող նախքան աշխատանքն սկսելը պարտավոր է իր աշխատատեղում ստուգել մեխանիզմների, պաշտպանիչ սարքերի, գործիքների և աշխատանքների համար անհրաժեշտ հարմարանքների սարքինությունը:
21. Մեխանիզմների, մեքենաների, տրանսպորտային միջոցների գործարկումն սկսելուց առաջ աշխատողը պարտավոր է տալ ձայնային ազդանշան, որոնց նշանակության մասին պետք է ծանոթ լինեն բոլոր աշխատողները: Տրվող ազդանշանների աղյուսակը պետք է փակված լինի աշխատող մեխանիզմի վրա կամ դրա մոտակայքում:
22. Ֆաբրիկայի աշխատողներին արգելվում է հանգստանալ կամ այլ գործունեությամբ աշխատող մեխանիզմների մոտակայքում, տրանսպորտային ուղիների ու սարքավորումների վրա, ծխել կամ սնունդ ընդունել անմիջապես աշխատատեղում:
23. Ֆաբրիկայի յուրաքանչյուր աշխատատեղ պետք է ունենա բավարար լուսավորություն և ապահովված լինի անկախ աղբյուրից կամ մարտկոցից սնվող վթարային լուսավորությամբ:
24. Ֆաբրիկայի յուրաքանչյուր աշխատող, նկատելով մարդկանց կյանքին, արտադրությանը, շրջակա միջավայրին սպառնացող վտանգավոր երևույթներ, պարտավոր է դրանց մասին անհապաղ տեղեկացնել տվյալ տեղամասի ղեկավարին, մարդկանց տեղահանել անվտանգ գոտի:
25. Ֆաբրիկայում աշխատատեղերը և մարդկանց անցատեղերը պետք է լինեն մաքուր վիճակում: Արգելվում է անցատեղերի ծանրաբեռնումը տարբեր իրերով, առարկաներով և նյութերով: Տարբեր նյութերը, մեքենաների մասերը, մետաղի ջարդոնը և արտադրական թափոնները պետք է պահվեն հատուկ առանձնացված տեղերում:
26. Ֆաբրիկայի տարածքում աշխատողների տեղաշարժը թույլատրվում է միայն այդ նպատակի համար հատկացված անցատեղերով, աստիճաններով ու հարթակներով: Խստիվ արգելվում են աշխատողների անցումները խողովակների, վաքերի, արգելքների և այլ սարքավորումների վրայով: Սպասարկման բոլոր հարթակները, անցման կամրջակները և աստիճանները պետք է լինեն ամուր և դիմացկուն, ունենա 1 մ-ից ոչ պակաս բարձրությամբ բազրիքներ: Առանձին դեպքում` առավել ապահով անցատեղերում այդ բարձրությունը կարող է լինել նվազագույնը 0,8 մ:
27. Մեխանիզմների, սարքավորումների սպասարկման աշխատանքային հարթակների սանդուղքները պետք է ունենան հետևյալ թեքման անկյունները`
1) մշտական շահագործման տակ գտնվողները` 45o-ից ոչ ավելի.
2) հերթափոխում ոչ հաճախակի օգտագործվողները` 60o-ից ոչ ավելի.
3) խյուսափոսերում, ջրհորներում գտնվողները` մինչև 75o: Բոլոր դեպքերում աստիճանների լայնությունը պետք է լինի 0,6 մ-ից ոչ պակաս, սանդուղքների աստիճանների միջև բարձրությունը` 0,35 մ-ից ոչ ավելի, սանդղակի լայնությունը` 0,25-ից ոչ ավելի: Սանդղաաստիճանները պետք է պատրաստվեն ակոսավոր մետաղաթիթեղից:
28. Հավաքակցման համար նախատեսված հարթակները, փոսիկները, խյուսափոսերը, ջրհորներն ու առուները և այլն պետք է ցանկապատվեն 1 մ-ից ոչ պակաս բարձրությամբ բազրիքներով:
29. Խողովակները, վաքերը և այլ հաղորդակցուղիները (կոմունիկացիաներ) չպետք է ծանրաբեռնեն աշխատանքային հարթակները, իսկ դրանք աշխատանքային հարթակներում կամ անցատեղերում խաչվելու դեպքում պետք է տեղադրվեն հատակից առնվազն 2 մ բարձրության վրա:
30. Աշխատանքային հարթակները և մարդկանց անցատեղերը հատող ռեագենտագծերը պետք է սարքավորվեն ընդկալներով: Ընդկալների նվազագույն բարձրությունը հարթակի (անցատեղի) հատակից` պետք է լինի 1,8-ից ոչ պակաս: Արգելվում է ագրեսիվ լուծույթներ (ռեագենտներ) փոխադրող խողովակագծերի անցկացումն այլ խողովակագծերից վերև:
31. Նվազագույն հեռավորությունը մեքենաների և սարքավորումների միջև, ինչպես նաև հեռավորությունը շինության պատից սարքավորումների եզրաչափերի միջև պետք է լինի`
1) հիմնական անցատեղերում` 1,5 մ-ից ոչ պակաս.
2) մեքենաների միջև եղած աշխատանքային անցատեղերում` 1 մ-ից ոչ պակաս.
3) պատի և մեքենաների միջև եղած աշխատանքային անցատեղերում` 0,7 մ-ից ոչ պակաս.
4) դեպի բաքերը, չաները, ռեզերվուարները տանող սպասարկման և վերանորոգման անցատեղերում` 0,7 մ-ից ոչ պակաս:
32. Հեռակառավարման և չափիչ-ստուգիչ սարքեր չունեցող, հատակից 1,5 մ-ից ոչ պակաս բարձրությամբ տեղադրված ճնշումային արմատուրների սպասարկման համար պետք է տեղադրվեն մշտական հարթակներ` 0,8 մ-ից ոչ պակաս լայնությամբ:
33. Մեքենասարքավորումների խոշոր հանգույցների և տարրերի փոխադրման համար նախատեսված անցումների նվազագույն լայնությունը որոշվում է հանգույցների և տարրերի ամենամեծ ընդլայնական չափով` ավելացված 0,6 մ:
34. Վառելիքաքսուքային, սրբող, մաքրող նյութերն աշխատանքային տեղերում պետք է պահվեն փակ մետաղե անոթներում: Արգելվում է հեշտ բռնկվող նյութերի (բենզին, նավթ և այլն) պահումն աշխատանքային տեղերում:
35. Ֆաբրիկայի արտադրական նշանակության ճանապարհները պետք է լինեն հարմար` հրշեջ մեքենաների երթևեկության համար: Եթե արտադրական պայմաններից ելնելով` չի պահանջվում դեպի ֆաբրիկայի շինությունները կառուցել մուտքի ճանապարհներ, ապա հրշեջ մեքենաների մուտքը պետք է ապահովվի շենքի երկու կողմերի ամբողջ երկայնքով 6 մ լայնությամբ հարթեցված տարածքով:
36. Ճանապարհի բանուկ մասի կամ հարթեցված տարածքի եզրից մինչև ֆաբրիկայի շենքի պատը հեռավորությունը պետք է լինի 25 մ-ից ոչ ավելի: Հրշեջ մեքենաների համար հարթեցված տարածքը պետք է լինի մաքուր, չծանրաբեռնված տարբեր իրերով, ունենա մակերեսային ջրահեռացում, իսկ կավահողային և փոշենման գրունտի դեպքում` ծածկվի խարամով:
37. Ֆաբրիկայի բոլոր արտադրական և օժանդակ շենքերը, շինությունները, տեղակայանքները և պահեստարանները պետք է ապահովված լինեն հրդեհաշիջման անհրաժեշտ միջոցներով, գործիքներով, գույքով:
38. Ֆաբրիկայի տարածքով պետք է անցկացվի հակահրդեհային ջրախողովակ` միացված արտադրատնտեսական կամ խմելու ջրատարի հետ: Ջրածորակները (հիդրատները) պետք է տեղադրվեն ճանապարհների և մուտքերի երկայնքով` իրարից 150 մ-ից ոչ ավելի հեռավորության վրա, շենքերի պատից 5 մ-ից ոչ պակաս և խաչմերուկների մոտակայքում բանուկ մասի եզրից` 2 մ-ից ոչ ավելի հեռավորության վրա:
39. Ֆաբրիկայի տարածքում ձևավորվող կեղտաջրերը և հատակի ողողաջրերը նախքան ջրատարներ կամ ջրային ռեսուրսներ արտամղվելը պետք է ենթարկվեն տեղային մաքրման, իսկ արտահոսքը պետք է իրականացվի միայն ջրօգտագործման թույլտվության դեպքում` տրված իրավասու մարմնի կողմից:
40. Ֆաբրիկայի տատանում (թրթռում) առաջացնող սարքավորումների (ապարաջարդիչներ, աղացներ, քարամաղեր և այլն) համար պետք է կենսագործվեն տատանումը (թրթռումը) նվազեցնող տեխնոլոգիական, սանիտարատեխնիկական միջոցառումներ:
41. Աղմուկ առաջացնող սարքավորումների տեղադրման շինությունները մյուս տեղամասերից պետք է անջատվեն ձայնամեկուսիչ միջնապատերով:
42. Ֆաբրիկայի այն շինություններում, որտեղ տեղակայված են մեծաքանակ ջրային մակերեսով սարքավորումներ (ֆիլտրացնող մեքենաներ, դասակարգիչներ, խտացման չաներ, խտանյութի սեղաններ և այլն), կոնդենսատի կազմակերպված հոսքն ապահովելու համար պետք է նախատեսվեն սարքեր:
43. Ֆաբրիկայի շինությունների կոնստրուկտիվ տարրերը, պատերը, առաստաղը պետք է ունենան այնպիսի մակերես և ծածկույթ, որպեսզի հնարավոր լինի դրանց հեշտ մաքրումը, և բացառվեն ցիանիդի և մյուս վտանգավոր նյութերի կուտակումները:
44. Ֆաբրիկայի այն շինություններում, որտեղ տեխնոլոգիական գործընթացներն իրականացվում են թթու միջավայրում, պատերի, հատակի, առաստաղի, հարկամիջյան ծածկերը պետք է համապատասխանեն գործող շինարարական նորմերին:
45. Ֆաբրիկայի արտադրական սարքավորումները և արտադրական կոնստրուկցիաները, որոնց մակերեսի ջերմաստիճանը բարձր է (ավելի քան 45 oC), պետք է ջերմամեկուսացվեն:
2. ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐԻ ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ
46. Ֆաբրիկայի տեխնիկական սարքերի շարքն են դասվում ագրեգատները, մեքենաները, մեխանիզմները, տեխնիկական համակարգերն ու համալիրները, տեխնոլոգիական սարքավորումները և ապարատները:
47. Ֆաբրիկայում շահագործման մեջ գտնվող տեխնիկական սարքերը պետք է լինեն անխափան վիճակում, հագեցված` ազդարարման միջոցներով, անհրաժեշտ հսկիչ-չափիչ սարքերով, ինչպես նաև ունենան գործող միջոցներ` գերծանրաբեռնվածությունից պաշտպանության համար:
48. Ֆաբրիկայում շահագործվող անվտանգության չափիչ-ստուգիչ սարքերի և այլ սարքերի ու հարմարանքների նկատմամբ անհրաժեշտ է ապահովել չափումների միասնականությունը, որը պետք է իրականացվի «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
49. Ֆաբրիկայի մեքենաների ու մեխանիզմների բոլոր շարժվող մասերը (կցորդիչ, փոխանիվ, փոխանցիչ և այլն) պետք է ունենան սարքին մոտենալը բացառող ճաղաշարքեր: Մեքենաների ու մեխանիզմների ատամնային և շղթայական փոխանցումները, անկախ դրանց տեղադրման բարձրությունից և շարժման արագությունից, պետք է ունենան հոծ ճաղաշարքեր:
50. Նախքան մեքենասարքավորման գործարկումը` մեքենավարը պետք է համոզված լինի մոտակայքում գտնվող մարդկանց անվտանգության մեջ և կիրառի նախազգուշական, ձայնային ազդանշաններ: Տեսադաշտից դուրս գտնվող սարքավորումների գործարկումից առաջ պետք է տրվի ձայնային նախազգուշական ազդանշան` 10 վ-ից ոչ պակաս տևողությամբ: Առաջին ազդանշանից հետո պետք է տրվի դադար` 30 վ-ից ոչ պակաս տևողությամբ, որից հետո պետք է տրվի երկրորդ ազդանշանը` 30 վայրկյան տևողությամբ:
51. Աշխատատեղերում բարձր աղմուկի դեպքում պետք է նախատեսվեն նաև լուսային ազդանշաններ: Տրվող ազդանշաններին պետք է ծանոթ լինեն ֆաբրիկայի բոլոր աշխատողները: Ազդանշանների պայմանական նշանները պետք է կախվեն երևացող տեղերում:
52. Ֆաբրիկայի բոլոր աշխատատեղերը պետք է ունենան բավարար լուսավորություն, սարքին գործիքներ, հարմարանքներ, էլեկտրահարումից պաշտպանության միջոցներ և գույք:
53. Ֆաբրիկայի տեխնիկական սարքերի վիճակը պետք է ստուգվի յուրաքանչյուր հերթափոխում` մեքենավարի (օպերատորի) կողմից, շաբաթական մեկ անգամ` հերթափոխի տեխնիկական պատասխանատու անձի կողմից, ամենամսյա` ֆաբրիկայի գլխավոր մասնագետների (գլխավոր մեխանիկ, գլխավոր էներգետիկ) կողմից: Ստուգման արդյունքները պետք է լուսաբանվեն հերթափոխի հանձնման-ընդունման գրանցամատյանում:
54. Ֆաբրիկայի սարքերի գործարկումը, հավաքակցումը կամ ապահավաքակցումը պետք է կատարվեն միայն արտադրող գործարանի տեխնիկական անձնագրերին, շահագործման և մյուս նորմատիվ փաստաթղթերին համապատասխան:
55. Արգելվում է մեքենայի աշխատանքի ժամանակ կատարել դրա շարժվող մասերի կամ ճաղաշարքերի վերանորոգում, թափվածքը հավաքել ձեռքով, ինչպես նաև ձեռքով յուղել գործող մեքենան` առանց համապատասխան հարմարանքի:
56. Էլեկտրաէներգիայի անջատման կամ այլ պատճառներով սարքի կանգառի դեպքերում բոլոր էլեկտրաշարժիչների շարժաբերները, որոնց ինքնագործարկումն անթույլատրելի է, պետք է ունենա դրանց ինքնագործարկումն անթույլատրելի է, պետք է ունենան դրանց ինքնագործարկումը կանխարգելող սարք` էլեկտրաէներգիայի հաղորդման վերականգնման դեպքում:
57. Հանքաքարի ընդունման բունկերները պետք է սարքավորվեն հանքաքարի կախվածքները, պնդանալը, սառչելը կանխող հարմարանքներով: Աշխատանքային գոտիներ փոշու ներթափանցումը կանխելու նպատակով բունկերների բարձման և բեռնաթափման համար պետք է կիրառվեն դոզավորիչ սարքեր:
58. Կուտակիչ բունկերները և չոր հանքաքարի համար տարողությունները պետք է սարքավորվեն դրանց գերլցումը կանխարգելող ավտոմատ սարքերով: Հանքաքարի մնացորդային շերտի բարձրությունը բունկերում պետք է լինի 1 մ-ից ոչ պակաս:
3. ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՓԱԹԵԹԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՆՄՈՒՇԱՌՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ
59. Ֆաբրիկայում նմուշառումը պետք է կատարվի կազմակերպության ղեկավարության կողմից հաստատված կարգով, մեխանիկական նմուշառման սարքի միջոցով` ավտոմատ ռեժիմով կամ հեռակառավարմամբ: Ձեռքով նմուշառումը կարող է կատարվել տեխնոլոգիական սխեմայով սահմանված կետերից:
60. Նմուշառման տեղը (հարթակը) պետք է լինի հարմար և անվտանգ, ունենա տեղային լուսավորություն, դրանց սարքերի շարժվող մասերը պետք է լինեն ցանկապատված: Արգելվում է չսարքավորված կետերից կատարել նմուշառումներ:
61. Փաթեթավորման մեքենաների շենքերն ապրանքային արտադրանքի պահեստից պետք է մեկուսացվեն պատով և ունենան որմնախորշեր` փոխակրիչների ժապավենների անցման համար: Որմնախորշերը պետք է հերմետիկ փակվեն վարագույրներով, գոգնոցներով, որոնք չպետք է խանգարեն փոխակրիչի վրայով արտադրանքի փոխադրմանը:
62. Տարայի տեղափոխումը փաթեթավորման մեքենայի մեքենավարի աշխատատեղի մոտ` պետք է կատարվի մեքենայացված եղանակով:
63. Պատրաստի արտադրանքով պարկերի ուղղորդման համար մամլիչ փոխակրիչներից առաջ պետք է տեղադրվեն հատուկ ուղղորդիչներ: Մամլիչի աշխատանքի ժամանակ փաթեթավորված պարկերը ձեռքով ուղղելը կամ դրանց հանելն արգելվում է:
64. Հանքահարստացման ռեագենտների (այսուհետ` ռեագենտներ) նմուշառումը նախատեսվում է իրականացնել մեքենայացված հարմարանքի օգնությամբ, իսկ եթե ռեագենտների նմուշառումն իրականացվում է ձեռքով, ապա աշխատողները պետք է օգտվեն 200 մմ երկարությամբ բռնակ ունեցող նմուշառման սարքից:
4. ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՕԴԱՓՈԽՄԱՆ, ՓՈՇԵՃՆՇՄԱՆ, ԱՍՊԻՐԱՑՄԱՆ ԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ
65. Բոլոր նոր գործարկվող և վերակառուցվող ֆաբրիկաներում պետք է լինեն օդափոխության, գազամաքրման, փոշեորսման, օդի լավորակման համակարգեր, որոնք կապահովեն աշխատատեղերի օդային միջավայրի կազմը` համաձայն գործող սանիտարական նորմերի:
66. Ֆաբրիկայի արտադրական շենքերում, որտեղ մշտապես գտնվում են մարդիկ, անկախ դրանցում օդի կեղտոտվածության աստիճանից, պետք է իրականացվի արհեստական օդափոխություն:
67. Ֆաբրիկայի տարածքում օդի մեջ փոշու քանակը որոշելու համար առնվազն յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ պետք է կատարվի օդի նմուշառում, ինչպես նաև աշխատատեղերում պետք է ստուգվեն օդի ջերմաստիճանը, խոնավությունը և շարժունակությունը:
68. Ֆաբրիկայի բոլոր շինությունները, որոնց մթնոլորտում հնարավոր են մարդկանց առողջության համար վնասակար գազերի, աերոզոլների և այլ խառնուրդների կուտակումներ, անհրաժեշտ է սարքավորել օդաքաշման-օդափոխության միջոցներով` դրանք կահավորելով համապատասխան չափիչ-ստուգիչ սարքերով: Նշված շինություններում պետք է նաև տեղակայվեն ազդարարման համակարգեր, որոնք կգործեն վտանգավոր նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները բարձրանալու դեպքերում:
69. Նոր տեղադրվող և վերակառուցվող օդափոխության կայանքների գործարկումը պետք է կատարվի հանձնաժողովի միջոցով, որի կազմը սահմանվում է կազմակերպության ղեկավարի հրամանով: Արգելվում է շահագործման հանձնել թերություններ ունեցող կամ ոչ արդյունավետ աշխատող օդափոխության կայանքներ:
70. Օդափոխության կայանքների շահագործման և սպասարկման կարգը յուրաքանչյուր ֆաբրիկայում սահմանվում է հատուկ հրահանգով` հաստատված կազմակերպության ղեկավարության կողմից:
71. Ֆաբրիկայի աշխատանքի ամբողջ ընթացքում օդափոխության և ասպիրացիայի բոլոր հիմնական կայանքները պետք է աշխատեն առանց ընդհատումների: Դրանց կանգնեցումը թույլատրվում է միայն կարճ ժամանակահատվածով` ոչ տևական պրոֆիլակտիկ աշխատանքների կատարման համար: Օդափոխության կայանքների անսարքինության դեպքում արգելվում է աշխատեցնել փոշի և գազ անջատող մեխանիզմները:
72. Ֆաբրիկայի բոլոր շինությունների փոշուց մաքրումը պետք է կատարվի մեքենայացված եղանակով, փոշեծծիչ սարքի միջոցով կամ ջրով լվացմամբ:
73. Այն արտադրամասերում, որտեղ նախատեսվում է հատակի թաց մաքրում, ինչպես նաև թաց տեխնոլոգիական գործընթացներով աշխատող բոլոր արտադրամասերում հատակը պետք է ունենա ոչ ջրաթափանցիկ ծածկույթ: Հատակի թեքությունը ջրի հոսքի համար պետք է լինի 1,8o-ից ոչ պակաս: Հիմնական անցատեղերում հատակի թեքությունը չպետք է գերազանցի 2,6o-ը, ծառայողական անցատեղերում` 6o-ը:
74. Քլորաարգասիքների և այլ ռեագենտների կիրառման դեպքում` ցիան պարունակող արդյունաբերական հոսարանների վնասազերծումն անհրաժեշտ է կատարել միայն հերմետիկացված սարքավորումներով, հսկողության սարքերով և հեռակառավարմամբ:
75. Ապարների ջարդման և տեսակավորման մեքենաները (այսուհետ` ապարաջարդիչ մեքենա), հանքաքար և միջանկյալ արգասիքներ փոխադրող փոխակրիչների ժապավենները, հանքաքարի բարձման և բեռնաթափման սարքավորումների տեղերը (սնուցիչներ, չորացման համար ագրեգատներ, էլեկտրաստատիկ և էլեկտրամագնիսական սեպերատորներ, հանքահարստացման (ֆլոտացման) մեքենաներ, փրփուրաընդունիչների վաքեր, ռեագենտների լուծույթներով տարողություններ) պետք է սարքավորվեն ասպիրացիոն ծածկույթների համակարգերով կամ հիդրոփոշեզերծման համակարգերով` բլոկավորված արտադրական սարքավորումների հետ: Սարքավորումների բլոկավորման համակարգը պետք է ապահովի դրանց միացումը` աշխատանքից 3-5 րոպե առաջ, և դրանց անջատումը` ոչ շուտ, քան սարքավորման կանգառից 5 րոպե հետո:
76. Շինությունները, որոնցում պահվում են ռեագենտներ, պետք է սարքավորվեն օդափոխությամբ, որը կապահովի դրանց մթնոլորտում վնասակար նյութերի սահմանային թույլատրելի չափաքանակների պահպանումը: Ռեագենտների պահման շինություններից դուրս եկող օդը նախքան մթնոլորտ արտանետվելը պետք է ենթարկվի մաքրման և չեզոքացման:
77. Ռեագենտային բաժանմունքում պետք է նախատեսվի ձայնային կամ լուսային ազդարարման համակարգ, ինչը կտա ազդարարում` օդափոխիչների աշխատանքների դադարեցման դեպքում:
78. Օդափոխության կայանքի աշխատանքն ընդհատվելու կամ օդում վնասակար նյութերի կոնցենտրացիան սահմանային թույլատրելի չափաքանակից բարձրանալու դեպքերում արտադրամասում աշխատանքները պետք է անհապաղ դադարեցվեն, իսկ մարդիկ հանվեն մաքուր օդ:
79. Ռեագենտների բեռնաթափման շինությունները, տարաների և անոթների բացման տեղերը, լուծույթների չափերը, տղմազտիչները և այլ սարքեր, որոնցում հնարավոր է վնասակար նյութերի կուտակումներ, ընդհանուր օդափոխության հետ միաժամանակ պետք է ունենան նաև տեղային արտածծիչ օդափոխություն:
80. Տեխնոլոգիական սարքավորումների աշխատանքի ժամանակ ներհոսման և արտաքաշման օդափոխության բոլոր սարքերը պետք է աշխատեն անընդհատ: Անսարք օդափոխման համակարգերի պայմաններում այնպիսի տեխնոլոգիական սարքավորումների շահագործումը, որոնց աշխատանքն ուղեկցվում է փոշու կամ գազի անջատմամբ, արգելվում է:
81. Խտանյութի չորացման, ինչպես նաև օդափոխության և գազամաքրման համակարգերի կառավարումը պետք է իրականացվի կառավարման վահանակից` տեղակայված օպերատորային սենյակում: Չորացման ագրեգատների սպասարկման տեղերում պետք է նախատեսվեն ցնցուղավորող սարքեր` մղվող օդի ջերմաստիճանի ավտոմատ կարգավորման համար:
82. Վակուում-պոմպերից արտածծված գազաօդային խառնուրդները մթնոլորտ նետելուց առաջ պետք է հավաքվեն ընդհանուր ձայնամեկուսիչ-հավաքիչում, մաքրվեն վնասակար բաղադրիչներից և յուղերից:
IV. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՆՔԱՔԱՐԻ ՋԱՐԴՄԱՆ ԵՎ ՏԵՍԱԿԱՎՈՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ
I. ՀԱՆՔԱՔԱՐԻ ՓՈԽԱԴՐՈՒՄՆ ԸՆԴՈՒՆԻՉ ԵՎ ՄԻՋԱՆԿՅԱԼ ԲՈՒՆԿԵՐՆԵՐ
83. Հանքաքարի ընդունման մասնաշենքից (բաժանմունքից) առաջ պետք է տեղադրվի լուսացույց` տրանսպորտային միջոցի ընդունման մուտքի կամ արգելքի համար: Առանձին դեպքերում հանքաքարի բեռնաթափումը կարող է իրականացվել բունկերի սկզբնամասում տեղակայված արգելափակիչի հետ բլոկավորված ձայնային լուսացույցով:
84. Հանքաքարի ընդունման, բեռնաթափման սարքերի և բունկերների աշխատանքային հարթակները պետք է ապահովված լինեն լուսային և ձայնային ազդանշաններով, որոնք տրվում են տրանսպորտային միջոցի մոտենալուց 1,5-2 րոպե առաջ:
85. Հանքաքարը հպակային էլեկտրաքարշերով փոխադրման ժամանակ բեռնաթափման կետերում պետք է տեղադրվեն էլեկտրահարման վտանգի մասին նախազգուշացնող նշաններ: Ընդունման բունկերի վերևի շենքը մտնող էլեկտրաքարշային բացատարման հպալարերը պետք է սարքավորվեն հողանցվող սեկցիոն անջատիչներով:
86. Բունկերի ընդունման հարթակի և սնուցիչի ու խոշոր ապարաջարդիչ մեքենայի հարթակների միջև պետք է պահպանվի կապ (հեռախոսային, ռադիոկապ, լուսային):
87. Ընդունող սարքերի բեռնաթափման բացվածքները կողերից և բեռնաթափման հակառակ կողմից պետք է ցանկապատվեն բազրիքներով, երկկողմանի բեռնաթափման դեպքում ցանկապատումը պետք է կատարվի կողային մասերից:
88. Ինքնաթափ ավտոմեքենաների հետընթաց շարժը սահմանափակելու համար` ֆաբրիկայի բունկերի բացվածքների ցանկապատերի բարձրությունը պետք է լինի 0,7 մ-ից ոչ ավելի` մինչև 23 տ բեռնամբարձությամբ ավտոմեքենաների համար, 1 մ-ից ոչ պակաս` 24-ից մինչև 45 տ բեռնամբարձությամբ ավտոմեքենաների համար, 1,1 մ-ից ոչ պակաս` 46-ից մինչև 55 տ բեռնամբարձությամբ ավտոմեքենաների համար, 1,3 մ-ից ոչ պակաս` 56-ից մինչև 80 տ բեռնամբարձությամբ ավտոմեքենաների համար, 1,5 մ-ից ոչ պակաս` 81 և ավելի տոննա բեռնամբարձությամբ ավտոմեքենաների համար:
89. Բունկերի ընդունիչ հարթակները և հանքաքարի բեռնաթափման հարթակները պետք է սարքավորվեն փոշենստեցման (փոշեորսման) արդյունավետ միջոցներով:
90. Արգելվում է բեռնավորել ընդունող բունկերները, եթե բաց են բեռնաթափման ելանցքերը, և բեռնաթափել դրանք, եթե սպասարկող անձնակազմը գտնվում է բեռնաթափման գոտում:
91. Բունկերներում հանքաքարի կուտակումների, կախվածքների, անցափակումների վերացման համար պետք է կիրառվեն հատուկ հարմարանքներ (էլեկտրաթրթռիչներ, պնևմատիկ սարքեր, ջրալվացում և այլն): Այդ նպատակների համար մարդկանց բունկեր իջեցնելն արգելվում է:
92. Միջանկյալ բունկերները, եթե դրանք չեն բեռնավորվում ինքնաբեռնաթափվող սայլակներով, պետք է ծածկվեն վահանակներով: Ինքնաբեռնաթափվող սայլակների կամ դարձափոխային փոխակրիչների կիրառման դեպքում բունկերների բեռնավորման անցքերը պետք է ծածկվեն 200x200 մմ ցանցաճաղերով կամ ունենան 1 մ-ից ոչ պակաս բարձրությամբ ցանկապատեր:
93. Բունկերները և սարքերը զննումից կամ վերանորոգումից առաջ պետք է ազատվեն հանքաքարից և օդափոխվեն:
94. Վերանորոգման նպատակով բունկերների կամ ընդունիչ ձագարների մեջ մարդկանց իջեցնելու համար արտադրամասի ղեկավարի կողմից պետք է կազմվի կարգադրագիր-թույլտվություն և աշխատանքների կազմակերպման պլան` պարտադիր կարգով պահպանելով հետևյալ պայմանները`
1) բունկերը պարբերաբար պետք է մաքրվի հանքաքարից.
2) աշխատանքները բունկերի ներսում պետք է կատարվի տեխնիկական պատասխանատու անձի հսկողությամբ.
3) բունկերում աշխատող անձինք պետք է հրահանգավորվեն.
4) պետք է տեղադրվեն ազդանշաններ բունկերի ներսում կատարվող աշխատանքների մասին.
5) մարդկանց` բունկեր իջեցնելուց առաջ պետք է կանգնեցվեն բեռնաբարձիչ և բեռնաթափիչ սնուցիչները, անջատվեն դրանք, և պետք է կախվի ցուցատախտակ` «Չմիացնե՛լ. մարդիկ են աշխատում» գրառմամբ.
6) բունկերը պետք է սարքավորվի հատուկ ծածկոցներով` վերևից որևէ առարկաների, իրերի ընկնելը կանխելու համար.
7) վերանորոգում կատարող անձինք պետք է հագնեն պաշտպանիչ գոտիներ, ունենան հենարաններից հուսալի կապ, աշխատանքի ընթացքում ճոպանները պետք է լինեն ձգված վիճակում.
8) պաշտպանիչ գոտիները և ճոպանները շահագործման ընթացքում առնվազն յուրաքանչյուր 6 ամիսը մեկ անգամ պետք է ենթարկվեն ստատիկ փորձարկման` 2250 կՆ բեռնվածությամբ, 5 րոպե տևողությամբ, ունենա դրոշմանիշ` վերջին փորձարկման նշմամբ.
9) շնչառական օրգանների համար` աշխատողները պետք է ապահովված լինեն անհատական պաշտպանության միջոցներով.
10) բունկերի ներսում լուսավորության համար պետք է կիրառվեն փոխադրովի լամպեր` 36 Վ-ից ոչ բարձր լարմամբ.
11) վտանգավոր իրավիճակներ առաջանալու դեպքում աշխատողները պետք է անհապաղ դուրս հանվեն բունկերից:
95. Եթե ընդունիչ և միջանկյալ բունկերի մեջ նախատեսվում է կատարել պայթեցման աշխատանքներ, ապա դրանք պետք է իրականացվեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 6-ի «Պայթեցման աշխատանքների կատարման ժամանակ անվտանգության միասնական կանոնները հաստատելու մասին» N 291-Ն որոշման պահանջներին համապատասխան:
2. ՀԱՆՔԱՔԱՐԻ ՋԱՐԴՈՒՄԸ
96. Ապարների ջարդման և տեսակավորման մեքենայի (այսուհետ` ապարաջարդիչ մեքենա) աշխատանքին և դրա մեջ հանքաքարի մատուցման ընթացքին հետևող օպերատորի աշխատանքային հարթակը պետք է ունենա մետաղե ցանցավոր ճաղաշարք, որպեսզի կանխվեն ապարաջարդիչ մեքենայից հանքաքարի հնարավոր արտանետումները հարթակի վրա:
97. Ապարաջարդիչ մեքենայի աշխատանքային գոտու տարածքում լեռնային զանգվածի կախվածքների վերացման համար ֆաբրիկայի ղեկավարության կողմից պետք է մշակվի և հաստատվի հրահանգ, որով պետք է սահմանվեն աշխատանքների անվտանգ կազմակերպման մեթոդները, կախվածքների վերացման հաջորդականությունը:
98. Ապարաջարդիչ մեքենայի աշխատանքային գոտու տարածքում հանքաքարի մեծ կտորների խցանումները վերացնելու համար պետք է կիրառվեն հատուկ հարմարանքներ ունեցող ամբարձիչ սարքավորումներ: Հանքաքարի խցանված կտորների դուրսհանումը ձեռքով արգելվում է:
99. Ապարաջարդիչ մեքենայի աշխատանքային գոտու տարածք մարդկանց իջնելու դեպքում պարտադիր կարգով պետք է պահպանվեն սույն կանոնակարգի 94-րդ կետով սահմանված պահանջները:
100. Այն ծածկոցները և հարթակները, որոնց վրա տեղադրված են թրթռաքարամաղեր, պետք է հաշվարկվի դրանց թրթռադիմացկունությունը: Քարամաղերը պետք է տեղադրվեն թրթռամեկուսիչ հիմքերի վրա, որը սարքավորման աշխատանքի ժամանակ պետք է խլացնի առաջացող թրթռումները (տատանումները):
101. Թրթռաքարամաղերի և ապարաջարդիչ մեքենաների վրա պետք է նախատեսվեն պաշտպանիչ հարմարանքներ` սպասարկող անձնակազմին հանքաքարի կտորների պատահական արտանետումներից պաշտպանելու համար`
1) կոնաձև ապարաջարդիչ մեքենաների համար` խուլ հանովի ցանկապատեր` բացառությամբ փլվածքների տակ աշխատող 1-ին փուլի խոշոր ապարաջարդիչների.
2) այտավոր ապարաջարդիչ մեքենաների համար` խուլ հանովի ցանկապատեր` դիտանցքային պատուհաններով, ինչը կբացառի ապարաջարդիչի բացվածքից հանքաքարի կտորների դուրս թռչելը:
102. Թրթռամաղերն սպասարկող անձինք պետք է օգտվեն հակաաղմկային ականջակալներից:
103. Այտավոր ապարաջարդիչ մեքենաների աշխատանքների նկատմամբ դիտարկում կատարելու համար արգելվում է օգտագործել վերանորոգման և յուղման համար նախատեսված հարթակները` կառուցված այն մասնաշենքերում, որոնք գտնվում են աշխատանքային տարածքների ելքերից վտանգավոր հեռավորության վրա: Դեպի այդպիսի հարթակներ տանող ելքերը պետք է փակվեն դռներով և դռնակով` բլոկավորված ապարաջարդիչ մեքենայի թողարկման համակարգի հետ:
104. Արգելվում է սնուցիչի աշխատանքի ժամանակ մաքրել էլեկտրաթրթիռային սնուցիչների վաքերը, կանգնել սնուցիչների կողերին, հպվել դրանց:
105. Թմբուկային թրթռաքարամաղերի աշխատանքի ժամանակ արգելվում է`
1) մաքրել պերֆորիացումը (հորատումը), կատարել հոլովակի մաքրում կամ փոխում.
2) քարամաղը շահագործել հանված ցանկապատով:
106. Ճանկավոր, հորիզոնական և ուղղահայաց մուրճավոր ապարաջարդիչ մեքենաները պետք է ունենան էլեկտրական բլոկավորում, որը կբացառի ապարաջարդիչ մեքենայի գործարկումը, եթե դրա իրանի կափարիչը գտնվում է բաց վիճակում: Ճանկավոր և հորիզոնական մուրճավոր ապարաջարդիչ մեքենաների 50 կգ-ից ավելի քաշ ունեցող կափարիչները պետք է բացվեն միայն մեքենայացված եղանակով:
107. Պայթյունավտանգ փոշի առաջացնող հանքաքարերի ջարդումը պետք է կատարվի միայն պայթյունի առաջացումը կանխարգելակող միջոցներ ձեռնարկելուց հետո:
108. Միջին և մանր ապարաջարդիչ մեքենաներին հանքաքար մատուցող ժապավենային փոխակրիչները պետք է սարքավորվեն մետաղաորսիչներով, կորզիչներով, մագնիսային տափօղակներով` հանքաքարի մեջ հայտնված մետաղի կտորների զատման համար:
Փոխակրիչների ժապավենից մետաղի կտորների զատումը թույլատրվում է միայն փոխակրիչը կանգնեցնելուց և մագնիսական համակարգն անջատելուց հետո:
3. ՀԱՆՔԱՔԱՐԻ ՄԱՆՐԱՑՈՒՄԸ ԵՎ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ
109. Աղացների և դասակարգիչների գործարկման սարքերը տեղից կառավարելու դեպքում դրանք պետք է տեղադրվեն այնպես, որպեսզի գործարկող անձը կարողանա հետևել դրանց աշխատանքին:
110. Թույլատրվում է աղացի ներսում աշխատել միայն տեխնիկական պատասխանատու անձի ներկայությամբ` ֆաբրիկայի ղեկավարության կողմից տրված կարգադրագիր-թույլտվությամբ, պայմանով, եթե, համաձայն աշխատանքների կատարման նախագծի, ապահովված են անվտանգության բոլոր պահանջները:
111. Արգելվում է աշխատանքի ժամանակ պտուտակահանել կամ թուլացնել աղացի մտոցի պնդօղակները, երբ աղացը գտնվում է մտոցով ներքևի դիրքում, ինչպես նաև` ամրացնել աղացի խխունջանման սնուցիչի պատյանի ավտոմատ ամրակապի պնդօղակները:
112. Կոնտեյներների մեջ մետաղագնդերի բարձման տեղերը պետք է ցանկապատվեն, և պետք է կախվի ցուցատախտակ` «Վտանգավոր է» գրառմամբ: Կոնտեյների բարձման ժամանակ մարդիկ պետք է գտնվեն անվտանգ հեռավորության վրա, իսկ մետաղագնդերով կոնտեյներների բարձումը պետք է կատարվի դրանց կողերից 100 մմ ցածր:
113. Դասակարգիչների սպասարկման համար նախատեսված աշխատանքային հարթակները պետք է տեղակայված լինեն դասակարգիչի տաշտի կողից 600 մմ ցածր: Դասակարգիչների տաշտի հակառակ կողմից աշխատանքային հարթակները պետք է սարքավորվեն 1000 մմ բարձրություն ունեցող մետաղե բազրիքով:
114. Դասակարգիչների վրա պետք է կառուցվեն բազրիքներով կամրջակներ` պտտման մեխանիզմների անվտանգ սպասարկման, ձողերի կամ պարույրների բարձրացման համար: Սպասարկման հարթակի շուրջ, դասակարգիչի տաշտի կողին պետք է տեղադրվեն ցանցավոր ցանկապատեր` բարձրությունը` առնվազն 300 մմ, ցանցախորշերի չափերը` 25x25 մմ:
V. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՆՔԱՀԱՐՍՏԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ
1. ՀԱՆՔԱՀԱՐՍՏԱՑՈՒՄԸ
115. Ռեագենտների ծախսային հարթակներում հեղուկ ռեագենտների և դրանց լուծույթների մատուցումը միջանկյալ բաքերի կամ սնուցիչների մեջ պետք է կատարվի մեքենայացված եղանակով: Արգելվում է չոր վիճակում ցիանիդի և ծծմբային նատրիումի կոնցենտրացված ծծմբային թթուների մատուցումն անմիջապես սնուցման գործընթացի կետերին: Ռեագենտների փոխադրումը հանքահարստացման բաժանմունք թույլատրվում է միայն հատուկ այդ նպատակների համար նախատեսված անոթների մեջ:
116. Բաժնեչափային հարթակների վրա տեղակայված ծախսային տարողություններից ռեագենտների մատուցումը հանքահարստացման (ֆլոտացման) մեքենաներին (այսուհետ` ֆլոտամեքենա) և այլ ագրեգատներին պետք է իրականացվի ավտոմատացված հերմետիկ բաժնևորիչների օգնությամբ:
117. Այն բաժանմունքներում, որոնցում հնարավոր է աշխատողների շփումը ռեագենտների հետ, պետք է տեղադրվեն տաք և սառը ջրով լվացարաններ, նախատեսվեն սարքեր` մաշկի վրա ընկած նյութերի արագ հեռացման համար:
118. Եթե ցիանիդի ծախսային տակառները գտնվում են ռեագենտների հարթակներում, ապա դրանք պետք է գտնվեն առանձին մեկուսացված փակ սենյակում` սարքավորված տեղական արտածծող օդափոխությամբ:
119. Ռեագենտատար խողովակագծերի արտանցումը մատուցման կետերին պետք է իրականացվի այն կարգով, որպեսզի բացառի աշխատողների մուտքը դեպի ցիանիդի լուծույթը: Արգելվում է կատարել ռեագենտների քանակի չափում դրանց մատուցման կետերում:
120. Ռեագենտների չաները, միջանկյալ ծախսային տակառները և դրանց հետ կապված հաղորդակցման կառուցվածքները պետք է ունենան վթարային տարողություններ, որոնց մեջ անհրաժեշտության դեպքում ռեագենտները կարող են ամբողջությամբ դատարկվել:
121. Ռեագենտային հարթակների հոսքային ջրերը պետք է հեռացվեն առանձին խողովակագծերով` շրջանցելով հանքահարստացման բաժանմունքի դրենաժային համակարգը: Արգելվում է թթուների խառնումը ցիանիդի, քսանտագենատների, ծծմբային նատրիումի և հիդրոսուլֆատների լուծույթների հետ, քանի որ այդ դեպքում կարող են առաջանալ բարձր թունավորությամբ ծծմբաջրածնային և կապտաթթվային գազեր, ինչպես նաև խողովակագծերը խցանող չլուծվող նստվածքներ:
122. Հերթափոխի տեխնիկական ղեկավարը, համաձայն ղեկավարության կողմից հաստատված հրահանգի, պարտավոր է ստուգել ռեագենտային հարթակի վրա աշխատողների անհատական պաշտպանության միջոցների առկայությունն ու դրանց սարքին վիճակը:
123. Ֆլոտախուցն ապարախյուսով լցվելու դեպքում` ֆլոտամեքենայի իլային բլոկի օդամղիչը ձեռքով պտտելը թույլատրվում է միայն փրփրամղիչը կանգնեցնելուց հետո` հանովի փայտյա լաստակից: Շարժիչի միացումը թույլատրվում է միայն մարդկանց` լաստակից հեռացնելուց հետո:
124. Ֆլոտամեքենայի վթարային բեռնաթափման և ողողաջրերի համար պետք է նախատեսվեն պոմպերով խյուսափոսեր:
125. Պնևմատիկ ֆլոտամեքենաների օդավերելակային խողովակների փոխման կամ մաքրման դեպքում աշխատողները պետք է օգտվեն պաշտպանիչ ակնոցներից:
126. Խյուսի տեխնոլոգիական նմուշառումն անմիջապես աշխատող ֆլոտախցից պետք է կատարվի հատուկ այդ նպատակի համար նախատեսված նմուշասարքով` փրփրամղիչի պարտադիր կանգնեցմամբ:
127. Պնևմամեխանիկական ֆլոտամեքենաների խցերն օդ մղող օդամղիչները պետք է տեղակայվեն հատուկ շինություններում, որտեղ նախատեսված են ձայնամեկուսիչ և աղմուկախլացուցիչ սարքեր:
2. ՄԱԳՆԻՍԱԿԱՆ ԶԱՏՈՒՄԸ ԵՎ ՀԱՆՔԱՀԱՐՍՏԱՑՈՒՄՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԵՂԱՆԱԿՆԵՐՈՎ
128. Էլեկտրամագնիսական և մագնիսական զատիչների շահագործման ժամանակ արգելվում է մագնիսական համակարգին մոտեցնել երկաթե առարկաներ: Էլեկտրամագնիսական զատիչների կանգնեցման ժամանակ մագնիսական համակարգի փաթույթներից էլեկտրական լարումը պետք է հանվի:
129. Չոր մագնիսական և էլեկտրամագնիսական զատման ժամանակ սարքավորումները պետք է մտցվեն հերմետիկորեն փակված խողովակաոստ պատյանի մեջ` արտածծիչ օդափոխության համակարգի հետ միացման համար: Արգելվում է զատիչների շահագործումն անսարք կամ անջատված օդափոխությամբ:
130. Ճոռերը և զատիչները դիտելու և խառնելու անցքերն աշխատանքի ժամանակ պետք է լինեն փակ: Արգելվում է ձեռքով փայտի կտորներ և այլ առարկաներ ջոկել սնուցիչների վաքերից:
131. Արգելվում է կարգավորել զատիչի ժապավենի և ուղղել ժապավենի ընթացքը` դրա տակ կողմնակի առարկաներ դնելու միջոցով:
132. Կողմնակի անձանց մուտքն էլեկտրազատիչների շինություն արգելվում է:
133. Էլեկտրազատիչի իրանը պետք է փոշուց և խոնավությունից լինի անթափանց: Եթե իրանը և դրա դիտանցքերը հերմետիկացված չեն, զատիչի աշխատանքն արգելվում է:
134. Զատիչի` դեպի ներքին էլեկտրամասերի մուտքն ապահովող դռնակները պետք է ունենան էլեկտրական բլոկավորում, ինչը կբացառի դրանց բացվելու հնարավորությունը զատիչի աշխատանքի ժամանակ:
135. Արգելվում է ձեռք տալ էլեկտրազատիչի` բարձր լարման ցանցից անջատված հոսանքատար մասերին` մինչև չավարտվի դրանց լրիվ լիցքաթափումը:
136. Արգելվում է բացել էլեկտրազատիչի դռնակները և միայնակ կատարել վերանորոգման աշխատանքներ` առանց երկրորդ անձի ներկայության, բացառությամբ ցածր լարման սարքերի ապահովիչները փոխելու, հպակները մաքրելու և ձգելու դեպքերի: Այդ դեպքում պետք է տվյալ սարքերից նախօրոք հանվի էլեկտրական լարումը:
137. Էլեկտրամագնիսային զատիչների թմբուկների փոխումը և սարքավորման ընթացիկ վերանորոգումը թույլատրվում է կատարել միայն էլեկտրական սխեմայի քանդված վիճակում: Արգելվում է էլեկտրամագնիսական զատիչի աշխատանքի ժամանակ կտրել թմբուկների ռետինե երեսպատվածքների քերվածքը (պատռվածքը):
138. Էլեկտրազատիչի մեքենավարի և ուղղիչ սարքերի օպերատորի աշխատանքային տեղերը պետք է սարքավորվեն հատուկ դիէլեկտրիկ մեկուսիչներով:
3. ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԾԾՄԲԱՅԻՆ ՀԱՆՔԱՔԱՐԻ ՀԱՐՍՏԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ
139. Այն արտադրական շինությունները, որոնցում հնարավոր են պայթյունավտանգ և հրդեհավտանգ կամ թունավոր գազերի ու գոլորշիների անջատումներ, ինչպես նաև ապարաջարդիչ բաժանմունքներում, որտեղ անջատվում են ծծմբային գազեր, պետք է նախատեսվեն վթարային արտածծիչ օդափոխության սարքեր:
140. Ապարաջարդիչ մեքենաների ջարդիչների աշխատանքային ծծմբային հանքաքարի փոշու պայթյունը կանխելու նպատակով անհրաժեշտ է ապահովել`
1) օգտագործված գոլորշու կամ մանր փոշիացված ջրի մշտական մղումը (մառախլագոյացմամբ, բոցամղիչով) աշխատող ջարդիչների ջարդման գոտի.
2) ապարաջարդիչ մեքենայի վրա ստատիկ էլեկտրականության կուտակումներից ամբողջ էլեկտրատեխնիկական սարքավորումների, խողովակագծերի, մետաղե գազատարների, փոխակրիչների հենոցի, բոլոր մետաղե կոնստրուկցիաների պաշտպանությունը` հողանցման շղթայի անընդհատությունն ապահովելու միջոցով:
141. Ապարաջարդիչ մեքենաների ջարդման բաժանմունքների և փոխակրիչային սրահների տաքացվող մասերում (չոր ջարդման դեպքում) ծծմբային փոշու այրման օջախները մարելու համար պետք է նախատեսվի հակահրդեհային խողովակագիծ` իր ծորակներով, իսկ չտաքացվող շինություններում ու սրահներում` կրակմարիչներ:
142. Ապարաջարդիչ մեքենաների մուրճային ջարդիչների բաժանմունքներում աշխատողները ծմմբային գազերից պաշտպանվելու համար պետք է ապահովված լինեն մեկուսիչ հակագազերով:
143. Արգելվում է ծմմբային հանքաքարի ջարդման միջին ջարդիչների տեղակայումը մակերևույթի զրոյական նիշից ցածր:
4. ՀԱՆՔԱՀԱՐՍՏԱՑՈՒՄԸ ՌԱԴԻՈՄԵՏՐԻԿ ԵՂԱՆԱԿՈՎ
144. Այն հարստացուցիչ ֆաբրիկաներում, որոնցում իոնացնող ճառագայթման աղբյուրների (ռադիոիզոտոպային և ռենտգենյան սարքեր, տարրական մասնիկների արագացուցիչներ) օգտագործմամբ կիրառվում են հանքահարստացման և հսկողության ռադիոմետրիկ եղանակներ, պետք է պահպանվեն ճառագայթային անվտանգության նորմերի ու կանոնների պահանջները:
145. Այն աշխատանքները և գործընթացները, որոնց ժամանակ օգտագործվում են ճառագայթման աղբյուրներ, ինչպես նաև դրանց օգտագործման վրա հիմնված զտման, հսկողության ու անալիզի մեթոդներ և համապատասխան տեղակայանքներ, զտիչներ, սարքեր և այլն, պետք է իրականացվեն ճառագայթային անվտանգության հրահանգներին խստորեն համապատասխան:
146. Այն հարստացուցիչ ֆաբրիկաներում, որտեղ կիրառվում են իոնացնող ճառագայթման աղբյուրներ, պետք է մշակվեն և իրականացվեն իոնացնող ճառագայթումից պաշտպանության միջոցառումներ` հաշվի առնելով մարդկանց վրա իոնացնող ճառագայթման ազդեցության բոլոր տեսակները: Միջոցառումները պետք է ապահովեն համապատասխան կատեգորիայի մարդկանց համար արտաքին և ներքին ճառագայթահարման բոլոր աղբյուրներից դոզայի գումարային արժեքների իջեցումը ճառագայթային անվտանգության նորմերով սահմանված թույլատրելի մակարդակներից գործնականորեն հասանելի ցածր մակարդակների:
147. Համապատասխան ռադիոմետրիկ սարքերով պետք է հսկվի օգտագործվող բոլոր իոնացնող ճառագայթման աղբյուրներից բոլոր տեսակի ճառագայթումների (գամմա, բետտա, ալֆա, ռենտգենյան) հզորությունը:
148. Աշխատատեղերում գամմա ճառագայթման հզորությունը և մակերեսային ռադիոակտիվ աղտոտվածությունը չպետք է գերազանցի ճառագայթային անվտանգության նորմերով սահմանված սահմանային թույլատրելի մեծությունները:
149. Հարստացուցիչ ֆաբրիկաների ռադիոակտիվ իզոտոպների հետ աշխատանքներ իրականացնող անձնակազմը կարող է անցնել աշխատանքների կատարմանը միայն հատուկ ուսուցումից հետո և բժշկական հակացուցումների բացակայության դեպքում:
150. Այն հարստացուցիչ ֆաբրիկաներում, որտեղ կիրառվում են իոնացնող ճառագայթման աղբյուրներ, սույն կանոնակարգի պահանջներին զուգահեռ, պետք է կիրառվեն նաև ճառագայթային անվտանգության պահանջները, որոնք սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 18-ի «Ճառագայթային անվտանգության նորմերը հաստատելու մասին» N 1219-Ն և «Ճառագայթային անվտանգության կանոնները հաստատելու մասին» N 1489-Ն որոշումներով և այլ իրավական ակտերով:
5. ՀԱՆՔԱՀԱՐՍՏԱՑՈՒՄԸ ԳՐԱՎԻՏԱՑՄԱՆ ԵՂԱՆԱԿՈՎ
151. Հարստացուցիչ ֆաբրիկաների աշխատողներին լվացման թմբկագլանների և գրավիտացիոն հարստացման ապարատների զննման, վերանորոգման, ներքին մակերևույթները խյուսից ու մնացած հանքանյութից մաքրման նպատակով թույլտվությունը տրվում է համաձայն գազավտանգ աշխատանքների անվտանգ կատարման վերաբերյալ հրահանգի պահանջների` հաստատված ֆաբրիկայի ղեկավարության կողմից:
152. Արգելվում է գրավիտացիոն ապարատի աշխատանքի ժամանակ ձեռք տալ դրա շարժվող և պտտվող մասերին, յուղել առանցքակալները, ապարատից հեռացնել կողմնակի առարկաները:
153. Լվացված հանքաքարի գրավիտացիոն հանքահարստացման նյութերի նմուշառումը ձեռքով կատարելը թույլատրվում է միայն այդ նպատակի համար նախատեսված տեղերում: Արգելվում է ձեռքով հարստացման արգասիքների նմուշը վերցնելը` անմիջապես աշխատող մեխանիզմներից:
154. Ռոտորային տեսակի մղակային սարքերի շահագործման ժամանակ օդի` դեպի մթնոլորտ արտանետման համար ծառայող պատուհանները պետք է փակվեն մետաղե ցանցերով:
155. Արգելվում է ձգափակման սարքի մաղի փոխման կամ վերանորոգման, նստարկման մեքենայի ներքին իրանի մաքրման, վերանորոգման աշխատանքների հետ միաժամանակ կատարել ջրազրկման էլևատորի ծայրակալի մաքրում կամ վերանորոգում: Կտրող մեքենայի իրանում նշված աշխատանքների կատարման ժամանակ էլևատորի էլեկտրական սխեման պետք է լինի կազմատված (քանդված), և պետք է կախվի նախազգուշացնող ցուցատախտակ:
156. Արգելվում է առանց պաշտպանիչ ակնոցների ծանր կախույթների (սուսպենզիաների) հանքահարստացման համար կիրառվող սարքերի մետաղե մասերից պոկել պնդացած ֆերոսիլիցիումը, այլ ծանրիչները և հանքաքարը:
157. Եթե հանքանյութն ապարատին մատուցելու և հարստացման արգասիքները հեռացնելու համար ճոռերն ունեն 45o-ից բարձր թեքություն, ապա դրանք պետք է վերևից փակվեն` հանքանյութի և խյուսի դուրս թափվելը կանխելու համար:
VI. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԽՏԱՑՄԱՆ ԵՎ ՋՐԱԶԵՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ
158. Շառավիղային խտացուցիչները, բրգաձև և տաշտաձև պարագաները պետք է ցանկապատվեն, եթե դրանց կողերի վերին եզրը գտնվում է աշխատանքային հարթակից 1000 մմ-ից պակաս բարձրության վրա: Վերևից ծածկված բրգաձև պարզարանները կողերի երկայնքով կարող են չցանկապատվել, մինչդեռ բոլոր անցքերը, վերանորոգման մտոցները և ելանցքերը պետք է փակվեն մետաղե կափարիչներով:
159. Արգելվում է մարդկանց քայլել շառավիղային խտացուցիչների, բրգաձև և տաշտաձև պարզարանների կողերի վրայով:
160. Արգելվում է խյուսի խտության չափման և նմուշառման ժամանակ կանգնել օղակաձև ճոռի վրա և անցնել ցանկապատից ներս:
161. Արգելվում է խտացուցիչի շարժվող ֆերմայի բեռնային ծայրը դուրս հանել օղակաձև ճոռերի սահմաններից դեպի սպասարկման հարթակները:
162. Խտացուցիչի շարժվող ֆերմայի վրա բարձրանալու համար պետք է նախատեսվեն բազրիքներ ունեցող սանդուղքներ: Խտացուցիչի օղակաձև ճոռի մաքրումը թույլատրվում է կատարել միայն շարժվող հենոցի շարժաբերն անջատելուց հետո:
163. Ջրազերծման մաղերի լայնությամբ նյութի հավասարաչափ բաշխումն ապահովող սարքավորման կառուցվածքը պետք է լինի այնպիսին, որպեսզի բացառվի ջրազերծվող նյութի արտանետումը և խյուսի ցայտումը:
164. Արգելվում է կատարել սեկտորների ձգում և առձգիչ լարերի խզվածքների վերականգնում թմբագլանային և սկավառակային վակուում-ֆիլտրերի աշխատանքի ժամանակ:
165. Ֆիլտրող ապարատների շահագործման ժամանակ ծածկույթները և հենոցները սորախցուկից (նստվածքներ քամիչում) պետք է մաքրվեն հատուկ բահերի կիրառմամբ:
166. Արգելվում է ֆիլտրամամլիչի սեղմակի աշխատանքի ժամանակ ուղղել հենոցները, սալիկները և ֆիլտրացնող քաթանը:
167. Ֆիլտրամամլիչը սորախցուկից մաքրելուց առաջ պետք է փչամաքրվի սեղմած օդով` մինչև դրա մեջ գտնվող հեղուկի լրիվ հեռացումը: Մաքրման աշխատանքների կատարմանը պետք է միաժամանակ մասնակցեն առնվազն երկու անձ:
168. Հեղուկի ցայտումից խուսափելու համար` ֆիլտրամամլիչը պետք է ծածկվի հաստ գործվածքով կամ այլ նյութերով:
169. Եթե ֆիլտրացնող սարքերի աշխատանքի ժամանակ անջատվում են վնասակար նյութեր, ապա արտածծող օդափոխության համակարգը պետք է գործի անընդհատ ռեժիմով:
170. Թմբկագլանային ֆիլտրերը նստվածքների լվացման հարմարանքներով սարքավորվելու դեպքում պետք է ունենան ցանկապատ` սպասարկող անձնակազմին ցայտումից պաշտպանելու համար:
171. Հանովի հենոցներով մետաղաթիթեղավոր ֆիլտրերը պետք է սարքավորվեն անշարժ հարթակներով` նախատեսված նստվածքների լվացման համար:
172. Կենտրոնախուսակը պետք է սարքավորվի ավտոմատ կարգով գործող բլոկավորմամբ, որը կկանխի դրա աշխատանքը բաց կափարիչի, գերբեռնվածության, բարձր թրթռումների և անկայուն սնուցման դեպքերում:
173. Արգելվում է աշխատել շոգեհարման ապարատների վրա, եթե անսարք են փակիչ արմատուրը, ապահովիչ կափույրները և մոնոմետրերը, բաց է ապարատը, չի գործում արտածծիչ օդափոխությունը: Արգելվում է նաև այդպիսի ապարատների վրա աշխատել` առանց ակնոցների, ինչպես նաև` դիտման ապակիների անսարքության դեպքում:
174. Շոգեհարման ապարատների վրա մտոցները պետք է դասավորված լինեն այնպես, որպեսզի ապահովվի միջանցիկ օդափոխություն, իսկ ապահովիչ կափույրների արտանետիչ խողովակները լինեն դուրս հանված:
175. Շոգեհարման ապարատի զննումն աշխատանքի ժամանակ թույլատրվում է կատարել միայն դիտման ապակու միջոցով: Ապարատների եռակցման կարերի զննման համար պետք է նախատեսվի շարժական սարք:
176. Շոգեհարման ապարատները բացելուց առաջ անհրաժեշտ է`
1) բաց թողնել գոլորշին, որ ապարատի մեջ ճնշումն իջել է մինչև մթնոլորտային ճնշման մակարդակը.
2) անջատել շոգու և լուծույթի գծերը, դրանք փակել հուսալի խցափակիչներով.
3) ապարատի ներսում ջերմաստիճանը նվազեցնել 40 oC-ից ցածր:
177. Շոգեհարման ապարատները, որոնցից աշխատանքի ժամանակ պետք է վերցվեն նմուշներ, չափվեն դրանց մակարդակը և խտությունը, պետք է սարքավորվեն այդ աշխատանքների անվտանգ կատարումն ապահովող համակարգերով:
178. Վառարանների գործարկումը և կանգնեցնումը, բոցամուղի կարգավորումը պետք է կատարվեն համաձայն վառարանների սպասարկման հրահանգի` հաստատված կազմակերպության ղեկավարության կողմից:
179. Արգելվում է մարդկանց գտնվելը վառարանի ներսում, կատարել աշխատանքներ` դրանց զննման և վերանորոգման համար, եթե դրանց ներսում ջերմաստիճանը բարձր է 60 oC-ից:
180. Արգելվում է վառարանների միացման ժամանակ բաց թողնել դռնակները, մաքրել հատակը կամ հարվածապոկել պատերին կպած զանգվածը:
181. Վառարանների մոտ թափված հեղուկ վառելանյութը (մազութը) պետք է անհապաղ ծածկել ավազով ու հավաքել:
182. Հեղուկ վառելանյութի ծախսային տակառում հրդեհ առաջանալու դեպքում անհրաժեշտ է հեղուկ վառելիքն անհապաղ վերալցնել վթարային բաքի մեջ, ձեռնարկել միջոցներ` հրդեհը հատուկ միջոցներով մարելու համար, ահազանգել հակահրդեհային ծառայությանը:
-------------------------------------------------------
ԻՐՏԵԿ- շարունակությունը հաջորդ մասերում