(ուժը կորցրել է 30.11.11 թիվ 322-Ն որոշում)
i
050.0227.180909
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«18» 09 2009 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05009322
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
28 հուլիսի 2009 թ. թիվ 227-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 15-Ի ԹԻՎ 116-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը և «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի մարտի 15-ի «Ավանդատուներին ավանդների հատուցման երաշխավորման պայմանների և կարգի մասին հանձնվող ծանուցման օրինակելի ձևը հաստատելու մասին» թիվ 116-Ն որոշման 1-ին կետով հաստատված «Ավանդների հատուցման երաշխավորման պայմանների և կարգի մասին ծանուցման օրինակելի ձևը» Հավելված 1-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ
2009 Թ. ՕԳՈՍՏՈՍԻ 4-ԻՆ
Հավելված
Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2009 թվականի հուլիսի 28-ի
թիվ 227-Ն որոշմամբ
Հավելված
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2005 թվականի մարտի 15-ի
թիվ 116-Ն որոշման
ԾԱՆՈՒՑՈՒՄ
Ավանդների հատուցման երաշխավորման պայմանների և կարգի մասին
ՀԱՐԳԵԼԻ ԱՎԱՆԴԱՏՈՒ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Խնդրում ենք մինչև ավանդային պայմանագիրը ստորագրելը ծանոթանալ սույն փաստաթղթի դրույթներին:
Ձեր ավանդի հատուցման երաշխավորողն է Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը (այսուհետ` Հիմնադրամ):
Հիմնադրամի գտնվելու վայրը` .........................................
Հեռախոսը`.................... Ինտերնետային կայքը`...................
Սույն ծանուցման բոլոր սահմանումները համապատասխանում են «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) սահմանումներին:
Հատուցման դեպքը
Ձեր երաշխավորված ավանդը ենթակա է հատուցման հետևյալ դեպքերում.
1. Եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բանկը ճանաչվում է անվճարունակ և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ` Կենտրոնական բանկ) խորհրդի որոշմամբ հաստատվում է բանկի կողմից օրենքով և պայմանագրերով սահմանված ժամկետներում ավանդները վերադարձնելն ի վիճակի չլինելու փաստը կամ
2. Եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բանկը սնանկ է ճանաչվում (այսուհետ` անվճարունակ բանկ):
Երաշխավորված ավանդի առավելագույն չափը և հաշվարկման կարգը
Երաշխավորված ավանդների հաշվարկման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի օգոստոսի 26-ի թիվ 261-Ն որոշմամբ:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Ձեր` նույն բանկում ունեցած բոլոր դրամային ավանդները համարվում են մեկ դրամային ավանդ, բացառությամբ չերաշխավորված ավանդների, և Ձեր` նույն բանկում ունեցած բոլոր արտարժութային ավանդները համարվում են մեկ արտարժութային ավանդ, բացառությամբ չերաշխավորված ավանդների:
Ավանդների երաշխավորվող սահմանաչափերը հետևյալն են`
.__________________________________________________________________.
|Ավանդի |Եթե նույն |Եթե նույն |Եթե նույն բանկում ունեք և |
|արժութային |բանկում |բանկում |ՀՀ դրամով, և արտարժույթով |
|կառուցվածքը |ունեք |ունեք |ավանդ |
| | |միայն |___________________________|
| |միայն |արտարժութային|Եթե դրամային |Եթե դրամային |
| |դրամային |ավանդ |ավանդը 1 |ավանդը 1 |
| |ավանդ | |միլիոն դրամից|միլիոն դրամից|
| | | |ավելի է |պակաս է |
|____________|___________|_____________|_____________|_____________|
|Ավանդի |2 միլիոն ՀՀ|1 միլիոն ՀՀ |2 միլիոն ՀՀ |1 միլիոն ՀՀ |
|երաշխավորման|դրամ |դրամ |դրամ (երաշխա-|դրամ (երաշխա-|
|առավելագույն| | |վորվում է |վորվում է |
|չափը | | |միայն |դրամային |
| | | |դրամային |ավանդն |
| | | |ավանդը) |ամբողջությամբ|
| | | | |և |
| | | | |արտարժութային|
| | | | |ավանդը` մեկ |
| | | | |միլիոն դրամի |
| | | | |և հատուցման |
| | | | |ենթակա |
| | | | |դրամային |
| | | | |ավանդի |
| | | | |տարբերության |
| | | | |չափով) |
.__________________________________________________________________.
Եթե Դուք անվճարունակ բանկում ունեք առանձին բանկային ավանդ և միևնույն ժամանակ նույն բանկում ներդրված համատեղ բանկային ավանդի սեփականատեր եք, ապա երաշխավորվում է Ձեր առանձին բանկային ավանդի և համատեղ բանկային ավանդում Ձեր մասնաբաժնի հանրագումարը` Օրենքով սահմանված կարգով և չափով:
Եթե դուք անվճարունակ բանկի նկատմամբ ունեք պարտավորություն, ապա հատուցման ենթակա գումարը կհաշվարկվի Ձեր բանկային ավանդի և պարտավորության դրական տարբերության հիման վրա` Օրենքով սահմանված կարգով և չափով:
Երկու կամ ավելի ավանդատուների համատեղ բանկային ավանդը համարվում է յուրաքանչյուր անձի առանձին բանկային ավանդ, ավանդատուի` պայմանագրով սահմանված մասնաբաժնի չափով: Եթե պայմանագրով սահմանված չեն համատեղ բանկային ավանդի ավանդատուների մասնաբաժինները, ապա համատեղ բանկային ավանդն ավանդատուների միջև բաժանվում է հավասարաչափ:
Բանկային ավանդի հատուցումը կատարվում է միայն հայկական դրամով: Արտարժութային բանկային ավանդի դրամական համարժեքությունը որոշվում է հատուցման դեպքը տեղի ունենալու օրվա դրությամբ Կենտրոնական բանկի հրապարակած` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով:
Ձեր բանկային ավանդը չի հատուցվում, եթե հատուցման դեպքը տեղի ունենալու օրվա դրությամբ այդ ավանդը պակաս է 1000 հայկական դրամից:
Չերաշխավորված բանկային ավանդ
Ձեր բանկային ավանդը երաշխավորված չէ, եթե`
ա) Դուք հանդիսանում եք տվյալ բանկի ղեկավար և (կամ) վերջինիս ընտանիքի անդամ,
բ) Դուք հանդիսանում եք տվյալ բանկում նշանակալից մասնակցություն ունեցող անձ և (կամ) վերջինիս ընտանիքի անդամ,
գ) Դուք, որպես ավանդի սեփականատեր (համասեփականատեր), հրաժարվել եք ավանդի` Ձեր մասի նկատմամբ սեփականության իրավունքից,
դ) Ձեր ավանդն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով ճանաչվել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված դրամական միջոց, քանի դեռ Դուք հակառակը չեք ապացուցել,
ե) Ձեր ավանդը տվյալ բանկում ներդրվել է բանկային ավանդի ներդրման պահին տվյալ բանկի կողմից հրապարակային պայմանագիր կնքելու առաջարկով նախատեսված նմանատիպ բանկային ավանդների տոկոսադրույքն առնվազն 1,5 անգամ գերազանցող տոկոսադրույքով,
զ) Ձեր ավանդը ներդրված է բանկի` Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ստեղծված մասնաճյուղերում:
Երաշխավորված ավանդների հատուցման կարգը և ժամկետները
Հատուցման դեպքի օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում Հիմնադրամը հայտարարություն է հրապարակում հատուցման դեպքի մասին: Հատուցման դեպքի օրվան հաջորդող երեսնօրյա ժամկետում Հիմնադրամը անվճարունակ բանկի կամ այլ բանկի միջոցով, սկսում է իրականացնել Ձեր ավանդների հատուցման գործընթացը: Գործընթացը սկսվում է զանգվածային լրատվական միջոցներում հատուցման վերաբերյալ Հիմնադրամի կողմից լրացուցիչ հայտարարություն հրապարակելու պահից: Դուք կարող եք գրավոր պահանջ ներկայացնել ոչ ուշ, քան հատուցման դեպքի օրվան հաջորդող մեկ տարվա ընթացքում: Նշված ժամկետում Ձեր կողմից գրավոր պահանջ չներկայացնելու դեպքում Հիմնադրամի կողմից Ձեր երաշխավորված ավանդի հատուցում չի իրականացվի: Հիմնադրամը պարտավոր է իրականացնել ավանդատուների պահանջներով հատուցումները` գրավոր պահանջը ներկայացնելու օրվան հաջորդող երեք ամիսների ընթացքում, բացառությամբ Օրենքով նախատեսված դեպքերի:
Երաշխավորված ավանդի գումարի հատուցումից հետո անվճարունակ բանկի հանդեպ Ձեր ունեցած դրամական պահանջը` հատուցված գումարի չափով համարվում է բավարարված: Հատուցման չափը գերազանցող գումարը համարվում է անվճարունակ բանկի պարտավորությունը Ձեր նկատմամբ:
Ձեր բանկային ավանդը ներդրման պահին հանդիսանում է Օրենքով սահմանված չափով և կարգով`
երաշխավորված ավանդ (այն համատեղ ավանդների դեպքում, որոնց համատեղ ավանդատուներից մեկի կամ մի քանիսի բանկային ավանդները երաշխավորված ավանդ չեն համարվում, նշել ավանդի ընդհանուր գումարի մեջ երաշխավորված մասը` տոկոսային արտահայտությամբ) []
չերաշխավորված ավանդ []
Ավանդատու` .......................................................
Անուն Ազգանուն Հայրանուն
Անձը հաստատող փաստաթղթի տվյալները .................................
Ավանդային պայմանագրի համարը կամ այլ պարտավորության տվյալները ......
......................................
Ավանդատու .........................................................
ստորագրություն
Բանկի գործադիր տնօրեն կամ բանկի կողմից լիազորված այլ անձ (վարչության նախագահ)................................................................
ստորագրություն
Կ. Տ.
Ամսաթիվ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Ձեր ավանդի հատուցումն առավել սահուն իրականացնելու նպատակով առաջարկում ենք ավանդի ներդրման ժամանակ Ձեր կողմից բանկին տրամադրված տվյալների (անձը հաստատող փաստաթղթի տվյալներ, սոցիալական ապահովության քարտի տվյալներ, հասցե, հեռախոսահամար և այլն) ցանկացած փոփոխության դեպքում այդ մասին անմիջապես տեղեկացնել բանկին: