Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 11-Ի N 1229- ...

25.11.2010 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   12.11.2009  -ից մինչեւ   25.11.2010  -ը:
 

(ուժը կորցրել է 28.10.10 թիվ 1461-Ն որոշում)

i

040.1241.031109

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 հոկտեմբերի 2009 թվականի N 1241-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 11-Ի N 1229-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի «ժգ» ենթակետով, Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 6-ի N 197 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1229-Ն որոշման N 2 հավելվածի «II. Առանձնացված ստորաբաժանումներ» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.

«Պետական-մասնավոր գործընկերության գործակալություն»:

2. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության պետական-մասնավոր գործընկերության գործակալության կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության պետական-մասնավոր գործընկերության գործակալության կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 3-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2009 թվականի հոկտեմբերի 1-ի

N 1241-Ն որոշման

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Պետական պետական-մասնավոր գործընկերության գործակալությունը (այսուհետ` գործակալություն) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ծառայությունների մատուցման գործառույթներ իրականացնող առանձնացված ստորաբաժանում է, որը մատուցում է ծառայություններ պետական-մասնավոր գործընկերության բնագավառում` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից:

2. Գործակալությունն ստեղծվում ու վերակազմակերպվում է, և դրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Գործակալությունը գործում է իր կանոնադրության համաձայն, որը, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի ներկայացմամբ, հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Գործակալության լիազորությունները սահմանվում են օրենքով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

4. Գործակալությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:

5. Գործակալությունն օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:

6. Գործակալությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և գործակալության` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

 

II. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ, ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

7. Գործակալության նպատակը պետական և տեղական ինքնակառավարման մակարդակներում պետական և մասնավոր հատվածների գործընկերության (այսուհետ ՊՄԳ) միջոցով արդյունավետ ներդրումային ծրագրերի իրականացմանը, որակյալ հանրային ծառայությունների մատուցմանը և ենթակառույցների զարգացմանը նպաստելն է:

8. Գործակալության խնդիրներն են`

1) տարբեր ոլորտներում ՊՄԳ-ի հնարավոր ծրագրերը հետազոտելը և բացահայտելը.

2) ՊՄԳ-ի ծրագրերի իրականացմանն արդյունավետ նպաստելը.

3) ՊՄԳ-ի նախաձեռնություններին խթանելը և աջակցելը.

4) ՊՄԳ-ի ծրագրերի իրականացման վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնելը:

9. Գործակալության հիմնական գործառույթներն են`

1) ՊՄԳ-ի հնարավոր ծրագրերի իրականացման ներուժի բացահայտումը.

2) ՊՄԳ-ի իրականացման խոչընդոտների և թույլ կողմերի բացահայտումը.

3) տարբեր ոլորտներում իրականացվելիք ՊՄԳ-ի ծրագրերում կիրառելու նպատակով արդյունավետ մոդելի վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.

4) ՊՄԳ-ի ուսուցման ծրագրերի և ՊՄԳ-ի սուբյեկտների համար կադրերի պատրաստման և վերապատրաստման հնարավորությունների ընդլայնմանն աջակցելը.

5) ՊՄԳ-ի ձեռնարկումներով հետաքրքրված պետական մարմիններին, ընկերություններին և ՊՄԳ-ի սուբյեկտներին աջակցելն ու օժանդակություն տրամադրելը (տեխնիկական, իրավաբանական խորհրդատվական և տեղեկատվական).

6) ՊՄԳ-ի ծրագրերում կիրառվող մոդելի արդյունավետության գնահատումը (ծախքեր-օգուտներ վերլուծությամբ).

7) ՊՄԳ-ի մրցութային առաջադրանքների մշակումը, դրանց հիման վրա մրցույթների կազմակերպումը.

8) ՊՄԳ-ի պայմանագրերի տիպային օրինակելի ձևերի մշակումը.

9) ՊՄԳ-ի պայմանագրերի շուրջ բանակցություններին մասնակցելը.

10) իր կողմից իրականացվող ՊՄԳ-ի ծրագրերի համակարգումը.

11) ՊՄԳ-ի ծրագրերի վերաբերյալ տեղեկատվության տարածման և հանրային իրազեկման իրականացումը.

12) միջազգային համանման կառույցների հետ համագործակցությունը.

13) ՊՄԳ-ի եռամյա ծրագրերի և միջոցառումների իրականացումը:

 

III. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

10. Գործակալությունը կառավարում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարը (այսուհետ` նախարար): Գործակալության անմիջական ղեկավարումն իրականացնում է գործակալության պետը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է նախարարը` «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Գործակալության գործունեությանն աջակցելու նպատակով կարող է գործակալությանը կից ստեղծվել խորհրդակցական մարմին` վերջինիս աշխատանքներում ներգրավելով շահառու պետական կառավարման մարմինների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների: Խորհրդակցական մարմնի անհատական կազմը և գործունեության կանոնակարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարը:

11. Գործակալության պետն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, նախարարության կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ, ինչպես նաև այլ իրավական ակտերով ու Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

12. Գործակալության պետը հաշվետու է Հայաստանի Հանրապետության վարչապետին, նախարարին, գործակալության գործունեությունը համակարգող նախարարի համապատասխան տեղակալին, իսկ քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` նաև նախարարության աշխատակազմի ղեկավարին:

13. Գործակալության պետը`

1) ղեկավարում է գործակալության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է գործակալության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

2) նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին ներկայացնում է առաջարկություններ օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառի, նպատակների ու խնդիրների վերաբերյալ.

3) իր իրավասության սահմաններում արձակում է կարգադրություններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության և գործակալության անունից, ինչպես նաև տալիս է գործակալության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

4) իր իրավասության սահմաններում նախարարության աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ գործակալության աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ.

5) նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն գործակալության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին.

6) ապահովում է նախարարի հրամանների և ցուցումների, ինչպես նաև նախարարի համապատասխան տեղակալի ցուցումների, հանձնարարականների ու առաջադրանքների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին.

7) նախարարության կանոնադրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան սահմանում է գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները.

8) լսում է գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության մասին հաշվետվությունները, քննարկում դրանց գործունեության ստուգման արդյունքները.

9) իրականացնում է վերահսկողություն գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների օգտագործմանը հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.

10) նախարարին ներկայացնում է առաջարկություններ գործակալության կառուցվածքի և աշխատողների թվի, ինչպես նաև գործակալության խորհրդակցական մարմինների ստեղծման վերաբերյալ.

11) իր լիազորությունների սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.

12) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

 

VI. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

14. Օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարության կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ գործակալությանը վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին գործակալության մասնակցությունն ապահովում է նախարարության աշխատակազմը:

15. Գործակալությունը կարող է ունենալ կառուցվածքային ստորաբաժանումներ:

16. Գործակալության աշխատողները քաղաքացիական ծառայողներ են:

17. Գործակալության վերակազմակերպման և դրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2009 թվականի հոկտեմբերի 1-ի

N 1241-Ն որոշման

 

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ

 

Կառուցվածքային ստորաբաժանումներ

 

ՊՄԳ-ի ծրագրերի համակարգման բաժին

Ծրագրերի գնահատման և մոնիթորինգի բաժին

Պայմանագրային բաժին

 

pin
ՀՀ կառավարություն
01.10.2009
N 1241-Ն
Որոշում