ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՍԵՎԾՈՎՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՀԱՆՑԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՏԿԱՊԵՍ ԴՐԱ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՁԵՎԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Սևծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) մասնակից պետությունների կառավարությունները` Ալբանիայի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետությունը, Ադրբեջանի Հանրապետությունը, Բուլղարիայի Հանրապետությունը, Վրաստանը, Հունաստանի Հանրապետությունը, Մոլդովայի Հանրապետությունը, Ռումինիան, Ռուսաստանի Դաշնությունը, Թուրքիայի Հանրապետությունը, ՈՒկրաինան, այսուհետ` «Կողմեր»,
գիտակցելով, որ ազգային և միջազգային հանցավորությունը իր բոլոր ձևերով լուրջ վտանգ է հանդիսանում մարդկային բարեկեցության, անվտանգության և առողջության համար, ինչպես նաև վնաս է հասցնում հասարակության տնտեսական, մշակութային և քաղաքական հիմքերին,
խորապես գիտակցելով ընդհանուր առմամբ հանցավորության զարգացման մասշտաբներն ու միտումները,
ի գիտություն ընդունելով թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի միջազգային ապօրինի շրջանառության, ահաբեկչության և կազմակերպված հանցավորության միջև սերտ կապի դեպքերը,
հաշվի առնելով հանցավորության կանխարգելման և վերահսկման ոլորտին վերաբերող ՄԱԿ-ի փաստաթղթերի դրույթները և, հատկապես, այն փաստաթղթերը, որոնք վերաբերում են կազմակերպված հանցավորությանը, թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի, զենքի և ռադիոակտիվ նյութերի ապօրինի շրջանառությանը, բոլոր ահաբեկչական գործողություններին, ինչպես նաև միգրացիայի հետ կապված հանցավոր գործունեությանը,
հաշվի առնելով 1995 թվականի հունիսի 30-ին Բուխարեստում ընդունված ՍԾՏՀ մասնակից պետությունների բարձր մակարդակով հանդիպման Հայտարարության դրույթները, 1996 թվականի հունիսի 12-ի ՍԾՏՀ Խորհրդարանական Ասամբլեայի 15/1996 հրահանգները կազմակերպված հանցավորության դեմ պայքարում ՍԾՏՀ Խորհրդարանական Ասամբլեայի մասնակից պետությունների համագործակցության մասին, 1996 թվականի հոկտեմբերի 17-ին Երևանում կայացած ՍԾՏՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների առաջին հանդիպման ընթացքում ընդունված Համատեղ Հայտարարությունը, որը հավանության է արժանացել ՍԾՏՀ մասնակից պետությունների և կառավարությունների ղեկավարների կողմից 1996 թվականի հոկտեմբերի 25-ին Մոսկվայում, և 1997 թվականի հոկտեմբերի 22-ին Ստամբուլում կայացած ներքին գործերի նախարարների երկրորդ հանդիպման Համատեղ Հռչակագիրը,
կարևորելով միջազգային համագործակցությունը հանցավորության դեմ պայքարի ոլորտում և ցանկանալով միմյանց ցուցաբերել հնարավորին չափ լայն և արդյունավետ աջակցություն` պատշաճորեն պահպանելով մարդու համընդհանուր իրավունքներն ու ազատությունները,
ընդգծելով հանցավորության դեմ պայքարի իրականացման կարևորությունը` հաշվի առնելով գլոբալ և տարածաշրջանային մակարդակներով ձեռնարկվող համապատասխան գործողությունները,
ելնելով իրավահավասարության և փոխշահավետության սկզբունքներից,
հարգելով ՍԾՏՀ մասնակից պետությունների միջազգային համաձայնագրերը և ազգային օրենսդրությունները և չխոչընդոտելով երրորդ պետության հետ երկկողմ և բազմակողմ համաձայնագրերով մինչ այդ ստանձնած պարտավորություններին,
համաձայնեցին հետևյալի մասին.
ՀՈԴՎԱԾ 1
Համագործակցության ոլորտներ
Կողմերը կհամագործակցեն հանցագործությունների կանխարգելման, խափանման, հայտնաբերման, բացահայտման, հետաքննության և նախաքննության ոլորտներում, հատկապես.
- ահաբեկչության ակտերի,
- կազմակերպված հանցավորության,
- թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի ապօրինի աճեցման, արտադրության, պատրաստման և շրջանառության,
- թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի անօրինական արտադրության համար պրեկուրսորների և հիմնական քիմիական նյութերի ապօրինի արտադրության, անօրինական առևտրի և օգտագործման,
- զենքի` ներառյալ կենսաբանական, քիմիական և ռադիոլոգիական զենքը, ռազմամթերքի, պայթուցիկ, միջուկային և ռադիոակտիվ նյութերի, ինչպես նաև թունավոր նյութերի ապօրինի շրջանառության,
- միջազգային անօրինական տնտեսական գործունեության և հանցավոր գործունեության արդյունքում ստացված եկամուտների օրինականացման (փողերի լվացում), տնտեսական և բանկային կասկածելի գործարքների, ներդրումների ոլորտում չարաշահումների,
- մաքսանենգության,
- միգրացիայի, սահմանի անօրինական անցման և մարդկանց անօրինական տեղափոխման հետ կապված հանցավոր գործունեության,
- կանանց և անչափահասների կամ երեխաների սեռական շահագործման,
- թղթադրամի, վարկային քարտերի, փաստաթղթերի, արժեթղթերի և այլ արժեքների, ինչպես նաև անձը հաստատող ցանկացած փաստաթղթերի կեղծման,
- մարդկային կյանքի և սեփականության դեմ ուղղված բռնի հանցագործությունների,
- պատմական և մշակութային ժառանգության առարկաների, արվեստի գործերի, թանկարժեք քարերի և մետաղների, մտավոր սեփականության, ինչպես նաև այլ թանկարժեք իրերի ապօրինի շրջանառության,
- կոռուպցիայի,
- էկոլոգիական հանցագործությունների,
- բարձր տեխնոլոգիաների օգտագործմամբ կատարվող հանցագործությունների, այդ թվում համակարգչային հանցագործությունների,
- մարդկանց առևանգման և նրանց ներքին օրգանների առևտրի,
- ծովային հանցագործությունների (խարդախություն, ծովահենություն և այլն),
- տրանսպորտի հափշտակման և անօրինական շրջանառության
2. Կողմերը կհամագործակցեն նաև հետևյալ բնագավառներում.
- կադրերի նախապատրաստում, ուսուցում և որակավորման բարձրացում,
- մշակութային, սպորտային և սոցիալական բնագավառներում համագործակցություն` պատվիրակությունների փոխանակման միջոցով,
- տեղեկատվական համակարգերի, կապի միջոցների և հատուկ տեխնիկայի զարգացման և հանցավորության դեմ պայքարի նպատակով գիտական հետազոտությունների անցկացում,
- համագործակցություն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում, ամբողջությամբ հանցավորության վերահսկման և հանցագործությունների կանխարգելման նպատակով անհայտ կորած անձանց, գողացված կամ կորցված առարկաների հայտնաբերման և դիակների ճանաչման միջոցով
ՀՈԴՎԱԾ 2
Համագործակցության ձևերը
Կողմերի միջև համագործակցությունը կարող է իրականացվել, մասնավորապես`
- ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում տեղեկատվության և փորձի փոխանակման միջոցով,
- անդրազգային հանցավորության ցանկացած ձևերի, հատկապես, ահաբեկչական գործողությունների, կազմակերպված հանցավորության, թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի, զենքի և ռադիոակտիվ նյութերի ապօրինի շրջանառության, միգրացիայի հետ կապված հանցավոր գործունեության կանխարգելման և խափանման նպատակով տեղեկատվության` ներառյալ անդրազգային հանցավորության մեջ ընդգրկված անձանց և հանցավոր ցանցերի մասին տեղեկատվության փոխանակման միջոցով,
- հանցավոր ցանցերի դեմ ուղղված համակարգված միջոցների ծրագրավորման և ընդունման միջոցով,
- քննությունից կամ դատավճռի կատարումից խուսափող, ինչպես նաև անհայտ կորած հայտարարված անձանց հետախուզման միջոցով,
- հանցագործությունների նոր տեսակներին, դրանց կանխարգելման, խափանման, բացահայտման և հետաքննության ու նախաքննության մեթոդներին և ձևերին վերաբերող տեղեկատվության փոխանակման միջոցով,
- տնտեսական և բանկային կասկածելի գործարքների, ներառյալ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման բացահայտման գործում օգնություն ցուցաբերելու միջոցով,
- քրեագիտական և քրեաբանական հետազոտություններում գիտական և տեխնոլոգիական մեթոդների օգտագործման վերաբերյալ փորձի փոխանակման միջոցով, հատկապես, թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի և պրեկուրսորների ուսումնասիրման, հայտնաբերման և վերահսկման բնագավառներում` միջազգային իրավունքի համաձայն,
- թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի փոխադրման, թաքցման և տարածման համար օգտագործվող մեթոդների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման միջոցով,
- մաքսանենգության, հատկապես, թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի մաքսանենգության կանխարգելման նպատակով իրենց սահմանների վրա անհրաժեշտ իրավական, վարչական և անվտանգությունն ապահովող միջոցների ձեռնարկման միջոցով,
- ապօրինի շրջանառության մեջ գտնվող թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի նոր տեսակների, դրանց պատրաստման համար օգտագործվող տեխնոլոգիաների և նյութերի, ինչպես նաև թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի անալիզի և նույնականացման մեջ օգտագործվող հետազոտությունների նոր մեթոդների մասին տեղեկատվության փոխանակման միջոցով,
- թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառության հետ կապ ունեցող ահաբեկչության և կազմակերպված հանցավորության դեպքերին վերաբերող տեղեկատվության փոխանակման միջոցով,
- ելքի կեղծ փաստաթղթերի հայտնաբերման և հանցագործությունների, հատկապես, ահաբեկչական գործողությունների, ինչպես նաև անօրինական միգրացիայի հետ կապված գործունեությանը մասնակցելու մեջ կասկածվող անձանց անօրինական մուտքը կանխելու նպատակով` սահմանային հսկողության, ինչպես նաև հսկողություն իրականացնող իրավասու ծառայություններին նյութական և տեխնիկական աջակցություն ցուցաբերելու բնագավառներում տեղեկատվության, տվյալների և փորձի փոխանակման միջոցով,
- աշխատանքային փորձի փոխանակման, այդ թվում որակավորման բարձրացման դասընթացների, խորհրդակցությունների, սեմինարների և ուսումնական դասընթացների անցկացման միջոցով,
- սույն Համաձայնագրում նշված ոլորտներին վերաբերող վիճակագրական տվյալների, ինչպես նաև ազգային իրավական ակտերի և դրույթների, բրոշյուրների, հրապարակումների և գիտական հետազոտությունների արդյունքների փոխանակման միջոցով,
- ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող անհետաձգելի և հատուկ հարցերի քննարկման անհրաժեշտության դեպքում, իրենց իրավասությունների շրջանակներում, փորձագետների հանդիպումների կազմակերպման և անցկացման միջոցով,
- ազգային օրենսդրությանը համապատասխան համարներ կամ յուրահատուկ տարբերակիչ նշաններ ունեցող գողացված առարկաների, այդ թվում մշակութային և պատմական արժեքների, ավտոտրանսպորտի և հրազենի, ինչպես նաև համարակալված արժեթղթերի և անձնագրերի (անձը հաստատող փաստաթղթեր) հետախուզման և վերադարձման միջոցով, իրենց պետությունների տարածքում հանցագործություն կատարելու համար դատապարտված մյուս Կողմերի պետությունների քաղաքացիների, ինչպես նաև քննության տակ գտնվող անձանց մասին տեղեկատվության փոխանակման միջոցով:
ՀՈԴՎԱԾ 3
Վերահսկվող մատակարարումներ
Կողմերը, համապատասխան իրենց ազգային օրենսդրությանը և միջազգային պարտավորություններին, կապահովեն անհրաժեշտ պայմաններ` իրականացնելու թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի, ինչպես նաև դրանց արտադրության մեջ օգտագործվող պրեկուրսորների վերահսկվող մատակարարումները:
Կողմերը կքննարկեն ապօրինի շրջանառության մեջ գտնվող այլ օբյեկտների նկատմամբ վերահսկվող մատակարարումների մեթոդի կիրառման հնարավորությունը:
Կողմերը կձգտեն ներդաշնակեցնել իրենց օրենսդրությունները և փորձը` անհրաժեշտ ժամանակահատվածում արդյունավետ վերահսկվող մատակարարումներ իրականացնելու համար համատեղելիության հասնելու նպատակով:
ՀՈԴՎԱԾ 4
Համագործակցության միջոցները
Կողմերը կհամագործակցեն հանցավորության դեմ պայքարում իրենց իրավասու մարմինների միջոցով` համաձայն սույն Համաձայնագրի դրույթների, և պահպանելով իրենց պետությունների օրենսդրությունը և ստանձնած միջազգային պարտավորությունները Կողմերը կորոշեն իրենց իրավասու մարմինները և/կամ հաղորդակցման կետերը, որոնց միջոցով կիրականացվի ուղիղ կապ և անհրաժեշտության դեպքում կփոխանակեն կապը իրականացնող պաշտոնյաները:
Յուրաքանչյուր Կողմ, Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո երկու ամսվա ընթացքում, Ավանդապահին կներկայացնի իրավասու մարմինների և/կամ հաղորդակցման կետերի ցանկը: Իրավասու մարմինների և/կամ հաղորդակցման կետերի ցանկում տեղի ունեցած փոփոխությունների մասին Կողմերը կտեղեկացնեն Ավանդապահին:
ՀՈԴՎԱԾ 5
Հարցում համագործակցության վերաբերյալ
1. Սույն Համաձայնագրի շրջանակներում համագործակցությունը կիրականացվի շահագրգիռ Կողմերի իրավասու մարմինների կողմից ներկայացված համագործակցության համար հարցումների հիման վրա:
Համագործակցության համար հարցումները պետք է ներկայացվեն գրավոր: Արտակարգ իրավիճակների դեպքերում, հարցումները կարող են կատարվել բանավոր, սակայն դրանք երեք օրվա ընթացքում պետք է հաստատվեն գրավոր` օգտագործելով կապի տեխնիկական միջոցները:
Յուրաքանչյուր Կողմ կարող է ամբողջովին կամ մասնակիորեն հրաժարվել հարցման կատարումից, եթե դրա կատարումը վնաս է հասցնում իր պետության ինքնիշխանությանը, անվտանգությանը, հասարակական կարգին կամ այլ հիմնական շահերին, կամ հակասում է իր պետության օրենսդրությանը կամ միջազգային պարտավորություններին: Համագործակցության համար հարցման կատարումը մերժելու մասին հարցում կատարող Կողմը տեղեկացվում է անհապաղ:
Կողմերի իրավասու մարմինները կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները` ապահովելու համագործակցության համար հարցման պատշաճ և ամբողջական կատարումը:
ՀՈԴՎԱԾ 6
Աշխատանքային խումբ
Կողմերը կհիմնեն Աշխատանքային խումբ` սույն Համաձայնագրով նախատեսված համագործակցության իրականացման և խրախուսման ձևերի քննության և սույն Համաձայնագրի վերաբերյալ լրացուցիչ արձանագրությունների կամ նոր միջազգային Համաձայնագրերի, ինչպես նաև հանցավորության դեմ պայքարի ոլորտում համագործակցության ընդհանուր ինստիտուտների ստեղծման անհրաժեշտության մասին առաջարկություններ ներկայացնելու նպատակով:
ՀՈԴՎԱԾ 7
Լեզուներ
Սույն Համաձայնագրի շրջանակներում համագործակցության ապահովման նպատակով Կողմերի իրավասու մարմինները գրավոր ընթացակարգեր իրականացնելիս կօգտվեն անգլերեն լեզվից, իսկ բանավոր ընթացակարգերի դեպքում` անգլերեն և ռուսերեն լեզուներից, մինչև Կողմերի կողմից այլ համաձայնության ձեռք բերումը:
ՀՈԴՎԱԾ 8
Ծախսեր
Յուրաքանչյուր Կողմ ինքնուրույն կհոգա սույն Համաձայնագրի կատարման ընթացքում առաջացած ծախսերը, եթե յուրաքանչյուր առանձին դեպքում չորոշվի այլ կարգ:
ՀՈԴՎԱԾ 9
Համաձայնագրի կիրառումը
Սույն Համաձայնագիրը կիրառվում է յուրաքանչյուր Կողմի պետության օրենսդրության համաձայն:
Սույն Համաձայնագիրը չպետք է հակասի Կողմերի միջազգային այլ պարտավորությունների կատարմանը:
Սույն Համաձայնագրին համապատասխան ստացված տեղեկատվությունն ու փաստաթղթերը կպահվեն գաղտնի, եթե դա պահանջվում է, և կօգտագործվեն հաղորդող Կողմի կողմից որոշված նպատակներով: Սույն Համաձայնագրի հիման վրա ստացված փաստաթղթերն ու տեղեկատվությունը չեն փոխանցվի երրորդ Կողմին առանց դրանք հաղորդող Կողմի նախնական համաձայնության:
Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման կամ կիրառման ընթացքում առաջացող տարաձայնությունները Կողմերը կլուծեն խորհրդակցությունների միջոցով` համաձայն միջազգային իրավունքի համապատասխան կանոնների:
ՀՈԴՎԱԾ 10
Եզրափակիչ դրույթներ
1. Սույն Համաձայնագրի Ավանդապահն է հանդիսանում Մշտական Գործող Միջազգային Քարտուղարությունը (PERMIS): Սույն Համաձայնագրի անգլերեն լեզվով միակ բնօրինակը կփոխանցվի Մշտական Գործող Միջազգային Քարտուղարությանը, որը յուրաքանչյուր Կողմին կուղարկի դրա հաստատված պատճենը:
2. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի Ավանդապահին վավերացման կամ հավանության արժանացնելու մասին երրորդ փաստաթղթի հանձնման օրվանից 30 օր հետո:
3. Սույն Համաձայնագիրը վավերացրած կամ հավանության արժանացրած յուրաքանչյուր Կողմի համար, այն ուժի մեջ կմտնի տվյալ Կողմի կողմից վավերացման կամ հավանության արժանացնելու մասին երրորդ փաստաթղթի հանձնման օրվանից 30 օր հետո:
4. Յուրաքանչյուր Կողմ կարող է դուրս գալ սույն Համաձայնագրից` այդ մասին գրավոր ծանուցում ուղարկելով Մշտական Գործող Միջազգային Քարտուղարություն (PERMIS): Դուրս գալը կիրականացվի Մշտական Գործող Միջազգային Քարտուղարության կողմից այդ մասին ծանուցում ստանալու օրվանից երեք ամսվա ընթացքում:
5. Յուրաքանչյուր Կողմ կարող է առաջարկել սույն Համաձայնագրում կատարելու լրացումներ և փոփոխություններ:
Այդպիսի լրացումներն ու փոփոխությունները կընդունվեն բոլոր Կողմերի համաձայնության դեպքում և ուժի մեջ կմտնեն համաձայն սույն Հոդվածի 2-րդ և 3-րդ կետերի:
Ի հաստատումն որի, ներքոստորագրյալները, լինելով պատշաճ լիազորված, ստորագրեցին սույն Համաձայնագիրը:
Կատարված է Կեռկիռայում 1998 թվականի հոկտեմբերի 2-ին:
* Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2000 թվականի դեկտեմբերի 2-ից: